RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 18-01-2019



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2019-01-17 23:22:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 2927, Տպվել է` 257, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԼՈ՜, ԴԱՏԱՐԱՆԻ՞Ց Է

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երբ դու ինչ-որ բան հաճախ կրկնում ես, ուրեմն կա՛մ քեզ հաճախ են մեղադրում ասածիդ հակառակի համար, ինչը վատ է, կա՛մ էլ դու ինքդ քեզ ուզում ես համոզել նրանում, ինչը ասում ես, սա ավելի վատ է: Վարչապետ Փաշինյանը նորից է ասել, որ ինքը որեւէ դատավորի չի զանգում: Բայց այս անգամ պարոն Փաշինյանը ուրիշՙ ինձ գոնե ավելի հետաքրքրող բան էլ է ասել. այնՙ որ ինքը չի զանգում դատավորներին, բայց դա չի նշանակում, որ դատավորներին զանգող չկա: Հասկանալի է, որ վարչապետը նկատի չունի, որ դատավորներին զանգում են իր խորհրդականները, կամ օգնականները, կամ տեղակալները, կամ կուսակիցները, կամ համակիրները, քանի որ այս խմբերից որեւէ մեկից եթե զանգեն դատավորներին, կստացվի, որ զանգում են վարչապետի անունից: Բայց ըստ Հայաստանի վարչապետի, դատավորներին զանգողը կամ զանգողները որեւէ կապ չունեն թավշյա հեղափոխության հետ, ավելինՙ հակահեղափոխականներն են:

Այստեղ արդեն այլ հարցեր են առաջանում. իսկ երբվանի՞ց են համապատասխան մարմինները փորձում պարզել, թե ովքեր են զանգում դատավորներին: Ի դեպ, փորձում են, չէ՞, պարզել... Եթե օրինակ վարչապետի այս վերջին հայտարարությունից հետո են սկսել պարզել, ապա նորմալ է, մարդիկ չեն կարող մի քանի օրում նման մակարդակի հանցագործություն բացահայտել, իսկ եթե պարզվի, որ անցյալ տարվա ապրիլ-մայիսից են սկսել, ուրեմն կա՛մ դատավորներին զանգողներն են ահագին զիլ, կա՛մ էլ նրանց հայտնաբերողները ամենեւին էլ զիլ չեն:

Ուրիշ հետաքրքրական հարց էլ կա. տրամաբանում եմ, որ դատավորներին զանգում են ոչ թե սովորական քաղաքացիները, այլ պաշտոնանկ եղածները: Ինչո՞ւ, որովհետեւ սովորական քաղաքացիները հազիվ թե իմանան դատավորների հեռախոսահամարները: Հիմա, ինչո՞ւ են շարունակում նախկին պաշտոնյաները սարսափելի մնալ գործող դատավորների համար: Ենթադրենք կոնկրետ դատական գործով կոնկրետ պաշտոնանկը զանգահարում է կոնկրետ դատավորին ու ասում, թե կոնկրետ ինչ է պետք անել: Ենթադրենք դատավորը նրան ասումՙ «Հարգելիս, երկրում իրավիճակ է փոխվել»: Ենթադրենք պաշտոնանկը պնդում էՙ հիշեցնելով իր եւ տվյալ դատավորի համատեղ քեֆերն ու ուրախությունները, սպառնալով, որ դրանք այլեւս չեն կրկնվելու: Դատավորն էլ, ենթադրենք, ասում էՙ «Իյա, իրո՞ք» եւ անջատում է հեռախոսը: Ի՞նչ է լինելու, նկատի ունեմՙ պաշտոնանկը դատավորին ի՞նչ է անելու, գործից հանելո՞ւ է, ինչն ուղղակի չի կարող անել, թե՞ ուտելու է, ինչը պարզապես հնարավոր չէ:

Եւ ուրեմն, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ես ուզում եմ հասկանալ, թե ո՞վ է զանգահարում դատավորներին, բացի նրանց ընտանիքների անդամներից, բարեկամներից, քավոր-սանիկներից... լավ, նաեւ մոտ հարեւաններից: Վարչապետն ասում է, որ ինքը չէ, համապատասխան մարմինները, եթե իմանային, ապա կասեին, պաշտոնանկներըՙ տրամաբանական չէ, Կրեմլից ու Սպիտակ տնից էլ դատավորին ինչո՞ւ պետք է զանգեն, եթե Բաղրամյան 26-ի հեռախոսահամարն ունեն: Մի խոսքովՙ կա՛մ Հայաստանի դատավորներին զանգահարում է Դրակուլայի հոգին, կա՛մ էլ Հայաստանի դատավորներին ոչ ոք չի զանգում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 18-01-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ