RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 18-01-2019



Տեղադրվել է` 2019-01-17 23:22:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 3003, Տպվել է` 260, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՍՏԵ՛Ք. ԵՐԿՈ՛Ւ

Հ. ԱՖՅԱՆ

Գիտե՞ք ինչից է սկսվում բռնապետությունը: Վարքականոնից: Օրինակ կոշկակարները որոշում են, որ այսուհետեւ բոլոր կոշկակարները հաճախորդների առջեւ չպետք է փնովեն ուրիշ կոշկակարների գործը: Կամ լրագրողները որոշում են, որ սրանից հետո իրենք պարտավոր են չքննադատել միմյանց աշխատանքը` հանրության առջեւ: Երբ հայտնվում է նման` մասնագիտական «պետք է»-ների եւ «պարտավոր է»-ների շարքը, սկսվում է բռնապետությունը: Հիմա, Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար պարոն Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Մանկավարժի վարքականոն աշխատությունը: Ներկայացրել է հանրային քննարկման, եւ սա շատ կարեւոր է, քանի որ եթե ես, օրինակ, այն հիմա պատրաստվում եմ քննարկել, դա նշանակում է, որ դրա իրավունքը ունեմ: Ինչեւէ:

Ըստ Մանկավարժի վարքականոնի, որն իմիջիայլոց 5 բաժին ունի` իր բազմաթիվ ենթակետերով, ուսուցիչը պետք է հետեւի իր արտաքին տեսքին եւ հագուստին` նախընտրելով ուսումնական գործընթացը չխանգարող պատշաճ ոճ ու ձեւ: Այսի՞նքն, չէ, ես հասկանում եմ, որ կոնկրետ այս ենթակետը հորինող մարդը մի քանի անգամ դպրոցներում տեսել է երեկոյան զգեստներով ուսուցչուհիների, ինչից խիստ ազդվել է, բայց պարոնայք, հեռավոր գյուղի ուսուցչուհին, որը մի կարմիր շոր ունի, մի սեւ տաբատ եւ մի սպիտակ սվիտեր, ի՞նչ հագնի: Կարմիր շո՞րը, որը նույնիսկ ամուսինը չի թողնում հագնել, քանի որ մի քիչ չաղացել է, թե՞ սեւ տաբատը, որն այնքան է հնացել, որ այլեւս սեւ չէ: Գուցե շոր չունենալու համար ուսուցչին զրկե՞ն դասավանդելու իրավունքից: Ի՞նչ կլինի որ, կհարցնենՙ բա ինչո՞ւ գործից հանեցին, կասի` դե պատշաճ չէի հետեւում իմ արտաքին տեսքին ու հագուստին:

Ավելի հետաքրքրական կետ կա. Ուսուցիչը պետք է նվիրված լինի իր աշխատանքին եւ բարձր պահի մանկավարժի վարկանիշը եւ մեծ պատասխանատվությամբ վերաբերվի իր մասնագիտական պարտականությունների կատարմանը: Նախ, երբ ուսուցիչը նվիրված է իր աշխատանքին, դա նշանակում է, որ նա ե՛ւ բարձր է պահում մանկավարժի վարկանիշը, ե՛ւ մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում իր պարտականությունների կատարմանը:

Ես հասկանում եմ, որ այս վարքականոնները կազմողները դպրոցում սովորել են, որ կրկնությունը գիտության մայրն է, բայց պարոնայք, դուք ուսուցիչների հետ եք խոսում, նրանցՙ որոնց նվիրվածությունը եթե չլիներ, դուք հազիվ թե 90-ականներին կրթություն ստանայիք եւ հիմա բարձր պաշտոններ զբաղեցնեիք: Բայց ի՞նչն է ամենակարեւորը: Այս աշխատության մեջ գրեթե բոլոր տողերն սկսվում են ուսուցիչը պետք է, կամ ուսուցիչը պարտավոր է բառերով: Լավ, իսկ ուսուցիչը իրավունք չունի՞, պարոնայք, ինչ-որ, որեւէ... Չէ, եթե չունի, մարդկանց ասեք, որ հարգելիս, դուք բացի պարտականություններից եւ ամսական 100 հազար դրամից ուրիշ բան չունեք: Փոխարենը պարտավոր եք այդ գումարով հետեւել ձեր արտաքին տեսքին ու հագուստին, նվիրվել ձեր մասնագիտությանը եւ կրթել սերունդ.... Այ հենց այստեղ ես մտավախություններ ունեմ: Բանն այն է, որ ուսուցիչները, գոնե իմ, իմաստուն մարդիկ են ու նրանք հրաշալի հասկանում են, թե ինչից է սկսվում բռնապետությունը: Ու եթե այսպես կարելի է վարվել ուսուցիչների հետ, ապա վարսավիրնե՞րն ով են...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 18-01-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ