RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 16-11-2018



Տեղադրվել է` 2018-11-24 03:29:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 816, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇՄԱՅՍՈՎ ԵՎ ԱՌԱՆՑ ՇՄԱՅՍԻ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դեկտեմբերի 9-ին տեղի ունենալիք արտահերթ ընտրությունից առաջՙ դեկտեմբերի 6-ին Փաշինյան -Պուտին հանդիպում է լինելու` ՀԱՊԿ երկրների ղեկավարների Սանկտ-Պետերբուրգյան ժողովի ժամանակ, որտեղ, ինչպես գիտեք, որոշվելու է նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը: Հետաքրքրական է հատկապես այն առումով, թե մեր ընտրությունների թեմայով ինչ են խոսելու այդ հանդիպման ձեւաչափում: Սա` իմիջիայլոց:

Իսկ վերջին օրերի կեզ թեման ընտրությանը մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքական միավորների` ԿԸՀ ներկայացված ցուցակների հետ է կապված` հեռուն տանող բազմաթիվ բացահայտումներով...

11 ուժ` 2 դաշինք, 9 կուսակցություն` ընդհանուր թվով 1000-ին մոտ ցուցակագրվածներով, մասնակցելու են դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությանը: Կոնկուրսը համարյա իմ սովորած տարիներին իրավաբանական ֆակուլտետի կոնկուրսին է հավասար` մեկ տեղին 10-11 ցուցակավոր է հավակնում: Թվենք այդ ուժերին` «Ազգի» արխիվի համար, քանի որ ընթերցողն արդեն ամենօրյա լրատվամիջոցներից տեղեկացված է նրանց մասին. «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, ՀՀԿ, ՀՅԴ, «Ազգային առաջընթաց» կուսակցություն, «Մենք» դաշինք, «Քրիստոնյա-ժողովրդական կուսակցություն», «Սասնա ծռեր», «Օրինաց երկիր», «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն:

Չնայած հապճեպ նշանակված ընտրությանը եւ այն փաստին, որ դաշտում առկա մի շարք կուսակցություններ այդպես էլ չկարողացան արագ ինքնակազմակերպվել եւ մասնակցել ընտրություներին, այնուամենայնիվ, այսպիսի առատ մասնակցությունը վկայում է մեր քաղաքական դաշտի չկայացածության մասին, երբ ինքնամաքրված-կայացած քաղաքական գործընթացներն առաջ են մղում երկու-երեք կուսակցությունների, եւ մրցակցությունը կայանում է նրանց միջեւ: Համենայնդեպս օրենսդրությամբ եկել-հասել ենք դրանՙ եւ գործող, եւ չընդունված ընտրական օրենսգրքերով խորհրդարան անցնող ուժերը երեք-չորսն են: Մինչդեռ մեր կյանքը հետ է մնացել օրենսդրությունից փաստորեն, եւ ներկա միաբեւեռ ընտրության պարագայում հազիվ թե մրցակցություն հասկացությունը մեզ մոտ իմաստին մոտ կիրառվի:

Մի փոքր ուրվագծենք ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացրած ֆավորիտ կուսակցությունների ցուցակներին նետված հայացքով ստացած մեր տպավորությունը, չնայած ԿԸՀ-ն նրանց բոլորին միգուցե չգրանցի:

«Իմ քայլը» դաշինքի հսկա`183 հոգանոց ցուցակը հակասական զգացմունքներ է առաջացնում` հիմնականում լայն հանրության ներկայացվածության հարցը մտքից շատ հեռու վանելով:

Վերջին շաբաթվա մեջ ամեն ոք կարող էր մոտենալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի եւ ասել, որ ուզում է ՔՊ ցուցակով պատգամավոր դառնալ: Չգիտենք, թե հատկապես ովքեր են մոտեցել, քանի որ մամուլը բոլորի մասին չէ, որ արտահոսքեր է արել: Հայտնի է ուղղակի, որ ավելի ուշ վարչության հանձնաժողովը 10 բալանոց համակարգով 500 հայտատուից ընտրել է ցուցակայիններին, այդ մասին պատմել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը : Փաստորեն` դիմորդները շատ են եղել, հայցողների կոնկուրսըՙ շատ մեծ: Իսկ ես, միամիտս, կարծում էի, որ ՔՊ-ն ինքը պիտի նստի ու մտաբերի ազգի արժանիներին ու նրանց առաջարկի իր ցուցակում ներառվել: Է , ոչ, փաստորեն ցուցակում տեղի համար մրցույթ է հայտարարվել, ու ով ասես, կոշկակարից մինչեւ գործարար, կներեք` սեփականատեր, դիմել է: Հասկանում եք` ի՞նչ եք արել, ՔՊ-ական տղաներ եւ աղջիկներ, լավ, գոնե ընտրելիս ժամանակ ունեցե՞լ եք պարզելու դիմորդների քրեաբարոյական անցյալը: Կամ ընտրելիս մտաբերե՞լ եք, թե որքան մեծ են ձեզանից հանրության սպասումները, գոնե դիպլոմը նայելուց բացի, պարզե՞լ եք` արդյոք տանելի տիրապետո՞ւմ է պետական լեզվին ...

Մեծ հաշվով ճիշտ էր Նիկոլ Փաշինյանը , երբ Ազգային ժողովում ասաց, թե կաբինետը հաճախ սովորություն ունի կլանել մարդկանց, ջնջել նրանց հիշողությունը, արժեզրկել արժեքները, այլապես նա եւ իր կուսակից տղաներն ու աղջիկները կհիշեին իրենց կյանքի ճանապարհին հանդիպած շատ արժեքավոր մարդկանց, որոնք այսօր ցրված են ամենատարբեր հիմնարկներում ու մտքներով անգամ չի անցել դիմել ՔՊ վարչության անդամներին` Հայաստանիիիի՜ Հանրապետության, ու ոչ թե ՔՊ-ի, Ազգային ժողովում ներկայացված լինելու համար: Թե, իրոք, խանգարել է մի կաբինետի ճիրաններից դուրս գալով` մի այլ, ավելի հաստ պատերով կաբինետ ընկնելը: Համենայնդեպս վարչապետի պաշտոնակատարի` Արա Բաբլոյանին ուղղված շնորհակալությունը` ամենալարված պահերին կառուցողական լինելու համար, մի քիչ հույսի տեղ թողնում է հակակաբինետային վարքագծի հետագա դրսեւորման համար: Միեւնույն ժամանակ` «Իմ քայլի» ցուցակի անունների մի զգալի մասը իր ձեւակերպած օրինաչափության կնիքի տակ են եւ հեռու են թողել շատ իրական արժեքների, մտածել տալով, թե արդյո՞ք շատ է տարբերվելու նոր խորհրդրանը Շմայսի ժամանակի խորհրդարանից, ու միգուցե ավելի անորակ է լինելու, քանի որ այս խորհրդարանում, իրոք, բավական պրոֆեսիոնալներ կային` Շմայսին զուգահեռ:

Բացի այդ ՔՊ-ում բավական ներկայացված են ՀՀԿ-ին մերձ մարդիկ (օրինակ` նախկին ՀՀԿ-ականներ Տիգրան Կարապետյանը եւ Ստեփան Հովհաննիսյանը), իսկ դա ավելի շուտ ոչ թե բարիկադները քանդելու, այլ հետագա պաշտոններում համապատասխան ֆիգուրների տեսնելու եւ տեղերում ռեյթինգային ընտրակարգով ձայներ ունենալու նպատակադրումով է պայմանավորված: Իհարկե, «Իմ քայլը» դաշինքը հավակնում է նոր խորհրդարանի 2/3-ին` կայուն մեծամասնությանը, եւ դա, անխոս, իրականություն կդառնա, այնպես որ ընթերցողին խորհուրդ եմ տալիս ծանոթանալ դաշինքի 183 հոգանոց ցուցակին, մանավանդ` այնտեղ բազում «քինդերսյուրպրիզներ» կան:

Բայց մենք չխախտենք սկզբունքը` ներկայացնելու ենք այս ընտրության հիմնական ֆավորիտ կուսակցությունների առաջին տասնյակները միայն.Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան, Լենա Նազարյան, Տիգրան Ավինյան, Արայիկ Հարությունյան, Ալեն Սիմոնյան, Սասուն Միքայելյան, Լիլիթ Մակունց, Սուրեն Պապիկյան, Զարուհի Բաթոյան, հաջորդում են նաեւ նախարարներ ու փոխնախարարներ, լրագրողներ եւ այլ զարմանազանք:

Կարեւոր է նաեւ, թե ում են տեսնում ՔՊ-ում որպես ապագա Ազգային Ժողովի նախագահ: Ըստ այս ուժի` այս կամ այն անդամին լոբբիինգ անող լրատվամիջոցների արտահոսքերի` կարելի է եզրակացնել, որ այս տեղի համար մրցակցում են Արարատ Միրզոյանը, Արա Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը եւ Լենա Նազարյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն , իհարկե, անկեղծ չէ, երբ ասում է, որ պայման չեն խախտել, որի պատճառով նախապես գարնան համար պայմանավորված արտահերթ ընտրությունը բերվեց դեկտեմբեր: Մոռացել է երեւի ԱԺ լուծարմանը խանգարող օրենքի գիշերային ընդունումը, որին հետեւցին հոկտեմբերերկուսյան դեպքերը, դա պայմանավորվածության խախտում չէ՞ր միթե: Ուրիշ բան, որ, հա, ՀՀԿ-ի` Վ. Բաղդասարյանի թեւը պայմանավորվածություն չի խախտել, բայց ՀՀԿ մյուս թեւն է խախտել, ու հիմա բոլորը քաղում են այդ թեւի հրահրած անհարմարությունները, երբ ոչ ոք չի հասցնում պատրաստվել քթի տակ կայանալիք ընտրությանը: Միգուցե այդ պատճառով ՀՀԿ-ն չկարողացավ նորացված ցուցակով ներկայանալ` այնտեղ նոր դեմքերը Լեւոն Տեր-Պետրոսյանի խնամի Դավիթ Շահնազարյանն ու ոչ անհայտ Մենուա Հարությունյանն են, ու անգամ այնտեղ չէ ՀՀԿ-ի ներսում «մի քիչ ընդդիմություն» համարվող Սամվել Ֆարմանյանը: Ցուցակը գլխավորում է ՀՀԿ փոխնախագահ ընտրված Վիգեն Սարգսյանը, հաջորդում են Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Շահնազարյանը, Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Արման Սահակյանը, Կարինե Աճեմյանը, Մենուա Հարությունյանը, Արտաշես Գեղամյանը: Սերժ Սարգսյանը, որ շարունակում է մնալ ՀՀԿ նախագահ, ինչպես տեսնում եք, ցուցակում չկա: Առաջ այդ կուսակցությունը ներկայացնում էր Սերժ Սարգսյանին, հիմա ո՞ւմ է ներկայացնում այս կուսակցությունը, անհասկանալի է, մանավանդ` շատ է հեռացել այն հիմնադրողների սկզբունքներից: Համենայնդեպս բանիմաց հանրապետականներ կան ցուցակի` մեր կարծիքով ոչ անցողիկ տեղերում, ու դրանից երեւում է, թե ՀՀԿ-ում մի բան գիտեն կամ մի բան են կարծում, որ մենք չգիտենք ու չենք կարծում:

«Սասնա ծռեր» կուսակցությունը, պարզվեց, է՜ն գլխից գլոբալիզացված է եղել դեպի դուրս` Եվրոպա-Արեւմուտք (ցուցակի երկրորդ համարը գլոբալիզացիայի տարածաշրջանային համագործակցության հայկական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանն է) եւ դեպի...Գյումրի ( գյումրեցի նախկին պատգամավոր Պետրոս Մակեյանի հայտնությամբ ցուցակի անցողիկ տեղերում): Գյումրին, երեւում է ինչ- որ գաղտնի ծրագրերի մեկնակետ է շատերի համար:Բացի վերը նշված անձանցից եւ ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանից` առաջին տասնյակում են Գարեգին Չուգասզյանը, Հերմինե Մկրտչյանը, Գեւորգ Սաֆարյանը, Արա Կոմշույանը, Կառա Չոբանյանը, Արեգ Կյուրեղյանը, Արա Պապիկյանը, Արմեն Միքայելյանը: Ամեն ինչից երեւում է, որ այս ուժը հավակնում է կոշտ ընդդիմության դերին, եթե, իհարկե, նրան ընտրողները քվե տան:

Դաշնակցության ցուցակի առաջին տասնյակից երեւում է, որ ՀՅԴ-ն գոհ է իր պատգամավորներից ու նույն դեմքերով ուզում է կրկին շարունակել, չգիտենք արդեն` ընտրողն էլ գո՞հ է այդ դեմքերից, սա վերջնականապես ցույց կտա այս ընտրությունը: Արմեն Ռուստամյան, Արսեն Համբարձումյան, Արթուր Խաչատրյան, Արմենուհի Կյուրեղյան, Սպարտակ Սեյրանյան, Արծվիկ Մինասյան, Նունե Պետրոսյան, Իշխան Սաղաթելյան, Աշոտ Սիմոնյան, Սուրեն Մանուկյան:

«Մենք»-ը «Հանրապետության» եւ «Ազատ դեմոկրատների» դաշինքն է: Դաշինքի առաջին տասնյակում են Արամ Զ. Սարգսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Անժելա Խաչատրյանը, Արտակ Զեյնալյանը, Բորիս Նազարյանը, Մասիս Այվազյանը, Անահիտ Ադամյանը, Սոնա Մինասյանը, Արա Կետիկյանը, Արմեն Առաքելյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը կգլխավորի Էդմոն Մարուքյանը, նրան կհաջորդեն Մանե Թանդիլյանն ու Արման Բաբաջանյանը: Եթե հիշենք մամուլի բամբասանքները, թե ում հովանու տակ էին կուսակցությունն ու Ա. Բաբաջանյանի ղեկավարած կայքը` ապա հետաքրքրական զուգորդումների կհանգենք, բայց մենք, ինչպես գիտեք, բամբասանքների հետեւից չենք ընկնում, այդ զուգորդումները կանեն այլ ԶԼՄ-ներ: Առաջին տասնյակում են նաեւ Գեւորգ Գորգիսյանը, Տարոն Սիմոնյանը, Արկադի Խաչատրյանը, Անի Սամսոնյանը, Հարություն Բաբայանը, Կարեն Սիմոնյանն ու Աննա Կոստանյանը:

ԲՀԿ ցուցակն այսպիսին է. Գագիկ Ծառուկյան, Միքայել Մելքումյան, Արթուր Գրիգորյան, Նաիրա Զոհրաբյան, Տիգրան Ուրիխանյան,Արման Աբովյան, Վահե Էնֆիաջյան, Իվետա Տոնոյան, Գեւորգ Պետրոսյան, Սերգեյ Բագրատյան

Քանի որ նոր Ազգային ժողով երեք-չորս ուժից ավելի հազիվ թե անցնեն, վերը նշված ուժերի մեջ են հավանաբար նրանք, որոնք շանս ունեն լինելու խորհրդարանական ուժերի թվում: Ընդ որում` կայուն մեծամասնության հարցն էս գլխից հայտնի է`67 պատգամավոր անխոս կունենա «Իմ քայլը», այնպես որ բոլոր մյուսները, այդ թվում ՀՀԿ-ն ու երկրորդ ուժ ԲՀԿ-ն, պայքարում են ընդդիմադիր սեկտորի մնացած տեղերի համար: Այնպես որ սպասվում է դաժան պայքար, ու,Աստված գիտե, թե որ երկու-երեք ուժերը կմնան շրջանից ներս:

Հաջորդ անգամ կպատմենք մյուս ուժերի մասին եւս, մեկ էլ, ինչ իմանաս, ընտրությունը կարող է անսպասելիություններ մատուցել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 16-11-2018

AZG Daily #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ