RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 16-11-2018



Տեղադրվել է` 2018-11-24 03:29:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 802, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԴՈՒԽԻ» ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ԽԵԼՔՆ Է

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Այս տարվա հուլիսի 27-ին մեղադրանք առաջադրվեց ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովին, որից հետո նա հետ կանչվեց Հայաստանՙ «սահմանադրական կարգը տապալելու» կասկածանքով պատասխանատվության ենթարկվելու:

Խաչատուրովը ՀԱԿՊ քարտուղար էր ընտրվել 2017 թվականի մայիսին, եւ պետք է պաշտոնավարեր մինչեւ 2020 թ. նույն ամիսը, բայց, ինչպես տեսանք, շաբաթն անգամ հինգշաբթիից շուտ եկավ: Թե ինչ է տեղի ունեցել հուլիս ամսին, մանրամասներին չեմ անդրադառնա, քանի որ ծեծված թեմա է, բոլորը գիտեն:

Հիմաՙ ամենացավալին. Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ-ը եւս երկու տարի ղեկավարելու «հաճույքից ու արտոնությունից»: Ի՞նչ խոսք, Յուրի Խաչատուրովը լավագույն տարբերակը չէր Հայաստանն այնտեղ ներկայացնելու, բայց... ի՞նչ շահեց Հայաստանը նրան մեղադրանք առաջադրելով ու հետ կանչելով:

Նախ նշեմ, որ նրան այդ եղանակով մեղադրանք առաջադրելն ու հարցաքննելը, առաջին հերթին մեծ հարված էր հենց ՀԱՊԿ-ին, հարված, որն, ինչպես տեսանելի է, մինչեւ այսօր չենք մարսել, դժվար էլ մարսենք: Ասենք, կարելի էր այդ «այդ քաղաքական ստամոքսային խանգարումները» մի կերպ տանել, եթե Խաչատուրովին Հայաստան կանչելն ու մեղադրանք առաջադրելը որեւէ շոշափելի արդյունք տար: Բայց ոչ միայն արդյունք չտվեց, այլեւ առնվազն զրկեց մեր երկիրը կենսական ինֆորմացիայի աղբյուրից:

Միանշանակ պարզ է, որ Խաչատուրովին Հայաստան կանչելը ոչ այնքան արդարադատության հասնելու ձգտումն էր, այլՙ վրեժխնդրությունը: Սրանով ես չեմ փորձում արդարացնել կամ մեղադրել Խաչատուրովին, մանավանդ որ նրա անվան հետ, ընդունենք կամ ոչ, պետական հանցագործությունների մեղադրանքներ են կապված, բայց նրա դեմ հարուցված գործն, ըստ էության, դուրս չի գալիս «ասֆալտին փռելու» եւ հաջորդ օրը տուն ուղարկելու սցենարի սահմաններից:

Այսպես, Խաչատուրովին Հայաստան կանչելը ոչնչով չօգնեց նրա դեմ առաջադրված մեղադրանքն ապացուցելու եւ Մարտի 1-ի գործում գոնե մեկ քայլ առաջ գնալու համար: Չնայած, տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ Մարտի 1-ի գործի բացահայտումն ուղղակի ժամերի խնդիր է: Ի դեպ, նմանատիպ մի հայտարարություն, Հոկտեմբերի 27-ի սպանդի մասով, արել էր նաեւ Ռոբերտ Քոչարյանը, պնդելով, թեՙ այդ գործը «նույնիսկ գյուղական ուչաստկովին» կարող է բացահայտել: Ինչպես որ, ավելի վաղ, Բաբկեն Արարքցյանն էր Համբարձում Գալստյանի հուղարկավորությանը հոխորտում, որ սպանության գործը մի երկու օրում կբացահայտվի: Բայց ո՛չ «ուչաստովին», ոչ էլ «փաշինյանական» ժամերն ու «արարքցյանական» երկու օրերը ցայսօր չեն կարողացել բացահայտել դրանք: Ինչեւէ, չկարողանալով որեւէ լուրջ ձեռքբերում ունենալ ներքին քաղաքական հետապնդում-դատավարությունների գործում, Հայաստանը մեծ կորուստ ունեցավ արտաքին քաղաքականության մեջ, որ էՙ վերը նշվածՙ ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնից զրկվելը:

Բայց այսքանը դեռ ամենը չէ: Միեւնույնն է, մեր պատվիրակը մի օր պետք է հանձներ այդ պաշտոնը, բայց, ինչպես գիտենք, քաղաքականությանը բնորոշ է երեւույթ էՙ օրվա ռեսուրսներն օգտագործելըՙ վաղը քաղցած չմնալու համար, որ չարեցինք մենք:

Որքան էլ հայկական կողմն այսօր ձգտում է Խաչատուրովի փոխարեն նոր պատվիրակ ուղարկել այնտեղ, չի ստացվում, ինչպես ասում ենՙ գնացքն արդեն անցել է, եւ մեզ մնում է դրա փուֆ-փուֆի ձայնով բավարարվել ու սպասել հաջորդ չվերթին: Մի շատ լավ ժողովրդական առած կաՙ «Չուտողի կերածն ուտողին հալալ է» : Հասանք նշանակետին:

Հիմա մեր չկերածը փորձում է ուտել Բելառուսիան, որը ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնի համար առաջարկել է իր թեկնածուինՙ Ստանիսլավ Ջասին: Ճիշտ է, բացի Ջասից, թեկնածուներ են նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Վաղարշակ Հարությունյանն ու ՀԱՊԿ պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, բայց, ինչպես երեւում է բացահայտված խաղաքարտերից, Ջասը ֆավորիտ է: Հարցՙ բացի մեր քարտուղարի պաշտոնանկությունից, էլ ո՞րն է խնդիրը: Թերեւս այն, որ հիշյալ Ստանիսլավ Ջասը շարունակելով իր Պատկայի ստեղծած «բարի» ավանդույթները, մի տեսակ քավոր-սանիկական հարաբերություններ է հաստատել Ադրբեջանի հետ: Նրա համառ ջանքերի շնորհիվ է կյանքի կոչվել Ադրբեջանի ու Բելառուսի միջեւ ոչ վաղ անցյալում կնքված ռազմական գործարքը: Ավելինՙ հենց Ստանիսլավ Ջասի «դառը քրտինքի» արդյունքում է 2018 թ. ապրիլի 18-ին Ադրբեջանը Բելառուսից գնել եւ շարունակում է գնել հայտնի «Պոլոնեզ» կրակի ռեակտիվ համակարգերը: Այստեղ են ասելՙ «բա մեզ պե՞տք էր», այն էլ այս «նեղ մաջալին»:

Հիմա թող վարչապետն ինքն իրեն հարց տաՙ տվյալ պարագայում ավելի շատ շահեցի՞նք, թե՞ կորցրինք: Կորուստը երեւելի է, իհարկե այն ոչ թե Խաչատուրովն է, այլ պաշտոնի «հայաթափումը»ՙ ընդհանրապես: Իսկ եթե այդ շրջանակներում կան ձեռքբերումներ, թող նշվի: Բայց կարեւոր է իմանալ, որ հիմա կառավարության օրախնդիր անելիքը ՀԱՊԿ-ի քարտուղարի պաշտոնում ամեն գնով կրկին հայ նշանակելն է, որը, մեր մեջ ասած, «պատին ծեփելու» պես դյուրին չէ. ներքաղաքական այս խմորումների շրջանում Ջասի նշանակումը լավ բանի չի հանգեցնի: Չմանրամասնենք, առանց այն էլ ամեն ինչ պարզից էլ պարզ է: Հիշյալ քայլն ուղղակի քաղաքական անչափահասության հետեւանք է, որի արդյունքում տուժում է ընդհանուրիս շահը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 16-11-2018

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ