RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 08-02-2019



Տեղադրվել է` 2019-02-08 11:17:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 2141, Տպվել է` 231, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻՆ ԸՆԴԳԾՎԵՑՙ ԳԴՀ- ՈՒՄ ԱՌԱՎԵԼ ԸՆԿԱԼԵԼԻ ԵՆՔ ԴԱՌՆՈՒՄ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

«Բարի գալուստ»ՙ Մերկելի հայերեն ողջույնը

Ժամանակին առիթ ունեցել ենք մեր թերթում արձանագրելու 2018- ի մարտ- ապրիլից Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների հանդեպ գերմանական ԶԼՄ- ների ամենօրյաՙ հաճախ գերուշադիր հայացքը: Տեղում աշխատող լրագրողների ռեպորտաժներն ու հարցազրույցները թավշյա հեղափոխության, դրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի մասին հանրային այնպիսի դրական կարծիք էին ձեւավորել, ճանաչելիություն ապահովել մեր երկրին, որ անկախությունից ի վեր երբեւէ չէր եղել:

2018- ի օգոստոսին Անգելա Մերկելի Հայաստան կատարած տարածաշրջանային այցի ժամանակ աննկատ չմնաց այն հանգամանքը, որ ԳԴՀ կանցլերը դրական տպավորություն է ստացել Հայաստանի երիտասարդ առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցից, որ թեպետ ընթացել էր թարգմանչի օգնությամբ, բայցՙ միմյանց հասկանալիՙ 21- րդ դարում գործածվող բառապաշարով: Բանավոր հաղորդակցությունն ու մարդկային ջերմությունն այնուհետ շարունակվեց Հյուսիսային պողոտայում, ժողովրդի հետ սելֆիների, լուսանկարների առատությունը ողողեց սոցիալական ցանցերը: Կանցլերի կայքէջում, ի շարս այլ հիշատակների, Երեւանից լուսանկարներ դեռ կարելի է տեսնել: Սելֆիները սակայն միանշանակ գոհունակությամբ չէին ընդունվել. հայաստանյան հանրության քննադատող շերտը, վկայակոչելով այդ այցի կարեւորըՙ գրավոր տեքստի, կուռ հաղորդագրության վերածելու կառավարության աշխատակազմի ցանկության բացակայությունը, ասում էրՙ ուրեմն սելֆիից բացի ուրիշ ոչինչ չկա սպիտակ թղթին արձանագրելու:

Հայերիս թերահավատությունը ցրեց գերմանական մամուլըՙ Հայաստանի «Թումո» կենտրոնի օրինակը օգոստոսյան այցին գերմանացիներին տպավորել էր այնքան, որ Բեռլինում ցանկություն էին հայտնել ստեղծել դրա նմանը: Դեկտեմբերինՙ երկրաշարժի 30- ամյակի տխուր առիթով գերմանացի թղթակիցներ ժամանեցին Աղետի չվերջացող գոտի, իրականության դառնությամբ լցրեցին իրենց ռեպորտաժները, բայց հույսն էլ արձանագրեցին. «Հայաստանը զարթոնքի շեմին» ենթավերնագրի տակ մատուցելով այն մեծ փոփոխությունը, որ շնորհիվ Փաշինյանի ժողովուրդն ունի իր մտքումՙ Հայաստանից չի հեռանալու, եկել է արդար կամարտահայտմամբ ընտրության, արարելու ժամանակը: Դեկտեմբերի 10- ին Մերկելն առաջինը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանինՙ դեկտեմբերի 9- ին ՀՀ արտահերթ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, իր ուղերձում ծանուցելով, թե ուրախ կլինի նրան առաջիկայում հանդիպելՙ երկու երկրների հարաբերությունները խորացնելուՙ Երեւանում ձեռք բերված պայմանավորվածություններից ելնելով: Փետրվարի 1- ին ԳԴՀ 64- ամյա կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում իր գրասենյակի առջեւ զինվորական պատվո ողջույնով, ժպտադեմ հյուրընկալեց երկօրյա պաշտոնական գերխիտ այցը մեկ օր առաջ Քյոլնից սկսած ՀՀ իր պաշտոնակից 43- ամյա Նիկոլ Փաշինյանինՙ նախապես թվիթերում ի հարգանս նրա իր գրառումը սկսելով լատինատառ «բարի գալուստ Գերմանիա»-յով:

Սա պետություն ներկայացնող պաշտոնյայի հանդեպ հարգանքի այն ընդգծված արտահայտությունն է, որ ուզում էր ցույց տալ Գերմանիայի կանցլերը, մեկը, որ նախանձախնդիր է իր լեզվի հանդեպ, մեկը, որ օտար լեզուների տիրապետելովՙ պաշտոնական զրույցները վարում է սեփական լեզվովՙ նախապատվություն տալով դիմել թարգմանչի օգնությանը: Գերմանական ԶԼՄ- ներում այցի վերաբերյալ մեկնաբանություններ չեղան, «Դոյչե վելլեի» ռուսական ծառայությանը Հայաստանի վարչապետի հարցազրույցը մեր գտած միակ հրապարակումը մնաց առայժմ: Հայաստանյան լրատվամիջոցների, հեռուստաընկերությունների Գերմանիայից լուսաբանմանն այս անգամ աշխույժ լրացնում էր ՀՀ կառավարության պաշտոնական լրատվությունըՙ հուսադրելով, թե Գերմանիայից Հայաստանն ընդօրինակում է նրանց առավելություններից ամենակարեւորըՙ մանրամասն տեղեկատվության ապահովումըՙ ՀՀ մոտեցնելով «գրավոր» երկրի երազելի սահմաններին:

Այցի տնտեսական շեշտը

ՀՀ կառավարության օրակարգում ժողովրդական հեղափոխությունը տնտեսականի փոխակերպելու փուլն է, ազատությունը մարդկանց նաեւ բարեկեցություն պիտի բերի, շեշտադրեց վարչապետ Փաշինյանը ԳԴՀ այցի հենց առաջին օրըՙ հունվարի 31- ին Քյոլնում հանդիպումների ընթացքում:

Վարչապետի գլխավորած պատվիրակությունը նույն օրն առավոտյան իր հանդիպումների շարքը սկսել էր KfW բանկի Արեւելյան Եվրոպայի տնօրեն Օլաֆ Զիմելկայի հետ քննարկմամբ, որի առանցքն է կազմել, ինչպես ծանուցում է կառավարության լրատվական ծառայությունը, բնապահպանական, էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, ջրային տնտեսության, ջրամբարաշինության ոլորտներում ներկա ծրագրերի ընթացքը. զրույց է ծավալվել այլ ուղղություններով համագործակցության ընդլայնման հարցերի մասին:

Այնուհետ, ինչպես արդեն տեղեկացրել էինք մեր թերթի նախորդ համարում, Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունն ուղեւորվեց Քյոլնի տեխնիկական բարձրագույն հաստատություն, որտեղ հիշյալ բուհի ու Հայաստանի պոլիտեխնիկ ինստիտուտի միջեւ կնքվեց ՏՏ ոլորտում համագործակցության հուշագիր: «Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո. թվային եւ տեխնոլոգիական դարաշրջանի խոստման իրագործումը» թեմայով դասախոսության ժամանակ վարչապետը հայտարարեց, թե աշնանը միջազգային կարեւոր իրադարձություն է տեղի ունենալու Հայաստանումՙ ՏՏ համաշխարհային վեհաժողովն 40- ամյա պատմության մեջ առաջին անգամ անցկացվելու է փոքր երկրում, շուրջ 60 երկրի 2000 եւ ավելի պատվիրակների շարքում ուրախ կլինի հյուրընկալել նաեւ գերմանացիների: Համալսարանի ռեկտոր դոկտ. պրոֆ. Շտեֆան Հերցիգն իրադարձություն որակեց թե՛ հանդիպումը, թե՛ հուշագրի ստորագրումըՙ չբացառելով մեր երկիր իր առաջիկա այցի հնարավորությունը: Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերի հետ հանդիպման ժամանակ վերջինս պատրաստակամ է եղել հետագայում քննարկել վարչապետի այն առաջարկը, թե հարուստ մշակութային ժառանգություն ունեցող Քյոլնը դրա պահպանման փորձն ու գիտելիքը կարող է փոխանցել Գյումրիին, եթե համագործակցություն լինի:

Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 1- ին Բեռլինում հանդիպում ունեցավ ԳԴՀ տնտեսության Արեւելյան հանձնաժողով- Արեւելյան Եվրոպա միության եւ գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ: Կառավարության մամլո հաղորդագրության համաձայն, ԳԴՀ տնտեսության Արեւելյան հանձնաժողով-Արեւելյան Եվրոպա միության գործադիր տնօրեն Միշայել Հարմսը ողջունելով վարչապետի բարեփոխումների ծրագիրը, հայտարարել է, թե ՀՀ-ին առնչվող իրենց օրակարգը հավակնոտ է, մարտին տնտեսական մեծ պատվիրակությամբ գալու են Հայաստան: Իսկ մինչ այդ Բեռլինում Հայաստանի հետ կնքվել է վարչապետի պաշտոնական այցի երկրորդ փաստաթուղթըՙ ՏՏ ոլորտում երկու երկրների բիզնես ասոցիացիաների միջեւ համագործակցության վերաբերյալ մտադրությունների մասին հուշագիրը: Հարմսը Հայաստանիՙ ԵԱՏՄ- ին եւ ԵՄ-ին ինտեգրումը ներկայացրել է որպես ներդրումային գրավչության օրինակ: «Ազգ»-ի հունվարի 25-ի համարում ներկայացրել էինք Հայաստանում Գերմանական տնտեսական միության ղեկավար Դիիթմար Կարլ Շթիլի այն կարծիքը, թե գերմանացի ներդրողին կարող է հետաքրքրել այն, որ Հայաստանը կամրջում է ԵԱՏՄ-ն Իրանին, գերմանացի այն ներդրողները, որ ԱՄՆ շուկայում ներգրավված չեն, կարող են օգտվել այս հնարավորությունից, մանավանդ Հայաստան-Իրան սերտ հարաբերությունները նկատի առնելով:

Քյոլնում մեր հարցին ի պատասխան վարչապետ Փաշինյանը հայտնեց, թե փետրվարի 27- ին նախատեսված է իր գլխավորած պատվիրակության Իրան այցը, ինչը փարատեց շատերի անտեղի մտահոգությունը, թե մեր բարեկամ երկրի հետ արտահերթ ընտրություններից հետո կապը չենք նորոգում, քաղաքական եւ տնտեսական օրակարգը նոր բովանդակությամբ չենք հագեցնում: Հայաստանին առիթ է տրվում օգտագործել հարմար պահըՙ Իրանի հետ ակնկալելի տնտեսական համագործակցությունը նպաստավոր հարթակ դարձնելու, նաեւ գերմանացի ներդրողների սպասումները արդարացնելու առումով: Այն լավագույն պատասխանը կդառնա Ալիեւի ՙ Հայաստանը մեկուսացնելու շարունակվող հռետորաբանությանը, եւ Փաշինյանի լեգիտիմության հաղթաթղթի հետ անվտանգության պատվար կդառնա մեր երկրի համար: Մանավանդ որ Ադրբեջանն այնպես էր կազմակերպել, որ Փաշինյանի ԳԴՀ այցի օրն իրենց երկրի գրավչությունը չխամրի: Պատահակա՞ն համընկնում էր, որ հունվարի 31- ին Բունդեսթագի անդամ, տնտեսության, էներգետիկ, տուրիզմի հարցերով պետքարտուղար Թոմաս Բարայսի գլխավորած պատվիրակությունը Ադրբեջանի մայրաքաղաքում հանդիպում էր նախագահ Ալիեւի հետՙ «քննարկելու ԳԴՀ -ի էներգետիկ անվտանգությունը բարձրացնելու, Կասպից ծովից գազն ու նավթը տեղափոխող խողովակաշարերը Գերմանիա հասցնելու հարցը»: Պետքարտուղարի թվիթերյան գրառումից մի այսպիսի պարբերություն էլ հավելելենքՙ «կամենում ենք Ադրբեջանի հետագա զարգացմանը սատարել: Դյուրին հանձնառություն չէ, բայց երկրի, նրա ժողովրդի եւ մեր եվրոպական արժեքների համար կարեւոր է»:

Տնտեսականիցՙ քաղաքական

Գերմանիան առաջին երկիրն է, ուր պաշտոնական այց կատարեց Հայաստանի վարչապետըՙ հանդիպումներ ունեցավ կանցլեր Անգելա Մերկելի, նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի, Բունդեսթագի պատգամավորների հետ, ելույթ ունեցավ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամում: 2018- ի նոյեմբերին նախագահ Արմեն Սարգսյանն էր պաշտոնական այցով Բեռլինում, մայիսինՙ ՀՀ արտգործնախարար Զոհրապ Մնացականյանը: Եթե սրան հավելենք, որ մի քանի օրից նախագահ Սարգսյանը, արտգործնախարար Մնացականյանը Մյունխենում մասնակցելու են անվտանգության ամենամյա համաժողովին, այնուհետ Բեռլին է մեկնելու ԱԺ նախագահը, ապա կարելի է արձանագրել, որ երկու երկրները շարունակում են բարձր մակարդակի ակտիվ քաղաքական երկխոսությունը, եւ այն վերընթաց զարգանում է: Արտգործնախարար Մնացականյանը Քյոլնի տեխնիկական համալսարանում Գերմանիա-Հայաստան հարաբերությունների ներկա մակարդակն արդարեւ «գերազանց» որակեց: Մեզ համար արտաքուստ ուշագրավ մի դրվագ կաՙ թե՛ արտգործնախարարներ Մաասն ու Մնացականյանը, թե՛ նախագահներ Շթայնմայերն ու Սարգսյանը, թե՛ կանցլեր Մերկելն ու վարչապետ Փաշինյանը կանգնած երկխոսելիս այսպես ասածՙ վեր կամ վար հայելու դժվարություն չունեն, նրանց հասակների հավասարությունը, առանց թարգմանչի, անգլերեն թեկուզ կարճ հաղորդակցվելու ունակությունը, 21- րդ դարի մարդու, քաղաքական գործչի բառապաշարը, ինչու չէ, նաեւ ժպտադեմ լինելը երկու երկրների ղեկավարներին ոչ թե հեռացնում, այլ մերձավորության պատկեր է ստեղծում: Այսքան ներդաշնակ երբեք չենք ընկալվել: Այդ իմաստով պակաս կարեւոր չէ նաեւ այն համոզմունքը, որ այցի ընթացքում ընդգծեց վարչապետ Փաշինյանըՙ «Հայաստանի համար ժողովրդավարությունն անշրջելի է»: Հայաստանիՙ լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի անցումը նույնպես առիթ է տալիս մեզ մերձենալ, օգտվել Գերմանիայիՙ կայացած խորհրդարանական ավանդույթներ ձեւավորած երկրի փորձից: «Մենք վճռական ենքՙ առաջ շարժվելու մեր բարեփոխումների իրականացման ճանապարհով, դա անելու ենքՙ անկախ դժվարություններից եւ հանգամանքներից», Ադենաուեր հիմնադրամում հավաստիացրեց վարչապետ Փաշինյանը, այդուհանդերձ հիշատակելով, թե ԵՄ ֆինանսական եւ տեխնիկական օժանդակությունը դիտում է բարեփոխման գործընթացի արագացնող, ամրապնդող պայման:

Փաշինյանը Գերմանիան դիտարկում է որպես ԵՄ տնտեսական, քաղաքական շարժիչ, ոչ միայն կանցլեր Մերկելի հետ հանդիպմանը հաջորդած մամլո ասուլիսի ժամանակ ամբիոն գտավ սա շեշտելու, այլ, որ առավել ընկալելի է, Եվրոպայի տեսլականի ճարտարապետ Կոնրադ Ադենաուերի հիշատակը հավերժացնող հիմնադրամում ելույթ ունենալիս:

Շարունակությունըՙ հաջորդիվ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 08-02-2019

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ