RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 16-11-2018



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2018-11-24 03:29:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 708, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԽԱՇՈՂՋԻԻ ԳՈՐԾԸ ՆՎԵՐ ԴԱՐՁԱՎ ԻՐԱՆԻ ՀԱՄԱՐ

Պ.Ք.

Սաուդցիների դիրքերը տարածաշրջանում թուլանում են

Վաշինգտոնի վարչակազմը պատրաստ չէ դա խոստովանել, բայց Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի քաղաքականությունը բախվում է զգալի խոչընդոտների, որոնք ներկայումս խորանում են Ստամբուլի սաուդյան գլխավոր հյուպատոսարանում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության պատճառով: Այն փաստը, որ վարչակազմը սկսել է Էր-Ռիադի վրա ճնշումներ գործադրել Եմենում հրադադարի հասնելու նպատակով, ակնհայտորեն ցույց է տալիս, որ տարածաշրջանում Էր-Ռիադի վարկը նկատելի անկում է ապրել, հնարավոր է նույնիսկՙ Սպիտակ տան ղեկավարի աչքին, այս կապակցությամբ գրում է The New York Times թերթը:

ԱՄՆ-ի ռազմավարության նպատակն այն էր, որ Սաուդյան Արաբիան Մերձավոր Արեւելքում զսպի Իրանի ազդեցության աճը: Փոխարենը այժմ կարելի է ակնկալել, որ Թեհրանի համար անհամեմատ կդյուրանա սեփական ազդեցության ընդլայնումը, նույնիսկՙ անցյալ շաբաթ Վաշինգտոնի գործի դրած հակաիրանական նոր պատժամիջոցների պայմաններում: Իրանցիների մանեւրելու ազատությունը ամենայն հավանականությամբ կօգտագործվի համաձայնագիր կնքելու, այլ ոչ թե նախահարձակում ձեռնարկելու համար:

Իրանում գրեթե չեն սպասում, թե Վաշինգտոնի քաղաքականությունը կփոխվի Խաշողջիի սպանությունից հետո: Ընդհակառակը, Սաուդյան Արաբիայի վրա ճնշման թուլացումը ամենայն հավանականությամբ կամրապնդի իրանցիների այն համոզմունքը, որ իրենց ներկայիս ռազմավարությունը ճիշտ է: Այն կառուցված է Վաշինգտոնի ճնշմանը դիմադրելու, ներքին ռեսուրսները մոբիլիզացնելու, Իրանի հետ հաղորդակցման նպատակով Եվրոմիության, Ռուսաստանի եւ Չինաստանի վրա հույս դնելու, ինչպես նաեւ Իրանի դաշինքներն ամրապնդելու վրա: Վերջին մեկ տարում Թեհրանին հաջողվել է Սպիտակ տան հետ լարվածության խորացումից խուսափել մասնավորապես այն վստահության շնորհիվ, որ Ռուսաստանը հավատարիմ է մնում Սիրիայում ընտրված ուղեգծին: Որեւէ նշան չկա, թե Թեհրանը պատրաստ է հրաժարվել Սիրիայից, չնայած այն բանին, որ Դամասկոսը բավական հանգիստ է վերաբերվում սիրիական տարածքում իրանցիների օբյեկտներին Իսրայելի հասցրած հարվածներին:

Ավելին, պարզվեց, որ անհիմն են այն երկյուղները, որոնք ի հայտ էին եկել Բասրայում Իրանի հյուպատոսարանի հրկիզումից հետո: Փոխարենը, Թեհրանը Բաղդադին հանգիստ կերպով օգնեց ստեղծելու դաշինք, որի հիման վրա ձեւավորվեց կառավարություն, որը հենվում է իրանական զինված կազմավորումների վրա: Վերջիններիս արձակման պահանջով հանդես է գալիս ԱՄՆ-ը:

Այժմ Իրանի քաղաքական ղեկավարությունը կարող է ակնկալել, որ թուլացած Սաուդյան Արաբիան հավանաբար ստիպված կլինի վերջ դնել Եմենի դեմ իր ռազմարշավին եւ Քաթարի շրջափակմանը: Դրա հետ մեկտեղ Թեհրանը հույս ունի բանակցություններ սկսել թագավորության հետ, որը թերեւս պատրաստ կլինի հաշտություն կնքել, մանավանդ եթե Էր-Ռիադը հետեւի Վաշինգտոնի խորհրդին եւ վերջ դնի Եմենի պատերազմին: Թագավորության իշխանությունները կարող են անհրաժեշտ համարել Իրանի հետ հարաբերությունների կարգավորումը, որպեսզի հավասարակշռեն Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները, որը բռնել է Քաթարի կողմը եւ խիստ բացասաբար է արձագանքել սեփական տարածքում սաուդցի լրագրողի սպանությանը:

Այսպիսով, հանգստության պահպանումը Թեհրանին հնարավորություն է տալիս առավել մեծ վստահություն դրսեւորել իր բանակցություններում, որոնք թերեւս հենց ԱՄՆ-ի հետ կարող են վարվել իրանցիների միջուկային եւ հրթիռային ծրագրերի վերաբերյալ: Թեհրանում կառավարող շրջանակները կարծես թե արդեն վստահ են, որ երկրի տնտեսությունը մեծապես հարմարվել է ԱՄՆ-ի ճնշումներին: Բացի դրանից, Թեհրանը հնարավորությւոն ունի վաճառելու նավթի զգալի քանակություն եւ պահպանելու առեւտրային կապերը Եվրոմիության, Ռուսաստանի, Հնդկաստանի եւ Չինաստանի հետ, ինչի շնորհիվ հաջողվում է երկրի տնտեսությունը զերծ պահել փլուզումից:

Ինչպես պահպանողականները, այնպես էլ չափավորական քաղաքականության կողմնակիցները կարողացել են կազմել միասնական ճակատ, որի դրոշի ներքո կարելի է միավորել բնակչությունը, ինչը կնվազեցնի ժողովրդի վրդովմունքի վտանգը, որին, ինչպես ակնկալում էին ԱՄՆ-ում, կհանգեցնեին տնտեսական դժվարությունները:

Թրամփի վարչակազմը հրաժարվեց Իրանի հետ միջուկային գործարքիցՙ նշելով, որ այդ պայմանագիրը անկարող է կասեցնել տարածաշրջանում Թեհրանի ազդեցության ընդլայնումը: Փոխարենը ամերիկացիներն ուզում են կնքել նոր համաձայնագիր, որը կոչված կլինի ապահովելու իրենց նպատակները: Այդուհանդերձ Թրամփի համար հիմա շատ ավելի դժվար կլինի Թեհրանին համոզել բանակցությունների սեղանի մոտ նստելու ըստ իր առաջադրած պահանջների: Եթե Թեհրանն առհասարակ համաձայնի ինչ-ինչ բանակցությունների, ապա նա չի բանակցի թույլի դիրքերից, կարծում է «Ռեգնում» գործակալության վերլուծաբան Մաքսիմ Իսայեվը : Թեհրանին պարզապես հարկավոր է այսուհետեւ էլ կատարել նախագահ Օբամայի օրոք ստորագրված միջուկային համաձայնագրի պայմանները եւ հնարավորություն տալ, որ նախագահ Թրամփի «առավելագույն ճնշման» քաղաքականությունը մտնի փակուղի: Այդ ժամանակ հնարավոր է, որ Թեհրանը պատրաստ լինի խոսելու:

Հենց սկզբից Թրամփի վարչակազմը հույս ուներ, թե կկարողանա տարածաշրջանում զսպել Թեհրանի ազդեցության աճըՙ սերտ հարաբերություններ ստեղծելով սաուդցի երիտասարդ գահաժառանգ իշխան Մուհամմեդ իբն Սալմանի հետ: Այդուհանդերձ, Էր-Ռիադի բազմաթիվ աղաղակող սխալների պատճառով, որոնց գագաթնակետը դարձավ լրագրող Խաշողջիի սպանությունը, թագավորությունը բախվեց մի շարք բարդ խնդիրների, ինչի շնորհիվ Թեհրանը մանեւրելու ավելի մեծ հնարավորություններ ստացավ:

Իրանին զսպելու գործում Սաուդյան Արաբիայի վրա հենվելու փորձերը միշտ էլ կասկածլի բնույթ են կրել: Թագավորությունը երբեք էլ չի կարողացել արդյունավետորեն դիմակայել տարածաշրջանում Իրանի ներկայության ուժեղացմանը, իսկ վերջին տարիներին այդ ներկայությունը միայն ընդլայնվել է: Օրինակ, Սաուդյան Արաբիան մի կողմ է քաշվել Սիրիայի հարցումՙ ԱՄՆ-ին թողնելով Իրանի եւ այդ հակամարտության հետեւանքների հետ կապված խնդիրների լուծումը:

Սաուդյան Արաբիայի ամենալուրջ սխալները սկսվեցին 2015 թվականին, երբ ծագեց Եմենի պատերազմը, որին հաջորդեց Քաթարի հապճեպ շրջափակումը: Դրանից հետո Էր-Ռիադը, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին պատանդ վերցնելով, փորձեց նրանց համոզել, որ չարժե հույս դնել շիաների «Հզբոլլահ» խմբավորման վրա: Այդ բոլոր անճարակ քայլերի նպատակն էր ամբողջ արաբական աշխարհին ցույց տալ, որ չարժե գործ ունենալ Իրանի եւ նրա դաշնակիցների հետ: Սակայն այդ բոլոր գործողությունների արդյունքը տրամագծորեն հակառակը եղավ, եւ ներկայումս տարածաշրջանի բոլոր խաղացողները, այդ թվում Սպիտակ տան բարեկամները, Իրանից ավելի մեծ սպառնալիք են համարում Սաուդյան Արաբիային:

Այս տեսակետին նպաստեց Խաշողջիի գործը: Այն բացահայտեց Թրամփի ռազմավարության կարեւոր կողմերից մեկի թուլությունըՙ հարվածելով նաեւ թագաժառանգ իշխանի դիրքերին: Այդ պատճառով ներկայումս մտացածին են թվում Իսրայելիՙ սաուդցիներին տված խոստումները, թե իրենք օգնություն կցուցաբերեն իրանցիներին զսպելու եւ պաղեստինցիների հետ վերջնական քաղաքական գործարք կնքելու հարցում: Թուլացավ նաեւ Թել-Ավիվի դիրքը, մինչդեռ տարածաշրջանում սեփական ազդեցության ընդլայնմանը ձգտող Թուրքիայի դիրքերը միայն ամրապնդեցին: Իրանի նման, Թուրքիան եւս մտահոգված է Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի կապերի սերտացումից:

Այժմ ակնհայտ է դառնում, որ Սաուդյան Արաբիան անկարող է գլխավորել տարածաշրջանային կոալիցիան, որի նպատակը պետք է լինի Իրանին դուրս մղել Սիրիայից, Լիբանանից, Իրաքից, հետագայում նաեւ Եմենից: Եթե Թրամփը մտադրված չէ այդ նպատակով ուղարկել խոշոր զորախմբեր, որոնք ստիպված կլինեն տարածաշրջանում երկար մնալ Իրանի ազդեցության ընդլայնում թույլ չտալու համար, ապա նա պետք է ձգտի հասնել տարածաշրջանային պատերազմների դադարեցմանը: Իսկ հետո վարչակազմը պետք է հրաժարվի այն դրույթից, թե Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելով հնարավոր է տարածաշրջանում լուծել այդ երկրի խնդիրը: Եթե ընդունենք այդ իրողությունները, ապա Իրանի ազդեցությունը չի վերանա, այլ պարզապես կներգծվի որոշակի շրջանակների մեջ: Ըստ որում, արաբական աշխարհում ի հայտ կգա վերականգնման որոշակի ժամանակահատված, ինչը, վերջին հաշվով, Թեհրանին զսպելու լավագույն միջոցն է:

Ինչ վերաբերում է Թեհրանին, նա մկանները լարելու կարիք չունի: Պարզապես հարկավոր է սպասել, մինչեւ որ Վաշինգտոնում ըմբռնեն Մերձավոր Արեւելքում ուժերի իրական դասավորությունը: Տարածաշրջանում արաբական կարգի վերաբերյալ Թրամփի սխալ կարծիքի վերացմանը զուգընթաց ի հայտ կգա տհաճ իրողությունը. արաբական աշխարհն անկարող է վիճարկել Թեհրանի տարածաշրջանային ազդեցությունը, ինչպես նաեւ անհնար է դրա դեմն առնել ԱՄՆ-ի սպառնալիքների եւ ճնշումների միջոցով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 16-11-2018

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ