RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 16-11-2018



Տեղադրվել է` 2018-11-24 03:29:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 730, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱՏԱԼՅԱ ՍԵՄՅՈՆՈՎՆԱՆ ԵԿԱՎ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Նատալյա Սեմյոնովնան եկավ, ու Հանրապետական կուսակցությունը վերջապես ասաց իր տղամարդկային խոսքը. Կմասնակցեն դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ցուցակը կգլխավորի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, որը նաեւ կուսակցության նախագահի առջին տեղակալ է ընտրվել: Ինքը` Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավին չի մասնակցի, ու ես դժվարանում եմ ասել` սա նրան քաղաքագետնե՞րն են խորհուրդ տվել, սոցիոլոգնե՞րը, թե՞ հոգեբանները: Ամեն դեպքում ՀՀՇ-ից խորհուրդ էին տալիս ՀՀԿ-ին, որ այս անգամ չմասնակցեն ընտրություններին, մի 4-5 տարով մեկուսանան, բնականաբար ոչ թե մեկուսարաններում, այլ, օրինակ, գրադարաններում, չմտածեն քաղաքականության, ռեւանշիզմի, նույնիսկ հայրենիքի ու Նժդեհի մասին ու մի բոլ հանգստանան: Ով-ովՙ ՀՀՇ-ն հո լա՞վ գիտի, թե ինչ են պայքար, պայքար մինչեւ վերջին ու ժողովրդի հիշողության սահմանները:

Իսկ մինչ ՀՀԿ-ն կհանգստանար, մենք էլ կմեծանայինք ու կմոռանայինք, որ հինգ տարի առաջ ՀՀԿ անունով կուսակցություն է եղել, ու երբ ՀՀԿ-ն նորից հայտնվեր` կնետվեինք նրա գիրկն ու կխնդրեինք փրկել մեզ Նիկոլ Փաշինյանի ռեժիմից:

Բայց ՀՀԿ-ն որոշեց, որ հոգնած չէ, եւ կամ հանգստանալու իրավունք չունի: Վիգեն Սարգսյանը պատասխանել է նույնիսկ այն հարցին, թե ի՞նչ հույսով է ՀՀԿ-ն մասնակցում ընտրություններին: Դե այսինքն լրագրողը ՀՀԿ նախագահի առաջին տեղակալից հետաքրքրքվել է, թե ինչո՞ւ պետք է հասարակությունը վստահի ՀՀԿ-ին, Վիգեն Սարգսյանն էլ ասել է. «Մենք գիտենք երկիրը մանրամասն, գիտենք խնդիրները եւ գործող իշխանությանը ունենք ապացուցելու բան»: Հասկացա՞ք, այսինքն մենք, կամ մեր մի մասը գնալու է ու ՀՀԿ է ընտրելու, քանի որ միայն այս կուսակցությունն է, որ մանրամասն գիտի երկիրը, օրինակՙ Մհեր Սեդրակյանը հրաշալի գիտի Արեշը, Սամվել Ալեքսանյանը` Մալաթիա-Սեբաստիայի բոլոր ծակուծուկերը, Սուրիկ Խաչատրյանը` Սյունիքի մարզի պատմափիլիսոփայական բոլոր անցքերը, Ռուբեն Հայրապետյանը` Ավանը, չնայած մեկ-մեկ Տարոն Մարգարյանը նրան հաղթում է այս հարցում... Մի խոսքով, ՀՀԿ-ն ոչ միայն մանրամասն գիտի երկիրը, այլեւ ունի երկրի առանձին տարածաշրջանների նեղ մասնագետներ: Բայց սա դեռ մի կողմ, ի՞նչ է նշանակում հասարակությունը մեզ պետք է վստահի, քանի որ մենք գործող իշխանությանն ապացուցելու բան ունենք: Այսի՞նքն, մարդիկ պետք է ՀՀԿ ընտրեն, որ կինո նայե՞ն, որտեղ ճիշտը հիվանդացել է, բայց չի մահացել ու լավագույն տղերքը ոչ թե հեռանում են, այլ սեփական ճշտի համար տարբեր տեսակի թուքումուր ուտելու գնով, քայլեր են ձեռնարկո՞ւմ, անգամ եթե քայլ անելը հակառակորդի մենաշնո՞րհն է: Էլ դարդ ու ցավ չունենք էլի, փոփ-քորն առնենք, նստենք հեռուստացույցի առջեւ ու տեսնենք, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն ասում, իսկ ՀՀԿ-ն հակառակն ապացուցո՞ւմ...

Հարգելի հանրապետականներ եւ կյանքում գոնե մեկ անգամ քաղաքացիական պայմանագիր կնքածներ, եկեք ոչինչ մի ապացուցեք իրար, որովհետեւ եթե դուք իսկապես մանրամասն իմանայիք երկիրը, կհասկանայիք, որ դրա մարդկանց` Հայաստանի քաղաքացիներիս բոլորովին չի հետաքրքրում, թե ո՞վ էր ձեզանից ճիշտը ու ով սխալվեց: Մեզ հետաքրքրում է մեր գործը, մեր աշխատավարձը, մեր թոշակը, մեր սառնարանը, մեր ապագան ու հատկապես ներկան, որն արդեն չգիտեմ որերորդ հայաստանցի սերունդը զոհաբերում է հանուն վաղվա Հայաստանի, որն այդպես էլ չի գալիս, քանի որ հին ու նոր իշխանությունները միշտ իրար բան ունեն ապացուցելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 16-11-2018

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ