RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 11-01-2019



Տեղադրվել է` 2019-01-11 00:07:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1706, Տպվել է` 232, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՆԱՅԻՆ ԹՆՋՈՒԿԻՑ... ԴԵՊԻ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔՆԵՐ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ, Գրաց, Ավստրիա

Եվրոպական տարածքում առեւտրային զեղչերի շուրջ հայաստանյան միջավայրում ամենատարբեր զրույցներ են շրջանառվում: Ըստ դրանց, զեղչերն առավել շոշափելի տեսք են ստանում հատկապես Սուրբ Ծննդյան եւ Ամանորի տոնակատարությունների ընթացքում: Այդպես է, թե ոչ, փորձեցինք պարզել Ավստրիայի բնակչությամբ 2-րդ քաղաք Գրացի սուպերմարկետների կողմից տարածվող գովազդային թերթիկների օգնությամբ:

Առեւտրային այսօրինակ կետերը տարածված են ողջ քաղաքում, երբեմն միմյանցից 100-150 մետր հեռավորության վրա, որը բոլորովին չի խանգարում մրցակցելու, ակնկալվող շահույթն ստանալու համար: Գուցե ինչ-որ նրբություն կա դրանց առեւտրային հարաբերություններում, հնարավոր է անգամ գաղտնիք, որը նրանցից յուրաքանչյուրն ամենայն զգուշավորությամբ թաքցնում է եւ խուսափում վնասներ կրելուց: Ի՞նչ նկատի ունեմ: Երբ տարիներ առաջ կիլոգրամը 1 եվրոյից պակաս գնով վաճառվող բանանի առիթով հարց էր ուղղվել ՀՀ երբեմնի առեւտրի նախարարին, նշելով մեզանում այդ պտղի մոտ 2 եվրոյին համարժեք գինը, պատասխանն այն էր եղել, որ «հնարավոր է առեւտրի այդ կետը խնդիրներ ունի եւ լուծարային գին է սահմանել»: Ընդամենը հավաստեմ, որ տարիներ անց, այսօր էլ կարելի է թե՛ ավստրիական, թե՛ եվրոպական այլ երկրների առեւտրային ցանցերում 0,89 ցենտից սկսվող բանանի գնի հանդիպել: Իսկ ահա ներկայացվող ապրանքա-գնային կոլաժում ընտրել ենք տոնական սեղաններին առավել նախընտրելի խմիչքներն ու ուտեստները:

Իրոք: Դժվար է պատկերացնել, որ խոզի մսի կիլոգրամը կարող է նկարում պատկերված 1,89 եվրոյով վաճառվել, հատկապես եթե նկատի ունենանք, որ այդ գնի մոտ 40 տոկոսը Ավստրիայում գանձվող տարբեր հարկերն են: Նախորդ տարում Ավստրիայի ՀՆԱ-ն կազմել է 440 մլրդ դոլար, որոնցից հավաքված հարկերըՙ 200 մլրդ դոլար: Տարակուսանքը մասամբ պարզվում է, երբ դիտարկում ենք, ասենք, պատկերված հանքային ջրի գինը: Առանց զեղչի 1.5 լիտր տարողության գինը մոտ 250 դրամ է, մեզանում վաճառվողից ցածր: Այնինչ Հայաստանում այն անսպառ հորդում է ընդերքից, շշալցվում ՀՀ-ում գործող նույնատիպ գործարաններում եւ հայտնվում վաճառասեղաններին: Այս դեպքում 34 տոկոսով զեղջված մոտ 30 եվրոցենտով, որը մեր հազիվ 165 դրամն է, երբ մեզանում վաճառվողը ամբողջ 100 դրամով թանկ է: Անառարկելի փաստ, որը գիտեն թե՛ հարկահավաքները, թե՛ նրանց համար աշխատանքային միջոց օրենքներ գրող օրենսդիր պատգամավորները: Եթե մի այլ առիթով ընդունենք, որ խնդրահարույց է ներմուծվող լիմոնի գինը, որը Գրացում առաջարկվում է 13 ցենտով, մոտ 70 դրամով, մեզանում այն կրկնակի-եռակի գնով է վաճառվում, եւ ոչ ոք հիմնավորապես չի վրդովվում դե, ներմուծվող է, չգիտես աշխարհի որ ծայրից է բերվել, արդարանում են մեզանում:

Թող ներվի ասել, անհասկանալի ու անբացատրելի են հայաստանյան գործարար միջավայրի ներկայացուցիչների ամեն արածից առավելագույն շահ ստանալու շարժառիթները, նրանց այսօրինակ տենչը լուռումունջ դիտարկողների էլ կրավորական պահվածքը: Կպարզվի՞ արդյոք այս թնջուկը, թե՞ ոչ, դժվար է կարծիք հնչեցնել: Ինչո՞ւ. որովհետեւ տառապանքս փորձ ունի:

Այսուհանդերձ, բարեմաղթանք հնչեցնելն անհրաժեշտ է Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ, բարի մուտք նոր Հայաստան, ուր հուսախաբությունը տեղ չունի, միջավայրն առողջ է սպասվածից էլ առավել, հայահավաքից մինչեւ ««« դրախտային:

29 դեկտեմբերի, 2018

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 11-01-2019

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ