RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 07-12-2018



Տեղադրվել է` 2018-12-07 14:53:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 3329, Տպվել է` 210, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔԱՐՈԶԱՐՇԱՎՆ ԱՎԱՐՏՎԵՑ...

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավն այսօր կեսգիշերին ավարտվում է: Եվՙ փա՛ռք Աստծո: Որովհետեւ անցած շաբաթները դասական առումով քարոզարշավ չէինՙ ամեն մեկը ոչ թե սեփական գաղափարախոսությունն ու ծրագրերն էր ներկայացնում հանրությանը, այլՙ քար էր նետում մյուսների բոստանը: Ասես մեկը մյուսին վարկաբեկելու, վիրավորելու, հրապարակավ իրենց անցանկալի մրցակիցների հասցեին թույն ու մաղձ թափելու մրցակցություն էր: Այդ գայթակղությունից ոչ ոք, նույնիսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զերծ չմնացՙ հրապարակային հայտարարություններում դարձյալ իջնելով մինչեւ սրան-նրան ասֆալտին փռելու սպառնալիքների մակարդակը: Վարչապետը պիտի կարողանա՛ր ինքն իրեն ավելի լավ տիրապետել, չէ՞ որ նա հիմա երեկվա ընդդիմադիր գործիչը չէ՛, համահայկակա՛ն դեմք է, բոլորիս, ե՛ւ իրեն սիրողների, ե՛ւ չսիրողների ղեկավարը: Մինչդեռ առանձին դեպքերում նրա որոշ խոսքեր կարող էին ընկալվել որպես ուղղակի քաղաքական ուղղորդում:

Օրինակ, քարոզարշավի հենց առաջին օրը վարչապետը հրապարակեց թվեր, թե իրենք, ըստ սոցիոլոգիական հարցման տվյալների, կարող են հավակնել 67 տոկոս ձայների: Ո՛ւմ շուրթերին ասեսՙ այսպիսի թիվ հրապարակելը կարելի էր ընդունելի համարել, իսկ ահա վարչապետի շուրթերինՙ ո՛չ: Որովհետեւ երկրի 1-ին դեմքի կողմից այդպիսի բան ասելը ակամա կարող էր ընկալվել որպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովին իջեցված բացահայտ պատվեր, որ իրենց ձայները այդքա՛ն ցույց տան: Չգիտեմ, թե ընտրություններից հետո ԿԸՀ-ն կառավարող կուսակցության օգտին տված ձայների ի՛նչ թիվ կհրապարակի, սակայն անձամբ իմ հոգում միշտ կմնա մի մութ կասկած, որ ներկա ընտրությունները նո՛ւյնպես չի կարելի բացարձակ ազնիվ, մաքուր եւ անխարդախ համարել: Առաջին հերթինՙ հենց անմաքուր ու անհավասար քարոզարշավի պատճառով *):

Աններելի էր հատկապես ՀՀԿ-ի եւ նրա գործիչների շուրջ ստեղծված անհանդուրժողականության, եթե չասեմՙ բացահայտ թշնամանքի մթնոլորտը: Անկախ նախկին կառավարող կուսակցության ու նրա գործիչների նկատմամբ յուրաքանչյուրիս մասնավոր վերաբերմունքից, չէր կարելի չնկատել, որ այնպես էին բոլորը հարձակվել ՀՀԿ-ի վրա, կարծես հայ ժողովուրդը նրանցից ավելի մեծ թշնամի... երբեւէ չէ՛ր ունեցել: Սոսկալի էր, երբ այդ չակերտյալ հարձակմանը ակտիվերեն մասնակցում էին նաեւ այնպիսիները, ովքեր Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին առավոտից երեկո խնկարկում էին ՀՀՇ-ական իշխանություններին... Իբրեւ թե պաշտպանելով ներկա կառավարողներին, այդպիսիները ասում էին, թե հո չէ՞ր կարող նոր իշխանությունը... 20 տարվա ծուռն ու թերին կես տարում շտկել: Սրա ենթատեքստը ոչ այնքան նոր իշխանություններին սատարելն էր, որքանՙ ՀՀՇ-ական կառավարման դժոխային տարիները լռելյայն շրջանցելը:

ՀՀԿ-ից ապաշխարանք կամ քավարանով անցնել պահանջողները ինչո՞ւ նույնը չէին պահանջում... ՀՀՇ-ից: Չէ՞որ մեր նոր պետականության հիմքերը ծուռ դրվեցին հենց ամենասկզբի այն համընդհանուր ալան-թալանի ժամանակներից: Հին թալանը մոռանալովՙ միայն նոր թալանի մասին խոսելը ծագումնաբանականորեն արդար չէ՛: Կամՙ վկայում է այն մասին, որ նոր հեղափոխականները մի կու՜շտ խմել են ՀՀՇ-ական ակունքներից եւ չեն ուզում իրենց խմած ջրին... քա՛ր գցել:

Ելնելով ղեկավար մարմիններում իմ նախկին աշխատանքի շուրջ 15-ամյա, ինչպես նաեւ դրան հաջորդած քաղաքական լրագրության ե՛ւս մոտ 40-ամյա փորձառությունից, կուզենայի մի քանի բարեկամական խորհուրդ տալ վարչապետի՛ն էլ, կառավարությա՛նն էլ: Հարգելինե՛րս, զգուշացե՛ք ձեր նախորդների սխալները կրկնելուց, վախեցեք ոչ թե ձեր փորձի պակասից (ինչն անցողի՛կ է), այլՙ ավելորդ ինքնավստահությունից, ինքներդ ձեզ Աստծո ընտրյալները համարելու մոլորությունից: Մի՛ աստվածացրեք ոչ մեկին, ձեր մտքերը մի՛ վերագրեք ժողովրդին: Միշտ հիշեք, որ ժողովուրդները նո՛ւյնպես սխալվում են, ինչպես սխալվեց գերմանական ժողովուրդըՙ 1933-ին միանգամայն ժողովրդավարական ընտրություններով իշխանության բերելով Ադոլֆ Հիտլերի նացիստական կուսակցությունը: Այնպես ապրեք ձեր կյանքի յուրաքանչյուր նոր օրը, որ հետագայում ժողովուրդը չասի, թե ձեզ ընտրելովՙ ինքը կրկի՛ն սխալվեց: Իսկ երբ վաղ թե ուշ անխուսափելիորեն վրա հասնի պետական առանձնասենյակներից հեռանալու պահըՙ կարողանաք այդ առանձնասենյակները թողնել... մաքո՛ւր խղճով, արժանապատվորեն:

*) Ի դեպ, այդ թիվը, քարոզարշավի նախորդ օրերին առաջինը հրապարակել է Gallup-ըՙ ըստ իր անցկացրած հարցախույզի արդյունքների: Ծ.Խ.:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 07-12-2018

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ