RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԱԶԳ-ի խմբագրակազմը առաջիկա երկու շաբաթը կլինի արձակուրդի մեջ եւ իր սիրելի ընթերցողներին կհանդիպի օգոստոսի 23-ին։
#002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 01-02-2019



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2019-02-01 03:11:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1797, Տպվել է` 319, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԵՆԵՍՈՒԵԼԱՆ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Էրդողանը Մադուրոյի աջակից

Վենեսուելայի տնտեսությունը հիմնված է նավթարդյունահանման վրա, որից ստացվում է երկրի արտահանական եկամուտների 95 տոկոսը: Ըստ BP վերազգային ընկերության 2014 թ. տվյալների, երկրի նավթի հետախուզված պաշարները գնահատվում են 46,6 մլրդ տոննա, որը կազմում է նավթի համաշխարհային պաշարների 17,5 %-ը:

Այն բանից հետո, երբ հունվարի 23-ին Վենեսուելայի խորհրդարանի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակեց պետության ղեկավար եւ խոստացավ պայքարել նախագահ Նիկոլաս Մադուրոյի բռնատիրության դեմ եւ անցկացնել ազատ ընտրություններ, նրա իշխանությունը ճանաչեցին ԱՄՆ-ը, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան եւ լատինամերիկյան պետություներըՙ Բրազիլիայի եւ Արգենտինայի գլխավորությամբ: Նախագահ Դոնալդ Թրամփը Խուան Գուայդոյին նախագահ ճանաչեց Կարակասի հանրահավաքում ընդդիմության դիմումի հրապարակումից ընդամենը մի քանի րոպե անց:

Երբ վերոհիշյալ երկրները ճանաչեցին Վենեսուելայի ինքնակոչ նախագահին, ակնհայտ դարձավ, որ այդ երկրում սուր ճգնաժամը տեղայնացված չէ, ինչպես դա լինում էր անցյալում Հարավային Ամերիկայում: Ճգնաժամը դուրս է եկել միջազգային մակարդակՙ դառնալով աշխարհաքաղաքական խաղի բաղկացուցիչ մաս: Ըստ որում, եթե անցյալում ԱՄՆ-ը (ասենք Մերձավոր Արեւելքում, իրականացնելով այսպես կոչված արաբական գարնան սցենարը), գործում էր հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա, ապա այժմ սուր ճգնաժամի է բախվում իր հետնաբակում:

Այս կապակցությամբ որոշ փորձագետներ խոսում են նույնիսկ քաղաքակրթային պառակտման մասինՙ նկատի ունենալով, որ մի կողմում հայտնվել են ԱՄՆ-ը, Կանադան, Մեծ Բրիտանիան, Եվրոմիության երկրները, Հարավային ամերիկայի շատ երկրներ, ինչպես նաեւ Վրաստանը, մյուս կողմումՙ Ռուսաստանը, Չինաստանը, ՀԱՀ-ը, ինչպես նաեւ Թուրքիան եւ Իրանը:

Վենեսուելայում միլիարդավոր դոլարներ ներդրած եւ դրանց կորստից վախեցող Մոսկվան այդ երկրի տնտեսական ճգնաժամը կանգնեցնելու նպատակով 2018 թ. նոյեմբերին այնտեղ գործուղեց մի խումբ փորձագետների, գրում է Փարիզի Le Monde թերթը: Նիկոլաս Մադուրոն եւ նրան նախորդած Ուգո Չավեսը երկար ժամանակ կանոնավորապես հյուրընկալվել են Կրեմլում: Իր կառավարման հինգուկես տարում Մադուրոն առնվազն չորս անգամ այցելել է Մոսկվա: Վերջին այցելությունը 2018-ի դեկտեմբերին էրՙ իր երկրորդ պաշտոնակալությունից մեկ ամիս առաջ: Ս.թ. հունվարի 24-ից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարեց Մադուրոյին եւ իր աջակցությունը հայտնեցՙ նշելով, որ քաղաքական ճգնաժամի սրումը հրահրել են արտաքին ուժերը:

Վենեսուելայում իշխանափոխությունը կարող է աղետ դառնալ Ռուսաստանի համար: 2000-ականների սկզբից Մոսկվան եւ ռուսական խոշոր ընկերությունները վարկերի տեսքով Վենեսուելայում ծախսել են 15 մլրդ եվրո: 2018 թ. դեկտեմբերին Մադուրոն հայտարարեց, որ Ռուսաստանը ավելի քան 5 մլրդ դոլար է ներդնում Վենեսուելայի նավթարդյունաբերության մեջ եւ ավելի քան 1 մլրդՙ արդյունահանման ոլորտում, ինչպես նաեւ կմատակարարի 600 հազար տոննա հացահատիկ, ասվում է Le Monde-ի հրապարակման մեջ:

Ռուսաստանցի լրագրող Միխայիլ Զիգարը իր «Կրեմլի մարդիկ» գրքում հիշատակում է մի հետաքրքրական փաստ: Վենեսուելայում խոշոր ներդրումներ կատարած Роснефть-ի ղեկավար Իգոր Սեչինը Ուգո Չավեսին հորդորել էր ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը 2008 թ ռուս-վրացական պատերազմից հետո: Դրա դիմաց Վենեսուելային մեկ մլրդ դոլարանոց վարկ էր հատկացվել ռուսական զենքի գնումների համար:

Նիկոլաս Մադուրոյին դժվար կլինի պահպանել ստատուս քվոն, եթե տարածաշրջանային ուժերը եւ ԱՄՆ-ը սկսեն ակտիվորեն կապեր զարգացնել Խուան Գույդոյի հետ, կարծում է AKE International միջազգային վերլուծական կենտրոնի փորձագետ Լյուսիա Կամանյոն :

Եթե Վենեսուելայի ճգնաժամը առայժմ միայն տեսականորեն կարող է թեժ կետ դառնալ Հարավային Ամերիկայում, ապա Մերձավոր Արեւելքում վաղուց նման կետ է Սիրիան: Եվ Վենեսուելայի դեպքերը արտաքուստ զարգանում են սիրիական սցենարով, թեպետեւՙ որոշ տարբերություններով: Այդ մասին ասում է Սիրիայում Վենեսուելայի դեսպան Խոսե Գրեգորիո Մուցատիսը ՙ համեմատելով երկու երկրների իրադարձությունները եւ վկայակոչելով «համանման սկզբնավորումը»ՙ օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ հրահրված դժգոհության ալիքը, իրեն ժամանակավոր նախագահ հռչակած, ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն եւ Վաշինգտոնի կողմից նրա շուտափույթ ճանաչումը, «նոր վարչակարգի» ճանաչման նպատակով Վաշինգտոնի գործադրած ճնշումը:

Երկու ճգնաժամերը նման են նաեւ նրանով, որ սկսվեցին տնտեսական ու քաղաքական բարեփոխումների պահանջով ծայր առած ժողովրդական հուզումներով, իսկ հետո վերաճեցին միջազգային ճգնաժամիՙ ներքին խնդիրների միահյուսմամբ: Առայժմ հայտնի չէՙ ամերիկացիները ուղղակիորեն կմիջամտե՞ն արդյոք հարավամերիկյան երկրի գործերին, կփորձե՞ն արդյոք կոալիցիա կազմել հարեւան երկրներից: Կասկածից վեր է, որ ամերիկացիները հսկայական ջանքեր են գործադրում Վենեսուելայի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու համար: Իհարկե, շատ բան կախված կլինի փոխզիջումային լուծումներ փնտրելու եւ գտնելու Մադուրոյի կարողությունից: Նրա ջանքերին պետք է օժանդակեն պայմանական «եվրասիական կոալիցիայի» երկրներըՙ Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան եւ Իրանը, կարծում է Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը :

Այս ուղղությամբ կոալիցիան կարող է դիվանագիտական եւ քաղաքական երկխոսություն սկսել Միացյալ Նահանգների եւ նրա գործընկերների հետՙ նկատի ունենալով սեփական շահերը Լատինական Ամերիկայում: Բացառված չէ, որ իրադարձությունների նման ընթացքը հիվանդագին կերպով ընկալվի Վաշինգտոնում:

Երկրորդ սցենարն այն է, որ Սիրիայի նմանությամբ, Վենեսուելայի ճգնաժամը կարող է տեւել տարիներՙ առաջացնելով գաղթականների զանգվածային ալիք դեպի հարեւան երկրներ եւ ԱՄՆՙ Վենեսուելան բաժանելով տարբեր խմբերի ազդեցության գոտիների եւ հաստատելով փաստական երկիշխանություն, ինչպես դա տեղի ունեցավ Լիբիայում եւ մասամբՙ Սիրիայում:

Եվ վերջապես, երրորդ սցենարն այն է, որ կշարունակվի տնտեսական ուժգին ճնշումը Կարակասի վրա, որպեսզի Մադուրոն հեռացվի ասպարեզից եւ հաստատվի ամերիկամետ վարչակարգ, թեեւ դեպքերի նման ընթացքը եւս չի բացառում քաղաքացիական պատերազմը, որը կորոշի ուժերի նոր դասավորությունը Հարավային Ամերիկայում: Սիրիայի փորձը դա արդեն ցույց է տվել:

Տարասովի կարծիքով, այժմ խնդիրը նույնիսկ այն չէ, թե Կարակասը պե՞տք է արդյոք աշխարհաքաղաքական դաշնակից համարվի Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի եւ Թուրքիայի համար: Կարեւորն այն է, որ ԱՄՆ-ը իր սահմանների մոտակայքում ստանում է անսովոր հարավային ճակատ սիրիականի նմանությամբ, սակայնՙ հարեւան երկրների անուղղակի եւ սահմանափակ մասնակցությամբ, որոնք գրագետ կերպով օգտագործում են միջազգային իրավունքը: Պատահական չէ, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը, Գազիանթեփում (Այնթափ) ելույթ ունենալիս, հարց տվեց. «Իսկ ի՞նչ են անում Սիրիայում 12 հազար կիլոմետր հեռվից եկածները: Նրանց չի մտահոգում սիրիացի ժողովրդի ազատությունը: Ընդհակառակը, նրանք ուզում են լոկ բարդացնել խնդիրը»: Դեռ պարզ չէ, թե Մոսկվային, Պեկինին, Թեհրանին եւ Անկարային կհաջողվի՞ արդյոք ի չիք դարձնել Գուայդոյի ապստամբությունը եւ Վենեսուելային օգնել դուրս գալու տնտեսական սուր ճգնաժամից:

Թուրքիայի նախագահ Էրդողանը կարեւոր աշխարհաքաղաքական քայլ է կատարել: Նիկոլաս Մադուրոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում նա մասնավորապես ասել է. «Եղբայր իմ, Մադուրո, դիմացի՛ր, մենք քեզ հետ ենք»: Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը ընդգծել է, որ Անկարան կպահպանի հեղաշրջումների միջոցով իշխանությանը տիրելու ամեն տեսակ փորձերի մերժման իր դիրքորոշումը:

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ԱՄՆ-ին եւ լատինամերիկյան մի շարք երկրների մեղադրել է Վենեսուելայի ներքին գործերին միջամտելու մեջ: Նա նշել է, որ իրավիճակը կարող է հանգեցնել քաոսի, եւ որ երկրները չպետք է ենթարկվեն մեկուսացման: Ինքըՙ Էրդողանը, ով 2016-ի հուլիսին փրկվեց պետական հեղաշրջման փորձից, եւ հրաշալի գիտե, թե ով եւ որտեղ է գրել սցենարը, ըմբռնումով է վերաբերվում Վենեսուելայի իրավիճակին, որտեղ ընդդիմությունը փորձում է տապալել Մադուրոյին: Նախագահ Էրդողանն ինքը զգում է Վաշինգտոնի քաղաքական ու տնտեսական ճնշումը: Բայց բանը միայն դա չէ:

Վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ Թուրքիան բացահայտ մարտահրավեր է նետում ԱՄՆ-ին Լատինական Ամերիկայում, որն ավանդաբար համարվում է ամերիկյան շահերի գոտի: Անկարան ցույց է տալիս, որ ինքն ընդլայնում է արտաքին քաղաքական հետաքրքրությունների ոլորտը, մասնավորապեսՙ Վենեսուելայում, որի հետ քաղաքական ու տնտեսական լայն երկխոսություն է սկսել: Ինչպես նշում է թուրքական Sabah թերթը, G20-ի արգենտինյան գագաթաժողովից հետո Էրդողանն այցելել է Կարակաս, որտեղ ստորագրել է 5 մլրդ դոլարի հասնող պայմանագրեր: Ի դեպ, Չինաստանի կապիտալ ներդրումները Վենեսուելայում գնահատվում են 60 մլրդ դոլար, Ռուսաստանինըՙ 16-17 մլրդ դոլար:

Թուրք փորձագետներից շատերը Վենեսուելայում իրենց երկրի ներդրումների փաստը գնահատում են որպես Թուրքիայի հայտՙ դառնալու ոչ թե լոկ տարածաշրջանային, այլ առհասարակ մեծ տերություն: Խոսքը Հարավային Ամերիկայում Անկարայի ազդեցության աճի մասին է: Ահա թե ինչու Վենեսուելայի դեպքերին Էրդողանի արձագանքը միանգամայն բացատրելի է: Նա հասկացնում է, որ Թուրքիայի նկատմամբ նույնպես գոյություն ունի միջազգային դավադրություն, որի նպատակը երկրի քաղաքական ու տնտեսական ձեռքբերումների ոչնչացումն է: Պատահական չէ, որ ամերիկացի փորձագետներից շատերը համեմատում են Էրդողանի եւ Մադուրոյի ռազմավարություններըՙ պնդելով, որ նրանք ամբոխավարական ձեւով օգտագործում են ժողովուրդների հակաամերիկյան տրամադրությունները: Միայն թե, ի տարբերություն Մադուրոյի, Էրդողանն առավել ակտիվորեն է հանդես գալիս Վաշինգտոնի դեմ:

Հիշեցնենք, որ վերջերս Դոնալդ Թրամփը սպառնացել էր տնտեսապես սնանկացնել Թուրքիան, եւ դրան պետք է հաջորդեին քաղաքական ցնցումներ: Ընդհանուր առմամբ այսպես է բնորոշվում աշխարհաքաղաքական համատեքստը, որը բնութագրում է Անկարայում Կարակասի իրադարձությունների ընկալումը: ինչպես նշում է վենեսուելական TalCual հրատարակությունը, Մադուրոյի եւ Էրդողանի միջեւ հաստատվել են վստահական հարաբերություններ, Կարակասը Թուրքիան դասում է վերածնվող համաշխարհային տերությունների շարքին: Էրդողանը հասկանում է, որ ամերիկացիները բոլոր հնարավորությունները չունեն Կարակասի վարչակարգը փոխելու համար, ամերիկացիներին ինչ-որ բան պակասում է: Այս կապակցությամբ Sabah թերթը չի բացառում, որ Վենեսուելայում իրադարձությունները կարող են զարգանալ սիրիական սցենարով: Հնարավոր է, որ Վենեսուելայում Թուրքիան եւ որոշ այլ երկրներ (ներառյալ Ռուսաստանը) իբրեւ միջնորդ հանդես գան իշխանությունների եւ ընդդիմության փոխհարաբերություններում:

Մինչդեռ ԱՄՆ-ը սպառնում է նույնիսկ ռազմական միջամտությամբ: Ինչպես ժամանակին Սիրիայում Բաշար Ասադի դեպքում, այստեղ էլ նա պահանջում է Նիկոլաս Մադուրոյի հրաժարականը, ինչը տեղական ընդդիմությանն օբյեկտիվորեն դրդում է կառավարության նկատմամբ ուժային դիմակայության: Բայց ներկա պահին առավել իրատեսական է թվում Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների պատժամիջոցների խստացումը: Վենեսուելայի հակամարտությունը, ինչպես Սիրիայինը, վճռական են Հարավային Ամերիկայում եւ Մերձավոր Արեւելքում միջազգային կարգի պահպանման տեսակետից: Չնայած տարբերություններին, երկու ճգնաժամերն ունեն ընդհանուր բովանդակություն:

Ի դեպ, հունվարի 25-ի Նիկոլաս Մադուրոն հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը չի նշանակում կապերի խզում ամերիկացիներ հետ: «Ես հարաբերությունները խզեցի ԱՄՆ կառավարության, այլ ոչ թե ժողովրդի հետ: ԱՄՆ-ը ավելին է, քան Թրամփի կառավարությունը: Մենք կշարունակենք վաճառել նավթ, որն այնտեղ խնդրում են մեզանից», հայտարարեց Մադուրոն Վենեսուելայի ռադիոյի ուղիղ եթերում: Ավելի վաղ նա քաղաքական եւ դիվանագիտական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ խզել էր ի պատասխան երկրի ընդդիմությանն ամերիկացիների աջակցության: Ուրբաթ օրը ԱՄՆ-ը սկսեց իր դիվանագետներին դուրս բերել Վենեսուելայից:

Իսպանական El Pais թերթը հաղորդում է, որ ԵՄ չորս խոշոր երկրներՙ Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան հունվարի 26-ին պատրաստակամություն են հայտնել Խուան Գուայդոյին ճանաչելու որպես Վենեսուելայի նախագահ: Երկրները Նիկոլաս Մադուրոյին առաջարկել են ութ օրվա ընթացքում անցկացնել արտահերթ ընտրություններ, այլապես իրենք կճանաչեն Գուայդոյին: Ինչ վերաբերում է Նիկոլաս Մադուրոյին, նա հունվարի 27-ին հանդես եկավ հայտարարությամբՙ ասելով, որ ինքը անվերապահորեն մերժում է իրեն ներկայացված վերջնագիրը:

Հունվարի 29-ին ԱՄՆ գանձապետարանը հաղորդեց, որ նոր պատժամիջոցներ են սահմանվում Վենեսուելայի Petroleos de Venezuela պետական նավթային ընկերության նկատմամբ: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարեց, որ ամերիկացիները կարող են այսուհետեւ էլ գործարքներ կնքել այդ ընկերության հետ, բայց դրանցից ստացվող փողերը կփոխանցվեն հատուկ հաշիվների, որոնք անհասանելի են պաշտոնական Կարակասի համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 01-02-2019

AZG Daily #30, 02-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ