RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 16-11-2018



ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

Տեղադրվել է` 2018-11-24 03:29:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 797, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԲԺՇԿԱԿԱՆ ՄՈԴԵԼՈՎՙ ԿՈՒՅՐ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄՈԴԵԼՈՎՙ ՄԱՐԴ»

ՆԱԻՐ ՅԱՆ

Կույրերի միավորումում տեղի են ունեցել ընտրություններ, վարչության կազմից նախագահ է ընտրվել 62-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը: Վարչության կազմում այլ փոփոխություն տեղի չի ունեցել: Նոր նախագահը խոստացել է, որ 2019-ի գարնանը համագումար է հրավիրելու, վարչության կազմ է ընտրվելու: Միավորման անդամները նախագահի հետ համաձայնության են եկել, որ նախագահության նիստի մասին իրենց նախապես տեղեկացնեն: Արդեն երկու նիստ է հրավիրվել, բայց միավորման անդամները տեղյակ չեն եղել, թեեւ տեղեկացված լինելը նրանց իրավունքն է, ավելինՙ նրանք իրավունք ունեն մասնակցելու այդ նիստերին: Կույրերի միավորման ներկայացուցիչները բողոքում ենՙ տասնամյակներ շարունակ ո՛չ իրենց կառույցում, ո՛չ կյանքում դրական տեղաշարժ չի ոարձանագրվել. ամեն ինչ կարծրացած ու քարացած էՙ թե՛ օրենքներն ու կանոնները, թե՛ մարդկային հարաբերությունները:

Կույրեի միավորման երկրորդ կոմբինատում տնօրեն է վերընտրվել 91 տարեկան Մայիլ Հարությունյանը: Երիտասարդների ճանապարհը դեպի ղեկավար մարմիններ փակ է. բնական սերնդափոխություն այս համակարգում տեղի չի ունենում: Ավագ սերունդը կառչած է աթոռներին, իսկ նոր գաղափարներով ու նախաձեռնողական ոգով լցված երիտասարդները չեն կարողանում միավորմանՙ տարեցներից կազմված պատնեշը հաղթահարել:

Կույրերի միավորման արտադրամասերի շենքերըՙ որպես սեփականություն, կառույցի նախագահությունը վարձակալությամբ տրամադրում է այլ անհատների կամ ընկերությունների: Միայն Երեւանում այդպիսի 115 տարածք ունեն: Կույրերի կոմբինատներ կան նաեւ Սեւանում, Կապանում, Գյումրիում, Վանաձորում, Աշտարակում: Արտադրության բոլոր սարքավորումները վաղուց վաճառվել են, գումարներըՙ փոշիացվել: Միավորման անդամները հավաստիացնում են, որ վարձակալության պայմանագրերում յուրաքանչյուր քմ-ի համար մի թիվ է նշված, իրականում վարձակալները բոլորովին այլ գումար են վճարում նախագահությանը: Թղթերում 500-1500 դրամ է, մինչդեռ նախագահությանը 1 քմ-ի համար վճարում են 4000- 5000 դրամ: Յուրաքանչյուր տարածքի ամսական վարձակալությունից ստացվում է 1 միլիոն դրամ եկամուտ, իսկ միավորման հաշվին մուտքագրվում է չնչին գումար: Օրինակՙ Քաջազնունի 1 հասցեում գտնվող խանութը կույրերի միավորման տարածքն է, որը նախագահությունը անհատ ձեռներեցի է տվել վարձակալությամբ: Միավորման անդամները պատմեցին, որ Քաջազնունի 1 հասցեի վարձակալը ժամանակին դիմել է նախագահությանըՙ ասելով, որ ինքը պատրաստ է ամսական վճարվող 1 միլիոն դրամը մուտքագրել միավորման հաշվին, որ այդ գումարը գոնե մարդկանց ինչ-որ օգուտ բերի: Սակայն նախագահությունը չի համաձայնել: Գործարքը շարունակվել է նախկին ձեւով: Դժվար է հավատալ աստղաբաշխական գումարների գոյությանը, բայց կույրերը վկայում են, որ թվերն ուռճացված չեն. տարիներով շարունակվող չարաշահումներին նրանք այլեւս չեն դիմացել, դիմել են իրավապահ մարմիններին, եւ սեպտեմբերին քրեական գործ է հարուցվել: Կույրերը վստահ ենՙ եթե վարձակալության գումարները մասնավոր գրպաններ չգնան, այլ ուղղվեն նույն արտադրամասերի վերագործարկմանը կամ նոր նախագծերի ստեղծմանը, միավորման անդամների սոցիալական վիճակն անհամեմատ կբարելավվի, կենսապայմանները կլավանան, նրանք իրենց պիտանի մարդ կզգան: Բայց ստացվում էՙ բոլորին պատկանող գույքն օգտագործում եւ շահույթ են ստանում միայն մի քանիսը: Կույրերի միավորման անդամները վկայում են, որ միավորման նախագահության անդամները տարածքները մեծ մասամբ վարձակալության են տալիս իրենց բարեկամներին ու ծանոթներին:

Կույրերը չեն ուզում դժգոհ քաղաքացու կեցվածք ընդունել, բողոքել իրենց կենսապայմաններից, թոշակից ու նպաստից: Նրանք սիրով կհարաժարվեն օգնություններից, եթե աշխատանք ունենան:

Կույրերին ոչ ոք աշխատանքի առաջարկ չի անում, նրանց համար նախատեսված աշխատատեղեր չկան: Հայտնի է, որ ԱԻՆ-ը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որոշ այլ ընկերություններ սայլակավոր մարդկանց ընդունել են աշխատանքի, բայց կույրերին ոչ ոք չի ընդառաջում:

Անկախության շրջանում կույրերի միավորումը սովետական շրջանից ժառանգել է արտադրամասեր, շինություններ, որոնք նախկինում ակտիվ գործել են: Հայտնի է, որ կույրերը վարդակներ, խոզանակներ, այլ իրեր էին պատրաստում: Հսկա կայսրություն էր. արտադրանքը վաճառվում էր սովետական այլ հանրապետություններում, եւ կույրերը մշտապես ապահովված էին լինում աշխատանքով: Այսինքնՙ եթե մարդը ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունի, բայց ուզում է աշխատել, նրա համար հաստատ գործ կգտնվեր:

30 տարի է անցել, բայց կարծրատիպերը դեռ չեն ջարդվել: Մինչեւ հիմա թե՛ պետությունը, թե՛ հասարակությունը կույրերին ընկալում է վարդակ ու խոզանակ պատրաստող խավ: Արտաքին աշխարհի հետ կապ ունեցող, իրենց հնարավորությունները գնահատող ու առաջ մղվելու պատրաստ կույրերը պետությանն ու հասարակությանը սթափվելու կոչ են անում. իրենք կույր են, բայց լիարժեք մարդ: Թեեւ զրկված են տեսողությունից, բայց այլ շնորհներով են օժտված, ուզում են աշխատել, պատրաստ են աշխատել եւ աշխատանք են պահանջում: Նրանք հրաժարվում են թոշակից ու 21 հազար դրամ նպաստից, վստահ են, որ մեծ պոտենցիալ ունեն եւ արժանի են արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքի:

Մեր երկրում տեսողական խնդիրներով 1800 գրանցված քաղաքացի կա: Մերսում. ահա՛ կույրերի այժմյան հիմնական մասնագիտությունը: Քանի որ այլ ոլորտներում, հատկապես աշխատանքային կոլեկտիվներում նրանց ներգրավելու հեռանկարները զրոյի են հավասար, հետեւաբար կույրերը մերսողի աշխատանքով են փորձում իրենց գլուխը պահել: Բայց այստեղ էլ են նրանք դեմ առնում հասարակության պատնեշին. նախՙ մերսողների նկատմամբ մենք ընդհանուր առմամբ ոչ առողջ ընկալում ունենք. մոտավորապես այսպեսՙ որպես կանոն, մերսումը ոչ թե առողջապահական նշանակություն ունի, այլ...հաճուքների, զվարճանքի համար է. դե չարժե ավելի մանրամասնել: Եթե մերսողը կին է, ուրեմն..., եթե մերսողը տղամարդ է, ուրեմն...: Այս ընկալման պատճառով է, որ երկու երեխայի հայր Պատվական Ռեւազյանը մերսողի մասանգիտություն ունի, բայց աշխատանք չունի: Պատրաստ է որեւէ աշխատանքի, պատրաստ է նոր մասնագիտություն սովորել, միայն թե օգտակար լինի իր ընտանիքին, կարողանա մարդավայել ապրել: «Մենք ձուկ չենք ուզում, մենք կարթ ենք ուզում, որ ձուկ ինքներս բռնենք»,- ասում է Պատվականը: Նա նաեւ էլեկտրականության հետ կապված աշխատանք կարող է անել: Կարի, փայտի, կենցաղային այլ իրերի արտադրությունում կույրերը կարող են աշխատել, բայց մեր պետությունն ու հասարակությունը պատրաստ չեն նրանց ներառել որեւէ ոլորտում: Իհարկե, կան կույր մարդիկ, որոնք որեւէ մեկի առաջարկին չեն էլ սպասում, ունեն բարձր ինքնագնահատական, քայլում են կյանքի պահանջներին համընթաց, դեռ մի քանի մետր էլ առաջ են բոլորից:

Օրինակՙ Սիփան Ասատրյանն ամեն օր Կոմիտաս փողոցի իր բնակարանից գնում է Մանկավարժական համալսարան, որտեղ դասախոսում է, օգտագործում է համակարգիչ, մի քանի լեզու գիտի: Սիփանը կույր երեխաներին ու երիտասարդներին անընդհատ քաջալերում ու խորհուրդ է տալիս. «Պլանավորեք ձեր կյանքը: Դուք չեք տեսնում, բայց դա թերություն կամ արատ չէ: Կույրը կարող է սինքրոն թարգմանություն անել, դասախոսել, կարող է սրբագրել ու խմբագրել: Հատուկ ձայնային ծրագրով չտեսնող մարդը կարող է տիրապետել համակարգչային հմտությունների ու բազմաթիվ ծրագրերի: Մենք բժշկական մոդելով կույր ենք, սոցիալական մոդելովՙ մարդ: Մենք կարող ենք տեղաշարժվել, սովորել, մասնագիտություն ձեռք բերել, աշխատել: Ցավն այն է, որ այսօր հասարակությունը, անգամ պետությունը պատկերացում չունեն, թե չտեսնող մարդն ինչ կարող է անել: Մենք միշտ առանձնացված ենք եղել հասարակությունիցՙ կույրերի թաղամաս, կույրերի միավորում, կույրերի արտադրամաս, կույր երեխաները տանից դուրս չեն գալիս: Դժվար թե գտնվի մեկը, որը փոքր ժամանակ կույր ընկեր կամ ընկերուհի ունեցած լինի: Ներառական մոտեցում, հոգեբանություն եւ մտածելակերպ մեր նկատմամբ երբեք չի եղել»,- մեկնաբանում է Սիփանը:

Պատվական Ռեւազյանը կույրերի պասսիվ կյանք վարելու մեջ մեղադրում է նրանց ընտանիքներին: «Զանգում եմ չտեսնող մարդու, հեռախոսը մայրն է վերցնում ու նրա փոխարեն ինքն է պատասխանում: Սա մանրուք է թվում, բայց իրականում լուրջ խնդիր է: Այսինքնՙ կույրին իր իսկ ընտանիքի անդամները լիարժեք մարդու պես չեն վերաբերվում: Ես գիտեմ այնպիսի մայրերի, որոնց երեխաները կույր են ծնվել ու նրանց հանձնել են մանկատունՙ պատճառաբանելով, թե ամոթ է, մարդիկ ի՞նչ կասեն: Շատ ծնողներ էլ իրենց կույր երեխաներին թաքցնում են հասարակությունից, ամբողջ կյանքում տան չորս պատերի մեջ են պահում նրանց»,- պատմեց Պատվականը:

Կույր ջութակահարուհի Լուսինե Սարգսյանը միջազգային փառատոների դափնեկիր ու առաջին մրցանակակիր է: Ավարտել է կոնսերվատորիայի ասպիրանտուրան, սակայն գործազուրկ է: Ցանկություն է հայտնել աշխատել կոնսերվատորիայում, պատասխանել ենՙ 25 հազար դրամ աշխատավարձ ես ստանալու, այդ գումարը տաքսուն անգամ չի բավականացնի, ավելի լավ է տանը նստես, քան աշխատես:

Երեւանում գործում է Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողական խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցը: Արիստակես Մարգարյանը , որը նույնպես կույր է, այդ դպրոցում է աշխատում: Նա վստահեցնում է, որ կրթության տեսակետից իրենք ոչնչով հետ չմնում հանրակրթական մյուս դպրոցներից: Դեռ ավելինՙ ավելի որակյալ կրթություն են տալիս: Այդ դպրոցի շրջանավարտներից է Սիփան Ասատրյանը, որը դասախոսում է, թարգամանիչ է ու բավականին ակտիվ կյանք է վարում: Պրն. Մարգարյանը ցավով է նշում, որ ոչ բոլոր կույր երեխաներն են դպրոց հաճախում: Երեխաներին տանել-բերելու խնդիր չկա. դպրոցը գիշերօթիկ է: Սակայն շատ ծնողներ իրենց երեխաներին անգրագետ են մեծացնում, խուսափում են հատուկ դպրոց տանել, որովհետեւ եթե երեխան հաճախի գիշերօթիկ, կնշանակիՙ նրա խնամքն ապահովված է, եւ պետությունը նրա ընտանիքին կզրկի նպաստից:

Կույրերի կյանքի, ապրելակերպի, խնդիրների մասին քչերն են տեղյակ. նրանք դուրս են մղված հասարակությունից: Կույրերն ընդգրկված են մեր վարչապետի նշած 800.000-ի մեջ, որոնց պահելու համար առավոտից երեկո ճռռում է 350.000 մարդ: Ոչ մի իշխանություն հաշմանդամություն ունեցող մարդկանց մինչեւ հիմա գոնե մեկ անգամ չի հարցրելՙ եղբայր, դու ուզո՞ւմ ես, որ ինչ-որ մեկը քեզ պահի, իսկ միգուցե դո՛ւ ես ուզում, որ աշխատես ու ինչ-որ մեկին դո՞ւ պահես: Արի, եղբայր ջան, լսողություն կամ տեսողություն չունես, բայց դու պետք ես այս երկրին: Այ այս գործը դու ամենից լավը կանես: Աշխատիր ու վարձատրվիր արժանապատվորեն...

Սա հեքիաթի ժանրից է, իսկ մենք լուրջ մարդիկ ենք, հեքիաթների չենք հավատում, չէ՞:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 16-11-2018

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ