RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 07-12-2018



Տեղադրվել է` 2018-12-07 14:53:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 3353, Տպվել է` 212, Ուղարկվել է էլ.փոստով` 0

EXXON MOBIL-Ը ԵՎ CHEVRON-Ը ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ

Պ.Ք.

Ռուսաստանը ստանում է նոր հնարավորություններ

Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, ամերիկյան Exxon Mobil եւ Chevron ընկերությունները պատրաստվում են վաճառել իրենց բաժնեմասերը միջազգային կոնսորցիումում, որը նավթի հանքավայրեր է շահագործում ադրբեջանական Ազերի - Չրագ - Գյունելի (ԱՉԳ) բլոկում: Նշվում է, որ Exxon Mobil-ը ակնկալում է մոտ երկու մլրդ դոլար ստանալ բլոկում իրենց 6,8% բաժնեմասի վաճառքից, իսկ Chevron-ը ոչ միայն հրաժարվում է տվյալ նախագծում 9,6% իր բաժնեմասից, այլեւ Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղում իր 8,9%-ից: Ինչպես հավաստում է Բաքվի Haqqin.az հարթակը, «Քսանհինգ տարի անց ամերիկյան նավթային ու գազային ընկերությունները լքում են Ադրբեջանը»: Եվ մանրամասնում է. «1994 թվականին կնքված «դարի պայմանագրին» մասակցում էր ամերիկյան հինգ ընկերություն, որոնցից երեքն առ այսօր վաճառել են իրենց բաժնեմասերը եւ հեռացել Ադրբեջանից»:

Նախկինում Բաքվի նախագծերը արժանանում էին ԱՄՆ-ի եւ արեւմտյան մյուս երկրների աջակցությանը, քանի որ ենթադրվում էր, որ դրանով կնվազի Եվրոպայի կախվածությունը ռուսական հումքից: Հիշեցնենք Միջազգային հարաբերությունների ամերիկյան խորհրդի «XXI դարի էներգետիկ քաղաքականության մարտահրավերները» հետազոտությունը: Այնտեղ ենթադրվում էր, որ Վաշինգտոնը OPEC-ից իր կախվածությունից կձերբազատվի Կասպիական տարածաշրջանում, եւ, մասնավորապես, Ադրբեջանում իր ազդեցության ուժեղացման շնորհիվ: Այժմ ուժի մեջ է մտնում օբյեկտիվ գործոնը. երկրաբանական պատճառներով հիշյալ բլոկում նվազում է նավթի արդյունահանումը, իսկ այն փոխհատուցող ուրիշ նախագծեր գոյություն չունեն: Նման պայմաններում շուտով կսկսեն դատարկվել Ադրբեջանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Բաքու - Թբիլիսի - Ջեյհան եւ Բաքու - Սուփսա նավթամուղները, նշում է «Ռեգնում» գործակալությունը: Այս կապակցությամբ բաքվեցի որոշ փորձագետներ ընդգծում են, որ բլոկի էներգետիկ պաշարներն Ադրբեջանում պետական գաղտնիք են: Բայց նրանց արտասահմանցի գործընկերները գտնում են, որ բլոկում արդյունահանման ընթացիկ մակարդակը ի չիք կդառնա 2019 թվականին:

Այսինքն տեղի է ունենում այն, ինչ կանխատեսել էին արեւմուտքցի շատ փորձագետներՙ պնդելով, որ 2013-ից մինչեւ 2018-2020 թթ. ընդգրկող ժամանակահատվածում հարկ կլինի կրճատել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի տարածաշրջանային ամենակարեւոր աշխարհաքաղաքական ու ռազմավարական նախագծերը Ադրբեջանում: Եվ գործերն ինչպե՞ս կընթանան ապագայում: Ադրբեջանում նավթի ու խտանյութի արդյունահանման կրճատումը, ապրանքային գազի ծավալների նվազումը երկիրը դարձրել են երկնագույն վառելիք ներմուծող: Ընդամենը երեք տարումՙ 2015-2017 թթ., գազի ներմուծումն ավելացել է 16 անգամՙ 107 մլն խորանարդ մետրից հասնելով ավելի քան 1,7 մլրդ խմ-ի: 2019 թվականին գազի ներմուծումը, ամենայն հավանականությամբ, է՛լ ավելի շատ կլինի: Բայց ընդհանուր առմամբ Կասպիական տարածաշրջանը, որը իրավիճակային հայտնի պատճառներով պահպանում էր նավթի ու գազի արդյունահանման միջազգային կարեւոր կենտրոնի կարգավիճակը եւ ներկայանում որպես Պարսից ծոցի գրեթե այլընտրանք, այժմ կորցնում է այդ կարգավիճակը:

Թեեւ էներգառեսուրսների պաշարների գծով առաջատարներ են մնում Մոսկվան եւ Թեհրանը, նրանց հիմնական պաշարները դուրս են այս տարածաշրջանից: Իրանի պաշարները Պարսից ծոցի գոտում են, Ռուսաստանինըՙ Արեւելյան եւ Արեւմտյան Սիբիրում, Հեռավոր Արեւելքում, Արկտիկայում: Նշենք նաեւ հետեւյալ կարեւոր հանգամանքը: Բանն այն է, որ գիտակ-նավթագործները Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղը սկզզբնապես անվանում էին քաղաքական նախագիծ, որի իրականացումը ԱՄՆ-ի եւ արեւմտյան այլ երկրների կողմից չէր շաղկապվում բլոկում նավթի ու գազի իրական պաշարների եւ շուկայի իրավիճակի հետ: Գլխավոր գործոնը համարվում էր նպատակահարմարությունը: Այդ պատճառով նախագծից Chevron ընկերության դուրս գալը ստանում է քաղաքական նշանակություն: Ներքին քաղաքականության հեռանկարների առումով Բաքուն վաղ թե ուշ ստիպված կլինի վճռական ջանքեր գործադրել, եւ արդեն իսկ սկսել է գործադրել, կենսական սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար, օգտագործելքվ ուրիշ աղբյուրներ, ինչը տրամաբանորեն պետք է հանգեցնի որոշակի ներքաղաքական վերափոխումների:

Աշխարհաքաղաքականության տեսակետից Բաքուն ստիպված կլինի վերանայել իր արտաքին քաղաքականության ուղղվածությունըՙ ավելի մեծ ուշադրություն դարձնելով Մոսկվային, այլ ոչ թե ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ խաղարկելով «ռուսական խաղաքարտը»: Քանզի չգործեց Ադրբեջանի ղեկավարների այն ակնկալիքը, թե Արեւմուտքում իրենց էներգետիկ գործընկերները Արցախի հարցում հանդես կգան Բաքվի կողմում: Այժմ հարցն այսպես է դրված. Մոսկվան պատրա՞ստ է արդյոք սեփական շահերին ծառայեցնել Անդրկովկասում ի հայտ եկած նոր օպերատիվ հնարավորությունները, որոնք կապված են տարածաշրջանի նկատմամբ Արեւմուտքի հետաքրքրության նվազման հետ: Ինչպես արձանագրում է «Ռեգնում» գործակալությունը, առայժմ տեղի է ունենում գնահատականների որոշակի ճշգրտում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 07-12-2018

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ