RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 16-11-2018



ԱՆՑՅԱԼ-ՆԵՐԿԱ

Տեղադրվել է` 2018-11-24 03:29:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 837, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ.

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հավաքվել էին աշխարհի տերությունների ղեկավարները հիշատակելու առաջին համաշխարհային պատերազմի ավարտը: Այդ պատերազմը ամենաարյունալին էր մինչ այդ տեղի ունեցած բոլոր պատերազմների համեմատ:

Պետությունների ներկայացուցիչները հավաքվել էին Փարիզում ոչ միայն հիշատակելու ամենաարյունալից պատերազմի ավարտը, այլ թույլ չտալու, որ դրանք այլեւս կրկնվեն: Ու այդ հավաքը տեղի էր ունենում այն պայմաններում, երբ նույն այդ տերությունների հրահրմամբ պատերազմներ են մոլեգնում Մերձավոր Արեւելքում եւ այլ վայրերում:

Առաջին համաշխարհային պատերազմին նախորդել էր արդյունաբերական բուռն վերելք, այսպես կոչվածՙ զարգացած պետություններում, եւ մարդկությունը ստեղծել էր նոր զինատեսակներ ու տեխնոլոգիաներ այն ամբողջությամբ նետելով մարտի դաշտ` ստանալու համար մարտավարական գերակայություն: Այդ պատերազմում առաջին անգամ օգտագործվեց մարտական ավիացիա, տանկային զրահատեխնիկա, մոտոհրաձգային նոր ստորաբաժանումներ, քիմիական զենք եւ այլն:

Սակայն, նկատենք, որ սա պատերազմ չէր պետությունների միջեւ, այլ կայսրությունների, որոնք ձեւավորվել էին Եվրասիական տարածաշրջանում: Պատերազմը ընթանում էր մի կողմից Ցարական Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի, մյուս կողմից` Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի եւ Օսմանյան կայսրության միջեւ:

Այս պատերազմը հրահրվեց եւ սկսվեց մի ժամանակաշրջանում, երբ աշխարհում տեղի էին ունենում ոչ միայն արդյունաբերական հեղափոխություններ, այլեւ ազգային-ազատագրական շարժումներ, ինչը սպառնում էր այդ կայսրություններին: Պարզ էր, որ կայսրությունները վտանգված էին եւ, որ ապագան հենց ազգային-էթնիկ պետություններինն է, որոնք կկարողանան ազգային ինքության ու մշակութային ընդհանրության վրա ստեղծել մեկ միասնական պետական համակարգ:

Այսինքն, տեղի էին ունենում աշխարհաքաղաքական փոփոխություններ, որոնք պետք է որ ամբողջովին վերաձեւեին աշխարհի քարտեզը ու այստեղ կարեւորը Եվրոպան էր, որ այդ պահին վերահսկում էր ամբողջ աշխարհը: Այդ մայրցամաքում ընթացող մրցակցությունը պայքար էր ոչ այնքան Եվրոպայի, որքան աշխարհի վերահսկման համար:

Գաղութային համակարգը իրեն սպառել էր, աշխարհի գերտերություններիՙ կայսրությունների միջեւ պայքարը Եվրոպայից տեղափոխվել եւ տարածվել էր ամբողջ աշխարհով մեկ, հետեւաբար բախումը կարծես թե անխուսափելի էր դառնում: Ֆրանսիան, Բրիտանիան, Գերմանիան, Ռուսաստանը մրցակցում էին ոչ միայն Եվրոպայում, այլեւ Ասիայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում եւ այսպես շարունակ:

Աշխարհը կարծես թե փոքրացել էր նրանց համար, հետեւաբար տիրելու, զավթելու, նոր տարածքներ գտնելու ու թալանելու մոլուցքը այնքան էր սրվել, որ ամեն ինչ տանում էր կայսրությունների բախմանը, որոնք ցանկանում էին տիրանալ միմյանց գաղութներին: Իսկ գաղութներում սկսված ազատագրական շարժումներն իրենց հերթին նպաստում էին, որ այդ պատերազմը օր առաջ սկսվի:

Սակայն այս բարդությունը ընդունում էին նաեւ այդ կասրություններում, որոնք իրապես գնահատելով իրավիճակըՙ հասկանում էին, որ այն կարող է վերջանալ կայսրությունների կործանմամբ եւ նոր պետությունների ստեղծմամբ: Սա ձեռնտու էր ոչ միայն այդ շարժումներին, այլեւ ձեւավորվող անգլո-սաքսոնական միությանըՙ Մեծ Բրիտանիային եւ ԱՄՆ-ին:

Վերջինիս` ԱՄՆ-ի մուտքը համաշխարահային քաղաքականություն հնարավոր էր միայն պատերազմի ու, հատկապես, համաշխարհային պատերազմի միջոցով: ԱՄՆ-ն ցանկանում էր ազատվել հայտնի Մոնրոյի դոկտրինից, որը սահմանափակում էր նրա ազդեցությունը միայն Ամերիկյան աշխարհամասով դուրս գալու համաշխարհային թատերաբեմ, որի կետրոնը Եվրոպան էր:

Սանձազերծված արյունահեղ այդ պատերազմին, ըստ տարբեր տվյալների, զոհ գնաց 20-ից մինչեւ 40 միլիոն մարդ: Այդ պատերազմը կործանեց նաեւ Եվրոպական մայրցամաքի բոլոր կայսրություններըՙ Ցարական Ռուսաստանը, Օսմանյան կայսրությունը, Ավստրո-Հունգարիան եւ Գերմանիան: Այդ պետերազմի միակ շահողը Մեծ Բրիտանիան էր ու մասամբ Ֆրանսիան, որոնք իրենց կայսերական կերպարը պահպանեցին դեռ մի քանի տասնամյակ եւս:

Այդ պատերազմը սկիզբ դրեց համաշխարհային նոր գերտերության` Ամերիկայի Միացյալ Նահանգների ծնունդին, որն այդ ստատուսին վերջնականապես հասավ Երկրորդ Համաշխարհային պատերազմի շնորհիվ: Սակայն կործանվող կայսրությունները նոր խնդիրների եւ ազգային հարցի լուծման ու նաեւ ցեղասպանությունների պատճառ հանդիսացան:

Օսմանյան կայսրության անկումը, եւ ընդհանրապես նրա մուտքը Համաշխարհային պատերազմՙ բացատրվում էր հիմականում երկրում ազգային-էթնիկ զտումներ ու ցեղսպանություն կազմակերպելու նկատառումով: Օսմանյան կայսրության հիմնական ժողովուրդըՙ թուրքերը, ի տարբերություն մյուս կայսրությունների, եկվոր էին եւ կայսրության անկման պայմաններում զրկվում էր իր զավթած տարածքների զգալի մասից:

Վերջիններս, հասկանալով զարգացման հնարավոր այդ սցենարը, մուտք գործեցին Համաշխարհային պատերազմ, որպեսզի նրա քողի տակ կարողանան իրականացնել այդ տարածքները զբաղեցնող էթնիկ հիմնական տարրերիՙ հույների, ասորիների ու հատկապես հայերի Ցեղասպանությունը: Հայերը այդ պահին ամենամեծ ազգային փոքրամասնությունն էին այդ կայսրության տարածքում, որոնք պատերազմի սկզբում, չնայած մինչ այդ ենթարկված բազմաթիվ զտումների ու կոտորածների, շարունակում էին մեծամասություն կազմել այդ կայսրության արեւելյան շրջաններում` Արեւմտյան Հայաստանում:

Հայերի զանգվածային ցեղասպանությունը իրականացվում էր կայսրությունների բացահայտ` օրինակ Գերմանիայի կամ լուռՙ օրինակ Մեծ Բրիտանիայի ու Ռուսաստանի համաձայնությամբ: Բոլորն էլ իրենց քաղաքական ու տնտեսական շահերն էին հետապնդում, երբ զոհ էր գնում մի ամբողջ ազգ:

Եվ նույնիսկ այն քաղաքական շարժումները եւ ուժերը, որոնք փորձում էին աջակցել հայերին, օրինակՙ արաբները, անում էին դա ելնելով իրենց շահերից: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո պարզ դարձավ, որ դրա հիմնական զոհերը փոքր ազգերը եւ ժողովուրդներն էին, որոնք զանգվածային կոտորածների եւ ցեղասպանությունների ենթարկվեցին:

Սակայն, հայ ժողովուրդի կորուստը անհամեմատելի էր այլ ազգերի կորուստների հետ, Ցեղասպանության հետեւանքով մենք կորցրեցինք թե՛ մեր ազգի մի հսկայական հատվածին եւ թե՛ մեր հայրենիքի մեծ մասը: Առաջին համաշխարհային պատերազմը ամենադաժան իրողությունն էր, որ կատարվեց հայ ժողովրդի հետ ու, թեեւ անցել է 100 տարի, մենք մինչ օրս զգում ենք դրա ազդեցությունը մեր վրա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 16-11-2018

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ