RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 07-12-2018



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2018-12-07 14:53:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 3493, Տպվել է` 219, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԵՐՋԻՆ ԿՐԱԿՈՑՆԵՐԸ...

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Լիբանանյանՙ այսպես կոչված քաղաքացիական 15-ամյա պատերազմի ընթացքում լինում էին նաեւ ընդմիջումներՙ արտաքին միջամտությունների կամ, երբեմն, կռվող կողմերի միջեւ համաձայնեցված հրադադարներՙ մի քիչ շունչ քաշելու, հաջորդ «ռաունդին» ավելի լավ պատրաստվելու նպատակով: Քաղաքացիները դաժան փորձառությամբ սովորել էին, որ հրադադարի համար հայտարարված վերջին ժամը ամենավտանգավորն էր լինում. թնդանոթներն ու ականանետերը աննկարագրելի թափով էին աշխատում այդ պահերին, առանց նշանառության, «կույր» ռմբակոծություններ, որոնք շատ ավելի վտանգավոր էին անպաշտպան ազգաբնակչության համար: Քաղաքացիների բացատրությամբՙ կռվողները ծանր զենքերի մոտ կուտակված ռումբերի եւ ականների ողջ պաշարն աշխատում էին «սպառել», որպեսզի հետո ստիպված չլինեն դրանք տեղափոխել պահեստ, ավելորդ «համբալություն» անել...

Այսօր նախընտրական պատերազմի վերջին օրն է քարոզչական հրադադարից առաջ, «լռության» օրվա նախօրեին, քվեարկությունների նախընդօրին: Կռվող կողմերը դատարկելու են իրենց ողջ զինանոցըՙ փոխադարձ «բացահայտումներով», ամբաստանություններով լեցուն իրենց ռումբերն ու կեղծ եւ շինծու տեղեկություններովՙ ֆեյքերով լիքը ականները: «Կույր» ցեխարձակումներՙ որոնց թիրախը, ինչպես բոլոր պատերազմներում, քաղաքացին է, անպաշտպան ու շփոթված ազգաբնակչությունը, գոնե նրա լուռ մեծամասնությունը:

Կարծում եմ բոլոր վերլուծաբանները համաձայն կլինեն ինձ հետ, որ այս ընտրապայքարը հիմնականում ՏՏ ոլորտային էր, հատկապես ֆեյսբուքային: Այսինքնՙ թաքնված ու թաքստոցային, համարյա սնայպերական: Հիմնականումՙ քաջ ծանոթ հնի եւ գրեթե անծանոթ նորի միջեւ: Կողմերը հսկայական գումարներ են ծախսել համացանցային մասնագետների վրա, որից չեմ կարծում, որ մեր ՏՏ ոլորտը կզարգանա: Քանզի բարձր տեխնոլոգիաների (high-tech) փոխարեն կեղտոտ տեխնոլոգիաներն են (dirty technologies) ասպարեզի վրա: Ուրացումները, մեղադրանքները, մատնությունները, կեղծ կամ իրավ «բացահայտումները», այսինքնՙ ֆեյքերը, որի վտանգների մասին զգուշացրել էի դեռեւս շաբաթներ առաջ: Սակայն ամենահատկանշականը այս քարոզարշավում եղավ հայհոյաբանությունը: Նույնիսկ մեջտեղ բերվեցին վաղուցՙ սովետի ժամանակներում օգտագործվող եւ այժմ մոռացված հայհոյանքների ողջ տեսականին: Խմբագրությանս հասած տեղեկությունների համաձայն, տարբեր կողմերից վարձված «տեխնոլոգները» ստեղծել են հայհոյանքներով լիցքավորված ռոբոտներ, որոնք համացանցին են միացվում հակառակորդ պարագլուխների ելույթների ժամանակ, տարբերՙ շինծու անուններով ու հասցեներով:

Ամենահատկանշականըՙ գաղափարախոսական պայքարի լիակատար բացակայությունն էր, կենտրոնացածՙ միմյանց մեղքերը, սխալները մատնանշելու վրա: «Դուք կեղեքեցիք ժողովրդին, լափեցիք-կերաք պետությունը», որին ի պատասխանՙ «Դուք դիլետանտ եք, անկարող որեւէ օգտակար բան անելու». ընդամենը այսքանը, կամ այս շրջանակում:

Նույն գաղափարազուրկ, քվեարկողներին չկողմնորոշող պայքարը ի ցույց դրվեց նաեւ չորեքշաբթի գիշեր, հեռուստատեսային բանավեճի ընթացքում: Մեր իրականության մեջ իր նախադեպը չունեցողՙ ամբողջական մասնակցությամբ ու ձեւաչափով այդ քաղաքակիրթ նախաձեռնությունը բովանդակությամբ նույնպես մնաց վերոհիշյալ մակարդակում: Նախ համոզիչ կերպով ի ցույց դրվեց ընտրասպարեզ մտած 4-5 կազմակերպությունների ֆիգուրատիվ, շինծու լինելը: Նրանք նման էին առանց սազի մեջլիս մտած գուսանների: Երկրորդՙ երեւան հանեց առնվազն երկու կազմակերպությունների անպարկեշտությունը իրենց նախկին դաշնակցի նկատմամբ, նմանՙ «գերմանական հաշվարկով» խնջույքի այն մասնակիցների, որոնք առանց հաշվի փակմանը սպասելու լքում են սեղանը մեկի վրաՙ իբր իրենք ոչ կերել ու ոչ խմել են...

Բոլոր պարագաներում հեռուստաբանավեճը մեկ անգամ եւս հայտնի դարձրեց ակնհայտը. բուն պայքարը հին իշխանության ու նորի միջեւ է. մնացյալները «դեմոկրատական» թեթեւ երանգներ են պարզապես հաղորդում կատաղի այդ պայքարին: Հինը ձգտում է գոյատեւել իր փորձառությամբ, մինչդեռ նորն ուզում է ամեն կերպ նսեմացնել նրան, առանց ուղենշելու, թե ուր են տանում մեզ, երկիրը, պետությունը:

Այնպես որ, այսօր, ընտրաքարոզչության վերջին օրն էՙ հրադադարից առաջ: Զինանոցում դեռեւս բազմաթիվ ռումբեր կան, ականներ, որոնք պետք է արձակվեն, պետք է պայթեն, վերջին անգամ, այսօ՛ր:

Իսկապե՞ս վերջին...:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 07-12-2018

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ