RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 15-02-2019



Տեղադրվել է` 2019-02-20 19:23:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1770, Տպվել է` 143, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԵՌԼԻՆՆ ԷԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶՐԿՈՒՄ Է ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻՑՙ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴՐՎՈՒՄ Է

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

(Սկիզբըՙ «Ազգի» նախորդ համարումՙ «Փաշինյանի ԳԴՀ պաշտոնական այցին ընդգծվեց...»)

Ղարաբաղի հարց

Ռուս- ուկրաինական հակամարտության առիթով գերմանական մեդիան, անընդհատ շրջանառում էՙ լավ է 100 ժամ բանակցել, քան 1 րոպե կրակել: Ղարաբաղյան հակամարտությունն անշուշտ առավել պակաս ներկայություն ունի գերմանական քաղաքական օրակարգում, գերմանական մեդիայի հետաքրքրությունների առանցքում չէ, ինչպես ուկրաինականը, բայց ինչ հակամարտություն էլ լինի, Գերմանիային պատմությունը ծանր մի դաս սովորեցրել էՙ խաղաղությունն այլընտրանք չունի: Ալիեւի հռետորաբանությանը Բեռլինը միշտ նույն պատասխանն է հնչեցրելՙ մենք կողմ ենք խաղաղ բանակցային ուղուն: Ապրիլյան պատերազմից հետո սկզբում ՀՀ երրորդ նախագահը հյուրընկալվեց Բեռլինում, այնուհետՙ Ադրբեջանի նախագահ Ալիեւին ընդունեցին ԳԴՀ մայրաքաղաքում: Ո՛չ նախագահ Սարգսյանիՙ «80- ականների զենքով կռվելու», ո՛չ Ալիեւի ծանրաշունչ հռետորաբանության ու ադրբեջանցի լրագրողիՙ Հայաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցերը կանցլեր Մերկելին դրանցՙ ձայնի տոնը փոխելով արձագանքելու առիթ չտվեցին, առերեւույթ ոչինչ չփոխվեց, բայց հարավկովկասյան երկու նախագահների հետ ընկալելի երկխոսություն չկայացավ, քաղաքական ղեկավարների ընտրած բառապաշարը ակնհայտ գոհունակություն չգտավ գերմանական ԶԼՄ- ի արձագանքում նաեւ: «Թագեսշպիգելի» թղթակիցը մեզ հետ զրույցում այսպես բնութագրեցՙ երկուսն էլ հեռու են ժողովրդավարությունից:

2019-ի փետրվարի 1-ին Մերկել-Փաշինյան մամլո ասուլիսում այլ պատկեր նկատվեց: Մերկելը, նաեւ մյուս պաշտոնատարները, նախ շեշտադրեցին, թե Փաշինյանը մեծ ժողովրդականություն է վայելում (կայուն մի հիմք, որն ունեցողը զգոն պիտի լինի այնքան, որ ամբոխի ունկ լցնելու ի գին չկորցնի հավատի այդ հենարանը)ՙ ապա ընդգծեցին, թե նրա հետ երկխոսությունը ընկալելի, նրա բացատրությունը ըմբռնելի է:

Բեռլինում, կանցլերի նստավայրում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Մերկելը նախ ընդգծեց փոխադարձության սկզբունքըՙ «չի կարող այնպես լինել, որ միայն մի կողմը բարի կամք դրսեւորի, այլ անհրաժեշտ է, որ երկու կողմն էլ բարի կամեցողություն ցուցաբերեն, եւ այս առումով, կարծում եմ, այստեղ դեռ երկար ճանապարհ կա անցնելու: Այն կարծիքին ենք, որ Մինսկի գործընթացը պետք է շարունակվի, եւ ԵԱՀԿ եւս կարողանա իր հնարավորություններն օգտագործել»: Ապաՙ ավելի հստակ պարզաբանեցՙ « լավ է, եթե մարդիկ իրար հետ խոսեն, բայց երկու կողմը պատրաստ պետք է լինի, խոսքերին պետք է որոշ գործողություններ հետեւեն: Կարծում եմ, որ խիզախ քայլեր է ձեռնարկել պարոն վարչապետը, բայց դա պահանջում է, որ դիմացի կողմն էլ պատրաստակամ լինի նման խիզախ քայլեր իրականացնել: Կարծում եմ, որ պարոն վարչապետը պետք է շարունակի, բայց վերջին հաշվով երկու կողմերը պետք է համաձայնվեն»:

Այն, որ Մերկելի ուղերձն այսքան հստակ գնահատական կտար Ադրբեջանի խոսքի եւ գործի միջեւ տարբերությանը, մեր կարծիքով, ոչ միայն հայկական կողմի համար էր անակնկալ, այլեւՙ հենց Ադրբեջանի, որ Փաշինյան- Մերկել մամլո ասուլիսից հետո, շաբաթներ անց էլ չի կողմնորոշվում, թե «Ազերթաջի» գերմաներեն լրահոսում ինչպես ձեւակերպի իր «պատասխանը»: Գործակալությունը սովորույթի համաձայն թարմացնում է ամենօրյա այն տեղեկանքը միայն, թե հայկական զինուժը նորից խախտել է հրադադարըՙ փետրվարի 13- ին, ըստ իրենց ՊՆ-ի տվյալների, 29 անգամ: Ռուսերեն տարբերակում սակայն տեղադրված է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւի բացառիկ հարցազրույցը: «Հայաստանի պաշտոնատարների վերջին հայտարարությունները բանակցային գործընթացի առաջընթացին չեն ծառայում» գնահատում է Հաջիեւըՙ նկատի առնելով վարչապետ Փաշինյանի բազմիցս, բայց որ առավել կարեւոր է ԳԴՀ- ում բարձրաձայնածըՙ բանակցություններում Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտությունը: Հաջիեւի ձեւակերպմամբ հայկական կողմիՙ բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով հարցի լուծման տարբերակը սոսկ դեկլարատիվ բնույթ ունի, ցանկությունը ռազմական ագրեսիայի վրա հիմնված ստատուս քվոն պահպանելն է:Հաջիեւը մոլորեցնում է ընթերցողին, երբ Վլադիմիր Կարապետյանի «Սպուտնիկ Արմենիային» տված հարցազրույցը վերապատմում էՙ նրան վերագրելով հետեւյալըՙ « Խոսնակը ճիշտ է, երբ ասում է, թե Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը Ադրբեջանի քաղաքացի են հանդիսանում»:

«Ազերթաջը» դեռ չի հրապարակել, թե փետրվարի 15-17-ին Մյունխենի անվտանգության համաժողովին Ադրբեջանն ինչ կազմով է մասնակցելու: Նկատելի է, որ դժվար խնդրի առջեւ են կանգնած, քանի որ հայտնի է, թե այդ հարթակում լսվելու է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյան խոսքը, իսկ նրան ունկնդրելու պատեհությունը ընդլայնելու է ունկնդիրների լսարանը: Սարգսյանը պաշտոնական այցով 2018- ի նոյեմբերին Գերմանիայում էր, մի հանդիպման ժամանակ պատասխանելով ադրբեջանցի ուսանողի ղարաբաղյան հակամարտության մասին հարցին ասել էր, թե սահմանադրության համաձայն ինքը չէ բանակցողը, կարող է խորհուրդներ տալ, բայց նրա խոսքն էլ ընդգծված եզրել էՙ «մարդիկ են մահացել ոչ միայն Ադրբեջանում, այլեւ ԼՂ- ում եւ Հայաստանում: Պետք է անենք հնարավոր ամեն բանՙ ստեղծելու արդար եւ խաղաղ միջավայր խնդրին լուծում տալու համար: Արդյոք դա հե՞շտ է տրվելուՙ ո՛չ: Սակայն պետք է փորձենք դա անել այսօր, այլապես ձեր եւ մեր երեխաները տարիներ անց ստիպված են լինելու նույն հարցը տալ: Ուստի ժամանակն է լուծել խնդիրը»: Նախագահ Արմեն Սարգսյանի «արդար, խաղաղ միջավայր» ստեղծելու խորհուրդը շարունակություն գտավ Փաշինյանիՙ ԳԴՀ- ում արված հայտարարություններում: Այն, որ «թավշա», բաց ձեռքերով, ոչ բռնի հեղափոխության առաջնորդն է խոսում Ղարաբաղյան հարցի լուծման բացառապես բանակցային ճանապարհով խաղաղության հասնելու Հայաստանի, հայ ժողովրդի կամքից, բեռլինյան լսարանում չեն կասկածում: Արմեն Սարգսյանի ծանրակշիռ բառը, Նիկոլ Փաշինյանի անկեղծ խոսքն արժանահավատ են Գերմանիայի, ԵՄ- ի համար, Հայաստանի վճռական կամքի հանդեպ այս վստահությունից է երկյուղում Ադրբեջանը, որի համար Հայաստանի լեգիտիմ իշխանությունը խաղաղությանն այլընտրանք չի թողել:

Աշխարհաքաղաքական ընտրության խնդիր

Գերմանիայի համար Ուկրաինան առաջնահերթություն է մնում, Վրաստանի հետ երկարամյա բարեկամություն ունի, որի նորագույն փուլը ամրապնդեց ԽՍՀՄ արտգործնախարար Շեւարդնաձեն: Երկու երկրները Ռուսաստանից հեռանալու, այդ երկրի հետ լարված հարաբերությունների «արդարացումը» ժամանակ առ ժամանակ գտնում են ԳԴՀ հետ հարաբերությունները սերտացնելու հույսով, ՆԱՏՕ- ին անդամակցելու հաստատակամությամբ, որ որոշակի ծանրաբեռնվածություն է հաղորդում ԳԴՀ- ՌԴ հարաբերություններին: « Շատ կարեւոր է ընդգծել, որ Եվրոմիության մեր գործընկերները եւ Գերմանիան առավել եւս բարեփոխումների օրակարգի համատեքստում մեր առջեւ չեն դնում եւ չեն դրել աշխարհաքաղաքական ընտրության խնդիր, ինչը նշանակում է, որ մեր բարեփոխումների օրակարգն իսկապես կարող է լիարժեք օգտագործվել նաեւ Եվրոմիության եւ հատկապես ԳԴՀ- ի աջակցությամբ», շեշտեց Փաշինյանը Բեռլինումՙ կանցլեր Մերկելի հետ ասուլիսի ժամանակ:

Փաշինյանը բազմիցս է ընդգծել, որ Ռուսաստանի հետ պահպանվում են ռազմավարական հարաբերությունները, ինչը ոչ միայն ընկալելի է Գերմանիային, այլեւ դժվարություն չի ստեղծում ԳԴՀ- ՌԴ հարաբերությունների համար:

Առաջիկա ստուգողականըՙ գերմանացի գործարարները մարտի 4- 6- ը Երեւանում

Մի երկրում, ուր դպրոցից կրկնում են Կոնֆիցիուսիՙ «Ուժը հանդարտության մեջ է» բանաձեւը, աշխատում են ցածր, հանդարտ խոսել, դրանով նկատելի ազդեցիկ դարձնելով թե՛ խոսքը, թե՛ դրա հեղինակին: Գերմանացիները պահպանողական են, իրենց դավանած արժեքներին ու սովորույթներին հավատարիմ, սիրում են նախօրոք մանրամասն պլանավորել օրը, շաբաթը, տարին: Ընտանիքը, առողջությունը, աշխատանքն առաջնային են: Արթնանում են առավոտ կանուխ, անպայման լավ նախաճաշում են, սուրճը վայելում են մեծ գավաթներով, առանց դադարի, առանց շեղվելու աշխատում են, ժամը 12- 13- ին աշխատանքն ընդմիջում կեսօրյա ճաշով, համեղ ուտել սիրում են, աշխատավայրում չեն ննջում, հեռախոսով երկար չեն խոսում, ճշտապահ են, ազնիվ, ուղիղ խոսքից չեն խուսափում, ժպիտը դեմքին նաեւ մերժում են: Քաղաքական գործիչ, պետական կառավարման ղեկին, թե գործարար ոլորտի ներկայացուցիչ խուսափում են ճոռոմ, ավելորդ հաճոյախոսություններից, ժամանակը, խոսքը, ջուրը, էլեկտրականությունը, դրամը խնայում են, սակավապետ են: Ահա այս մտաշխարհով, այս դավանանքով գերմանացի գործարարների մի խումբ մարտի 4- 6- ը կլինի Երեւանում:

ՀՀ կառավարությունից նրանց սպասելիքների մասին հպանցիկ հաղորդել ենք արդեն մեր նախորդ հրապարակումներում: Գերմանացի գործարարները խոստում շատ են լսել, ինչպես իրենք են ձեւակերպումՙ այժմ գործ անելու ժամանակն է, Հայաստանը պիտի հստակ ցույց տա, որ վստահելի գործընկեր է: Այցին ընդառաջ գերմանական տեղական լրատվամիջոցներից մեկըՙ «Պֆորցհայմեր ցայթունգը» Հայաստանի բարեկամներից մեկիՙ Ռոբերտ Վ.Հուբերի հետ զրույց տպագրեց: ԳԴՀ Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Վալտեր Հուբերի գործարար որդին, որ նույն կառույցի Կարլսռուհեի մասնաճյուղի ղեկավար պաշտոնում արձագանքելով Երեւանի իրենց պաշտոնակիցներին, 2000 թվականից եղել է մեր երկրում, ճանաչում է հայերին ու Հայաստանը, տպավորվել է այնքան, որ 2006- ից կամավորության սկզբունքով, առանց աշխատավարձի ստանձնել է Բադեն Վյուրթեմբերգ երկրամասում ՀՀ հյուպատոսության տնտեսական կցորդի դերը: 80- ամյա Հուբերն իր դերն այսպես է ներկայացնումՙ գերմանական արդյունաբերության համար Հայաստանի հանդեպ հետաքրքրություն ստեղծել: «Երկիրը դրական զարգացում է ապրում», նկատել է տալիս Հուբերըՙ փաստելով, թե դրա վկայությունն են Եվրոպական վերականգման եւ զարգացման բանկի ներկայացրած թվերը: Հուբերը դրվատական խոսք է ուղղում Փաշինյանինՙ հատկապես նշելով նրաՙ կոռուպցիայի հանդեպ վճռական պայքարը: Գերմանացի ներդրողների համար Հայաստանը Արեւելք-Արեւմուտք կապն ապահովող կարող է լինել, պարզաբանում է Հուբերըՙ խնդրահարույց չհամարելով Ղարաբաղի չլուծված հակամարտությունը: «Երկիրը քաղաքական առումով անվտանգ է», կարծիք է հայտնում գերմանացի 80- ամյա գործարարը: Նա գիտեՙ Հայաստանի սակավաթիվ բնակչության սատարումին գումարվում է աշխարհասփյուռ հայության ուժը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 15-02-2019

AZG Daily #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ