RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 08-02-2019



ՏԵՍԱԿԵՏ

Տեղադրվել է` 2019-02-08 11:17:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1519, Տպվել է` 224, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ ՍՓՅՈՒՌՔԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ, պրոֆեսոր

Արդեն տեւական ժամանակ է, որ տարատեսակ ԶԼՄ-ներում եւ կենդանի հանդիպումների ընթացքում բուռն քննարկվում է հայ ժողովրդի համար անչափ կարեւոր մի հիմնախնդիր` ներկա իշխանությունները ինչպիսի դերակատարություն են վերապահում Սփյուռքին: Միանգամից նկատենք, որ ծավալված գրավոր ու բանավոր բանավեճերում առանձնանում են երկու հիմնական տեսակետներ.

1. ՀՀ իշխանություններն ու հայրենաբնակներից ոմանք գտնում են, որ Սփյուռքը հայ ժողովրդի կարեւոր եւ ամենամեծ մասն է, սակայն առանձին նախարարություն ունենալու անհրաժեշտություն չկա,

2. Սփյուռքահայության ճնշող մեծամասնության եւ հայրենաբնակների մի զգալի հատվածի կարծիքով Սփյուռքի նախարարությունը անհրաժեշտ է եւ խիստ կարեւոր:

Առաջին խմբի կողմնակիցներն իրենց տեսակետը բացատրում են ՀՀ-ի տնտեսական ծանր վիճակը եւ ֆինանսների բացակայությունը վկայակոչելով: Զարգացնելով այդ թեզը, նրանք նախ` պարզաբանում են այն կարեւոր դրույթը, որ շատ երկրներ ավելի քիչ թվով նախարարություններ ունեն, քան Հայաստանի հանրապետությունը: Հետո էլ պատճառաբանում են, որ եղած սուղ միջոցներն այս պահին պետք է ուղղել ավելի կարեւոր եւ հրատապ խնդիրներ լուծելուն եւ որպես օրինակ նշում են Հայոց բանակն իր բազմաթիվ անհետաձգելի պահանջմունքներով: Կա նաեւ հասարակության համեմատաբար փոքրաթիվ մի հատված, որը համոզված պնդում է, թե այդ նախարարությունը լրիվ ավելորդ օղակ է, որ դրա աշխատակիցների մեծ մասը պարզապես «հարմար տեղավորվել են» տաքուկ սենյակներում, ոչինչ չանելով վճարվում են եւ երբեմն-երբեմն հարկատուների հաշվին ըստ էության աննպատակ գործուղումների պատրվակով շրջում են աշխարհում, եւ նման տեսակի այլ պատճառաբանություններ:

Ստեղծված իրավիճակից որպես ելք ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ Սփյուռքի նախարարությունը կարող է վերակազմավորվել եւ դառնալ գործակալություն: Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս Քյոլնում հայտարարեց, որ իր աշխատակազմը կունենա Սփյուռքի գծով հատուկ հանձնարարությունների դեսպան եւ որը կլինի Սփյուռքի հետ հարաբերություններում վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչը:

Սակայն այս հայտարարություններին Սփյուռքն անդրադարձում է, որ մեկ հոգին չի կարող այդ բարդ ոլորտը ղեկավարել եւ միանձնաբար լինել Սփյուռքի պատասխանատուն: Ավելին, նա պետք է այնպիսի անձնավորություն լինի, որը շատ լավ ճանաչում է թե՛ Հայաստանը, թե՛ Սփյուռքը: Ընդ որում միայն Հայաստանը ճանաչելը կամ միայն Սփյուռքը ճանաչելը բավարար չէ, քանի որ այդ մարդը պետք է կամուրջ լինի Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ:

Իշխանության կողմից հայտարարվում է նաեւ, որ Սփյուռքի հարցերով միայն Սփյուռքի նախարարությունը չէր զբաղվում, այլ մնացած բոլոր նախարարությունները եւ երբեմն ավելորդ երկվություն էր առաջանում, զուր մխսվում էին ֆինանսական եւ մարդկային ռեսուրսներ: Սակայն ակնհայտ է նաեւ, որ սփյուռքահայը նախկինում որեւէ հարց ունենալու դեպքում գիտեր ում դիմել, ուր գնալ եւ իր բոլորը հարցերը ներկայացնել, որ Սփյուռքի նախարարության համապատասխան աշխատակիցները կարող էին զբաղվել իր հարցերով, կապ հաստատել զանազան նախարարությունների եւ պաշտոնյաների հետ եւ փորձել հարցին լուծում գտնել: Իսկ հիմա, երբ նախարարությունը չկա, սփյուռքահայը չգիտիՙ իրեն հուզող հարցերով ո՛ր նախարարության ո՛ր պաշտոնյային դիմի: Այսինքն` հայտնի ասացվածքի ոգով ստացվում է, որ եթե բոլորը զբաղվում են մեկ հարցով, սա նշանակում է, որ ոչ մեկը չի զբաղվում: Փաստորեն այդ ամենի հետեւանքով բոլորն էլ թղթի վրա պատասխանատու են դառնում, բայց իրականում որեւէ մեկը պատասխանատու չի այդ գործի համար: Իսկ որեւէ հարցի համար Հայաստան եկած սփյուռքահայը պետք է դռնեդուռ ընկնի, տեսնիՙ ով պետք է լսի իր հարցերը եւ նոր միայն փորձի լուծում գտնել:

Նշենք նաեւ մեկ այլ կարեւոր հանգամանք. որքան մեզ հայտնի է, վերջին տարիներին Սփյուռքի նախարարությունն ուներ 90 պաշտոնյա եւ նրանցից յուրաքանչյուրը մի աշխարհագրական շրջանի պատասխանատու էր: Նրանք տարիների ընթացքում շատ բան են սովորել, ծանոթացել են Սփյուռքին, գիտեն բոլոր համայնքները, կազմակերպությունները, դրանց ղեկավարներին: Իսկ դեսպան նշանակվողը ով էլ որ կինի, ինչպե՞ս կարող է փոխարինել 90 հոգու: Մի երկիր, որը պատերազմական վիճակում է, գտնվում է շրջափակման մեջ, տնտեսապես քայքայված վիճակում է, ունի գործազրկության բարձր տոկոս եւ այդ պայմաններում վարչապետի վրա ենք դնում նաեւ Սփյուռքի հարցը, որքանո՞վ ճիշտ կլինի:

Ի վերջո մի իշխանություն, որը հարգանք է վայելում Հայաստանում եւ Սփյուռքում, եւ որի ղեկավարն առաջին իսկ օրվանից խոսում է Սփյուռքի կարեւորության ու հայրենադարձության, Սփյուռքից ներդրումներ կատարելու մասին, առաջին քայլը լինի նախարարությունը փակելը, առնվազն վատ տպավորություն է թողնում սփյուռքահայերի եւ բացասական ազդեցություն նրանց հոգեբանության վրա: Այնպես որ, մեր կարծիքով, նախարարությունը միանգամից փակելու փոխարեն հարկավոր էր նախ խնդիրը պարզաբանել ժողովրդին, այնուհետեւ հանդիպել սփյուռքահայերի տարբեր կառույցների հետ, ճշտել թե որ կառույցն է լավագույն կազմակերպական ձեւը, այնուհետեւ անհրաժեշտ էր նախապատրաստել Սփյուռքին այս փոփոխություններին եւ այդ ժամանակ այսպիսի տարակարծությունների առիթ չէր լինի: Թե չէ մի կողմից խիստ կարեւորվում է Սփյուռքի դերակատարությունը, իսկ մյուս կողմից փակվում նրանով զբաղվող կառույցը:

Ավելացնենք, որ մեր կարծիքով այս երկակի մոտեցումն ու անորոշությունը ավելի կխորացնեն Հայաստան-Սփյուռք հարաբերություններում առանց այդ էլ գոյություն ունեցող խնդիրները: Այնպես որ, անհրաժեշտ է ավելի խորքային մոտեցումներով շատ արագ կրկին ուսումնասիրել հիմնախնդիրը, լսել բոլոր շահագրգիռ կողմերին, իրատեսական հաշվարկներ կատարել եւ նոր միայն «անցնել Ռուբիկոնը»: Այսինքն` կատարել այնպիսի կառուցողական քայլեր, որոնք կնպաստեն արմատական լուծում գտնելու երկրում ստեղծված հիմնախնդիրներին:

4.02.2019

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 08-02-2019

AZG Daily #6, 15-02-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ