RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 25-01-2019



ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2019-01-25 18:57:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1735, Տպվել է` 243, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԲՈՒՖԵՐԱՅԻՆ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ԹՈՒՐՔ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԾՐԱԳԻՐ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Արաբական երկրներն ուզում են վերականգնել կապերը Դամասկոսի հետ

Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը չէր կարող Թուրքիայի ղեկավարությանը չդրդել ակտիվացնելու գործողությունները Սիրիայի ուղղությամբ: Առավել եւս, որ Անկարան արդեն քանի ամիս է սպառնում է ռազմական գործողություններ սկսել սիրիացի քրդերի վերահսկողությանը ենթակա տարածքներում: Ըստ երեւույթին, թուրքական վերնախավը որոշել է, որ Եփրատից արեւելք ընկած տարածքի վերահսկչի դերը Վաշինգտոնի հեռանալուց հետ բնականորեն կփոխանցվի Անկարային:

«Մենք ողջունում ենք Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման որոշումը: Այժմ չի կարելի թույլ տալ վակուումի գոյացում Սիրիայի անվտանգության համակարգում», աճապարեց հայտարարել Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն : Իսկ հունվարի սկզբներին Hurriyet թերթը հաղորդեց, որ Անկարայում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ բանակցությունների ժամանակ Թուրքիայի նախագահի օգնական Իբրահիմ Քալինը խնդրել է հենց Թուրքիային փոխանցել Սիրիայի հյուսիս-արեւելքում ազատվող ամերիկյան ռազմակայաններն ու հենակետերը:

Բոլթոնի այցը Թուրքիայում այնքան էլ հարթ չէր անցել. նախագահ Էրդողանը հրաժարվել էր ընդունել նրան: Արդեն Թուրքիա կատարած իր այցելությունից առաջ Ջոն Բոլթոնը հեռակա կարգով Անկարայից պահանջել էր երաշխավորել սիրիացի քրդերի անվտանգությունը: Էրդողանի քայլը անշուշտ զայրացրել էր պոռթկուն Թրամփին, որը իրեն բնորոշ ձեւով սպառնացել էր տնտեսապես հյուծել Թուրքիային, եթե վերջինս հարձակվի սիրիացի քրդերի վրա: Թուրք քաղաքական գործիչները հայտարարել էին իրենց երկրի տնտեսության անխորտակելիության մասին, իսկ հեռակա բանակռվի վերջակետը դրեց նախագահ Էրդողանը ՙ հայտնելով, որ ինքը, վշտացած լինելով ամերիկացի պաշտոնակցի խոսքերից, նրա հետ դրական հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում կողմերը որոշել են ամրապնդել առեւտրատնտեսական համագործակցությունը, եւ, որ գլխավորն է, «պատմական համաձայնության» են հասել Սիրիայի առնչությամբ: Նկատի է առնվում Սիրիայի տարածքում թուրք-սիրիական սահմանի երկայնքով 20 մղոնանոց բուֆերային գոտու ստեղծումը, եթե ԱՄՆ-ը եւ կոալիցիան պաշտպանեն այդ նախաձեռնությունը:

Նախագահների համաձայնության օրը թուրքական մամուլը բավական հանգամանորեն պատմեց նախատեսվող անվտանգության գոտու մասին: ԶԼՄ-ների շարադրանքում շեշտը դրված էր հետեւյալ կետերի վրա:

Միջազգային օրինականության ապահովման նպատակով «անվտանգության գոտու» սահմանները պետք է որոշեն ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն: Ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո անվտանգության գոտի կմտնեն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի զինված ուժերը: Անվտանգության գոտին կվերահսկեն թուրքական բանակի ստորաբաժանումները եւ Ազատ սիրիական բանակի ուժերը: Գոտու օդային տարածքը փակ կլինի ռազմօդանավերի համար, որեւէ մեկին չի թույլատրվի պաշտպանել «ահաբեկչական կազմակերպությանը» (ակներեւաբար խոսքը Սիրիայի հյուսիսում քրդերի ռազմական ու քաղաքական կազմակերպությունների մասին է): Թուրքիային իրավունք է վերապահվում պատասխանելՙ «ահաբեկչական կազմակերպության» հարձակումների դեպքում: Անվտանության գոտին պաշտպանված կլինի «Բաշար Ասադի կոշտ վարչակարգից եւ ահաբեկչական կազմակերպություններից»: Տարածքի մաքրումից հետո այնտեղ կվերաբնակեցնեն սիրիացի փախստականներին:

Թուքիայի առաջիկա նպատակների լրջության մասին պետք է վկայեր նաեւ հունվարի 12-ին թուրքական բանակի գլխավոր շտաբի հրապարակած Մամբիջի շրջանի գրավման ծրագիրը: Հատկանշական է, որ դրանից երկու շաբաթ առաջ, ռուսական զորքի եւ սիրիական բանակի Մամբիջի արվարձաններ մտնելուց բառացիորեն մի քանի ժամ անց, Էրդողանը հայտարարել էր, թե թուրք զինվորները այդ քաղաքում անելիք չեն ունենա, եթե ահաբեկիչները հեռանան այնտեղից:

Եթե Թուրքիայի առջեւ հերթական անգամ հնարավորություն է ստեղծվում դառնալու տարածաշրջանային գերտերություն, ապա քրդերի քաղաքական շարժումը Թրամփի որոշումից հետո հայտնվեց աղետալի վիճակում: Աֆրինում թուրքական զորքերի գործողություններից հետո քուրդ քաղաքական գործիչների մեծամասնությունը, ըստ երեւույթին, դասեր չառավ: Ուստի թուրքերի նոր հարձակումը կանխելու միակ եղանակն այժմ Դամասկոսի հետ հաշտվելն է, ըստ որումՙ վերջինիս պայմաններով:

Քուրդ քաղաքական գործիչների վերջին հայտարարությունները ակնհայտորեն վկայում են, որ քրդերը ակնկալում են Սիրիայի կառավարության հետ շատ լայն համագործակցություն, Դամասկոսին կոչ են անում պաշտպանել երկրի ինքնիշխան սահմանները, իսկ քրդերի զինված ջոկատները պատրաստ են միանալ սիրիական բանակին: Ընդսմին նրանք ակնկալում են Մոսկվայի աջակցությունը: Մոսկվա այցելած քրդական պատվիրակության անդամներից մեկին վկայակոչելովՙ ֆրանսիական Figaro թերթը գրում է, որ սիրիացի քրդերի ներկայացուցիչները Մոսկվայում քննարկել են արտաքին վտանգներից պաշտպանվելու ընդհանուր համակարգի ստեղծման հարցը եւ ռուսական կողմին խնդրել են միջնորդ դառնալ Դամասկոսի հետ իրենց շփումներում:

Պաշտոնական Դամասկոսը պատրաստ է կատարել հանդիպական քայլեր: Սիրիայի փոխարտգործնախարար Այման Սոուսանիի խոսքերով, իր երկրի «կառավարությունը չի ընդհատել երկխոսությունը սիրիացի քրդերի հետ, որոնք Սիրիայի լիիրավ քաղաքացիներ են»: Իսկ վերջերս շփումները է՛լ ավելի են աշխուժացել Թուրքիայի հնարավոր հարձակման վտանգին դեմ-հանդիման:

Միջազգային ասպարեզում եւս աճում է Սիրիայի կառավարության հեղինակությունը, որի օրինականությունը երկար ժամանակ վիճարկվում էր տարածաշրջանի մայրաքաղաքներում: Արաբական երկրներն աստիճանաբար վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները Դամասկոսի հետ: Խոսքը նաեւ Սիրիային Արաբական պետությունների լիգա վերադարձնելու մասին է:

Լոնդոնում լույս տեսնող Middle East Eye հրատարակությունը Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից երկրների թվում հիշատակում է Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն եւ Եգիպտոսը: Հրատարակության կարծիքով, արաբական երկրներն այդ ձեւով փորձում են Իրանին զրկել սիրիական պլացդարմից եւ սանձել Թուրքիայի ռազմական ծավալողականությունը: Այս հարցում նրանց աջակցում է Իսրայելը:

Այսպիսով կարելի է ենթադրել, որ Թուրքիան դեպի արեւելք իր ծավալողական նկրտումներում կբախվի ոչ միայն քրդական աշխարհազորին: Նախկին դիվանագետ եւ քաղաքական վերլուծաբան Այդին Սելջենի կարծիքով, այսօր Թուրքիան կանգնած է քաղաքական ճամփաբաժանում. «Մենք ինչպիսի՞ արդյունքի կհասնենք, եթե սահմանը տեղաշարժենք 30 կմ դեպի հարավ, իսկ սահմանամերձ քրդերին քշենք անապատներ: Իսկ հետո ի՞նչՙ կշարժվենք դեպի Իրաքյան Քրդստա՞ն: Հետո Պուտինին խնդրենք Եփրատից արեւելք ընկած հողերը չհանձնե՞լ Դամասկոսին: Չգիտեմ»:

Էրդողանի հետագա քայլերը ցույց կտան, թե Թուրքիան ինչպիսի դիրք է զբաղեցնում Սիրիայի հակամարտության մեջՙ որպես ՆԱՏՕ-ի անդամ կամ որպես Ռուսաստանի եւ Իրանի դաշնակից: Երկու դերերի համատեղումը ավելի ու ավելի դժվար է դառնում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 25-01-2019

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ