RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 15-02-2019



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2019-02-20 19:23:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 2000, Տպվել է` 147, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ «ՄՇՈՒՇՈՏ ՀԱՏԱԿԻՑ»

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Ուրեմն այսպես. Մ. Նահանգները չի պաշտպանում Սիրիային մարդասիրական-մասնագիտական օգնություն ցուցաբերելու մեր կառավարության քայլը, քանի որ, ինչպես կարդում ենք Հայաստանում ամերիկյան դեսպանության մամուլի հայտարարության մեջ, ինքը դեմ է սիրիական զինված ուժերի հետ մեր որեւէ տեսակի ներգրավվածությանը (engagement), լինի դա ռազմական բնույթի, թե քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով: Ավելինՙ Մ. Նահանգները չի պաշտպանում նաեւ, եւ այստեղ է թաղված շան գլուխը, որեւէ համագործակցություն Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ այս առաքելության շրջանակներում, քանի որ, ավելացնում է հայտարարությունը, Ռուսաստանը համագործակցում է Ասադի վարչակարգի հետՙ «քաղաքացիներին կոտորելու (slaughter) եւ մարդկային աղետ հրահրելու գործում»:

Իզուր չէ, որ ամերիկյան մամուլը վաղուց արդեն Պետքարտուղարությանը հեգնորեն անվանում են «Մշուշոտ հատակ» (Foggy bottom), նկատի ունենալով Պետքարտուղարության շենքի ընդերքից բարձրացող գոլորշին եւ, միաժամանակ, այդ գերատեսչության մշուշոտ, անհստակ քաղաքականությունը տարբեր հարցերում: Պարագան նույնն է նաեւ սիրիական թնջուկի պարագայում: Օբամայից մինչեւ Թրամփ, անցնող 8 տարվա ընթացքում, Վաշինգտոնի քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ եղել է հակասական, փոփոխական, շփոթեցնող, նույնիսկՙ քաոսային: Բաշար Ասադի ռեժիմի դեմ ապստամբական շարժումներ հրահրելուց եւ ծայրահեղական խմբավորումներին զինելուց, արդյունքում «Իսլամական պետություն» ստանալուց, ապա դրա հակամարդկային ահաբեկչությունները զսպելու եւ չեզոքացնելու համար հակաահաբեկչական կոալիցիա կազմելուց, այնուհետեւ սիրիացի քրդերին պաշտպանելուց ու զինելուց հետոՙ մինչեւ քրդական ազգաբնակչությանը ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիայի ողորմածությանը հանձնելը, այս ամբողջ շարքը եղել է աղետալի այդ երկրի ողջ ազգաբնակչության համար: Քաղաքականությունՙ որը խստորեն քննադատվել է նույնինքն ամերիկյան վերլուծաբանների կողմից, հատկապես այլընտրանքային մամուլի հարթակներում: Քննադատների գլխավոր պահանջը հստակությունն է սիրիական հարցում, քաղաքականության կանխատեսելիությունը:

Նույնը կարող ենք պահանջել մենք, հատկապես տարածաշրջանում ապրողներս: Վերջապես ո՞րն է Վաշինգտոնի քաղաքականությունը տվյալ հարցում. նախագահ Ասադի վարչակարգի տապալո՞ւմը, վերջինիս դեմ մարտնչող ահաբեկության ոչնչացո՞ւմը, կամ, միգուցե, երկուսը միասի՞ն: Բայց այդ դեպքում ո՞րն է առաջնահերթը: Իսկ ամենակարեւորըՙ ամերիկյան ծրագրերում ի՞նչ ճակատագիր է վերապահված այդ երկրին:

Սիրիան որեւէ երկիր չէ մեզ համար, մեզ շահագրգռում է նրա ճակատագիրը: 1915-ի Ցեղասպանությունից եւ 1921-ի Կիլիկիան Թուրքիային հանձնելու ֆրանսիացիների դավաճանությունից հետո այդ երկրը ընդունել է ավելի քան կես միլիոն հայ բռնագաղթվածների: Հայ համայնքը եղել է Սիրիա պետության հիմնադիր համայնքներից մեկը: 1967-ի եւ 1973-ի պատերազմներին հայ զինվորը մյուս սիրիացիների հետ ուս-ուսի կռվել է այդ պետության համար: Սիրիահայությունը անցնող 103 տարիների ընթացքում բարգավաճել եւ բարգավաճեցրել է երկիրը, այնտեղ ստեղծել իր ազգային, կրոնական, կրթական, համայնքային կառույցները, իր տներն ու գործատեղիները: Հայր ու որդի Ասադների, այո, ավտորիտար ռեժիմների պայմաններում սիրիահայությունը անընդհատ վայելել է սիրիական պետության հոգածությունն ու հարգանքը: Իսկ Հայաստանի Հանրապետությունը վերջին ճգնաժամի տարիներին, ինչպես իրավամբ նշել է մեր արտգործնախարարության խոսնակը երեկ, բնավ չի փակել իր դեսպանությունը Դամասկոսում, գլխավոր հյուպատոսությունը Հալեպում, 4 անգամ մարդասիրական օգնություն է ուղարկել այդ երկրի ժողովրդին իր սուղ միջոցներից, իսկ պատերազմի հետեւանքով փախստական դարձած շուրջ 22 հազար սիրիահայերի ապաստան է տվել Հայաստանում, նրանց շնորհելով քաղաքացիություն, որոշակի նպաստ եւ օգնությունՙ պետության սեփական գրպանից, եւ ոչ թե միջազգային ճարպոտ գանձարաններից: Այդ փախստականների մի մասն այժմ վերադարձել է Հալեպ, գրպանում ունենալով հայկական անձնագիրը նաեւ, այսինքնՙ Հայաստանի պետության պաշտպանությունը վայելելու սահմանադրական իրավունքը...

Այս բոլորի համար Մ. Նահանգները, որքան ինձ է հայտնի, քաջալերանքի ոչ մի խոսք չի ասել ՀՀ իշխանություններին, գոնե հրապարակավ: Իսկ ի՞նչն է փոխվել հիմա այս կոշտ նկատողությունը անելու համար: Իր մարդասիրական քայլը դաշնակից Ռուսաստանի հետ համակարգելու պաշտոնական Երեւանի ընթա՞ցքը, թե՞ Պետքարտուղարության սարսափը մեր 83 բժիշկներից ու ականազերծողներից: Պետքարտուղարությունը պետք է վախենար ա՛յն ժամանակ, մեզնից չէՙ այլ իր դաշնակից Թուրքիայից, որի զորքը ISIS-ի հետ ձեռք-ձեռքի տված գրավում-կործանում էին Քեսապը, ռմբակոծում Հալեպը, պայթեցնում Դեր Զորի Ցեղասպանության հուշարձանն ու եկեղեցին: (Ի դեպ, վերջերս նախագահ Ասադը Հայաստանից իրեն այցելող հայաստանաբնակ սիրիահայերի պատվիրակությանը խոստացել է առաջին իսկ պատեհությամբ վերականգնել հուշարձանն ու եկեղեցին):

Փաստորեն առաջին անգամը չէ, որ Հայաստանը փաստում է իր խաղաղասիրական ու մարդասիրական տրամադրությունները աշխարհին: Դրանց քաջածանոթ է նաեւ Վաշինգտոնը, որը մեկ անգամ չէ, որ գովեստի խոսք է ասել Կոսովոյում ու Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների կազմում գործող մեր կապույտ սաղավարտակիրների, իսկ Աֆղանստանումՙ ՆԱՏՕ-ի զորքերի շարքերում հայ խաղաղարարների հասցեին: Իրո՛ք մարդասիրական առաքելություններՙ որոնք պատիվ են բերում հայկական խաղաղասիրական բրենդին: Հետեւաբար այս անգամ բոլորովին անտեղի եւ անհամաչափ էր Պետքարտուղարության հակազդեցությունը, որը, Աստված մի՛ արասցե, կարող են ահաբեկիչ ստահակներն ընկալել որպես քաջալերանք հայկական շահերի դեմ ոտնձգություններ անելու:

Զսպվածություն ենք ակնկալում գերհզոր երկրից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 15-02-2019

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ