RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 07-12-2018



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2018-12-07 14:53:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 3343, Տպվել է` 211, Ուղարկվել է էլ.փոստով` 0

451 ԱՍՏԻՃԱՆ ՋԵՌՈՒՑՈՒՄՙ ԸՍՏ ՓԱՇԵՆՀԱՅԹԻ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Նոյեմբեր-դեկտեմբերի սահմանագլխին, ընտրական քարոզարշավի շրջանակներում, Ն. Փաշինյանը Վարդենիսի շրջան էլ գնաց: Գնացՙ Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի քանդուքարափ հատվածների ողջ դառնությունները ճաշակելով: Վստահ եմՙ եթե ուղիղ եթերում լիներ, ի լուր համայն հպարտ հայության կհայտարարեր, որ պատասխանատուներն անպայման ասֆալտին են փռվելու. պարզապես ասֆալտի բացակայության պայմաններում երեւի իրատեսական մարդու հարիր չէր լինի նման հայտարարություն անել: Ինչեւէ, ժամացույցի շղթան սլաքներից ավելի կարեւոր չէ: Այս դեպքում, տեղի բնակիչների համար շղթան ճանապարհն է, իսկ սլաքները... ջեռուցումը:

Երեւի մեր թավշյա հանրապետության բոլոր քաղաքացիները լավ են հիշում, որ մայիսի 8-ից հետո, արգո վարչապետի «հանրակենսունակ» քայլերից մեկը եղավ բնության պահպանությունը. լավ է ասված: Ցավոք սրտի, այդ պահպանության շրջանակներում, այսօր, ՀՀ մի շարք սպիտակ քաղաքացիներ հայտնվել են մի վիճակում, որ, կարելի է ասել, պահպանության կարիք ունեն: Խնդիրն այն է, որ մի շարք գյուղեր, որոնց մոտով Փաշինյանն անցավ, բայց նույնիսկ հարկ չհամարեց կանգ առնել, արդեն երեսուն տարի ձմռան ցրտի ահեղ հարձակումներին դիմադրում են Տավուշի անտառներից գնած փայտով, քանի որ տարածքը գազաֆիկացված չէ, ինչպես գրել էի «հեղափոխությունից» դեռ շատ առաջ, էլեկտրաէներգիան էլ, գաղտնիք չէ, թանկ ու անարդյունավետ է: Ի դեպ, Տավուշը տիեզերական այն համակարգն է, որի «Իջեւան» անվամբ մոլորակից, ըստ Լյուբիկ Չիբուխչյանիՙ իջել է անտառների փրկիչը: Բայց, բոլոր դեպքերում, հիմա ձմեռ է, մարդիկ ջեռուցման պահանջ են զգում, փայտ չկա, երեխաները մրսում են, կհիվանդանան: Տավշո անտառներից այլեւս փայտ գնելն անհնար է, ի՞նչ անել, ո՞ւր գնալ, ո՞ր ճանապարհով: Այդ հարց-պահանջը փաշինյանական հիշյալ այցի ժամանակ տեղացիները դրեցին նրա առաջ: Բայց ո՛չ ավել, ո՛չ պակաս, ստացվեց հնարամիտ պատասխան, ըստ որիՙ մարդիկ կարող են անարգել, լսու՞մ եք, անարգել հատել լճին շատ մոտ, այսինքն ջրի մեջ հայտնված ծառաթփերը, ասենքՙ չիչխանի ու փշատի (եղեւնի արդեն չկա, քանի որ դեռ նախորդ իշխանությունների օրոք «Սեւան» ազգային պարկն արդեն «մրսում» էր, եւ «ստիպված» բոլորը հատել է):

Ճիշտն ասած, ես չէի զարմանա, եթե նման պատասխան ստանայի, ասենք, Գալուստ Սահակյանից ու նրա ուսմունքի հետեւորդներից (ասենքՙ «կարելի է տաքանալ, բայց լճում մրսելուց հետո»), բայց այդ պատասխանը լսել մասնագիտությամբ լրագրող, օտար լեզու իմացող, գրող-հրապարակախոս, վերջին հաշվովՙ վարչապետ, այն էլ սիրված վարչապետ մարդուցՙ տհաճ անակնկալ էր: Փաշինյանին չճանաչողները կարող են մտածել, թե նա քաղաքում ծնված-մեծացած մարդ է եւ չի պատկերացնում գյուղի ձմեռը: Բայց չէ՞ որ իր հարազատ Իջեւան մոլորակում էլ ձմեռներ են լինում, չէ՞ որ իրենք էլ փայտ են վառումՙ ավանդական «ծիպուըլ» պատրաստելու եւ խոզի կաշին տաքացնելու համար:

Կամ, այդ ինչպե՞ս է մեր վարչապետը պատկերացնում իր մատնանշած գործընթացը: Լավ, ձեւակերպեմ հարցս. որտե՞ղ է ներկա վարչապետի նախկին դատողությունը: Նա իրո՞ք մտածում է, որ, ասենք, 80-ամյա ծերունին ընդունակ է մտնել ջրի մեջ, կտրել ու տուն հասցնել փայտը, կամ իր 40 հազար դրամով կարո՞ղ է այդ ամենը հանձնարարել ուրիշինՙ դրամական փոխհատուցմամբ:

Բացի այդ, որպես «քոլեցի», Փաշինյանը պետք է իմանար, որ հիշյալ ծառատեսակներով անհնար է տուն ջեռուցել, քանի որ դրանք արագ վառվող-հանգող եւ շեղջ չպահող փայտատեսակներ են. դրա մասին աշխարհը գիտի: Հոսանքով էլ, վերը նշեցի, հնարավոր չէ ջեռուցել բնակարանները, գերծախս է առաջանում, որը մեծամասամբ հնարավոր չէ փակել: Հարց է առաջանում, այսինքն առաջացել էր, որի պատասխանը խնամքով շրջանցեց Փաշինյանը: Բայց որքան էլ շրջանցիՙ միեւնույն է, մեկ է, այս հարցն անպայման դրվելու է, անպայմա՛ն, արդենՙ հարցերի տեսքովՙ ի՞նչ անել, ինչպե՞ս անել: Այս հարցերը լուրջ, շոշափելի կռվան ունեցող պատասխաններ են պահանջում, այլապես... իր եւ մեր բոլորի սիրելի ժողովուրդը մրսելու է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 07-12-2018

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ