RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 18-01-2019



ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2019-01-17 23:22:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 3017, Տպվել է` 258, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՎ, ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏՈՎ ԵՎ ԱՆՈՐՈՇ ԱՊԱԳԱՅՈՎ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Ինչպիսի՞ Հայաստան կունենաք 2019թ.ին: Սա մի հարց է, որը մտատանջում է մասնագետին` ում համար կարեւոր է իր հայրենիքի ապագան, ով ցանկանում է հստակություն տեսնել թե՛ իր պետության արտաքին, թե՛ ներքին քաղաքականության տեսլականներում, հասկանալու համար, թե զարգացման ի՞նչ ռազմավարություն է ընտրում նոր կառավարությունը: Այս հարցերը, գոնե այս պահին, չունեն հստակ պատասխաններ, ինչը է՛լ ավելի է խորացնում խնդիրներն այս բնագավառում:

2018թ տեղի ունեցած քաղաքական իրադարձություների մասին, որը շատերը կոչում են թավշյա հեղափոխություն, արդեն բազմիցս գրվել է, հետեւաբար դրա բովանդակությանը չարժե անդրադառնալ, սակայն նկատելի միակ փոփոխությունը, որը գոնե այս պահին իրականացվել է, գործող քաղաքական էլիտաների փոփոխությունն է, հանրապետականՙ խորհրդային տերմինաբանությամբ ասածՙ նոմենկլատուրային եկավ փոխարինելու ՔՊ-ականը:

Արդյոք սա լա՞վ է, թե՞ վատ: Այս հարցի պատասխանը թերեւս միայն ժամանակը կտա, սակայն յուրաքանչյուր փոփոխություն, առավել եւս` էլիտաների, իր մեջ դրական լիցքեր ու մեծ հույսեր է պարունակում, քանի որ հնարավորություն է ստեղծվում` գնալու քաղաքական կառավարման արդիականացմանը, ինչը առաջընթացի, թերեւս հիմնական, պայմանն է: Սակայն, արդյո՞ք այս փոփոխությունները կհանգեցնեն պետության արդիականացմանը, սա եւս մի քանի անհայտով հավասարում է, քանի որ նմանատիպ գործընթացի համար միայն ցանկությունը քիչ է, հարկավոր է գիտելիք, փորձ եւ կամք:

Սրանք որակներ են, որոնց առկայությունը շատ կարեւոր է քաղաքական նոր էլիտայի համար, քանի որ սպասվող ռեֆորմներն ու դրանց արդյունքները նոր իշխանությունների գնահատման եւ 2018թ տեղի ունեցած գործընթացները դրական սպասելիքների հիմնավորման գլխավոր չափորոշիչներն են: Եթե այդպիսիք բացակայեն, ապա մենք կհանգենք այն կարծիքին, որ տեղի ունեցածն ընդամենը իշխանավորների փոփոխություն էր, որը որակական ոչ մի արդյունքի էլ չհանգեցրեց:

Այս ամենը նշանակում է, որ այսօրվա իշխանությունների ու կառավարող քաղաքական ուժի պատասխանատվությունը շատ ավելին է, քան եղել է նախկինում: Հույսերը, որ այսուհետեւ ավելի լավ է լինելու, շատ մեծ են, դրական սպասումները բնակչության մի հսկայական զանգվածին ստիպել է աջակցել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա քաղաքական թիմին:

Սա այն դեպքում, երբ իշխանության եկած քաղաքական վերնախավը նույնիսկ ծանոթ չէ բնակչության մեծ մասին: Կարելի է գրանցել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա ղեկավարած քաղաքական թիմը աջակցություն է ստացել «ավանսով», ինչը կրկնակի պատասխանատու է դարձնում նրան, տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների ու նոր էլիտայի քայլերի եւ վարքագծի համար:

Սա նշանակում է, որ որեւէ սխալ ու բացթողում, որը կգրանցվի ՀՀ-ի արտաքին կամ ներքին քաղաքականության մեջ, լինի դա տնտեսություն, թե անվտանգություն, վերագրելու են ոչ թե այս կամ այն ուղղության պատասխանատուին, այլ` անհատապես վարչապետին: Նմանատիպ անհատական բարձր մակարդակի պատասխանատվություն ՀՀ պատմության մեջ դեռ չի կրել ոչ մի քաղաքական գործիչ, հետեւաբար դա հատկապես բարդացնում ու նոր որակ է ստեղծում Նիկոլ Փաշինյանի համար:

Հիմնական հարցը, թե որտեղ է կայանում մեր ապագայի անորոշությունը. մասամբ կապված է հեց այսՙ մեկ մարդու ահատական բարձր պատասխանատվության գործընթացի հետ: Այսինքն նկատելի է, որ գործող վարչապետը չունի քաղաքական այն թիմը, որը ունենա համապատասխան գիտելիք ու փորձ` պետության կառավարման գործընթացը հաջողությամբ իրականացնելու ու նրան աջակցելու համար:

Այսինքնՙ այսօր իշխանության է եկել մի թիմ, որի կառավարման ունակություները կասկածելի են, բայց որը միաժամանակ հսկայական պատասխանատվություն է կրելու պետության արդիականացման գործընթացը ավարտելու եւ հաջողություն գրանցելու համար: Արդյո՞ք դա հնարավոր է եւ արդյո՞ք դա կարող է տեղի ունենալ ՀՀ-ում քաղաքական ընդդիմության փաստացի բացակայության պայմաններում:

Այսինքն` ձեւավորվել է խորհրդարան, որտեղ բացակայում է ընդդիմությունը, իսկ նրանք, ում վրա դրված է ընդիմություն լինելու «պատախանատվությունը»ՙ Լուսավոր Հայաստան եւ Բարգավաճ Հայաստան կուսակցություները, առայժմ զբաղված են միմյանց քնադատելով:

Սա եւս նոր երեւույթ է անկախ Հայաստանի քաղաքական պատմության մեջ, երբ խորհրդարանում փաստացի բացակայում է ընդիմությունը, իսկ ԱԺ նախագահը ընտրվում է միաձայն` առանց այլընտրանքի:

Կհաջողի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը, որն ունի քաղաքականապես անփորձ թիմի եւ չունի զարգացման հստակ ռազմավարություն: Սա մի հարց է, որը կարեւոր է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար, քանի որ, այսպես կոչված հետհեղափոխական Հայաստանի հաջողությունը բխում է պետականամետ մտածողություն ունեցող ամեն մեկ հայի շահերից:

Սակայն, նկատենք, որ ՀՀ-ում փաստացի ստեղծված միանձնյա կառավարման համակարգում, որտեղ սուպերվարչապետական իշխանությունը կարող է միմիայն բացասական դեր կատարել պետության առաջընթացի համար, վտանգում է ժողովրդավարության գաղափարն անգամ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաջողությունը կախված է ոչ այնքան նրա գործունեությունից, որքան այն սպասումներից ու ակնկալիքներից, որը նրանից ունի միջին վիճակագրական ընտրողը, որն աջակցել է «Իմ քայլը» դաշինքին: Այսինքն` Հայաստանում ձեւավորվել են այնպիսի սպասումներ, ըստ որոնց նորընտիր վարչապետին կհաջողվի շատ կարճ ժամանակամիջոցում հաջողություններ գրանցել:

Հաշվի առնենք, որ վերջին տարիներին ձեւավորված այն կարծիքը, թե ՀՀ-ում հաջողությունների բացակայության հիմնական պատճառը իշխող ՀՀԿ-ն էր, արդեն «հաղթահարվել» է, հետեւաբար բնակչության մի հսկայական հատված ակնկալում է կյանքում որակական փոփոխություններ տեսնել մոտակա մի քանի ամիսների ընթացքում: Նմանատիպ մոտեցումը, որի հիմնական հեղինակը ներկա իշխանություններն էին` իրենց ընդդիմադիր լինելու շրջանում, իր մեջ ծուղակ է պարունակում, քանի որ ձեւավորվել է հաջողության հասնելու, կարելի է ասել, կեղծ տեսլական:

Հետեւաբար, եթե առաջիկա 6 ամիսների կամ գոնե մեկ տարվա ընթացքում չգրանցվեն հաջողություններ ու բնակչության մի մեծ զանգված որակական փոփոխություներ իր վրա չզգա, ապա արդեն կհամարվի, որ գործող քաղաքական իշխանությունը ձախողվել է: Սա իր մեջ որոշակի վտանգներ պարունակող իրավիճակ է, որը եթե գործող քաղաքական էլիտան ու կառավարությունը չհասկանան եւ չկարողանան ցույց տալ, որ էական աշխատանքներ են իրականացվում, ապա հնարավոր է` մեկ տարի հետո հանգենք այն եզրակացությանը, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն անարդյունավետ էին:

Կկարողանա՞ արդյոք Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խուսափել այս իրավիճակից, սրա պատասխանից է կախված ոչ միայն այսօրվա կառավարության, այլեւ ՀՀ-ի զարգացման ապագան: Նոր կառավարությունն իր գործունեությամբ պետք է ցրի այն մառախուղը, որը պատել է ՀՀ-ն եւ որը հնարավորություն չի տալիս տեսնելու պետության զարգացման ռազմավարությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 18-01-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ