RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 18-01-2019



ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2019-01-17 23:22:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 2796, Տպվել է` 258, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԱՐԵՍԿԶԲՅԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ

Միմյանց հակասող մտքերը վերջին ժամանակներում հանգիստ չէին տալիս, բայց երբ ֆեյսբուքում մի նկար տեսա, ամեն ինչ հստակվեց. արդեն տեւական ժամանակ է մեր հասարակությունը հիմնականում բաղկացած է դատավորներից: Ընդ որում արդեն բոլորովին էլ կարեւոր չէՙ ունե՞նք դատելու իրավունքը, թե ոչ: Ակնհայտ է մեկ բան, որ բան ու գործ թողած, ազգովին ընդունել ենք դատավորի կեցվածք եւ մեծ-մեծ, անսխալ ու քննարկման ոչ ենթակա վճիռներ ենք թողարկում:

Սկսենք նրանից, որ վերջին շրջանում տարբեր տրամաչափի պաշտոնատար անձինք եւ փորձագետներ իրենց հարցազրույցներում ու մասնավոր զրույցներում դժգոհում են օրենսդրական «բացերից» եւ շատ հարցերի չլուծված լինելը կապում այդ երեւույթի հետ: Այո, գործող օրենսդրությունն ունի շատ բացեր, այն կատարյալ չէ, ինչպես եւ մարդը կատարյալ չէ, հետեւաբար եւ հասարակությունը: Ով չգիտի, որ կան իրավագիտակցությամբ եւ իրավաընկալմամբ աչքի ընկնող հասարակություններ, որոնց հաջողվել է ստեղծել օրենսդրական այնպիսի համակարգ, որն արտահայտում է հասարակական պահանջմունքների ընդհանուր վիճակը, դինամիկ է եւ ուղղակիորեն միտված է կարգավորել անհատ-հասարակություն-պետություն փոխհարաբերությունները: Որ օրենսդրությունը հանրային իշխանությանն ու հասարակությանը կենսականություն ապահովող սնուցող առաջնային համակարգ է: Իսկ մենք այժմ ունենք նոր իրողություն, նոր Հայաստան: Հետեւապես նոր ազգընտիրները նախորդներին քննադատելու փոխարեն թող զբաղվեն իրավաստեղծ գործունեությամբ եւ լրացնեն բոլոր այն բացերը, որոնք առկա են ՀՀ օրենքներում: Շատ կարեւոր է նաեւ, որ այսուհետ մերժելի դարձնեն նաեւ քաջնազարականությունը:

Թողնենք, որ արտաքին քաղաքականությամբ զբաղվեն պրոֆեսիոնալները: Իհարկե, խոսքի ազատությունը մեծագույն արժեք է, սակայն կան ասպարեզներ (բանակ, անվտանգություն, հետախուզություն եւ այլն), որոնցով պետք է զբաղվեն միայն մասնագետները: Այդպիսին է նաեւ արտաքին քաղաքականությունը: Թե չէ տեղից ելնողը քննարկում ու հազարատեսակ բազմիմաստ ենթադրություններ է անում հայ-ռուսական հարաբերությունների, ՀԱՊԿ-ի, Պուտինի ՀՀ 2-րդ նախագահին ամանորյա շնորհավորանքի եւ նման հարցերի վերաբերյալ: Բանը հասել է այնտեղ, որ եթե նույնիսկ որեւէ դրական փոփոխություն է լինում, փորձում ենք պեղել, հատուկ հետազոտություններ իրականացնել ու ցույց տալ, որ դա բոլորովին էլ իշխանությունների ներդրումը չի:

Օրինակներ շատ կարող եմ բերել, սակայն, կարծում եմ, էականը դա չէ: Կարեւորը գիտակցենք, որ անցյալ տարում մեր երկիրն անցավ հանրային ցնցումների միջով, որոնք շատ հարցերում զգալիորեն փոխեցին մեր պատկերացումները երկրի անցյալի, ներկայի եւ ապագայի վերաբերյալ, բայց եւ ծնեցին բազմաթիվ հարցականներ, որոնց պատասխանները պետք է փորձենք գտնել ինքներս: Հատկապես կարեւոր է, որ տարվելով հեղափոխության ոգեւորությամբ, շարունակաբար աչք չփակենք անցանկալի իրողությունների վրա, կրկնենք անցյալը, եւ ի վերջո վերադառնանք նույն այն կետին, որից սկսել ենք: Այն վերապահությամբ, որ դա այս անգամ կատարենք պրոֆեսիոնալ մակարդակով, որպեսզի սխալները հնարավորինս բացառվեն: Հստակ է, որ նոր իշխանությունները քննադատելու տեղ շատ ունեն: Հասկանալի է նաեւ, որ նախորդներն ու նրանց արբանյակները դա անում են հաճույքով: Բայց որ դա անում են նաեւ նրանք, ովքեր հեղափոխությունից հետո ժրաջանորեն գովերգում էին նրանց յուրաքանչյուր քայլը եւ մեծ ակնկալիքներ ունեին ու չստացան, դա արդեն խիստ վտանգավոր է, քանի որ նեղացածները սովորաբար հակված են սեւացնելու ամեն ինչ եւ չնկատելու նույնիսկ ամենադրական իրողությունները:

Անչափ կարեւոր է, որ այժմ արդեն գիտակցենք իմ կարծիքով մի քանի կարեւոր իրողություններ, կարողանանք ձերբազատվել հեղափոխականության իներցիայի վտանգավոր ազդեցությունից, ճիշտ վերլուծություններ կատարենք, որպեսզի աջ ու ձախ քննադատելու ու դատելու փոխարեն կարողանանք ոչ միայն խուսափել սխալներից, այլեւ ընտրենք առաջ ընթանալու իրատեսական եւ լավագույն ուղիները: Արդ մեր դիտարկումները, թե ինչու, ինչի արդյունքում եւ ինչպես տեղի ունեցավ «Թավշյա հեղափոխությունը».

ա) երկրում տնտեսական ճգնաժամի եւ բացարձակ մենիշխանության հետեւանքով հասունացել էր հեղափոխական իրադրություն, այսինքն` վերեւներն արդեն չէին կարողանում, իսկ ներքեւները չէին ուզում հին ձեւով կառավարվել,

բ) փողոց դուրս եկան հազարավոր մարդիկ: Ընդ որում նկատենք, որ նրանց ճնշող մեծամասնությունն ավելի շատ դեմ էր իշխանություններին, քան թե կողմնակից նիկոլականներին,

գ) աշխատանքի բերումով եւ այլ առիթներով զարգացած տարբեր երկրներում լինելով եւ իրավացիորեն մեզ համարելով որպես հինավուրց եւ քաղաքակիրթ ազգ, մենք գտնում էինք, որ արժանի ենք ապրել առաջադեմ ժողովուրդներին համաքայլ, առավել եւս, որ մեր մասնագիտական ու գործնական որակներով նրանց չենք զիջում,

դ) անկախությունից ի վեր երկրում կյանքը շատերի համար վերածվել էր միապաղաղ ու դժնդակ գոյատեւման եւ դրա վերջը չէր էլ երեւում: Այդ պայմանների հետեւանք ահագնացող արտագաղթն էլ հասել էր վտանգավոր սահմանագծի եւ սպառնում էր մեր ինքնության լինելիությանը,

ե) հասարակության մեջ արտոնյալ հարուստների ցոփ կյանքը` ավանդական հայկական կենսակերպի քայքայման ֆոնին եւ ընչազուրկ խավի թվաքանակի շարունակական մեծացումն ու այդ երկուսի միջեւ օրեցօր խորացող վիհը կրիտիկական աստիճանի էր հասել:

զ) մեր խղճի ու ճշմարտության միջեւ ամենօրյա ներքին հակասությունը հանգեցրել էր հոգեբանական փակուղու, առիթը ներկայացավ եւ այն պոռթկաց,

է) բանակում առկա խնդիրները, որոնք չէին բարձրաձայնվում, բայց բոլորս տեղյակ էինք մեր զինվոր երեխաներին ստիպված ամեն ինչով ապահովելով, սահմանին զոհերը, հակառակորդի աճող հոխորտանքն ու ագրեսիվ պահվածքը եւ դրան զուգահեռ մեր ավելացող կրավորականությունը հասել էին ծայրագույն մակարդակի,

ը) երկրի իշխանավորների եւ մշակույթի պալատական ներկայացուցիչների անփոփոխ նույնությունն ու անճաշակ միակերպությունը հոգնեցրել էր հասարակությանը եւ փոփոխության ընդգծված պահանջ առաջացրել,

թ) կարճ ժամանակում ակնհայտ դարձավ, որ մեր նոր սահմանադրությունը, ցավոք, մշակված էր ապահովելու Սերժ Սարգսյանի կառավարման երկարաձգումը: Սահմանադրություն, որով օրենսդիր իշխանությունը ստորադասված է գործադիրին, իսկ վարչապետն օժտված է «դիկտատորական» լիազորություններով: (*)

ժ) հասարակությունն այլեւս չէր ցանկանում վճարել ցածրակարգ եւ աննպատակ կրթության համար: Այն կրթության, որի արդյուքումում լրագրողի դիպլոմով խանութի վաճառող էին դառնում, իրավաբանի` տաքսու վարորդ, բանասերի` մատնահարդար եւ այդպես շարունակ:

ի) գործազրկության ահռելի չափերն ու առաջին սպառման ապրանքների ու ծառայությունների գների շարունակական աճը եւ այլն, եւ այլն:

Հետհեղափոխական շրջանում անչափ կարեւոր է գիտակցել, որ փշրվել է ընդամենը համակարգային բուրգի գագաթը, սակայն օլիգարխիկ կլանների սպասավոր գործող պետական ինստիտուտների հիմնական մասը շարունակում է իրականացնել իր գործառույթները նախկին ձեւերով ու մեթոդներով: Անհրաժեշտ է վերափոխել դրանք եւ այդ գործառույթներն սկսել սահմանադրական բարեփոխումներից, այնուհետեւ կատարել ադմինիստրատիվ դաշտի բարելավում, տնտեսական, կրթական եւ անկասկած նաեւ սոցիալական բարեփոխումներ: Չմոռանանք նաեւ, որ չափից ավելի ժողովրդավարությունից մինչեւ անիշխանություն ընդամենը մեկ քայլ է:

Ի վերջո, լավ կլինի մյուսներին պարսավելու եւ դատելու փոխարեն յուրաքանչյուրս վերափոխումներն սկսենք մեզանից:

3-13.01.2019

*) Նոր սահմանադրության շատ դրույթներ սկսել էին մամուլում քննադատվել դեռեւս այն օրերին, երբ պատրաստվում էին այն ներկայացնել հանրաքվեի, այդ թվումՙ «Ազգ»ում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 18-01-2019

AZG Daily #2, 17-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ