RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 18-01-2019



ՓԼՈՒԶՈՒՄ

Տեղադրվել է` 2019-01-17 23:22:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 2004, Տպվել է` 255, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՄԵՐԺԵՑ BREXIT-Ի ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը երեքշաբթի ուշ երեկոյան մեծ ցնցումների սկիզբը դրեցՙ ձայների գերակշիռ մեծամասնությամբ մերժելով ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ Եվրոմիության եւ բրիտանական կառավարության համաձայնեցրած պայմանագիրը: Ընդդիմության առաջնորդ Ջերեմի Կորբինը անմիջապես հանդես եկավ Թերեզա Մեյի կառավարությանը անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ:

Պայմանագրին դեմ քվեարկեցին 432, կողմՙ 202 պատգամավորներ: Բրիտանական խորհրդարանի պատմության մեջ կառավարությունը դեռ երբեք այդպիսի ջախջախիչ պարտություն չէր կրել:

Սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններից բացի հնարավոր են իրադարձությունների զարգացման ուրիշ սցենարներ, որոնց մեծ մասը ենթադրում է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետների հետաձգում: Ներկա պահի տվյալներովՙ դուրս գալու գործընթացը պետք է սկսվի ս.թ. մարտի 29-ին:

Եթե առաջիկա երկուսուկես ամսում Մեծ Բրիտանիայի քաղաքական վերնախավին չհաջողվի լուծում գտնել, ապա երկիրը Եվրոմիությունից դուրս կգա այսպես կոչված «կոշտ Brexit»-ի ձեւով: Եվրոմիության առավել մոլի հակառակորդները, մասնավորապես նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը , գտնում են, որ նման ցնցումը մեծ ողբերգություն չի լինի եւ վերջին հաշվով կնպաստի Մեծ Բրիտանիայի տնտեսությանը: Սակայն Համայնքների պալատի պատգամավորների մեծամասնությունը կարծում է, որ հախուռն կերպով ԵՄ-ից դուրս գալը կվնասի ինչպես Մեծ Բրիտանիայի, այնպես էլ ԵՄ առանձին երկրների տնտեսությանը: Ընդհանուր առմամբ առավել հավանական է համարվում ԵՄ-ից դուրս գալու ժամկետների հետաձգումը:

Վերջին ամիսների իրադարձությունները բավական ոգեւորել են ԵՄ կազմում մնալու կողմնակից բրիտանացիներին: Նրանք առաջարկում են անցկացնել նոր հանրաքվեՙ հուսալով, որ բրիտանացիները կվերանայեն ԵՄ-ից դուրս գալու իրենց որոշումը: Սակայն վարչապետ Թերեզա Մեյի կառավարությունը եւ եվրոհոռետեսները մշտապես դեմ են եղել նոր հանրաքվեի անցկացմանըՙ պնդելով, թե դա հակասում է ժողովրդավարությանը. ժողովուրդը կատարել է իր ընտրությունը եւ հարկավոր է այն իրականացնել, պնդում է Մեյը:

2017 թ. ընտրություններում նոր հանրաքվեի անցկացման օգտին հանդես էր գալիս միայն լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, բայց նա ընդամենը 11 տեղ ունի 650 տեղանոց Համայնքների պալատում: Երկու գլխավոր կուսակցությունները խոստացել էին կատարել 2016 հունիսյան հանրաքվեի ժամանակ ժողովրդի կատարած ընտրությունը:

Ըստ որում, երկրորդ հանրաքվեի արդյունքը նույնպես անկանխատեսելի է: Այս տարվա հունվարին YouGov ընկերության անցկացրած հանրային հարցման տվյալները ցույց են տալիս, որ բրիտանական հասարակության տրամադրությունները գրեթե չեն փոխվել. բրիտանացիների միայն 46 տոկոսն է պատրաստ քվեարկել ԵՄ կազմում երկրի մնալու օգտին, դուրս գալու կողմնակիցները կազմում են 39%, իսկ տատանվողները 15% են: Համանման արդյունքներ էին ստացվել նաեւ 2016 թ. հանրաքվեից առաջ անցկացված հարցումների ժամանակ:

ԵՄ ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենք մտադիր չեն փոփոխել Մեծ Բրիտանիայի հետ կնքված պայմանագիրը, եւ որ դա բրիտանացիներին առաջարկված լավագույն տարբերակն է: Բրյուսելն արդեն հասկացրել է, որ պատրաստ է Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետը հետաձգել մինչեւ առաջիկա ամառ: Վարչապետ Մեյի աղմկալի պարտությունը ի դերեւ հանեց վերջին երկուսուկես տարում Մեծ Բրիտանիայում տարածված այն պատրանքը, թե Brexit-ից հետո կհաջողվի պահպանել Եվրոմիությունից ստացված արտոնությունները եւ միեւնույն ժամանակ անկախ լինել Բրյուսելից:

Ինչպես գրում է լեհական Rzeczpospolita թերթը, Եվրոմիության հետ կապերի լիակատար խզման կողմնակիցները ասում էին, թե Մեյի առաջարկությունները անվերջանալիորեն կսահմանափակեն Միացյալ Թագավորությանը այսպես կոչված «բեքստոպի» պատճառով, ըստ որի Հյուսիսային Իռլանդիան ԵՄ Մաքսային միությունում կմնա այնքան ժամանակ, մինչեւ որ գտնվի Իռլանդիաները բաժանող սահմանագծի վերահսկման եղանակը: Իրենց հերթին, Եվրոմիության հետ կապերի պահպանման կողմնակիցները պնդում էին, որ ԵՄ-ից դուրս գալով Մեծ Բրիտանիան կզրկվի սպասարկումների եվրոպական շուկայի հասանելիությունից:

Լեհական թերթը Մեյի պարտության պատճառը համարում է այն, որ անհնար է մեկ ոտքով կանգնել միացյալ Եվրոպայում, իսկ մյուս ոտքովՙ դրա սահմաններից դուրս:

Նկար 1. Թերեզա Մեյ

Նկար 2. Ջերեմի Կորբին

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 18-01-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ