RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 15-02-2019



ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

Տեղադրվել է` 2019-02-20 19:23:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1685, Տպվել է` 152, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՏԱԿԱՐԳ ՄԵՐ ՎԻՃԱԿՈՒՄ, ԱՐՏԱԿԱՐԳ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԵՆ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Հրապարակվել է ՀՀ կառավարության առաջիկա հնգամյա գործունեության ծրագրային փաստաթուղթը, որն անվարան կընդունվի ազգային ժողովի կողմից: Գործընթացին չեն խոչընդոտի ոչ վերլուծաբանների փաստարկումները, ոչ քաղաքագետների գնահատականները, քանզի ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» նախընտրական դաշինքի խոստումներն են եւ դրանց հանդեպ ստացած ընտրողների բացարձակ մեծամասնության քվենՙ արդյունքը թե հետեւանքըՙ կազմավորված ԱԺ-ն:

Արդեն իսկ հնչած կարծիքներում այն տրամադրությունն է գերակշռում, որ ծրագիրն ավելի շատ հռչակագրային ոճով է կազմվել: Իշխանությունը, ուզի թե ոչ, գոր-ծա-դիր մարմին է եւ հայաստանյանը բացառություն չէ: Հայոցս բացատրական բառարաններում գործադիր-ը ներկայացվում է որպեսՙ օրենքները եւ որոշումները իրականացնող, գործադրող, գործնական ղեկավարությունը իրագործող: Սրանք հասկացություններ են, որոնք նաեւ թվերի ու փաստերի տեսքով են հանդես գալիս, տոկոսների ու դրամային արտահայտություններով, աճի ու անկման գրաֆիկներով, հարկերի ու վարկերի տոկոսադրույքներով, տոննաների ու կիլոմետրերի հաշվարկով: Ծրագրում դրանք կան, չասենք շատ թե քիչ, քանզի կստացվի հանրահայտ կիսով չափ լցված բաժակի պատմությունը: Ուստի փորձենք դիտարկել նախանշված թվերից մեկըՙ արտահանումը տնտեսական աճի հիմնական շարժիչ բաժնում տեղադրվածը, որտեղ կարդում ենք. ապրանքների եւ ծառայությունների արտահանման զգալի աճը պետք է դառնա ՀՀ տնտեսության առաջընթացի հիմնական շարժիչը: Ծրագրի ավարտին ապրանքների եւ ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է կազմի 43-45 տոկոս:

Թե ինչու է արտահանումն այսպես առանձնացվում, այն ներկայացվում տնտեսական աճի հիմնական շարժիչ, կարծես տարօրինակ է, քանզի ժամանակակից աշխարհի տասնյակ առաջատար երկրների տնտեսություններում ներմուծումը որոշակիից մինչեւ զգալի գերազանցում է արտահանմանը: Թե դա ինչ բացատրություն ունի, թող մանրամասնեն տնտեսագետները, իսկ տողերիս հեղինակը կարող է ընդամենը փաստեր հիշատակել: Ըստ ԱՄՆ-ում 1868 թվականից տպագրվող «Համաշխարհային փաստեր. 2019» տեղեկատուի, երկիր մոլորակի թիվ 1 տնտեսությունն ունեցող ԱՄՆ-ի առեւտրային հաշվեկշիռը 1980 թվականից սկսած բացասական է. նշված տարում ներմուծումն արտահանման հանդեպ ավելին է եղել 19 մլրդ դոլարով, 2006 թվականին բացասական հաշվեկշիռը հասել է 762 մլրդ դոլարի, 2010-ից սկսած այն 500 մլրդ դոլարի շրջակայքում է: Ապրանքների ու ծառայությունների այս ահռելի քանակները ներկրելու արդյունքում (խոսքը մինչեւ 3 տրիլիոն դոլարի հասնող թվերի մասին է) ԱՄՆ-ի տնտեսությունը շարունակաբար աճել է, 2000 թվականի 10 տրիլիոն դոլարից 2017-ին հասնելով 19,4 տրիլիոն դոլարի:

Ըստ նույն տեղեկատուի, Մեծ Բրիտանիայում արտահանումը կազմել է 436 մլրդ դոլար, ներմուծումը 602 մլրդ դոլար, Ֆրանսիայում 552 եւ 625 մլրդ դոլար, Իսրայելում 60 եւ 69 մլրդ դոլար, Լատվիայում 12 եւ 15 մլրդ դոլար: Անշուշտ կան նաեւ առեւտրային դրական հաշվեկշիռ ունեցող զարգացած երկրներ, որոնց շարքերում հայտնվելը շատ ավելի մասնագիտական վերլուծություններ է պահանջում, քան էՙ լրագրողական սիրողական մոտեցումը, անգամ փաստերի վկայաբերմամբ:

Ցավոք, հայաստանյան տնտեսագիտական ու տնտեսվարական միտքը, որքանով որ այն կա, մինչ այսօր չի հիմնավորել իր կարողունակությունը, թեեւ մեզանում գիտությունների դոկտորների ու նրանց կրտսեր գործընկեր գիտությունների թեկնածուների պակաս պարզապես չկա: Այնպես որ ծրագիրն էապես կշահեր, եթե խոսքը աշխատել նշանակությունից տեղափոխվեր արդյունավետ աշխատանք հասկացության դաշտ:

Այսուհանդերձ փորձենք ներկայացնել այն տնտհեղափոխական պատկերը, որն ակնկալվում է տեսնել սույն ծրագրի ավարտին, 2023 թվականին: Թեեւ խոսվում է տարեկան 5 տոկոս տնտեսական աճի մասին, տողերիս հեղինակն ակնկալում է 7 տոկոս տնտեսական աճ, որի արդյունքում 2023-ի ավարտին կունենանք մոտ 17 մլրդ ՀՆԱ, 5 տոկոսի 15 մլրդ դոլարի դիմաց: 17 մլրդ դոլար թիվը մասամբ պատկերացնելու համար նշեմ, որ ներկայում 2,8 մլն բնակչություն ունեցող երբեմնի խորհրդային Լիտվայի ՀՆԱ-ն նախորդ տարում կազմել է 91 մլրդ դոլար, 1 բնակչի հաշվով ստեղծվող արդյունքըՙ 32000 դոլար, երբ մեր ցուցանիշը 2023-ին չի մոտենա անգամ 6000 դոլարի: Տեղեկատուն անշուշտ առավել տպավորիչ երկրների օրինակներ էլ է հիշատակում, որոնց չեմ անդրադառնա մեր համերկրացիներին հերթական անգամ չվրդովեցնելու նպատակով:

Ուրեմն ո՞րն է մեր մարդկանց իրական լավատեսություն ներշնչելու միջոցը. անշուշտՙ հեղափոխություն որակվող գործընթացին արժանի տնտեսական շունչ հաղորդելը: Այն առաջնահերթը պարտադրում է փոփոխություններ մարդկանց ամենօրյա կենցաղում, տարօրինակ թող չհամարվի կամ դիտարկվիՙ երկրի քաղաքացու, յուրաքանչյուր ընտանքի համար առաջնային նրա սննդակարգում: Ի՞նչ ենք մենք մտաբերում, ասենք Հոլանդիա ասելիս: Առաջնահերթը թերեւսՙ կարտոֆիլ ու ծաղիկ, Ֆրանսիա ասելիս հիշում ենք պանիրն ու գինին, Իտալիան նշելովՙ պիցցան ու սպագետտին... Ստացվում է որ ներկայիս զարգացած տեխնոլոգիական երկրները մինչ այստեղ հայտնվելը պարենապահովյալ երկրներ են եղել: Այնպես որ չլուծելով հանրության յուրաքանչյուր անդամի համեստ նախաճաշից սկսած մինչեւ բավարար էներգիա պարունակող ընթրիքի սպառման խնդիրը, հնարավոր չէ նրան հեռու պահել զանցառուական միջավայրում հայտնվելու գայթակղությունից, որից դեպի փոքր թե մեծ հանցագործություն տանող վիճակՙ արդեն ապրել ենք:

Ծրագրի գյուղատնտեսության բաժինն առավել քան ընդհանուր հռչակագրային է, բացակայում են ոլորտը բնութագրող այնպիսի գնահատականները, ինչպիսիք են ՀՀ-ում հիմնավորապես վտանգված կենդանական ծագման արտադրանք, բուսաբուծություն, լիարժեք անասնակերային բազա, կաթնա-մսատու անասնապահություն, հավելյալ արժեք երաշխավորող մշակաբույսեր եւ գյուղոլորտի գործունեությունը բնորոշող այլ առաջնահերթությունները: Դրանց փոխարեն խոսվում է ինչ-որ կոոպերատիվներից, դրանց կայացման անհրաժեշտությունից, անգամ նվազագույն ակնարկ չանելով, թե որ երկրների այսօրինակ փորձն է ուսումնասիրվել եւ գերակայության արժանացել: Տողերիս հեղինակն օրինակ տեղեկացված է, որ հանրահայտ քաղաք-պետություն Սինգապուրում գյուղատնտեսության նախարարություն չկա, իսկ երկիրը յուրաքանչյուր տարի 100 հազար տոննա հավի միս է արտադրում, երբ մեր ցուցանիշն անգամ 10 հազար տոննայի չի հասնում: Տարածքով ոչ մեծ Իսրայելում այս մսատեսակի տարեկան արտադրությունը կազմում է 600 հազար տոննա: Կան երկրներ ու ժողովուրդներ, ուր գերակայությունը տրվում է խոզի մսի արտադրությանը: Մեր փաստացի տարածքն ու բնակչության փոքր-ինչ ավելին ունեցող Դանիայում գերադասում են խոզի մսի արտադրությունը, որի տարեկան ծավալը հասնում է մինչեւ 1,6 մլն տոննայի:

Հայտնի է, որ հայաստանաբնակներս բացի նշված մսատեսակներից հաճույքով ենք օգտվում նաեւ տավարի մսից, որի գինը վերջին տարիներին աննախադեպ աճել է: Պատճառը թերեւս մեկն է. տեղական մսի էապես սահմանափակ արտադրությունը: Ասենք բավական է որ ՏՏ ոլորտի մի քանի հարյուր ներկայացուցիչներ հայտնվեն աշխատաշուկայում, հայաստանյան չափանիշներով լավագույնս վարձատրվեն, նրանց գնողունակությունն առաջնահերթն ուղղվում է դեպի տեղական արտադրության կաթնա-մսամթերքների շուկա, որն էլ առաջարկ-պահանջարկի անհամապատասխանության արդյունքում գնաճի է հանգեցնում:

ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը հարկ է որ լուծումներ առաջարկի, ասենք խնդիր դիտարկի 2020-ին միս-մսամթերքների արտադրությունը 150 հազար տոննայի, 2023-ին 250 հազար տոննայի հասցնելը: Այսկերպ կկանխվի հսկայածավալ խոր սառեցված մսատեսակների ներմուծումը աշխարհի չորս կողմերից, հայ արտադրողը հուսալի շուկա կունենա, պատշաճ հսկողություն կսահմանվի սննդի անվտանգության հանդեպ: Այսօր ՀՀ ողջ գյուղատնտեսական տարեկան արտադրանքը մոտենում է 500-600 մլն դոլարի, երբ այս ցուցանիշը կապահովվի միայն մսի 200 հազար տոննա արտադրության պարագայում: Հանրահայտ է, որ մեր պարենային առեւտրացանցը գերհագեցած է, մեր մարդկանց դիպուկ բնորոշմամբՙ օձի ձու էլ կգտնես: Ցավալին այն է, որ այդ ամենը գնվում ու սպառվում է հիմնականում ընտանիքների արտերկրներում աշխատող անդամների ուղարկած ֆինանսական միջոցներով: Բացի բանկային համակարգի կողմից հաշվառված գումարներից, դոլարները, եվրոներն ու ռուբլիները մեր մարդկանց մոտ հայտնվում են տարբեր ճանապարհներով, որոնց առատության ապացույցները փոխանակման կետերի դիմաց գոյացող հերթերն են:

Հայությունն իր հայաստանյան հատվածի արտակարգ վիճակից իրական արտակարգ լուծումներ է ակնկալումՙ հայրենիքում կյանքի որակի էական փոփոխություններ: Այս գործընթացում սովորականից հաճախ են կարծիքներ հնչում, թե արագ փոփոխություններ արձանագրել հնարավոր չէ, դրական արդյունքները ժամանակ են պահանջում: Ինչքանո՞վ են դրանք արդարացված, երբ չի նշմարվում մեզ բաժին հասած տնտեսական արտառոց պայմաններում լիարժեք գործելու ունակությունը, որը փոխարինվում է ՀՀ հառավարության գործունեությունը առաջիկա 5 տարիներին երկրում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաեւ բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխան արտահանմանը միտված մրցունակ ու ներառական տնտեսություն կառուցելու խոստումով: Ընդունելով, որ ցանկության դեպքում նշված արտահայտություններից յուրաքանչյուրի տակ կարելի է ամբողջ ոլորտների հանդեպ մտահոգություններ եւ դրանց իրականացման նախապայմաններ տեսնել, այսուհանդերձ դժվար է դրանցում գյուղատնտեսության շեշտակի բարձրացման նախանշաններ նկատել: Երկրի տնտեսության այս ոլորտում ապրում ու աշխատում է 1,2 մլն մարդ, թեեւ ապրել ու աշխատելը այստեղ շատ հարաբերականորեն է ասված: Բնակարանների տեսքից սկսած մինչեւ անասնագոմերը, գյուղամիջյան ճանապարհներն ու անշուք սպասարկման ծառայությունները, կրթական ու բուժական, մշակութային ու մարզական կառույցների ողորմելի տեսքերը առավել ցանկալի ու հիմնարար ուշադրություն են պահանջում: Դրանք լուծելու ուղին մեկն է. դաշտերի ու այգիների բերքատվության եւ անասնագլխաքանակների մթերատվության կտրուկ ավելացումը, այդկերպՙ աղքատության խոստացված հաղթահարումը, երկրի պարենապահովության ու պարենանվտանգության հուսալի վիճակի հաստատումը:

Դիտարկելով համաշխարհային տնտեսական զարգացումները, որին կոչված են երկրների գործադիր մարմիններ հանդիսացող կառավարությունները, համոզվում ենք, որ տնտեսության վերելքը ձեռք չի բերվում ինչ-որ հատուկ ունակություններով օժտված ղեկավարների կարգավիճակում հայտնված անձանց կողմից: Ապացույցըՙ մերձբալթյան մեր երբեմնի բախտակից երկրների օրինակը, որոնք տնտեսական առումով մոտենում են գերզարգացած երկրներին: Այնպես որ ուսումնասիրելու հնարավորությունՙ ինչքան ուզեք, մնում է միայն... ցանկությունն ու կիրառումը:

12.02.2019

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 15-02-2019

AZG Daily #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ