RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 16-11-2018



ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Տեղադրվել է` 2018-11-24 03:29:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 749, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԵՊԻ ԿԱՊԻՏՈԼԻՈՒՄԻ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԸ

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Ինչպես Էլիզ Քենդերյան-Արոնսոնը նվաճեց Վաշինգտոնը

Երբ կինը տղամարդկանց աշխարհ է մուտք գործում, ուշադրության է արժանանում: Երբ նա քաղաքականություն է մուտք գործում եւ կապիտոլիումի աստիճաններով բարձրանում վերեւՙ հպարտություն է պատճառում հայերիս, որտեղ էլ գտնվենք: Այդպիսի հպարտություն է պարգեւում Էլիզ Քենդերյան-Արոնսոնը, որն իր վճռակամությամբ եւ ջանասիրությամբ կարողացել է 12 տարի ճկունությամբ իր ճանապարհը հարթել Մ. Նահանգների կոնգրեսի կնճռոտ ու խճճված արահետներում: Այսօր նա ամենաշատ հարգված փորձագետն է կառավարական եւ կառավարման գործերի ասպարեզում, նույնիսկ պետականից մասնավոր սեկտոր տեղափոխվելուց հետո: Ներկայիս զբաղեցնում է կառավարության հետ հարաբերությունների փոխնախագահի պաշտոնը Նյու Յորքի «MacAndrews & Forbes Incorporated» մասնավոր ընկերությունում, որն սպասարկում է տարաբնույթ արդյունաբերական ձեռնարկությունների, սկսած կոսմետիկայի եւ թվային խաղերի մատակարարումից մինչեւ բիոտեխնիկական եւ պետական պաշտպանական իրեր:

Այս պսպղուն աչքերով ամերիկահայը Նյու Ջերսիից է եկել Վաշինգտոն որպես ՄԱԿ-ի կողմից ընտրված ավագ դպրոցականների տիպար խմբի ներկայացուցիչ: Այցելությունը հետաքրքրություն է առաջացրել նրանումՙ զբաղվելու միջազգային հարաբերությունների խնդիրներով: Առաջին քայլը եղել է մեկ կիսամյակ Վաշինգտոնում անցկացնելու փոխարեն ընդունվել ամերիկյան համալսարան եւ սովորել չորս տարի, ընթացքում նաեւ որոնելով աշխատանքային հնարավորություններ:

Նախ ընդունվել է Մ. Նահանգների առեւտրային ներկայացուցչության գրասենյակում, ապա Բրյուսելում ուսումը շարունակելու ժամանակահատվածումՙ Եվրոմիությունում Մ. Նահանգների առաքելության գրասենյակում: Աշխատանքը շփումներ եւ հարաբերություններ հաստատելու հրաշալի միջոց է եղել, որն էլ իրեն առանձնացրել է իր դասընկերներից: Միջազգային առեւտրի ասպարեզում աշխատելու մտադրությունն էլ նրան կապիտոլիում է առաջնորդել, որտեղ սկսել է ամենաներքեւիցՙ աշխատելով Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների հանձնախմբում որպես քարտուղար: Այնուհետեւ պաշտոնի բարձրացումով նախ օրենսդրական մարմնի օգնական, ապա տնօրեն կոնգրեսական Հոուըրդ «Բաք» Մկքեոնի եւ Ջիմ Սաքստոնի անձնական գրասենյակներում, որտեղ ճառերի հիմնական կետերն է գրի առել եւ ընտրողների հետ հանդիպումների ընթացակարգը կազմակերպել: Յոթ տարի անց նշանակվել է կոնգրեսական Սաքստոնի բոլոր օրենսդրական եւ քաղաքական գործողությունների պատասխանատու աշխատակազմի ղեկավար:

Նրա համոզմամբ Capitol Hill-ում աշխատելու ամենադրական կողմը «ընտրազանգվածի հետ անձնական շփումներն են եւ նրանց խնդիրներին լուծում գտնելու հնարավորությունը, որը խիստ ուսանելի է: Մյուս հետաքրքրական կողմը պետական խնդիրներ լուծելու օրենսդրական դաշտի օգտագործումն է, որն ամենօրյա պարտականություն է դնում քո ուսերին ինչ-որ բան դեպի լավը փոխելու»:

Իսկ ո՞րն է ձեր աշխատանքի վրդովեցուցիչ կողմը հարցին Քենդերյան-Արոնսոնը պատասխանել է. «Այն թյուր ըմբռնումը, թե կոնգրեսականները բավարար աշխատանք չեն կատարում: Իրականում կոնգրեսականների մեծամասնությունը 12-14 ժամ է աշխատում օրական: Միշտ էլ մի առկախ խնդիր կամ հարց հայտնվում է, որին անհրաժեշտ է շտապ անդրադառնալ կամ լուծում գտնել: Բայց անշուշտ ժամանակը չի հերիքում, որ բոլորին գոհացում հնարավոր լինի տալ»:

Անդրադառնալով անցած երկու տասնամյակում իր գործունեությանը եւ ձեռքբերումներին, նա անվարան պատասխանել է. «Երբ Վաշինգտոն եկա, տասնութ տարեկան էի, ոչ ոքի չգիտեի, ոչ մի առավելություն չունեի: Ես իմ ուղին ացնել եմ բոլորովին միայնակ: Հաջողություններս պարտական եմ այն փաստին, որ ընձեռված ոչ մի հնարավորություն ձեռքիցս բաց չեմ թողել, մասնակցել եմ բոլոր միջոցառումներին եւ այդ վայրերից չեմ հեռացել մինչեւ առնվազն երեք հոգու հետ չեմ խոսել եւ հարաբերություններ չեմ հաստատել: Դրանք իմ քաղաքական կարիերայի բաղկացուցիչ մասն են կազմել»:

Դրան անշուշտ գումարվել է նաեւ, իր իսկ խոստովանությամբ, հայկական համայնքից ստացած աջակցությունը, որն սկսվել է ՀԲԸՄ-ի Camp Nubar ճամբարին մասնակցելուցՙ բավականին վաղ տարիքում: «Դա հիանալի առիթ էր իմ հասակակիցների հետ բացահայտելու մեր մշակույթն ու ավանդույթները, եւ հասկանալու ինքնությունը պահպանելու համայնքի անկոտրում կամքը»: Իր կարիերայի ընթացքում Կապիտոլ Հիլում աշխատող ուրիշ հայերի էլ է հանդիպել, եւ նրանք միշտ իրար թիկունք են կանգնել: «Այդպիսով իմ անձնական հաջողությունները թափանցեցին նաեւ հայկական համայնք, եւ ես փորձեցի աշխուժացնել քաղաքական հետաքրքրությունները համայնքի անդամների շրջանում: Չէ՞ որ մեր նախնիները զրկանքներ ու դժվարություններ էին տեսել, բայց վերապրելՙ կամքի ուժ դրսեւորելով: Այսօր էլ նոր սերունդը պարտավոր է իր բաժին կամքի ուժը ի գործ դնել հանուն համընդհանուր բարգավաճման», համոզված է Քենդերյան-Արոնսոնը:

Այդ նպատակի իրագործման համար նա խրախուսում է հայերին, հատկապես երիտասարդներին, Վաշինգտոն տեղափոխվել եւ ընտրել քաղաքականությունը որպես կարիերա: «Դա նաեւ ընդհանրապես աշխատանք գտնելու ավելի լայն հնարավորություն է ստեղծում: Իսկ աշխատանք գտնելիս անհրաժեշտ է ոչ միայն նվիրվել եւ կատարել պահանջվածը, այլեւ անցնել այն «հավելյալ մղոնը», որ կապված է քո աշխատանքի հետ, այսինքն մասնակցել տարբեր ձեռնարկների, անհրաժեշտության դեպքում աշխատել հավելյալ ժամեր, կամ հանդես գալ նոր գաղափարներով: Դրանք նպաստում են նոր շրջապատ ստեղծելուն, մի բան, որ օգտակար կլինի ձեր կարիերայի հետագա ընթացքին: Եվ վերջապես ընտրիր որտեղ ես, ո՞ր կուսակցությանն ես պատկանում քաղաքականապես, որովհետեւ դա շատ կարեւոր է», խորհուրդ է տալիս նա երիտասարդներին:

Կողմնորոշվելը կամ հստակ դիրքորոշում ունենալը Քենդերյան-Արոնսոնի համար կենսակերպ է: Նա անվերապահորեն պաշտպանում է հայկական միջոցառումների, հատկապես ցեղասպանության տարելիցներին նվիրված քայլարշավներին մասնակցելու գաղափարը: «Դա շատ կարեւոր է, մանավանդ որ բարեբախտություն պետք է համարել այն, որ կոնգրեսում մենք ունենք նվիրված պաշտպաններՙ ինչպես օրինակ Ֆրենկ Փալոնը Նյու Ջերսիից: Մենք պարտավոր ենք թիկունք կանգնել նրանց անխոնջ ջանքերին», նշել է Քենդերյան-Արոնսոնը, որ հանդիսավարն է եղել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հանդիսությունների: «Դա հուզիչ փորձառություն էր»:

Այդ առումով զարմանալի չէ, որ նա ջանք չի խնայում իր որդուն եւ դստերը ներգրավելու հայկական համայնքի գործունեությունների մեջ: «Նրանք հաճախում են Վաշինգտոնում գործող կիրակնօրյա հայկական վարժարանը, որը հրաշալի առիթ է այդ համայնքի անդամը, մի մասնիկը լինելու: Ես ինքս հիշում եմ մի դեպք, որն իմ կյանքում անջնջելի տպավորություն է թողել: Երբ 5-րդ դասարանում ցանկացա Հայաստանի մասին զեկուցում պատրաստել, ուսուցիչս խորհուրդ տվեց Թուրքիայի մասին պատրաստել այդ զեկուցումը: Դա ինձ սովորեցրեց, որ ես պարտավոր եմ մեր անցյալի պատմությունը փոխանցել ոչ միայն մեր նոր սերունդներին, այլեւ ընդհանրապես օտարներին, որովհետեւ եթե ես չանեմ, ուրիշն իմ փոխարեն չի հանձն առնի կատարել այն»:

Այսօր էլ Քենդերյան-Արոնսոնը հետեւում է իր սկզբունքին, որ որեւէ առիթ չպետք է բաց թողնել: Մաղթենք, որ մտավոր ունակություններ եւ հոգեկան կորով ունեցող այս ինքնակերտ երիտասարդ հայուհին կապիտոլիումից բացի կնվճաի նաեւ այլ բարձունքներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 16-11-2018

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ