RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 11-01-2019



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2019-01-11 00:07:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 8696, Տպվել է` 244, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵԶ ՊԵՏՔ ԵՆ ԽԵԼԱՑԻ, ԿՐԹՎԱ՛Ծ ԶԻՆՎՈՐՆԵՐ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Բոլորս դիտեցինք երեք օր առաջ զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսում պատահածըՙ լակոտական-խուլիգանական գարշելի մի քաշքշուկ, որը, ընդունենք կամ ոչ, մանրանկարն էր մեր մեջ տիրող հոռի բարքերի, հետեւանքըՙ կրթադաստիարակչական վատթար վիճակի: Բոլորս լսեցինք կամ կարդացինք դեպքի առթիվ մեր փառապանծ ոստիկանության պարզաբանումը, թե, օրինակ, քաղաքի մինչեւ ո՛ր գիծն է ձգվում ռազմական ոստիկանության կամ զինկոմիսարիատի պատասխանատվությունը նորակոչիկների բանակ տեղափոխման գործում, կամՙ թե ե՛րբ եւ ո՛ր համարի տակ է ՀՀ կառավարությունը որոշել սահմանագծել պատասխանատվությունը: Պարզվում էՙ մեր ոստիկանությունն էլ սահմանափակ պատասխանատվության ընկերության նման մի բան է. պատասխանատու է այս կետից մինչեւ այն կետը, իսկ արանքներումՙ զորակոչիկները թող իրար ուտեն, նրանց վրա թող հարձակվեն, ծեծեն, սպանեն...

Հիմա թողնենք ոստիկանությանը զբաղվելու իր սիրածՙ «միջադեպի մասնակիցների ինքնությունը ճշտելու եւ նրանց հայտնաբերելու» գործով ու փորձենք հասկանալ նման միջադեպերի ծագման խորքային պատճառները, ավելի շուտՙ մեր հասարակության եւ հատկապես երիտասարդության մեջ տիրող անդաստիարակության, անկրթության եւ անգրագիտության պատճառները:

Խնդրեմ, ոչ ոք թող չհիշեցնի ինձ մեր շատ երիտասարդների հաջողությունները օտար լեզուների իմացության, արվեստի, գիտության, բիզնեսի կառավարման, նաեւ հասարակական գիտակցության եւ այլ ասպարեզներում: Դժբախտաբար նրանք գրեթե տոկոս չեն կազմում: Խոսքը վերաբերում է մեծամասնությանը, կարիքի եւ աղքատության հետնախորշերից, ներընտանեկան խնդրահարույց վիճակներից, փողոցային ազդեցությունից, ապագայի անստուգության եւ աննպատակության վիճակներից եկող տղաներին, նաեւ աղջիկներին: Սակայն նրանք այդ բոլորի համար մեղք չունեն:

Ի՞նչ եւ ի՞նչպիսի դաստիարակություն են նրանք ստացել հոգսերի մեջ մխրճված իրենց ընտանիքներում, դպրոցներում, այսպես կոչվածՙ հասարակական վայրերում, ֆեյսբուքային ինքնացուցադրական հարթակներում, հեռուստատեսային սերիալներում: Ո՞վ եւ ո՞վքեր են նրանց մտատիպարները, այսպես կոչվածՙ էտալոնները: «Լյա՜վ տղա»նե՞րը, որոնք կարող են մեկ օրից մյուսը միլիոնանոց քաղաքի ղեկավար դառնալ: «Women՛s club»ի աղջիկնե՞րըՙ գռեհիկ իրենց Զառայով: Թե՞ գողական որոգայթներում իրենց «ճիշտը» պարտադրող հովոները կամ «ժարգոներեն» խոսող մյուս հերոսները:

Հանրակրթական եւ ընդհանրապես կրթական համակարգի կամ դրա բացակայության մասին շատ ենք խոսել ու դեռ խոսելու ենք, գոնե մինչեւ այն ժամանակ, երբ դեռ մեր հաջորդական կառավարություններին չի հաջողվի կարգավորել տարրական, միջնակարգ եւ ավագ դպրոցների ու բուհերի վիճակը, ծրագրերը, դասավանդումները: Դեռ երեկ մեր պետհամալսարանի բազմափորձ դասախոսներից մեկը, ընդվզածՙ ժարգոնային չհայերենի համատարածՙ բոլոր ասպարեզներում տիրապետող ներկայությունիցՙ խմաբագրություն մտնելուն պես հայտարարեց. «Փակե՛նք դպրոցներն ու համալսարանները, ի՞նչ իմաստ ունի դրանք պահելը. մենք ի՞նչ ենք սովորեցնում եւ ի՞նչ ենք լսում պատգամավորներից, պետական մարդկանցից, անգամ ռեկտորների բերանից, հեռուստատեսությունիցՙ ժարգոն, ա-խոսություն, կարամ-կարաս, տվցրոցի»:

Առայժմ մի կողմ թողնենք լեզուն, ոչ միայն հայախոսության, այլեւ օտարաբանությունների հարցը, որին հագնամանալից կանդրադառնանք շուտով: Մինչ այդՙ իսկ ի՞նչ են սովորեցնում մեր հեռուստաընկերությունները, հատկապես դրանցից առաջատար համարվածները: Ի՞նչ են սովորեցնում նրանք մեր հասարակությանը, երեխաներին, պատանիներին, երիտասարդներին: Թերեւս ամենաանմեղը նրանց ներկայացրած ծրագրերիցՙ հնդկական դեբիլացնող սերիալներն են: Ամերիկացի մասնագետները հենց նման սերիալների համար են իրենց հեռուստատեսությունը համարել «Idiot՛s Box» («Ապուշի արկղ»): Մինչդեռ մերոնց շատ ծրագրեր պարզապես պետք է կոչելՙ «այլասերող, ոճրային, անբարոյականություն քարոզող բիզնես պրոյեկտներ»: Պարզապես հիշենք անցնող տոնական մի քանի օրերը, հատկապես Ամանորի գիշերն ու հաջորդ օրը մեր հեռուստաընկերությունների մեծ մասի մատուցած աղբը, լուսարձակներով եւ աղմուկով «պրոդյուս» եղած (իրենց սիրած բառերից է) երաժշտապարային անճաշակությունները:

Հեռուստաընկերությունների ինձ ծանոթ ղեկավարները միշտ են ինձ հետ վիճել եւ վիճում, թե իրենց պարտականությունների մեջ չի մտնում հասարակությանը կրթել-դաստիարակելու գործը: Սխա՛լ: Եթերը նրանց չի՛ պատկանում, եթերը նույնիսկ չի պատկանում կառավարությանը: Պատկանում է պետությանը, այսինքնՙ ժողովրդին, մեր պարագայումՙ իբր նրա ներկայացուցիչներին: Հետեւաբար ազգային եթերը վարձակալությամբ օգտագործողները ստիպվա՛ծ են ծառայել ժողովրդին, կրթել ու զարգացնել հասարակությանը, նրա տարբեր խավերին ու տարիքային խմբերին: Սակայն, խոստովանենք, այդ ուղղությամբ այլեւս չկա հանրային պատվեր, պահանջարկ: Մեր երկրում ոչ թե պահանջարկն է ձեւավորում առաջարկը, այլՙ ընդհակառակը:

Ուրեմն, վերադառնալով մեր սկզբնական թեմայինՙ ի՞նչով են մեղավոր մեր զորակոչիկներն ու նրանց վրա հարձակվող տարեկիցները, երբ կրթված չեն, երբ չեն ստացել համապատասխան դաստիարակություն ո՛չ տանը, ո՛չ դպրոցում, ո՛չ էլ զանգվածային լրատվության միջոցներով: Բնականաբար խուլիգանություն կանեն, լակոտություններ թույլ կտան իրենց:

Մինչդեռ մեզ պետք են ոչ միայն քաջ, այլեւ խելացի, կրթվա՛ծ զինվորներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 11-01-2019

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ