RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 07-12-2018



Տեղադրվել է` 2018-12-07 14:53:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 2271, Տպվել է` 218, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉ ԿԲԵՐԻ ՄԵԶ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ը

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բոլորս դեպի Մոնղոլիա, քանի որ այս երկրի հետ այսուհետ առանց անցագրային ռեժիմի կարող ենք շփվել: Բա: Այ մարդ, ինչ խայտառակություն է էդ գաղտնալսումը, իսկի իրենց անվտանգությունը չեն կարողանում ապահովել: Դավիթ Շահնազարյանին կձերբակալե՞ն, լավ, էդ մարդն ինչ է անում ՀՀԿ ցուցակում: Մեր երկրում նախարարը կարողացել է հանք ծախե՞լ ու փողը դնել գրպա՞նը... առանց վերեւների՞, հըմ: Ռեյտինգայինով ընտրության համը դուրս է գալիս. տեղերում իրար են ուտում:

Այս եւ մի քանի այլ հարցադրումներ էին մարդկանց շուրթերին այս շաբաթ, ընդ որում` մոտակա ընտրության ֆոնին մեր հանրությունը առաջվա պես անտարբեր չէ համապետական ընտրության հանդեպ եւ բավական իրազեկված է:

Մարդկանց հետաքրքրում էր նաեւ, թե մինչեւ ուր կհասնեն իրավապահ մարմիններն հենց այս մի քանի օրը` ընտրությունների մոտիկ շրջանում նախաձեռնելով կոշտ եւ ցուցադրական գործողություններ, ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանի` պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը ներառյալ:

Իրականություն դարձավ Հանրային հեռուստատեսության սպասված բանավեճը` ընտրության մասնակից բոլոր քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարների միջեւ, որին, դատելով արձագանքներից, հանրության գերակշիռ մասը հետեւել է: Վերջապես հասանք այն օրվան, որի ավարտին փակում ենք մի ժամանակաշրջան, եւ դեկտեմբերի 9-ից հետո հայտնվում բոլորովին ուրիշ ժամանակաշրջանում: Ինչ կբերի մեզ այն, դեռ անհայտ է` անկախ խոստումնառատ եւ վերուվար քարոզարշավից:

Գաղտնալսման հրապարակման թեման թողնենք` մեկ նկատառում հայտնելով միայն: Սեպտեմբերին հրապարակված գաղտնալսման` այս օրերին հանրությանը հասանելի դարձած մյուս մասն այս թեժ պահին կրկին մեջտեղ բերողներին եւ ձայնագրության բուն հերոսներին, այսինքն` ձայնագրողին էլ, ձայնագրվողին էլ, ձայնագրությունը հրապարակողին էլ, ուզում ենք ասել` պարոնայք, պետության անվտանգության հետ մի խաղացեք, բոլո՛րդ, մի մասդ ձեր ոչ պրոֆեսիոնալիզմով, մի մասդ` անձնական անվտանգությունը վեր դասելով պետության անվտանգությունից, մի մասդ` երեւի «քյաշ» փողով: Ներկա անվտանգության մարմինները եթե պարզապես իրենց բարձրության վրա լինեին`այդպիսի գաղտնալսում հնարավոր պիտի չլիներ, իսկ բուն բովանդակությունը մնում է խոսակիցների խղճին: Ու այսպիսի գաղտնալսման առկայությունը անվտանգության կառույցների չաշխատելու, պրոֆեսիոնալիզմի պակասի ուղեգիրն է: Հոկտեմբերի 27 ունեցած երկրում` այսպիսի ոչ պրոֆեսիոնալի՞զմ, դասերը ոչինչ չե՞ն նշանակում, աշխատել չգիտեք` տեղը զիջեք աշխատել իմացողներին:

Ընտրողը կողմնորոշվե՞ց

Հեռուստատեսային մեծ բանավեճի հաջորդ առավոտյան ժամը 10-ի մոտակայքում օնլայն լրատվամիջոցները մորե մերկ վիճակում էին, քանի որ առաջին հերթին հանրությանն էին հասցրել այն տեսակետները, որոնք իրենց նախընտրած կամ հովանավոր ուժերի ներկայացուցիչներն էին հայտնել բանավեճում: Մի պահ հստակվել էր, թե որ լրատվամիջոցն ինչ կողմնորոշում ունի: Սա, կարելի է ասել, վերջն է, սա միայն առաջին հայացքից է անկարեւոր, իրականում կասկածի տակ է առնում լրատվամիջոցի` լրատվամիջոց լինելու եւ ընտրողի իրազեկման իրավունքը: Ասենք` սա այդպես է այն պահից, երբ շատ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ որպես պատգամավորության թեկնածու առաջադրվեցին այս կամ այն ցուցակով, այդպիսով անաչառության առումով գոնե կասկածի տակ դնելով իրենց ներկայացրած լրատվամիջոցը:

Բայց դառնանք բանավեճին, որի բազմաթիվ թերություններ ու անգամ բովանդակային` բուն նպատակին չծառայելու բացը չեն կարող մթագնել ուղիղ եթերում եւ միաժամանակ բանավիճելու այս դրական նախադեպը:

Իհարկե, բանավեճի ֆորմատը վատն էր, ու առնվազն մեկ վարողի ոչ համարժեքությունը ձեւաչափինՙ երեքուկես ժամ տեւող բանավեճը զրկում էր գրավչությունից, սրությունից, բայց դե տարիներ բանավեճի մշակույթ չի եղել, էդ էլ մի բան էր:

Բանավեճն, իհարկե, չարտացոլեց մարզային լարվածության, ահռելի թվով ռեյտինգային առաջադրումների առաջացրած լարվածության խնդիրը տեղերում, որն ընտրության օրն անգամ կարող է անցանկալի երեւույթների բերել, ոչ էլ մեծ օգնություն եղավ ընտրողին` կողմնորոշվելու համար, բայց շոուի մասն ապահովվեց, ինչին էլ, խոստովանենք, սպասում էր հեռուստադիտողների մեծ մասը:

Ինձ համար զարմանալի էր հետեւյալը.

ա/ Վիգեն Սարգսյանն այդպես էլ ներողություն չխնդրեց ընտրողից` նախորդ իշխանության սխալների համար, թեկուզ դրականը նշելուն զուգահեռ: Չնայած` նշեց, որ ՀՀԿ-ն պետք է ընդունի իրականությունը եւ գնա նոր քաղաքական փուլի: Մեզ մոտ իշխողները երբեք չեն ընդունում իրենց սխալները, թեեւ մի ուրիշ Սարգսյան` ավագը, ասել էր` Նիկոլը ճիշտ է, ինքը` սխալ: Վիգեն Սարգսյանն իր լեզվակռվով միգուցե վատ չէր դիրքավորվել, սակայն դա ավելի բացասական տպավորություն թողեց, դատելով համացանցի վերաբերմունքից, քան եթե, այնուամենայնիվ, ընդուներ ու նշեր մի շարք բացահայտ սխալներ:

բ/ Հեռուստատեսային բանավեճը (եւ մի շարք այլ բանավեճեր) վեր հանեց իրական ընդդիմախոսի` Փաշինյանի նախկին համախոհ եւ ապրիլյան իրադարձությունների ակտիվիստ, «Քաղաքացու որոշում» կուսակցության առաջին համար Սուրեն Սահակյանին, որը ոչ մի հին քաղաքական ուժի չի ուզում թողնել խորհրդարան:

բ/ Նիկոլ Փաշինյանն ակամա խոստովանեց այն, ինչ թաքցվում էր նախընտրական կարգախոսների խորը տողատակերում. դիմելով Վիգեն Սարգսյանին եւ ՀՀԿ-ին, նա նկատեց, թե`« մեզ համար ամենահարմար ընդդիմությունը հենց դուք եք, դուք որ մեր ընդդիմությունը լինեք խորհրդարանում, մենք հարյուր տարի իշխանություն կլինենք, այնքան որ դուք անվանարկված եք»: Այսինքն` եթե Սասնա ծռերը, ՀՅԴ-ն, Լուսավորը, Մենքը կամ մի այլ ուժ լինի խորհրդարանում ընդդիմությունը, սա պիտի որ ձեռք չտա «Իմ քայլին»: Նկատեցի՞ք նմանություն անցյալ իշխանության գործելակերպին:

գ/«Սասնա ծռերը» փորձում են արմատական դիրքերից հանդես գալ, բայց երեբեմն մատնում են իրենց իսկ չկողմնորոշվածությունը այս կամ այն հարցում, համենայնդեպս` նրանց խուլ պայքարը «Լուսավոր Հայաստանի» դեմ էր, վերջինիս էր թողնված անցումային արդարադատության թեման «Սասնա ծռերի» հետ շուռումուռ տալու առաքելությունը, որի մասին պատկերացումները մշուշոտ են:

դ/ Որքան էլ տարօրինակ, ու անգամ իր համար էլ անսպասելի, կարելի է ասել` ակամա, «գործարարն անելիք չունի խորհրդարանում» թեման շոշափած ու «Ես կլասիկ քաղաքական գործիչ եմ» ասած Էդմոն Մարուքյանին փորձեց «ֆորմատի բերել» Գագիկ Ծառուկյանը, թե`քեզ էլ գիտենք, հովանավորիդ էլ, կլասիկ ցավդ տանեմ: Պատկերացրեք` աշխատեց, բնավեճից հետո համացանցը դժժում էր Ծառուկյան-Մարուքյան երկխոսության համով կտորները շուռումուռ տալուց, ու կարծես հանրային կարծիքը Ծառուկյանի կողմն էր, որքան էլ տարօրինակ:

ե/ Խոսքի մակարդակում ընկալելի էին նաեւ նորաստեղծ ուժերից` Լեւոն Շիրինյանի, Լուսինե Հարոյանի մոտեցումները, բայց դրանցով հազիվ թե քվեի հարց լուծվի: Արամ Սարգսյանի հակիրճ խոսքով եւ դրական լույսով պահվածքը նույնպես բավական չէ` որպեսզի «Մենք» դաշինքին անհրաժեշտ 7 տոկոսանոց պատնեշը հաղթահարի:

Մի խոսքով, բանավեճն, այնուամենայնիվ, որոշ միֆեր ցրեց: Հատկապես երկրորդ տեղի հավակնորդների առումով: Հասկանալի է, որ ոչ մեկն այդ ուժերից չի կարող պարտադրել ընտրողին, որ նա ողջամիտ գտնվի ու «Իմ քայլին» անհրաժեշտ տոկոսից ավելի քվե չտա, այլ իրենց խորհրդարան տանի: Այդ իմաստով «Իմ քայլը» կտանի շատերի քվեներն այն դեպքում, երբ դա իրեն պետք չէ: Բանավեճի արդյունքում անգամ հնարավոր չէր կիսաբերան ասել, թե ով կհայտնվի ընդդիմադիր 30 տոկոսի հովանու ներքո: Ի վերջո` պետք չէ մոռանալ, որ կա «չքայլած» ու համարյա բոլոր ուժերի կողմից անտեսված մտավորականություն, որի մի մասին կարող է իր հետեւից տանել Արցախի հարցում ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի պերճախոսությունը, կամ արարչագործական Հայաստանի մասին Շիրինյանի բարդախոսությունը, կամ անգամ Փաշինյանի նախկին գործընկեր Սուրեն Սահակյանի դանդաղաշարժ, բայց խորքային տրամաբանությունը, որով նա քաղաքական դիակներին վերակենդանացնելու պատասխաատվությունը դնում էր Նիկոլ Փաշինյանի վրա: Իսկ փողոց դուրս եկած բոլոր տեսակի արմատական-ազգայնականները կարող են թեքվել դեպի «Սասնա ծռերը»:

Մի խոսքով` խորհրդարանի 30 տոկոսանոց պարտերի համար լիարժեք անորոշությունՙ անգամ քարոզարշավի վերջին օրը, ու անգամ Արցախի հարցի սաստիկ շահարկումը բանավեճում եւ մյուս հարթակներում չի պարզում իրավիճակը:

Իսկ GALUP international association-ի նոր հարցումներն առ ոչինչ են, քանի որ Հայաստանում որեւէ սոցիոլոգիական հարցում վաղուց վստահություն չի վայելում: Այնուամենայնիվ` փոխանցենք այդ պատկերըՙ հետո ստուգելու համար.« Իմ քայլը» ըստ այդ հարցումների կստանա 69,4 տոկոս, ԲՀԿ-նՙ 5,7 տոկոս, «Լուսավոր Հայաստանը»` 3,8 տոկոս, «Սասնա ծռերը»` 1,4 տոկոս, ՀՀԿ-նՙ1,3 տոկոս, ՀՅԴ-ն`1,2 տոկոս, մնացյալըՙ 1 տոկոսի չեն ձգում:

Իհարկե, անկանկալները չեն բացառվում, հատկապեսՙ ՀՀԿ -ի առումով:

Նկար 1. 3,5 ժամյա բանավեճ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 07-12-2018

AZG Daily #47, 14-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ