RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#042, 2018-11-09 > #043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-11-2018



Տեղադրվել է` 2018-11-24 03:30:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 3163, Տպվել է` 283, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԲ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՍՎԱԾ ԿԼԻՆԻ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Եկող տարվա բյուջեի նախագիծը հաստատվեց` իներցիոն, հետընթացի կամ ռեգրեսիվ բյուջե որակումներով:

Մեկնարկած համահայկական դրամահավաքից շատերն ակնկալում են վերաբերմունք հեղափոխության հանդեպ` աննախադեպ չափի հասնող նվիրատվություններով. համենայնդեպս դրամահավաքի ավարտից հետո հնարավոր է հայաստանյան իրադարձությունների նկատմամբ Սփյուռքի վերաբերմունքի ներկա ուրվագիծ անել: Երեք օրից կմեկնարկի արտահերթ խորհրդարանական ընտրության քարոզարշավը, որն այս անգամ, թեեւ տեւողության կարճությանը, խոստանում է հանրությանը լրիվ նյարդահան անել պաթետիտիզմի գերագույն աստիճանով` եթե նկատի առնենք մասնակից ուժերի գոնե առաջին եռյակների ձայնի տեմբրն ու բղավելու կարողության աստիճանը:

Այս երեք իրողություններից վերջին առումով ասենք, որ Նիկոլ Փաշինյանն վաղուց արդեն հասցնում է ե՛ւ մարզեր այցելել ե՛ւ իր սովորական աշխատանքով զբաղվել` հաջողությամբ միախառնելով պաշտոնեական պարտականություններն իր քաղաքական նպատակներին, մանավանդ` օրենսդրությունը դրա համար որեւէ սահմանափակում չի նախատեսել պաշտոնական քարոզչության ժամանակահատվածից դուրս:

Մի խոսքովՙ ամենուր եւ հնարավոր ամեն հարթակով արդեն իսկ եւ վաղուց հնչում է շատ խոսք, Հայաստանի օդը լի է անվերջ հնչող եւ ոչ մի չափի միավորով չսահմանափակվող ահռելի չափերի հասնող խոսքի վիբրացիայով, որը շուտով թույլ չի տա լսելուց բացի` նաեւ ընկալել ողջ այս ժխորը: Լուծարված խորհրդարանն իսկապես կարծես էլ նիստ հազիվ թե անի` մի քանի ակտիվ ՀՀԿ-ականները վերջին անգամ երեւի ամբիոն ստացան Ազգային ժողովում, այն եւս մի լավ կեղտաջրի մեջ խրելու համար եկող տարվա փաշինյանական բյուջեի նախագիծը:

Բյուջեն այպանող հանրապետականները մոռանում են, որ դա իրե՛նց աշխատանքի արդյունքն է, լավ բյուջե ունենալու համար առնվազն երկու տարի պետք էր օրուգիշեր եւ բացարձակապես ուրիշ սկզբունքներով աշխատել, բացի այդ` նրանք պիտի հիշեին, որ նույնիսկ ամենահաճելի ձայնը ինչ-որ պահի հոգնեցնում է, ու պետք է որոշ ժամանակ դադար տալ ու չզզվեցնել ունկնդրին: Իհարկե, այդ պահը վրա է հասնելու նաեւ ներկա վարչապետի պաշտոնակատարի համար, դրա համար էլ նա շտապում է իր նախագծումներն արագ իրականացնել, մինչեւ վրա հասնի քիչ խոսելու ժամանակը: Մեր նախորդ հրապարակման մեջ մենք անդրադարձել էինք ցուցակ կազմելու «Իմ քայլի» սկզբունքին, ու չէինք պատկերացնում, որ խնդրին էլի վերադառնալու ենք: Բայց երբ այդ նույն թեմայով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատասխան հնչեցրեց «Ազգի» հարցին, հասկացանք, որ արժե հանրությանը տեսակետ ներկայացնելու մեր հնարավորությունից օգտվել` հարցը սպառելու համար, քանի որ ասուլիսի ֆորմատը դա թույլ չի տալիս: Փաշինյանն ասում էր, որ ցուցակ կազմելիս իրենք եղել են մաքսիմալ բալանսավորված: Բացի այդ` զանազան ռիսկերի, սպառնալիքների, հետապնդումների հնարավորությունը որոշ մարդկանց հարկադրել է հրաժարվել ցուցակում լինելու առաջարկից, իսկ դե` եթե տաքսիստներն, իրոք, ժամանակին աջակցել են հեղափոխությանը, ինչ է` պիտի ասեին նրանց, թե տաքսիսիտ ես, քեզ ցուցակ չենք վերցնում, ակադեմիկոսների ենք վերցնո՞ւմ, հարցին հարցով էր պատասխանում վարչապետի պաշտոնակատարը:

Իհարկե, այս բացատրությունը մի փոքր սխալ ենթաշեշտ ունի. տաքսիստներն, այո, օգնում էին հեղափոխությանը, բայց նրանք հո չեն ակնկալել, որ հետո հենց իրենք են օրենք գրելու: Նրանք ակնկալել են, որ բանիմաց, խելացի ու անկաշառ մարդիկ են գալու, որոնց աշխատանքի արդյունքում իրենց կյանքն է փոխվելու: Որ այլեւս ամեն ոք իր տեղում է լինելու, ու ոչ թե սրա նրա ազգական-անիմաստները նստելու են ոչ իրենց տեղերում եւ ուտելու են պետության հացը, իսկ երկիրը ձեռքից գնալու է:

Սպասել, որ ամեն մեկն ամիսուկես նստի կառավարությունում ու որպես կազմակերպիչ ու պաշտոնյա քարուքանդ լինի (Ն.Փաշինյանն էր պատկերավոր ասում), հետո նրանից ազատվեն, ինչպես որ պատահել է մի քանիսի հետ, մեր երկիրն ակնհայտորեն դրա ժամանակը եւ ռեսուրսը չունի: Այո, ոչ մեկն էլ չի ակնկալել, որ ապագա Ազգային ժողովում եւ կառավարությունում մեծամասնության հավակնողների ցուցակը հրեշտակներից է կազմված լինելու: Բայց որ ողջ Հայաստանի կառավարումը հավակնելու են ստանձնել ժամանակին մի փոքրիկ կուսակցության հետ քաղաքական առնչություն ունեցածները, եւ ոչ թե նրանց կողմից ընտրված իրական ոլորտային պրոֆեսիոնալները, սա անհասկանալի է, սա շատ արագ արտացոլվելու է կառավարման որակում: Ի վերջո` անձամբ ես քաղաքական առնչություն ունեցող անձանց մեջ չեմ տեսնում վարչապետի պաշտոնակատարի ներուժի կեսին գոնե տիրապետողների, իսկ դա չի նշանակում, որ դրանք չկան: Ընդ որում` տնտեսություն իմացողների տեսլականների մեծ տարբերություն չի կարող լինել, եթե դրանք տնտեսագիտության ներկա հրամայականներով են կառուցվում, կամ իրավաբանները չեն կարող իրավական անգրագիտությամբ հագեցած եւ Հայաստանին վնասող տեսլականի կողմնակից լինել, որ Ն. Փաշինյանը զգուշանում է նրանց ու իր թիմի տեսլականների չհամընկնումից: Այնպես որ` «քաղաքական առնչություն» ունեցողների շահերից է հենց բխում երկիրն իրավական ու տնտեսական գրագետների հայեցողությանը հանձնելը: Իսկ այդ գրագիտությունն, անշուշտ, տարիների կրթութուն ու փորձ է ներառում: Այլապես երկիրը կվերածվի երեխապետոթյան, իսկ ընդդիմախոսների կոշտ բառապաշարը եթե մեջբերենք` լակոտապետության: Հասկանում եք` այն, ինչ փորձի եւ հեռատեսության պակասի պատճառով մարդն անում է քսանհինգ տարեկանում, քառասունում այլես չի անում, իսկ քառասուն-քառասուհինգ տարեկան ոլորտային մասնագետների մեջ որակյալ եւ հայաստանյան միջին աշխատավարձով բավարավող շատ մասնագետների գիտենք, որոնց ոչ ոք նկատի չի առնում Հայաստանի քաղաքական ապագայի մեջ:

Իսկ որ վարչապետի պաշտոնակատարն ասում է, թե կադրային բանկ է ստեղծում, թող կենսագրություն, ծրագիր ու այս կամ այն պաշտոնի հավակնության մասին հայտ ուղարկեն համապատասխան կառույցին, սա մի տեսակ ոչ պրագմատիկ նախաձեռնություն է, քանի որ իրեն հարգող ոչ մի մասնագետ չի դիմի, որ իրեն քննեն ու ընդունեն «քաղաքական առնչություն» ունեցող, սակայն մասնագիտական գրագիտությունից հեռու եւ անփորձ երեխաները: Ապացույցը` լրագրող Նարինե Մկրտչյանի նկարագրությունն է, երբ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկելու համար նրան, իր խոսքով, ինկվիզիցիայի են ենթարկել: Այ, այստեղ նախաձեռնությունը մտնում է փակուղի: Հիշեցի կոմունիստական եւ իհարկե հաջորդող բոլոր իշխանությունների կադրային անհեթեթությունները, որոնք ի վերջո մոտիվացնում էին հանրության դժգոհությունն ու այդ բարքերի դեմ բողոքողներին, այդ թվում` նաեւ վերջին իշխանափոխության կողմնակիցներին: Ճիշտ է, որ ոչինչ նոր չկա այս երկրի վրա, որ ամեն ինչ կրկնվում է, բայց այդ աստիճանի՞, ի վերջո ինչ-որ պահի Հայաստանում պե՞տք է գտնվեն այն իմաստուն ղեկավարները, որոնք կկարողանան օգտագործել երկրի լավագույն ներուժը, կգտնեն դեպի նրա սիրտը տանող բանալին: Եւ Նիկոլ Փաշինյանը դեռ այդպես վարվելու շանս ունի` առանց վախենալու խորհրդարանում 60 խմբակցություն ձեւավորելուց: Ի վերջո` հայերս չափազանցություններ, ճիշտ է, ունենք, սակայն ողջամտությունը եւս մեզ հատուկ է:

Վերադառնալով երեկ ընդունվածՙ եկող տարվա բյուջեի նախագծին եւ այդ առիթով եւս հնչած հայտարարություններին, նույնպես արձանագրենք, որ մեր ողջ քաղաքական ներկապնակն է հակված քաղաքական ընդդիմախոսին ոչնչացնելու շարժառիթը կյանքի գլխավոր նպատակ դարձնելուն եւ Հայաստանի քաղաքական հարթավայրի բաստիլացմանը, ընտրողի սիրտը շահելու միայն այդ ճանապարհը գիտի: Օրինակ` ՀՀԿ-ական ընդդիմախոսները մոռանում են, որ որեւէ բյուջե սկսում են նախագծել դրա ընդունումից շատ ամիսներ առաջ, ու որ եկող տարվա բյուջեն արդեն միջին օղակներում սկսել էին գրել առաջներում ընդունված ծրագրերի ու առաջնայնությունների վրա, ու մի քանի ամսում, էն էլ` կիսաքաոսային մի քանի ամսում, ոչ հնարավոր կլինի նոր ցուցանիշներ ապահովել, ոչ էլ առաջնայնություններ փոխել: Սակայն հանգիստ, առանց խղճի խայթի ասում են, որ բյուջեի նախագիծը ոչ միայն հեղափոխական չէ, այլեւ իներցիոն չէ, ու միայն հետընթաց ապահովող է: Հա, իհարկե այդպես է, քանի որ տնտեսությունը զարգացնող ճյուղերի փոխարեն` ռեսուրսն ուրիշին էժան ծախելու ու կազինոների շրջանառության ցուցանիշներով ուռճացված թվեր չկան դրված եկող տարվա տնտեսական աճում, գումարած` դեֆիցիտ, որի համար էլի միջազգայիններից վարկ ենք վերցնում: Բայց այդ արդյունքն այն բանի հետեւանք է, որ դրա համար վերջին տասն տարում ա՛յդ տնտեսական միջավայրն է ստեղծված, եւ բովադակային փոփոխության բացակայության դեպքում` ապագայում է՛լ ավելի վատ ցուցանիշներ կարող են լինել: Սակայն մեր տնտեսությունն, ի վերջո, բովանդակային-որակական փոփոխության պետք է ենթարկվի, եթե ուզում ենք նորմալ ու ինքնաբավ երկիր ունենալ, իսկ դրա համար, իրոք, ժամանակ եւ մի շարք գործողությունների հերթագայություն են պետք:

Այն պարագան, որ բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար կրկին 50 միլիոն դոլարի վարկ ենք վերցնում, ու չեն գտնվել 50 հայ մեծահարուստներ, որ յուրաքանչյուրը միլիոն դոլարի անտոկոս վարկ կտար պետությանն այդ նպատակով, որ էլի չգնայինք միջազզգային կառույցների դուռը, նշանակում է, որ չպետք է հավատալ անգամ իբր թե հեղափոխությանն աջակցած մեծահարուստներին: Ու տեղին է նրանց բիզնեսների օրինականությունը քրքրելը:

Հիշեցնեմ` ժամանակին Վազգեն Սարգսյանն առանց այլեւայլության հայ արդյունաբերող մեծահարուստներից պահանջեց մեկական միլիոն դոլար դնել վարչապետի սեղանին` բյուջեն նեղ վիճակից դուրս բերելու համար: Դա ընդամենը 1999 թվականի հոկտեմբերի 27-ից մեկ ամիս առաջ էր...

Իսկ մենք բոլորս արդեն նախընտրական քարոզարշավի ականատեսն ենք, չնայած պաշտոնապես այն մեկնարկելու է նոյեմբերի 26-ից եւ տեւելու է մինչեւ դեկտեմբերի 7-ը ներառյալ: Համբերություն եմ մաղթում լսողաց ու տեսնողաց, քանի որ մեզ բոլորիս հարկավոր կլինեն ամուր նյարդեր, գոնե սուրճ, արեւածաղիկ եւ գարեջուր` քարոզարշավի հեռուստատեսային մասին ինչպես ֆուտբոլի մրցաշարի հետեւելու համար: Դե մի կերպ կդիմանանք, էլի, քանի որ Նիկոլ Փաշինյանն ապրիլից պերմանենտ նախընտրական արշավի մեջ է` ասուլիսներից սկսած եւ պաշտոնական հանդիպումներով վերջացրած, եւ ունկնդրին վաղուց սովորեցրել է էքստրիմի: Հատկապես` իր գլխավորած քաղաքական դաշինքի ընտրողին, որն, այնուամենայնիվ, դեռ նրանից չի ձանձրացել, իսկ ավելի հստակ` նրա ընտրողն «Իմ քայլից» ուրիշ մեկին լսելու ցանկություն էլ չունի, թերություն լինի դա այդ դաշինքի համար, թե՞ առավելություն: Քաղաքական առումով` իհարկե թերություն է, մի անձի կերպարով պայմանավորված գործընթացներից իհարկե մեծ հաշվով բացակա է քաղաքական տարրը: Բայց սա արդյունք է մեր ժամանակի` մինչեւ այժմ անձն էր որոշում ամեն բան, քաղաքական դասը անտեսված ու կցորդ էր, անձն անձով փոխարինելուց հետո միանգամից քաղաքական դաս եւ քաղաքականություն չեն առաջանա, դրա համար ժամանակ է պետք:

Ամեն ինչ իր ժամանակն ունի` երբ ամեն ինչ ասված կլինի, ու կյանքը չի փոխվի, լսելու փոխարեն`ժողովուրդն ինքը կսկսի խոսել, այ այդ ժամանակ բոլորը խնդիր կունենան, ու հատկապես` նախ այժմ խոսողները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-11-2018

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ