RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 09-11-2018



ՀՈՐԴՈՐԱԿ

Տեղադրվել է` 2018-11-09 20:05:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 3171, Տպվել է` 452, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ... ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Հոկտեմբերի 29-ին խորհրդարանը 2-րդ անգամ ձեռնամուխ եղավ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու հարցի քննարկմանը: Նախագծի ընդունման համար պակասեց ընդամենը մեկ ձայն, եւ հարցը կրկի՛ն տապալվեց: Գործող իշխանության կողմնակիցները, ինչպես իրե՛նք էին նշում, այս պարագայում դարձյա՛լ տեսան հեղափոխության շնորհիվ ասպարեզից փաստացի մի կողմ քաշված Հանրապետական կուսակցության չակերտյալ խարդավանքը: Մինչդեռ ամենասկզբից ՀՀԿ-ի դիրքորոշումը դա էր, եւ զարմանալի չէր, որ մարդիկ հավատարիմ մնացին սեփական սկզբունքին: 3-րդ անգամ հարցը խորհրդարան մտցնելու հեռանկարից արդեն գործող իշխանության ներկայացուցիչնե՛րը հրաժարվեցին, որպեսզի հարկ չլինի դեկտեմբերի առաջին տասնօրյակում պլանավորված Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունները դարձյալ մի քանի օրով հետաձգել:

Յուրաքանչյուր օրվա հետաձգում, ինչպես երեւում է, բացառիկ նշանակություն ուներ գործող իշխանության համար, որն ակնհայտորեն վախենում էր...իր վարկանիշի անկումից: Կարծում եմՙ այդ վախը խիստ չափազանցված էր, հակահեղափոխության ռեւանշի իրական վտանգ, գոնե առայժմ, գոյություն չունի՛: Սակայն դրական պիտի համարել, երբ գործող իշխանությունը, թեկուզեւ ապագայի համար մտահոգվելու ձեւով, իրեն... պատասխանատու՛ է զգում սեփական ժողովրդի առաջ:

Դառնալով նախկինների ենթադրյալ ռեւանշի առթիվ բարձրացվող աղմուկին, ապա դա, ըստ իս, ոչ այնքան իրական սպառնալիք է, որքանՙ թատերախա՛ղ: Ի միջի այլոց, սա ավելի շատ Երկիր Ծիրանի կուսակցության գնահատականն է, որ արտահայտել էին նոյեմբերի 2-ի հայտարարությամբ: Հարկ եմ համարում ընդգծել, որ դրանում առկա գնահատականների մեծ մասին համաձայն չեմ: Դրանցում ակնհայտորեն զգացվում էր Զարուհի Փոստանջյանի կանխակալ եւ բացասկան վերաբերմունքը թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Բայց առնվազն մի հարցում նշված կուսակցությունն իսկապես ճիշտ էՙ երկրի ներկա ու նախկին ղեկավարների հակադրության մեջ իրո՛ք ինչ-որ անըմբռնելի ձեւականություն կա: Ահա ինչու ենթադրում եմ, թե ձեւացնելով, որ իրենց ինչ-որ երեւակայական վտանգ է սպառնումՙ ներկայիս կառավարողները ընդամենը... ժողովու՛րդ են համախմբում իրենց շուրջը: Քանզի հանրապետականների այն պնդումը, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն արագացնելը ամենեւին էլ բացարձակ անհրաժեշտություն չէր, որովհետեւ նախկինները որեւէ կերպ չէի՛ն խանգարում նոր իշխանություններին, իմ կարծիքովՙ հիմնավոր էր: Նախկինների կողմից իրենց սպառնացող երեւակայական վտանգի խաղաքարտը, ենթադրում եմ, դեռ մի որոշ ժամանակ էլ կխաղարկվի, որից հետո կդառնա ժամանակավերպ:

Ինչեւէ, արդեն նոյեմբերի 1-ին խորհրդարանի նիստում Նիկոլ Փաշինյանին կրկի՛ն վարչապետ չընտրեցին, ինչը սահմանադրորեն գործող ԱԺ-ն լուծարելու եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորություն ստեղծեց: Նախագահ Արմեն Սարգսյանի նույն օրվա հրամանագրով արտահերթ ընտրությունները նշանակվեցին դեկտեմբերի 9-ին: Դրանք տեղի կունենան նախկին Ընտրական օրենսգրքի պահանջներից ելնելով, թեեւ հասարակության զգալի մասը այդ փաստաթղթին չի վստահում: Ամենավիճահարույցը այսպես կոչված ռեյտինգային ընտրակարգն է, ինչը նախորդ ընտրություններում որոշ օլիգարխների բերեց ընտրակաշառքներով գնված բազմաթիվ ձայներ: Եթե ոստիկանությունը դեկտեմբերի 9-ի ընտրությունները լավ վերահսկի, ապա ընտրակաշառքների հնարավորությունը կբացառվի կամ կհասնի նվազագույնի: Ընտրությունները կլինեն մաքուր, կարտահայտեն ժողովրդի իրական կամքը, իսկ դա ամենագլխավո՛րն է:

Բայց եթե մինչ այդ գործող իշխանությունների աչքին շարունակեն ամենուրեք դավադիրների ուրվականներ երեւալ, ապա դա ընդամենը կվկայի, որ նորերը առայժմ դժվարանո՛ւմ են հավատալ, թե իրենք... իրապե՛ս իշխանություն են: Միգուցե նաեւ կասկածու՞մ են, թե կկարողանան պետությունն ավելի լավ կառավարել, քանՙ նախորդները: Այդ պատճառով չէ՞, որ նորերն իրենց այնքան էլ վստահ չեն զգում նվաճած աթոռների վրա: Կարեւորն այդ զգացումը չէ, այլ այն, որ երկիրը... չտանե՛ն փորձությունների: Իսկ սեփական ուժերի հանդեպ նոր կառավարողների անվստահությունը ժամանակավոր բան է, վաղ թե ուշՙ կանցնի՛...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 09-11-2018

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ