RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 15-02-2019



ԹԵՔԵՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Տեղադրվել է` 2019-02-20 19:23:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1772, Տպվել է` 143, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՓՅՈՒՌՔԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐՈՒՄ

Համադրեց ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ընդգրկուն նախապատրաստական աշխատանքներից հետո փետրվարի 8-ին Թեքեյան կենտրոնի մեծ դահլիճում «Ազգ» թերթը կլոր սեղան-քննարկում էր կազմակերպել «Հայաստանի քաղաքական կյանքում Սփյուռքի դերակատարության հարցի շուրջ» թեմայով: Մասնակցության հրավերներ էին ուղարկվել ՀՀ իշխանության բոլոր թեւերին, ավանդական եւ ՀՀ մի շարք կուսակցությունների, գիտական ու հասարակական կառույցների եւ հարցի հետ առնչություն ունեցող մասնագետների: Թեեւ հրավիրյալների մի մասը հավանաբար «զգուշանալով» իրենց համար անհաճո հարցերից չէր ներկայացել, սակայն մեծ մասը ներկա էր եւ ծավալվեց աշխույժ, գործնական եւ շահագրգիռ քննարկում:

Թիրախավորված էին հետեւյալ հարցերը`

1. Հայրենիք-Սփյուռք առնչությունները հետնախարարական իրավիճակում:

2. Ինչու ավանդական կուսակցությունները խորհրդարանում չեն:

3. Ստեղծված կացությունը բարելավելու հնարավոր ուղիները:

«Ազգի» խմբագիր Հակոբ Ավետիքյանը ողջունելով հյուրերին եւ շնորհակալություն հայտնելով հրավերին արձագանքելու համար` մասնավորապես կարեւորեց երեք թեմատիկ դրույթներ. ա) Հայաստանյայց առաքելական եկեղեցին որպես մեծագույն արժեք եւ նրա անփոխարինելի դերակատարությունը ազգի համախմբման գործում, բ) վերջին համապետական ընտրություններում ինչու ավանդական կուսակցությունները դուրս մնացին իշխանական կառույցներից եւ գ) Սփյուռքի նախարարության լուծարման խնդիրը:

Այնուհետեւ Հ. Ավետիքյանը տանտիրոջ իրավունքով խոսքը փոխանցեց միջոցառումը վարող պգդ, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանին : Վերջինս ընդգծեց, որ մասնակիցների մեծ մասն իր գործընկեր-մտավորականներ են, որի համար ինքը շատ ուրախ է: «Քանի որ իմ զեկուցման հիմնադրույթները շարադրված են «Ազգի» այսօրվա համարում տեղ գտած «Դիտարկումներ Հայաստանի քաղաքական կյանքում Սփյուռքի դերակատարության հարցի վերաբերյալ» հրապարակման մեջ (բոլոր մասնակիցների առջեւ դրված էին «Ազգի» այդ օրվա համարները), - ասաց Ս. Սարգսյանը,- չկրկնվելու նկատառումով կարճ կխոսեմ»: Որ հիմնախնդիրը, ասաց բանախոսը, կարեւոր է, իսկ քննարկումը ժամանակին, ակնհայտ երեւում է հենց մասնակիցների քանակից եւ որ ավելի կարեւոր է` մակարդակից: Հետեւապես խնրանքս է հնարավորինս կարճ խոսել եւ ըստ էության, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան արտահայտվելու:

Հաջորդը ելույթ ունեցավ ԵՊՀ Սփյուռքի պատմության ամբիոնի վարիչ, պգդ Արման Եղիազարյանը : Որպես պատմաբան եւ Սփյուռքի նախարարության նախկին աշխատակից բանախոսը լավագույնս ներկայացրեց այն քաղաքական եւ կազմակերպական գործընթացները, որոնք հանգեցրել էին Սփյուռքի նախարարության ստեղծմանը: Նրա կարծիքով դա մի օրում չեղավ, այլ տեւական գործընթացի եւ ստեղծագործական ու կազմակերպական երկունքի մեծ ցավի արդյունքում:

Այնուհետեւ նիստավարը ելույթի համար ձայն տվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին , ով մի փոքր զայրացած ու զարմացած նաեւ շեշտեց, որ այսօր եւ ընդհանրապես Սիլվա Կապուտիկյանից հետո, մտավորականության ձայնին ունկնդրող չկա, ինչի մասին եւ ինչքան ուզում ես խոսիր, կմնա «ձայն բարբառոյ յանապատի»: Հետեւապես, եզրակացրեց ելույթ ունեցողը, այստեսակ հանդիպում-քննարկումները ոչ միայն հաճելի են, այլեւ խիստ անհրաժեշտ:

Հակիրճ եւ ըստ էության ելույթ ունեցավ խորհրդային տարիներին գործած Սփյուռքի հետ մշակութային կապի կոմիտեի երկարամյա ղեկավարներից Ռոմեն Կոզմոյանը : Այդ ասպարեզի նահապետը խոստովանեց, որ մի փոքր շփոթված է եւ բացարձակ ճշմարտություններ ասելուց շատ հեռու: Սակայն պարզաբանելով խնդրի լրջությունը բացատրեց, որ Սփյուռքի խնդրին կուսակցական մենատիրության պայմաններում շատ զգույշ մոտեցում էր դրսեւորվել, որպեսզի այն չտապալվի: Այդ պատճառով էր, որ սկզբում ԱՕՔՍ-ը ստեղծվեց եւ հետո նոր միայն կոմիտեն, որը ոչ թե պետական, այլ հասարակական կազմակերպություն էր: Դա հնարավորություն էր տալիս Սփյուռքի գաղութների հետ աշխատել անկաշկանդ, հետեւաբարՙ ավելի արդյունավետ: Փաստորեն, ասաց նա, նույնը կամ նմանը պետք է ստեղծել հիմա:

Բավականին կրքոտ եւ շահագրգիռ դիրքերից ելույթ ունեցավ նաեւ Սփյուռքի նախարարության հայրենադարձության բաժնի վարիչ, պգթ Հովիկ Ալեքսանյանը : Նշելով, որ ինքը Սփյուռքի պատմաբանի եւ ոչ շարքային աշխատակցի դիրքերց կարեւորելով նմանատիպ քննարկումները գտնում է, որ իրենց նախարարությունը մեծ գործ է կատարել Սփյուռքի համախմբման, տարբեր գաղթօջախների միջեւ փոխադարձ կապերի ամրապնդման եւ այդ տեղերում հայեցի կրթություն ապահովելու գործում: Բանախոսը նկատեց, որ Սփյուռքի նախարարություն ունենալու անհրաժեշտության խնդիրն իր կարծիքով նույնիսկ քննարկման ենթակա չպետք է լինի:

Ելույթ ունեցավ նաեւ Սփյուռքի նախարարության առաջին եւ միակ սփյուռքահայ նախկին փոխնախարար, այժմ Repat Armenia-ի համակարգող Վարդան Մարաշլյանը : Սփյուռքի հետ կապված, նշեց նա, ամենամեծ վտանգն այն է, որ խախտվել է քայլերի հաջորդականության տրամաբանությունը: Որ հիմնախնդրի կարգավորման գործում հաջողություններ ակնկալելու համար նախ եւ առաջ հարկավոր է հենց Սփյուռքին ներգրավել այդ գործընթացներում: Միայն այդ դեպքում հնարավոր կդառնա հաջողություններ արձանագրել: Բանախոսի կարծիքով հարկավոր է կոորդինացնել բոլոր գաղթօջախների ջանքերը, այստեսակ քննարկումները դարձնել շարունակական եւ այդ դեպքում գուցե իշխանությունների համար լսելի կդառնան հիմնախնդիրն ու այն քննարկողների ձայնը:

Ակնհայտ է, իր ելույթում նշեց Մանկավարժական համալսարանի ամբիոնի վարիչ բգդ, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը , Սփյուռքի նախարարության գոյության տարիներին նույնիսկ բնագավառին առնչվող տարրական խնդիրները, ինչպես, օրինակ, սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման հարցը, չլուծվեցին, որը դժգոհությունների առիթ դարձավ հենց սփյուռքահայերի շրջանում: Բանախոսը շեշտեց հատկապես արեւմտահայերենի բարձիթողի վիճակը:

Հիմնախնդիրը խորքային, համահայկական քննարկման կարիք ունի, նշեց ՌԱԿ երկարամյա անդամ, հատուկ կլոր սեղան-քննարկմանը մասնակցելու նպատակով Լոնդոնից ժամանած դոկտոր Հրաչ Գյույումջյանը , քանի որ Սփյուռք ասվածը միատարր ու միատեսակ չէ: Այն բազմաշերտ է եւ բազմազան: Յուրաքանչյուր հատված ունի իր մոտեցումներն ու հետաքրքրությունները, որոնք բխում են տվյալ երկրի իրավական, ազգային, բարոյաէթիկական, պատմական ու մի շարք այլ գործոններից, առանց որոնց իմացությունը, հնարավոր չէ ճշգրիտ կարծիք կազմել, հետեւապես նաեւ անսխալ մոտեցում դրսեւորել նրանց նկատմամբ: Օրինակ` գաղտնիք չէր, որ սփյուռքահայ երիտասարդների մի մասը զարմանքով էր ընդունում «Արի տունը» եւ ասում, որ իր տունն այն է, որտեղ ինքը ծնվել-մեծացել է: Ի վերջո, խոսքը եզրափակեց բանախոսը, որեւէ քաղաքական դերակատարություն Սփյուռքի կողմից պետք է Սահմանադրությամբ ամրագրված լինի, հակառակ պարագայում անիմաստ են այսպիսի բանավեճերը:

Ասելիքով հարուստ եւ հիմնախնդրի լուծմանը միտված ելույթներ ունեցան գրող, «Կապույտ հազ» գրքի եւ Հայկական լեգեոնի ու նրա գործունեությանը նվիրված վավերագրական տեսաժապավենի հեղինակ Հակոբ Հարությունը , պգթ Լիլիթ Մակարյանը , որը կարեւորեց եկեղեցու դերակատարությունը մեր համազգային կյանքում, պգթ Քնարիկ Ավագյանը , որը առաջարկեց «եկեք նախ ինքներս կոնկրետանանք, որ հետո նույնը կարողանանք ակնկալել Սփյուռքից», ԵՊՀ դասախոս, պգթ Վարդան Խաչատրյանը , պգթ Ավագ Հարությունյանը , հասարակական-քաղաքական գործիչներ բգթ. Արամ Սաֆարյանը , Գեւորգ Հովսեփյանը եւ այլք:

Ամփոփիչ խոսքով հանդես եկան Հ. Ավետիքյանը եւ Ս. Սարգսյանը: Նրանք շնորհակալություն հայտնելով ներկաներին ակտիվ եւ շահագրգիռ ելույթների համար ընդգծեցին, որ բուռն քննարկումը վկայությունն էր այն բանի, որ միջոցառումը տեղին էր եւ ժամանակին: Ավելին, հնչեցին հարցադրումներ եւ տեսակետներ, որոնք պարզաբանումների եւ հստակեցման կարիք ունեն: Նրանք կատարեցին նաեւ մի քանի եզրահանգումներ: Նախ` քննարկումը կայացած իրողություն էր եւ հաջողված, հետո էլ`ամբողջ գործընթացը ցույց տվեց եւ հուշեց, որ այստեսակ քննարկումները պետք է դարձնել շարունակական, քանի որ բանավեճերում են ծնվում ճշմարտությունները, ինչպես նաեւ դրանց միջոցով հնարավոր է դառնում համապատասխան կառույցներին լսելի դարձնել հիմնախնդրի մասնագիտական նրբություններին տեղյակ եւ մտավորականության անաչառ ձայնը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 15-02-2019

AZG Daily #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ