RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 08-02-2019



Տեղադրվել է` 2019-02-08 11:17:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1744, Տպվել է` 228, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉՎԱՏՆԵ՛Լ ԱԶԳԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԸ

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Վերջին շրջանում մեր ազգային-ավանդական կուսակցություններից Հայ Հեղափոխական Դաշնակցության, ինչպես նաեւ Ռամկավար Ազատական կուսակցության հանդեպ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ցուցաբերվող ուշադրությունը հաճելիորեն զարմացնում է: Վարչապետը հոկտեմբերին ընդունել էր ռամկավար-ազատականների, ապա նաեւ, վերջերս, Դաշնակցության բարձրագույն ղեկավարներին, ընդսմին վերջիններինՙ հենց նոր ավարտված Ստեփանակերտի Ընդհանուր Ժողովից հետո, որի մասնակիցներին սկզբում նաեւ հատուկ ուղերձ էր հղել: Հայրենիքում ու Սփյուռքում մեծ հեղինակություն վայելող երկու ազգային-ավանդական կուսակցությունների բարձրագույն ղեկավարներին ընդունելը կարող է վկայել առնվազն մեկ բան. վարչապետը ձգտում է սրբագրել ՌԱԿ-ի նկատմամբ նախորդ իշխանությունների անտեսման քաղաքականությունը եւ անձամբ իր եւ իր կուսակիցների կողմից Հայ Հեղափոխական Դաշնակցության նկատմամբ ցուցաբերված բառացիորեն թշնամական վերաբերմունքը: Հիշու՞մ եքՙ ՀՀ Ազգային Ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ներկայիս կառավարող կուսակցության որոշ դեղնակտուցներ ի՜նչ ատելությամբ էին արտահայտվում մանավանդ Դաշնակցության հասցեին, ինչ է, թե վերջինս ժամանակ առ ժամանակ կոալիցիայի մեջ էր եղել նախկին կառավարող ուժիՙ Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ: Այս կամ այն քաղաքական ուժին, այդ թվում նաեւ Հանրապետական կուսակցությանը նման ատելությամբ վերաբերվելը կործանարար կարող է լինել առաջին հերթին պետությա՛ն համար: Այն պարզ պատճառով, որ դա բարոյազրկու՛մ է հասարակությանը, երբ առայժմ վաստակ չունեցող որեւէ ոչնչություն իրեն իրավունք է վերապահում վայրահաչել Հանրապետական կուսակցության ոչ-քիչ արժանավորների հասցեին: Ոչ ոք չի ասում, թե նախկին կառավարող կուսակցությունը սխալներ չի գործել, թե նրա շարքերում անարժան մարդիկ, այդ թվում նաեւ անարժան պաշտոնատարներ չեն եղել: Սակայն ամբողջ Հանրապետականի հանդեպ ցուցաբերվող այդՙ մեղմ ասածՙ մերժողական վերաբերմունքը չափազանց նման էր 90-ականներին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով Հայաստանում կասեցված, իսկ իրականումՙ օրենքից դուրս հայտարարված Հայ Հեղափոխական Դաշնակցության նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքին: Մինչդեռ ոչ մի դեպքում չի կարելի կրկնել Տեր-Պետրոսյանի այդ սխալը: Որովհետեւ կասկածից դուրս է, որ ինչպես ժամանակին ՀՀՇ-ի, այնպես էլ այսօրվա՛ կառավարող կուսակցության շարքերում կհայտնվեն (եթե արդե՛ն իսկ չեն հայտնվել) զանազան անարժան մարդիկ: Ո՞ր քաղաքական ուժը մերժելի գործիչներ չունի: Մանավանդՙ կառավարող կուսակցությունը, որի շարքերում լինելը միշտ էլ գրավիչ է ներքուստ անմաքուր մարդկանց համար:

Ռամկավար-Ազատականների ու ՀՅԴ-ի հանդեպ երկրի ներկայիս ղեկավարի քաղաքավարի վերաբերմունքը կարող է նշանակել նաեւ այն բանի հստակ գիտակցում, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն ի՛ր քաղաքացիների, այլեւ ողջ աշխարհասփյուռ հայության սեփականությունն է: Այնինչ մինչեւ այժմ մեր պետության կառավարման գործում հազվադեպ են ընդգրկվել գործիմաց կադրեր աշխարհի բազմաթիվ երկրներից: Մինչդեռ հետխորհրդային մի շարք երկրներում լայնորեն օգտագործում են իրե՛նց սփյուռքի կադրերին, դրսից ընտրում են անգամ պետության առաջին դեմք: Օրինակ, տիկին Դալյա Գրաբաուսկայտեն հիմա՛ էլ ղեկավարում է մերձբալթյան երկրներից Լիտվան, թեեւ ինքը, որքան հիշում եմ, հայրենիքի ծնունդ չէ, մինչեւ նախագահ ընտրվելը երկրում համարյա չի՛ ապրել:

Իսկ մենք նույնիսկ սահմանադրորեն ամրագրել ենք, թե հայ մարդը իր հայրենիքում չի կարող որեւէ ընտրության մասնակցել, քանի դեռ որոշակի տարիներ չի ապրել Հայաստանում, չի լրացրել նստակեցության ցենզը: Էլ չեմ ասում պետական եւ հատկապեսՙ բա՛րձր պաշտոն զբաղեցնելու մասին: Եթե վարչապետի կողմից Դաշնակցության եւ Ռամկավար-Ազատականների (վաղը հուսամ նաեւՙ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության) ղեկավարներին ընդունելը պիտի նշանակի սփյուռքյան քաղաքական ուժերի հանդեպ մեր պետության բարձրագույն ղեկավարության վերաբերմունքի ոչ թե ձեւական, այլՙ իսկապե՛ս դրական փոփոխություն, ինչի հույսը անձամբ եսՙ ունեմ, ապա դա միայն եւ միայն ողջունել կարելի է: Քանզի մենք այնքան հարուստ չենք, որ շարունակենք ազգային ներուժի անիմաստ ու աննպատակ վատնումը... ցանկացա՛ծ ոլորտում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 08-02-2019

AZG Daily #15, 19-04-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ