RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 07-12-2018



ՏԱՌԱՊԱՆՔԻ ՈՒՂԻՆԵՐՈՎ

Տեղադրվել է` 2018-12-07 14:53:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 3435, Տպվել է` 209, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊՈՂՈՍ ՊՈՂՈՍՅԱՆ. «ԵՍ ԿՊԱՏՄԵՄ ԻՄ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՑԱԾՍ ԳԱՂԹԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԱՍԻՆ»

Շատերին է զարմացրել հայտնի բարերար, ճանաչված շինարար-կառուցապատող, հաջողակ գործարար Հրաչյա Պողոսյանի «թուլությունը» խաչքար-հուշարձաններ կանգնեցնելու Հայաստանի, Ռուսաստանի ու եվրոպական մի շարք քաղաքներում, նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի, 2-րդ համաշխարհային պատերազմի հերոսների հիշատակին:

Այդ «թուլության» բացատրությունը հստակ է դառնում, երբ կարդում ենք այս եւ կողքի սյունակներում տպագրվողՙ նրա պապիՙ Պողոս Պողոսյանի հակիրճ ինքնակենսագրությունը: Ցեղասպանություն, բռնագաղթ, տառապալից անցում դեպի Արեւելյան Հայաստանՙ Վաղարշապատ, Աշտարակ, Բյուրական եւ վերջապես Ագարակ գյուղՙ այդ ամբողջ ընթացքը լեցուն է մահերով, հարազատների, այդ թվումՙ երեխաների ու թոռների կորստով, ընդհատված կյանքի դեպքերով: Ու հիմա նրա թոռըՙ Հրաչյա Պողոսյանը, խաչքար- հուշարձաններ է կառուցում, փաստորեն, նաեւ իր գերդաստանի բոլոր հանգուցյալների համար, ինչպես ամերիկահայ բանաստեղծըՙ Լեւոն Զավեն Սյուրմելյանը իբրեւ խաչ ծառ էր տնկում իր մեռելների համար...

Բայց խաչքարը միայն մահվան կոթող չէ, այլեւՙ վերապրելու, վերընձյուղվելու խորհրդանիշ: Եվ անշուշտ այդ գիտակցությամբ է Հրաչյա Պողոսյանը կանգնեցրել երկու տասնյակից ավել խաչքարերը, ինչպես նաեւ եկեղեցիներն ու մատուռները տարբեր բնակավայրերում, եւ առաջին հերթին իր հայրենի Ագարակ գյուղում: Այդ պատգամը փաստորեն նա ստացել է իր Պողոս պապից, որի ինքնակենսագրության մեջ որքան շատ են մահերը, այդքան եւ ավելիՙ ամուսնությունների թիվը, երեխաներ աշխարհ բերելու, կյանքը շարունակելու անվհատ ձգտումը: Երեխաներՙ որոնք, իրենց հերթին, չարքաշ աշխատանքով ու կամքով այժմ վերընձյուղվել եւ կազմել են Պողոսյան մեծ գերդաստանը:

Կարդացեք այս ինքնակենսագրությունը, որը արտատպում ենք Արման սարկավագ Ահարոնյանի կազմած «Ագարակ» գրքից: Այն մեր ժողովրդի մանրակերտ կենսագրությունն է նաեւ կենսասիրության վկայություններից մեկը:

«Ազգ»


Ես ծնվել եմ Արեւմտյան Հայաստանի Բիթլիսի շրջանի Կարկառի Որիզ գյուղում: Մեր գյուղի միջով երկու գետ էր հոսում. մեկի անունն էր Ախորիչ, մյուսինը չեմ հիշում: Գետերը գյուղի երկու կողմերով էին հոսում եւ ոռոգում էին դաշտերն ու այգիները: Գյուղն ուներ աղբյուրներ: Գյուղում աճում էին ամեն տեսակի պտուղներ, բացի խաղողից:

Ես ծնվել եմ 1898 թվականին

Ունեի հայր, մայր, երկու քույր: Հորս անունը Սարգիս էր, մորսՙ Ոսկի, քույրերինսՙ Ռեհան եւ Ջամապեկ: Մենք կովեր, եզներ, ոչխարներ ունեինք, շատ լավ էինք ապրում մինչեւ 1911 թվականը:

Մեր գյուղում դպրոց բացվեց, սովորեցինք մինչեւ 1913-1914 թվականները: Գերմանացիները կռիվ հայտարարեցին ռուսի դեմ: Օսմանցին միացավ գերմանացիներին, եւ կռիվը սկսվեց 1915 թ. փետրվարի 15-ին:

Բիթլիսից մի հրամանատար ասաց.

- Ես պիտի գնամ Կարկառ. կա՛մ տղամարդկանց կոտորեմ, կա՛մ պիտի դարձնեմ մոխիր:

Հիսուն նենգ թալանչիներ եկան Եղեգիս, կանչեցին մեր գյուղի ռեսին, թե մարդ տուր մեզ, որ հաց, ջուր, տեղաշոր բերեն ու թոնիր վառեն մեզ համար, ռեսն էլ ճարահատյալ կատարեց նրա հրամանը:

Առավոտյան նա հայտարարեց, թե տասը գյուղերից հավաքեք 16 տարեկանից մինչեւ 60 տարեկան մարդկանց եւ բերեք ինձ մոտ, կամ էլ թող գան հանձնվեն: Արդեն պարզ էր ամենքիս, թե ինչու էր այդպես ասում այդ նենգ հրամանատարը, որպեսզի տաներ ժողովրդին ու ճանապարհին կոտորեր: Հայերն էլ ժողով արեցին, որ գյուղ գնան ու սպանեն այդ հրամանատարին: Մի երկու գյուղ գնացին, որ գան ու սպանեն այդ հրամանատարին, բայց այդ հրամանատարն իմացավ հայերի մտադրությունը, առավ իր հետ այդ 15 մարդուն, կապեցին նրանց ու տարան մի քրդի գյուղ եւ ստիպողաբար կռվեցրին հայերին հայերի դեմ, իսկ օրվա վերջում էլ սպանեցին նրանց: Վեց օր հայերը կռվեցին, սակայն չկարողացան դիմադրություն ցույց տալ ու սկսեցին այդ երկու գյուղերից նահանջել: Տասը գյուղերից եկան հավաքվեցին մեր գյուղՙ Որիզ եւ պատրաստվում էին դիմադրություն ցույց տալ թուրք ասկյարին:

Մեզանից վերեւ գտնվում էր Վանի շրջանը: Հայերը որոշեցին նորից կռվել: Միրան Զաթոյանը մեր ռես Խաչոյին ասաց.

- Մենք, որ կռվենք, ի՞նչ կարող ես անելՙ մեզ պահելու համար:

Խաչոն էլ ասաց.

- Եթե ջաղացը պաշտպանեք չորս ամիս, ես մսով եւ հացով կարող եմ պահել ձեզ:

Առավոտյան Գալուստն իր հետ վերցրեց քսան հոգի ու գնաց իրենց գյուղ: Մինչեւ Գալուստի հասնելը թուրքերը գյուղը պաշարել էին, ու այնտեղ էլ սպանվեց մեր հարազատ Գալուստը:

Հայերի վիճակը գնալով ծանրանում էր, եւ ժողովուրդը նահանջեց ու բարձրացավ սարերը, ես էլ առա մեր ոչխարները ու ժողովրդի հետ գնալով հասանք Խրտտից (Խրորտ) գյուղը:

Այդ գյուղում երեք հորաքույր ունեի: Մեր ոչխարները պահեցին, մինչեւ գարունը բացվեց: Ես մեր ոչխարներին էի պահում:

Շատախի հայերն ու թուրքերը կռվում էին Վան քաղաքում: Մի օր Վան քաղաքի թուրք փաշան կանչեց հայերի մեծերինՙ Արամին, Վռամյանին, Իշխանին ու ասաց.

- Մենք երկու հարյուր տարվա հարեւաններ ենք: Շատախի հայերը եւ թուրքերը կռվում են իրար հետ: Մի մարդ մեզնից, մեկ մարդ ձեզանից տվեք, գնան կռիվը դադարեցնեն:

Իշխանն ու Վռամյանը գնացին այդ թուրքերի հետ, սակայն էլ երբեք հետ չեկան:

Իշխանին տարան, ճանապարհին սպանեցին, Վռամյանին տարան գցեցին ծովը, երբ Արամն իմացավ, չհանձնվեց:

Այդ ժամանակ արդեն իսկ հասկացանք հայերով, որ թուրքի հետ երբեք բարեկամ կամ էլ դարավոր հարեւան լինել չենք կարող, անխնա կոտորում էին մեզՙ հայերիս, թե՛ ծեր, թե՛ մանուկ, թե՛ ջահել հարս, թե՛ երիտասարդ տղամարդ, թե՛ մտավորական, թե՛ ռամիկ, թե արհեստավոր եւ թե բանվոր:

Ինչպես միշտ ես մեր ոչխարն էի պահում:

Առավոտյան մայրս ինձ ասաց. «Բալա՛ ջան, արի քո գլուխ համբուրեմ, կարող է էլ քեզի չտեսնամ» : Նա լալով համբուրեց գլուխս, եւ ոչխարին քշեցի դեպի մեր գյուղի դիմացի լեռները: Ժամը 12-ի կողմերն էր, հոտին առա բերեցի գյուղի վերեւըՙ ջրելու, եւ ոչխարները նստեցին, ես էլ այդ ամբողջ ճանապարհին մտածում էի մորս մասին, անընդհատ մորս ասած բառերն էին գլխումս պտտվում: Եվ աչքերս քնով ծանրացածՙ պառկեցի ոչխարներիս արանքներում եւ քնեցի: Մեկ էլ, վույ-վույ, ինձ խփեցին, թռա կանգնեցի մի մեծ քարի վրա ու տեսա, որ թուրքի խուժանը գաղտագողի մոտենում է մեր գյուղին: Ես բարձրաձայն գոռացիՙ խրորտնեցի՜ք, փախեք, խրորտնեցի՜ք, փախեք, եւ կարծեք թե ձայնս այնքան հզորացած էր, որ իմ ձայնից ամբողջ գյուղը ելավ ոտքի, ու սկսեցին ամեն մեկն իր երեխուն գրկել, ամեն մեկն իր հարազատին գտնել ու գյուղից դուրս գալ: Մինչ ժողովրդի ելնելը մի տեր հայր ասաց Ավոյին. «Մի տես ի՜նչ մարդիկ են գալիս գյուղ»: Ավոն իմ հորաքրոջ տղան էր: Ես ձայն տվեցի Ավոյին ու ասիՙ չիջնե՜ս, քեզ կսպանեն: Թուրքերը լսեցին ձայնս ու դեպի իմ կողմը մի քանի հատ կրակեցին: Ժողովուրդը թաքուն փախավ գյուղից: Հենց այդ ժամանակ էլ մայրս սպանվեց: Բավական շատ էին թուրքերը:

Ես փախա սարերով, ղարիբ սարեր էին, հիմա ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ, արդեն մութն ընկնում էր, տեսա մի մարդ դեպի ինձ է գալիս. նրան ասեցի.

- Ազիզ, ո՞ւր գնանք,- եւ նա պատասխանելով ասաց.

- Պետք է մնանք այստեղ, մինչեւ լույսը բացվի:

Ի՜նչ ցուրտ օր էր, ձյուն-սառնամանիք, եւ մնացինքՙ աչքներս հառած դեպի Աստված մինչեւ առավոտ:

Առավոտյան այդտեղից փախանք Գավաշ: Այնտեղ գտա հորս եւ երկու քույրերիս:

Եվ ակամայից հարց տվի մերոնց.

- Ո՞ւր է մայրս:- Իմ քույրըՙ Ռեհանը, լալով ասավ.

- Աղբեր ջան, ես քեզի մայր, մեր մայր սպանվավ:

Երեք օր մնացինք Գավաշ:

Երեք օրից հետո թուրքի խուժանը եկավ, Գավաշի վրա հարձակվեց: Հայերով մեկ օր կռվեցինք, սակայն նորից պարտության առաջ էինք կանգնած, որվհետեւ ոչ զենք ունեինք, եւ ոչ էլ կերակուր:

Մեր ռես Խաչոն ասաց.

- Ժողովուրդ, եկեք մենք վերադառնանք մեր սարեր:

Նորից բարձրացանք սարերը, ա՜խ, իմ Տեր Աստված, ինչքա՜ն ձյուն եկավ մեր վրա, մինչեւ որ հասանք Հաղթ գյուղ, մի թոնիր գտանք, վառեցինք, մի լավ տաքացանք:

Մեր ռես Խաչոն ասաց.

- Ելեք տներ ման եկեք, պարկեր կա՞ն, ալյուր լցրեք, տաշտ, մաղ, ջրի աման վերցրեք, ու գիշերով ճանապարհ ելանք, ինչ անձրեւ եկավ, մի ցուրտ տվեց մեզ վրա, պառկեցինք սառը քարերի վրա, այնքան ցուրտ էր, որ մեր շորերը սառեցին ու կպան քարերին:

Առավոտ ելանք ու նորից ճանապարհ ընկանք, մեր դաշտերի մեջ մի կամարակապ ժամ կար, մնացինք մինչեւ առավոտ, տեսանք, որ քրդերը ոչխար են բերում դեպի մեզ, բայց մեր մեջ մի քուրդ կար, որի հետ երեկոյան գնացինք մեր գյուղ, տեսանքՙ ամբողջ գյուղը վառել են, ոչնչացրել մեր շեներն ու այգիները, մի չարդախ է մնացել միայն: Ման եկանք, մի հոր գտանք, որի մեջ կար հինգ մեծ պարկ ցորենՙ մի մեծ ղազան վրան դրված: Վերցրինք ու տարանք հետներս մեր սար, այնտեղ, ուր ժողովուրդն էր հավաքված: Հիմա ո՛չ աղ կա, ո՛չ էլ յուղ: Ցորենը քարի վրա ծեծում էինք ու լցնում ղազանի մեջ եւ եփում: Օրը երկու անգամ անալի, անյուղ կուտեինք, եւ ամեն մեկիս մի հատ քարե հաց էր բաժին ընկած: Այդ սարի վրա մնացինք 24 օր:

Մեզանից երկու մարդ ասացին, որ մեր գյուղը մոտ է, գնանք տեսնենքՙ մեր ընտանիքներ կա՞ն, չկա՞ն:

Կեսս հայ էինք, կեսըՙ քուրդ:

Գնացին: Մեկ ժամ չանցածՙ Զավոն եկավ ու ասացՙ փախնենք այստեղից: Ասինքՙ ինչի համար, եւ նա պատասխանելով ասաց.

- Գնացինք հասանք մեր տներ: Ես երդիկից կանչեցի, ասիՙ մարե՜, նա ասացՙ ջանե՜, արի դուռը բաց: Մեկ էլ տեսանքՙ քրդերը վազեցին դեպի մեզ, որ բռնեն: Պատից թռանք ցած, ընկերոջս բռնեցին ու սպանեցին: Ես էլ հազիվ փախա:

Մենք ելանք այնտեղից եւ գնացինք Ալաշկերտ, մի ութ օր մնացինք ու այնտեղ իմացանք, որ հայ կամավորներ են եկել Գավաշ: Ելանք ու գնացինք Գավաշ, հասանք Գավաշի Խաչանես գյուղըՙ կեսը հայերով, կեսը քրդերով: Այդ ամբողջ ճանապարհին չորս կողմս էի նայում, որ գտնեի քույրերիս, գաղթականների ժողովրդի մեջ կորցրել էի քույրերիս: Եվ, փառք Աստծո, գտա քույրերիս, եւ մնացինք այդ գյուղում մոտ երկու ամիս, ոչխար ու երկու կով ունեցանք: Մի օր ասեցինՙ նահանջել են հայ կամավորականները, ու մեզ ասացինՙ ելեք ու փախեք այստեղից: Ելանք ճանապարհ, հինգ օրում հասանք Բերկրի, սակայն թուրք ասկյարը ճանապարհը կտրեց, եւ մնացինք այնքան ժամանակ, մինչեւ երեկոյան կամավորներին կանչեցին:

Ինքս իմ մեջ միտք էի անում ու ասում. «Ի սեր Աստծո, ով որ պրծնի այս գիշեր, նա առավոտյան թուրքի ճանապարհը կկտրի ու կանցնի դեպի ազատություն»:

Մութ գիշեր ելանք ճանապարհ: Թողեցինք ոչխար, տավար ու փախանք մութ գիշերով, մինչեւ առավոտը բացվեց, իրար նորից կորցրեցինք, տեսաՙ ո՛չ քույրս կա, ո՛չ էլ հայրս:

Այդպես մտամոլոր քայլում էի, աչքերս դես ու դեն եմ ման տալիս, մեկ էլ տեսնեմ մի սայլՙ ճանապարհից քիչ հեռու, ինչ-որ բեռով բարձված: Գնացի տեսաՙ ի՜նչ... Ամեն տեսակի ուտելիք է բարձված: մի խուրջին հաց վերցրեցի, ընկա ճանապարհ: Բավական շատ ման գալուց հետո գտա հորս:

Խեղճ հայրս աչքը գցեց խուրջինին ու ասաց.

- Պողոս, էդ ի՞նչ ա:

- Ասիՙ հաց ա, այ հեր ջան:

- Էդ ամենից լավ ա,- շարունակեց հայրս:

Նստեցինք ես ու հերս, մի կտոր հաց կերանք:

Երեկոյան կողմը գտանք երկու քույրերիս:

Առավոտ կանուխ ելանք ճանապարհ: Ճանապարհից գտանք երկու կով եւ շատ ուրախացանք, կարծես թե ի վերուստ էր տրված, որ սովամահ չլինեինք, մինչեւ հասանք Էջմիածին:

Ի՜նչ տեսնենք, ժողովրդի հսկայական մասը հիվանդ, կիսամերկ, սովամահ եղած, ուժասպառ ընկած է գետնինՙ շոգ արեւի տակ, շատերը մահանում էին անտեր-անտիրական:

Մեր ռես Խաչոն ասաց.

- Եթե այստեղ մնանք, կմեռնենք:- Գնաց մեն-մենակ մարդկանց բաժանարարի մոտ ու ասաց,- մենք լեռնային տեղերից ենք, այստեղ սառը ջուր կա՞... Որտեղ հով ա, էնտեղ ուղարկեք մեզ:

Նրան մի թուղթ տվեցին, վրան գրված էրՙ Բաշ Ապարան:

Առավոտյան ճանապարհ ընկանք, մինչեւ որ հասանք Օշական, մի գիշեր մնացինք Օշականում: Հաջորդ օրըՙ առավոտյան, ելանք ճանապարհ ու ժամը 12-ի կողմերը հասանք Աշտարակ:

Գյուղի ճանապարհին մի մարդ էր կանգնած, երբ տեսավ մեզ, մոտեցավ ու հարցրեց.

- Որտեղացի՞ եք:

Ասինքՙ Բիթլիսի շրջանից:

- Ո՞ր շրջանից:

- Կարկառու:

- Ո՞ր գյուղից:

- Որիզա:

- Չլինի՞ թե ռես Խաչոյի մարդիկ եք:

Ռես Խաչոն մեզ հետ էր, ու երկար նայելուց հետո էս մարդուն ասաց.

- Աղա Խաչո՞...

Աղա Խաչոն ու ռես Խաչոն ողջագուրվեցին:

Աղա Խաչոն հարց տվեց մեզ.

- Էդ ո՞ւր եք գնում:

- Բաշ Ապարան,- պատասխանեցինք:

Նա էլ քիչ ժպտալով ասաց.

- Ապարան, արջի բնակարան:

Նա ասաց մեզ.

- Ես ձեզ կտեղավորեմ. այստեղՙ Աշտարակ մնացեք: Եվ այդպես էլ արեցինք, մնացինք Աշտարակում:

Իմ քույր Ռեհանն ամուսնացավ Սահակ անունով մի մարդու հետ: Մնաց մեր տանը, որովհետեւ մեզ խնամող չկար: Մինչեւ 1917 թ. դժբախտաբար մահացավ իմ քրոջ ամուսին Սահակը: Նրանք ունեին մի տղա: Ցավոք սրտի, երեխան էլ մահացավ մի երկու տարի անց:

1919 թ. քույրս ամուսնացավ Խոստեղ անունով մի մարդու հետ:

1920 թ. մենք եկանք Ագարակ:

Իմ քույր Ջամապեկին-Շուշիկին ամուսնացրեցինք:

Դժբախտությունը կարծես թե պինդ գրկել էր ինձ եւ գալարվել էր պարանոցիս, եւ չանցած մի քանի ամիսՙ մահացավ քույրսՙ Ռեհանը: Ես, հայրս եւ մեր փեսանՙ Խոստեղը երեք տղամարդ, մնացինք անտեր-անտիրական. մեկը չկար, որ մեզ խնամեր:

Ես գնացի Աշտարակի մանկատնից մի աղջիկ առաՙ Արեգնազան անունով, եւ ամուսնացա նրա հետ, իսկ փեսա Խոստեղին էլ ամուսնացրինք Չինար անունով մի կնոջ հետ:

1920 թ. մարտ ամսին գյուղ եկան բոլշեւիկները, հետո եկան դաշնակները ու մեզ վախեցրին. ասում էին, թե հրաման են կատարում: Մենք թողեցինք մեր եղած-չեղածը, ու մեզ բոլորիս հավաքեցին ու տարան մի գյուղ. այնտեղ մնացինք շուրջ 10 օր, հետո վերադարձանք գյուղ Ագարակ ու տեսանք, որ բյուրականցիները թալանել են գյուղը, ինչ որ կար-չկար, տարել են, ոչ մի բան չեն թողել:

Նորից չեղած այդ սուղ տեղից հայթայթեցինք որոշ բաներ, գարի ցանեցինք եւ կորեկ, մի կերպ ապրեցինք, մինչեւ գարունը բացվեց:

Մայիս ամսին, դժբախտաբար, մահացավ հայրսՙ Սարգիսը:

1921 թ. նոյեմբեր ամսին մահացավ կինսՙ Արեգնազանը:

Իմ օրս սեւով պատվեց այն ժամանակվանից, երբ մահացավ մայրս. հալածվեցինք մեր բնօրրանից, մահացան քույրս, քրոջս որդին, հայրս, հիմա էլ կինս, կյանքս սեւով անցավ:

Ես գնացի Էջմիածին, ծանոթացա Հռիփսիկ անունով մի աղջկա հետ ու ամուսնացա: Նա ուներ հայր եւ մայր, հոր անունըՙ Համբարձում, մոր անունըՙ Սիսե: Քանի որ կինս չիգտեր կով, ոչխար կթել, Սիսե մայրիկն էր կթում ու մշակում ամեն բան: Շատ լավ ապրում էինք, այդ ժամանակ ունեինք 5 եզ, 2 էշ, 1 կով եւ 15 ոչխար: Կնոջս ծնողներին հարգում էի հոգաչափ, ապրում էինք իրար հետ մեր գյուղումՙ Ագարակում:

Ունեցանք մի տղա, սակայն մահացավ:

1926 թ. ունեցա եւս մի տղա, անունը դրեցի Միսակ:

1928 թ. ունեցանք մի աղջիկ, սակայն նա էլ մահացավ:

Հետո ունեցա եւս մի տղա. այս մեկի անունն էլ Պետրոս դրեցի:

Աստծուն փառք տալովՙ ապրում էինք շատ հաշտ ու համերաշխ, սակայն նորից կյանքս սեւով պատվեց. 1932 թ. ապրիլի 22-ին մահացավ իմ թանկագին կինըՙ Հռիփսիկը:

Ամբողջ մտածումս իմ զավակներն ու աներս ու զոքանչս էին: Մի օր ասեցի նրանց. «Դուք մի՛ մտածեք, դուք իմ ծնողներն եք»: Շատ լավ էին պահում իմ որդիներինՙ Միսակին ու Պետրոսին:

Մի օր աներ Համբարձումն ինձ կանչեց ու ասաց.

- Պողոս ջան, դու իմ որդին ես, արի քեզ ամուսնացնեմ: Ես էլ ասեցի նրան. «Ա՛յ հեր ջան, մինչեւ ձեր սրտով չլինի, չեմ ամուսնանա»:

Իմ զոքանչ Սիսեն գնաց Էջմիածին, մի կինՙ Անթառամ անունով, հավանեց ու ինձ կանչեց: Գնացի Էջմիածին, առանք, բերեցինք: Անթառամին ասացի էս մարդիկ իմ հայրն ու մայրն են, դու էլ ընդունիր քեզ որպես հայր եւ մայր, եւ այդպես էլ եղավ: Անթառամն ասաց.

- Ես երեխաներ չունեմ, քո որդիներին էլ ինձ որպես որդիներ կպահեմ աչքի լույսի պես:

1935 թ. հոկտեմբերին մտանք կոլխոզ:

Եզներ, սայլ, քսան փութ ցորեն սերմացու տվինք կոլխոզին:

Մի օր կոլխոզի նախագահը կանչեց ու ասաց. «Արի ոչխար պահիր»: 35 գլուխ ոչխար տվեցին, պահեցի, բայց կոլխոզին վերջում հանձնեցի 3500 գլուխ ոչխար:

1935 թվականին որպես լավ աշխատողի ինձ ուղարկեցին Մոսկվաՙ ցուցահանդեսի մասնակցելու:

1942 թ. գնացի պատերազմ:

1942 թ. մարտի 8-ին ինձ կանչեցին բանակ: Նախ տարան Էջմիածին, այնտեղ վեց ամիս մեզ զինավարժություններ սովորեցրին:

1942 թ. սեպտեմբերի 18-ին մեզ տարան Փոթի:

Վեց օր մեզ թողեցին այնտեղ: Վեց օրից հետո տարան առաջին գիծ, մինչեւ առավոտ ժամը ինը մնացինք: Գերմանացիները հարձակվեցին մեզ վրա, եկան ռմբկածոցեին. մի անտանելի մուխ ու ծուխ էր պատել, ոչինչ չէինք տեսնում եւ չէինք հասկանում: Հենց այդ ժամանակ էլ երեք սպանված եւ թվով շատ վիրավորներ տվեցինք:

Մենք նավի վրա էինք ծառայում. տասներկու հոգի մեր գյուղից էր: Վեց հոգի վերեւի հարկում էր կանգնած, այդ պահին ասացին.

- Ծարավ ենք:

Ես նրանց ջրի ամանները վերցրի, որ գնամ ջուր բերեմ: Նրանք այդ պահին իջան մի հարկ ներքեւ, եւ ես մնացի կանգնած: Նորից ռմբակոծեցին, եւ նորից մշուշով ու ծխով պատվեց ամեն ինչ: Մի գնդակ էլ դիպավ ուղիղ գլխիս, ու գլխարկս ընկավ ծովը: Այդ պահին բժիշկը այդտեղ էր: Գլուխս կարեց, երեք ժամ մնացի կանգնած: Աջ կողմից երկու նավեր եկան, վիրավորներին ու ինձ էլ հետները վերցրեցին ու տարան: Սպանվածներին էլ գիշերը գցեցին ծովը:

Հասանք Դոնբաս քաղաք: Մի ավերակ բնակատեղի էր: Նորից նստեցինք նավ, հասանք Քեշեշե քաղաք, վեց օր մնացինք այդ քաղաքումՙ մի քիչ կազդուրվելու համար, նորից հետ դարձանք Դոնբաս, հետո գնացինք դեպի Կովկասյան լեռնաշղթայի կողմերը, կռվեցինք այնտեղ երեք ամիս:

Վաշտի հրամանատարը ծանոթ էր ինձ: Մի օր ինձ ասեցՙ մի վախեցիր, եթե վախենաս, կզոհվես:

Այդտեղ նորից վիրավորվեցի: Բժիշկը նորից իր ծառայությունը մատուցեց ինձ, վերքս կապեց ու ասեցՙ գնա ազատվի եւ ինձ մի թուղթ տվեց: Մի քանի հոգով էին: Մեզ նստեցրին մեքենան եւ ճանապարհեցին: Գիշերվա կեսին հասանք մի անտառ: Նորից ռմբակոծեցին, մի ռմբաբեկոր դիպավ ընկերոջս ականջին: Նա մահացավ: Մեքենայով մեզ տարան Գագրա: Մի մեծ հիվանդանոց էր: Առավոտյան մեզ այդտեղից տարան Սուխումի. այդտեղի հիվանդանոցում երեք օր մնացինք, այնտեղից էլ եկանք Թիֆլիս: Նստեցինք Երեւան եկող գնացքը եւ հասանք Էջմիածին:

Վերջապես հասա գյուղ, երեք օր մնացի գյուղում, այնուհետեւ գնացի Երեւանՙ հիվանդանոց:

Երեք ամիս պահեցին, որոշ չափով ապաքինվելուց հետո նորից ուղարկեցին Ավջալա, Սուխումի, Բաքու, Գրոզնի:

Երեք ամիս էլ այնտեղ պահեցին, նոր վերջնականապես ազատեցին, եկա տուն:

Կոլխոզում աշխատեցի մինչեւ 1944 թվականը:

1950 թ. մահացավ իմ երկրորդ հայրը, որն էլ իմ աներ Համբարձումն էր:

1951 թ. ամուսնացրի Միսակիս Շողիկ անունով մի աղջկա հետ:

1954 թ. ամուսնացրի Պետրոսիս Նազիկ անունով մի աղջկա հետ:

Մի տղա Պետրոսն ունեցավ, անունը դրեց Համբարձում: Հետո Պետրոսս ունեցավ մի աղջիկ, մի տղա. այս երեխաներն էլ մահացան: Պետրոսիս ծնվեց մի տղա եւ երկու աղջիկՙ Հռփիսիմե եւ Հասմիկ անուններով:

Միսակին երեք տղա ծնվեց: Դժբախտաբար, երեքն էլ մահացան: Միսակս ունեցավ եւս մեկ աղջիկ, այս երեխան էլ մահացավ:

Միսակիս կինըՙ Շողիկը, աղջկա մահվան վրա ինքն էլ մահացավ: Նորից ամուսնացրի անբախտ Միսակիս Մարգո անունով մի կնոջ հետ, բայցՙ ոչ բարով լիներ. վեց տարի շարունակ Միսակիս ու մեր կյանքը կռվով լցրեց, ամեն Աստծո օր կռիվ-ղալմաղալ էր մեր տանը: Այս կնոջից Միսակս երեխա չունեցավ եւ բաժանվեց:

Պետրոս որդիս Միսակիս համար Հոկտեմբերյանից մի գեղեցիկ ու բարի աղջիկ գտավՙ Լենա անունով: Միսակս ամուսնացավ Լենայի հետ եւ ունեցավ երեք որդիՙ Հրանտ, Հարություն եւ Հրաչյա անուններով:

1962 թ. մահացավ իմ երկրորդ մայրըՙ զոքանչ Սիսեն:

1972 թ., ցավոք սրտի, մահացավ իմ թանկագին թոռըՙ Հրանտիկը:

1973 թ. մահացավ նաեւ քույրսՙ Ջամապեկը:

1974 թ. մայիսի 29-ին խավարեց իմ աստղը, սեւ ու սուգ մտավ սրտիս մեջ, մեռավ որդիսՙ Պետրոսը:

Բայց էլի փառք Աստծո, որ 1976 թ. ամուսնացրինք Պետրոսիս որդունՙ Համբարձումին, Մելանյա անունով մի աղկջա հետ, Հոկտեմբերյան քաղաքից էր:

1977 թ. թոռսՙ Համբարձումը, ունեցավ մի որդի, անունը դրեց Արման:

Էլ ինչ ասեմ, իմ կյանքը սեւով անցավ: Սիրտս արյունով լցվավ:

Միսակս էլ ունեցավ մի աղջիկ եւ անունը դրեցին Ոսկեհատՙ իմ մոր անունը, որն ինձ շատ ուրախություն պարգեւեց:

Նկար 1. Մայր եւ որդի Պողոսյաններ

Նկար 3. Հրաչյա Պողոսյանի մեկենասությամբ կառուցված Սբ Աստվածածին եկեղեցին եւ զանգակատունը Ագարակում

Նկար 4. Հայրենական պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձան

Նկար 5. Պողոս պապը հարսի` Շողիկի ու թոռների` Հարութի ու Հրաչյայի հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 07-12-2018

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ