RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 08-02-2019



ԱՐՁԱԳԱՆՔ

Տեղադրվել է` 2019-02-08 11:17:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1416, Տպվել է` 227, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԵՐՍՏԻՆ ԲԱՐԵՎ, ՄԵԾ ԵՂԲԱՅՐ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

«Կներեք, բայց ես ձեզնից չեմ պատրաստվում թույլտվություն խնդրել իմ ուզած գիրքը կարդալու համար: Ավելին, խորհուրդ եմ տալիս ձեզ որեւէ մեկից նման թույլտվություն չխնդրել»:

«Ազգ» թերթի նախորդ համարում այս առաջաբանով էր սկսվում Հովիկ Աֆյանի «Բարեւ, մեծ եղբայր» հոդվածը: Անչափ հետաքրքրական էր, հարցադրումներն ու ասելիքները` խիստ ու սուր: Մարդն իրավացիորեն հարց էր բարձրացրել` «ինչո՞ւ են մարդիկ շշնջում, ոչ թե բարձրաձայն ասում, որ իրենք ուզում են գնել Ռոբերտ Քոչարյանի գիրքը»: Իհարկե, Քոչարյանի գրքի փոխարեն կարող էր լինել, ասենք, Պակիստանի նախագահ Արիֆ Ալվի գիրքը: Այստեղ խնդիրը երեւույթն է: Հետեւաբար, անդրադառնալով թեմային, ես չեմ արտահայտում իմ համակրանքը կամ հակակրանքը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ: Որոշեցի սեփական հոտառությամբ որսալ «Մեծ եղբոր» ներկայությունը: Քանի որ խոսքը Քոչարյանի գրքի մասին էր, փորձեցի ճշտել այդ գրքի պահանջարկի չափը. հանուն հավասարակշիռ արդարությանՙ հարցուփորձ արեցի նաեւ վերջին շրջանում հրատարակված քաղաքական այլ դեմքերի գրքերի մասին:

Սկզբի համար որոշեցի Երեւանի չորս մեծ ու հայտնի գրախանութներին դիմել: Սկսեցի ամենամեծից ու ամենաբազմազանից` «Բուկինիստից»: Այստեղ ասացին, որ արդեն վաճառվել է ավելի քան 200 օրինակ:

«Հայ գրքում» ընդամենը երեք օրինակ էր վաճառվել, «Զանգակում» առհասարակ առկա չէր. հայտնեցին, որ պատրաստվում են պատվիրել, «Նոյյան տապանն» էլ, իրեն հատուկ տարօրինակությամբ, խուսափեց պատասխանից, թեեւ ճշտեցի, որ գիրքն այնտեղ վաճառքի կա:

Ինչեւէ, Հովիկը ճիշտ էր, նրան հակադրվողները` սխալ. մեր երկրում գիրք գնում են ո՛չ թե ներսի գրածի, այլ` հեղինակի անունի համար: Եվ Հովիկի դիտարկումը չափազանց դիպուկ է` մարդիկ թքած ունեն` ինչ կա գրված Քոչարյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Լենինի, Գեբելսի ու, ասենք, Լյուբիկ Չիբուխչյանի գրքերում: Նրանք այդ գրքերը կկարդան այն ժամանակ, երբ սկսեն բոլորը կարդալ: Բայց ա՛յ, նրանք թքած չունեն այն գրքերի վրա, կողքին կամ մոտակայքում, որոնք նախընտրում է ինքը` մեծամասնությունը, նույնիսկ եթե այդ գրքերում բացահայտ էշություն է գրված: Մեծամաասնության պահանջով մարդիկ ցայսօր, որպես նոր մեսիայի ավետիս, կարդում են «Երկրի հակառակ կողմը»` չիմանալով անգամ, որ գրքում նկարագրվածն ուղղակի երեւակայական պատմություն է, եւ հեղինակն ամենեւին էլ Էդմոն Դանտեսի տառապանքները չի ճաշակել, ո՛չ սառը, ո՛չ տաք վիճակում: Նույն մեծամասնությունը պնդում է, որ հայհոյեն հայտնի երգիչ Ձախ Հարութին, որովհետեւ նա մի համերգի ժամանակ` երգելիս, խոնարհվել է Սերժ Սարգսյանի ու նրա համակիրների առջեւ:

Մեծամասնությունն այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանին քոռ է անվանում, թեպետ տաս-տասնմեկ տարի առաջ կողքին կանգնած էր այնպես, ինչպես հիմա` Փաշինյանի: Բայց չմոռանանք, որ դրանից էլ մի տաս-տասնմեկ տարի առաջ` 90-ականների մայրամուտին, էլի նրան քոռ է անվանել:

Վերեւում բազմիցս հիշատակված մեծամասնությունը հիմա կարդում է Ժան Պոլ Սարտրի, Կաֆկայի, Նիցշեի երկերը: Բայց վստահաբար եմ ասում` առանց հասկանալու, առանց յուրացնելու: Մարդն այդ գիրքը կարդում է այն իներցիայով ու մտքով, ինչպիսի իներցիայով ու մտքով ամանորյա ճոխ սեղան է գցում. «ադաթին» տուրք տալով: Բայց նույն մարդուն երբեք չենք տեսնի, ասենք, Հայզինգա կարդալիս, որովհետեւ մեծամասնությունը չի կարդում: Եվ իրենք չեն ուզում լինել քչերից մեկը, ով գիտի այնպիսի բան, որին ոչ բոլորն են տիրապետում: Իսկ թե ինչ կա գրված Քոչարյանի գրքում, մեկ է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ այդ ամենի մասին հասարակությունը բարձրաձայն չի խոսում, քանի դեռ մեծամասնությունը չի դադարել հոտի տրամաբանությամբ առաջնորդվել ու անել այն, ինչ իրենց յափնջիավոր հովիվն է ասում: Քոչարյանի գիրքը պե՛տք է կարդալ, ընկերնե՛ր, ինչպես նաեւ` Լեւոն Տեր-Պետրոսյանի, Վանո Սիրադեղյանի, Նիկոփլ Փաշինյանի ու մյուսների: Նույնիսկ, եթե այդ գրքերում կեղծիքներ կան, պետք է կարդալ դրանք` հետո սեփական տեսածի հիման վրա հղում անելու համար: Անձամբ ես Քոչարյանի գրքից հատվածներ եմ կարդացել, կան այնպիսիները, որ արժանահավատ են, կան այնպիսիները, որ` ոչ, բայց անպայման կարդալու եմ ամբողջը, եւ վստահ եմ, որ շատերն են կարդալու, գոնե` հանուն կեղծիքի ու ճշմարտության վերանայման:

Նյութը գրելու ընթացքում զրուցեցի գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ: Բավականին հետաքրքրական զրույց ստացվեց, ուստի որոշեցի կցել նաեւ այդ զրույցից մի փոքր հատված: Ա. Նիկողոսյանի` առաջին հարցի պատասխանը նույնպես հաստատում է, որ «Մեծ եղբայրը» մեզ հետեւում է

- Ավելի քան մեկ շաբաթ է Քոչարյանի գիրքը հայտնվել է գրախանութներում; Իմ հարցումները ցույց տվեցին, որ գիրքն այնքան էլ մեծ պահանջարկ չունի: Ի՞նչ կասեք սրա մասին, պասիվության պատճառը Քոչարյա՞նն է, թե՞ ոչ:

- Բնականաբար Քոչարյանի գործոնով է պայմանավորված: Բայց ես կարծում եմ, որ իրականում ավելի շատ մարդիկ ցանկություն ունեն այդ գիրքը ձեռք բերել եւ կարդալու, բայց հասարակական, այսպես ասեմ` պարսավանքի չարժանանալու համար խուսափում են:

- Որպես Նիկոլ Փաշինյանի գրքի խմբագիր, կարո՞ղ եք ասել առաջին շաբաթվա ընթացքում որքա՞ն է վաճառվել «Երկրի հակառակ կողմը»:

- Խմբագիրը չի այդ հարցի հասցեատերը ընդհանրապես, բայց քանի որ տեղյակ եմ, կասեմ: Նախքան գիրքը լույս տեսնելը արդեն կար մոտ երեք հազար օրինակի պատվեր: Առ այսօր վաճառվել է մոտ յոթ հազար օրինակ:

- Իսկ չե՞ք կարծում, որ որոշ մարդիկ Փաշինյանի գիրքը ձեռք են բերել ավելի շատ, այսպես ասած, այն ունենալու համար, հեղափոխական երեւալու համար, քան` կարդալու:

- Կա նման բան: Բայց տոկոսային առումով կարծում եմ, որ այդպիսիները շատ քիչ են:

- Որոշ մարդիկ գտնում են, որ Քոչարյանի գիրքը չպետք է հայտնվի գրախանութներում: Սրա մասին ի՞նչ կասեք: Դուք կհամաձայնեի՞ք խմբագրել այն:

- Այդպես ասելը գրեթե գրաքննություն է: Յուրաքանչյուր գիրք պետք է լինի գրախանութում, նաեւ գրադարանում, եթե կա, թեկուզ մեկ գնորդ, մեկ ընթերցող: Ես էլ կխմբագրեի, իհարկե: Ես կարող եմ, որպես քաղաքացի, այս կամ այն վերաբերմունքն ու կարծիքն ունենալ Ռոբերտ Քոչարյանի գիրքը կամ նրա գործունեության մասին, բայց գիրքը խմբագրելը` ուրիշ հարց է:

- Արդեն ծանոթացե՞լ եք գրքին

- Ամբողջությամբ` ոչ: Կարդացել եմ հատվածներ` հայերեն թարգամնությամբ: Եւ մեկ-երկու գլուխ` ռուսերենով` գրախանությում:

- Քոչարյանի գիրքը կարո՞ղ ենք տեղավորել գրադարանի այն դարակում, որտեղ դրված են Փաշինյանի, Մակրոնի ու Թրյուդոյի գրքերը: Ունե՞ք կամ պատրաստվու՞մ եք ունենալ այն:

- Նշվածներից միայն Փաշինյանի գիրքն ունեմ, այն էլ` մոտս չի հիմա, տարել են կարդալու: Իսկ ո՞վ ասաց, որ, օրինակ, Մակրոնի գիրքը Փաշինյանի գրքի հետ կդնեմ նույն դարակում: Ինչ վերաբերում է Քոչարյանի գրքին, չունեմ, լսել եմ` հայերեն պիտի հրապարակեն: Հայերենը կունենամ:

***

Ահա՛, այսպես` վերստին բարեւ, Մեծ եղբայր

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 08-02-2019

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ