RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 30-11-2018



ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2018-11-29 23:19:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1568, Տպվել է` 221, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՏԱՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Շարունակելով «Ազգի» նախորդ համարում հրապարակված եւ երկրի արտաքին անվտանգության հարցերին նվիրված դիտարկումները, այսօր ընթերցողներին կուզենայի մտովի տեղափոխել անցյալ դարավերջի 90-ական թվականների սկիզբը: Խորհրդային Միությունը դեռ չէր փլուզվել, իսկ մեզանում արդեն ծայր էին առել կայսրությունից դուրս գալու եւ անկախություն հռչակելու մասին խոսակցությունները: Այն ժամանակ ամենաթունդ անկախականները Հայոց Համազգային Շարժման գաղափարախոսներն էին, որ բոլոր հարթակներից ժողովրդին հորդորում էին անկախություն հռչակելու պարագայում չվախենա՛լ թուրքական վտանգից: Որովհետեւ երբ Մոսկվան այնքան թուլանա, որ Արեւմուտքը այլեւս կարիք չունենա նրանից զգուշանալու, Թուրքիան, որպես խորհրդային սպառնալիքի դեմ պատնեշ, կկորցնի իր նշանակությունը: Հետեւաբար, մենք կարող ենք հանգիստ ապրել թուրքերի հարեւանությամբ, որովհետեւ նույն Արեւմուտքը, իբր, Անկարային կարգելի սրիկայություններ անել Հայաստանի հանդեպ:

Չեմ ուզում այստեղ անդրադառնալ նաեւ աշխարհի ու հատկապես Թուրրքիայի «քաղաքակրթվածության» մասին հեքիաթներին, բայց փաստը մնում է փաստՙ այս քարոզչությունը վճռական նշանակություն ունեցավ, որ Հայաստանի ժողովրդի գրեթե 99 տոկոսը 1991 թվ. անկախության հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց «Խորհրդային Միությունից դուրս անկախ պետություն» հռչակելու հարցադրմանը: ՀՀՇ-ի, որպես հայ իրականության մեջ առավելաբար քանդարար ուժ հանդես եկած քաղաքական ուժի մեն-միակ ծառայությունը մեր ժողովրդին, ըստ իս, անկախության այդ հանրաքվեն է եղել: Մնացած բոլոր դեպքերում նրա պրակտիկան միայն վնասե՛լ է ժողովրդին, ՀՀՇ-ի ոչ մի կանխատեսում չի՛ իրականացել:

Օրինակ, Խորհրդային Միությունը վաղուց չկա, բայց Արեւմուտքի համար Թուրքիայի նշանակությունը, որպես Մոսկվայից բխող սպառնալիքի դեմն առնելու պատնեշ, ամենեւին չի նվազել: Հակառա՛կը, վերջին շրջանում նույնիսկ ավելացել է, քանի որ անհավասարակշիռ Էրդողանը իր երկիրը տանում է դեպի Միացյալ Նահանգների ու Եվրոպական Միության դեմ առճակատումՙ բացահայտ սիրախաղ սկսելով նույն Մոսկվայի հետ: Հազիվ թե Էրդողանը վերջնականապես անցնի Մոսկվայի կողմը: Ասենքՙ դուրս գա Հյուսիսատլանտյան Դաշինքից եւ մտնի... ՀԱՊԿ-ի մեջ (դեռ հարց էՙ կընդունե՞ն): Ռուսների հետ սիրախաղ անելովՙ Էրդողանը ընդամենը իր երկրի «արժեքն» է բարձրացնում Արեւմուտքի աչքում: Ռուսներն էլ այնքան միամիտ չեն, որ այդ ճշմարտությունը չհասկանան, լիովին մոռանան վերջին 4-5 հարյուր տարիների ռուս-թուրքական հակամարտությունների արյունոտ պատմությունը: Այնպես որՙ ռուս-թուրքական ներկա մերձեցումը ժամանակավոր բան է, կանցնի՛: Իսկ ահա Հայաստանի նշանակությունը Ռուսաստանի համար, որպես մեր տարածաշրջանում իր առավել վստահելի դաշնակցի, չի՛ անցնի: Ինչ խոսք, ռուսները մեր եղբայրները չեն եւ երբեք չեն եղել: Ժողովուրդների եղբայրության քարոզը խորհրդային ժամանակներից եկող մեծագույն կեղծիք է, ինչն իրենց բացահայտ թշնամությամբ այսօր առավել ցայտունորեն հերքում են Ռուսաստանի եւ Ուկրաինայի ազգայնական շրջանակները: Բայց այն, որ Հայաստանի ու Ռուսաստանի պետական շահերը այսօր երկու պետություների քաղաքական ղեկավարներից էլ պահանջում են պահպանել, զարգացնել ու խորացնել ռազմական, տնտեսական, մշակութային եւ հազար ու մի այլ կապերըՙ տեսանելի է անզեն աչքով:

Ինձ համար միանգամայն հասկանալի՛ են Ռուսաստանից ու ռուսներից մեր որոշակի շրջանակներում առկա դժգոհությունները: Ինչպե՞ս կարելի է ներել կամ մոռանալ Լենինի, ապա եւ Ստալինի ամեն տեսակետից ամոթալի համաձայնությունները Մուստաֆա Քեմալի ու ադրբեջանցիների հետ: Բոլշեւիկյան Ռուսաստանի եւ քեմալական Թուքիայի միջեւ 1920 թվականի մարտի 16-ին Մոսկվայում, ապա եւ 1921 թվականի հոկտեմբերի 13-ին Կարսում կնքված ապօրինի պայմանագրերով Հայաստանից Թուրքիային անցան Կարսը, Արդահանը, Սուրմալուի գավառը, Ադրբեջանի խնամակալությանը հանձնվեց Նախիջեւանը, 1923-ին Ադրբեջանին միացվեց Արցախը: Իսկ ԽՍՀՄ մայրամուտին ռուսները հօգուտ Ադրբեջանի իրականցրին «Օղակ» գործողությունըՙ Արցախում հայկական բազմաթիվ բնակավայրեր գրավելով ու նվիրելով թուրք-ազերիներին:

Ռուսներն այսօ՛ր էլ ամենասերտ հարաբերություններ ունեն Անկարայի ու Բաքվի հետ, երկուսին էլ գերժամանակակից զենք են վաճառում, որն, անկասկած, հարկը պահանջածին կօգտագործվի նաեւ մե՛ր դեմ: Այդ ամենը Հայաստանում ոչ մեկին, նաեւ ի՛նձ դուր չի գալիս: Բայց ես ամենեւին տեղին չեմ համարում, երբ մեզանում հնչում են ռուսների 102-րդ ռազմաբազան Հայաստանից հանելու կոչեր, մեր անկախությունը իբրեւ թե Ռուսաստանից բխող սպառնալիքներից պաշտպանելու հորդորնե՛ր: Այդ ռազմաբազան Գյումրիում բացվել է դեռեւս Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, 1997 թվականին Մոսկվայի հետ կնքված միջպետական պայմանագրի համաձայն: Ո՞վ ասաց, թե տվյալ ռազմաբազայով, իբր, Մոսկվան սպառնո՜ւմ է մեր անկախությանը: Մոսկվայի ինչի՞ն է պետք որեւէ մեկի... հո՛ղը: Հիմա, եթե մենք նույնիսկ ազգովին խնդրենք էլ, ռուսները մեզ իրենց պետության մեջ... չե՛ն ընդունի: Իսկ ռուսական 102-րդ ռազմաբազան Գյումրուց հանելու հորդոր անողները չե՞ն մտածում, թե նրանց փոխարեն ինչո՞վ ենք ապահովելու Հայաստանի սահմանների կոնկրետ ա՛յդ հատվածի պաշտպանությունը: Երկրի անվտանգությունը պոռոտախոս հոխորտանքներով չի՛ ապահովվում: Քանի դեռ բավարար ուժ չունենքՙ պիտի համակերպվենք բացարձակ անկախության երազանքներից հրաժարվելու հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 30-11-2018

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ