RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 15-02-2019



ՊԱՏՄԱԿԱՆ ՓՈՐՁ

Տեղադրվել է` 2019-02-20 19:23:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1811, Տպվել է` 142, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱՂՈՒՑ ՊԱՀԱՆՋՎԱԾ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ

ԱՎԱԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, պատմական գիտությունների թեկնածու

Հայաստանի օգնության կոմիտե (ՀՕԿ)

Հայաստանի ազգային արխիվի հրատարակությամբ լույս է տեսել պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, Եվրոպական համալսարանի դասախոս Լիլիթ Մակարյանի «Հայաստանի օգնության կոմիտեի գործունեությունը (1921-1937թթ.)» աշխատությունը, ծավալը 383 էջ: Խմբագիրն է պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը :

Հայրենիք-Սփյուռք կապերի վերաբերյալ յուրաքանչյուր աշխատություն ինքնին մեծ հետաքրքրություն է ներկայացնում եւ դառնում գնահատման արժանի: Ինչքան էլ տարօրինակ թվա, հայ պատմագիտության մեջ այս թեմայի վերաբերյալ մինչ այժմ կար ընդամենը մեկ աշխատություն, այն էլ` տպագրված հեռավոր 1966թ.: Վաղուց հասունացել էր նորի պահանջը` նոր փաստաթղթերի ներառմամբ, մոտեցումներով եւ մեթոդաբանությամբ, հարցերի ամենալայն ընդգրկմամբ եւ սպառիչ պատասխանների հնարավորինս ներկայացմամբ: Եվ ահա վերջապես գիտական հանրության սեղանին դրվեց այդ նոր աշխատությունը:

ՀՕԿ... Հայաստանի օգնության կոմիտե... Առաջին հայացքից ընդամենը երեք տառ, սոսկ երեք բառ`ժամանակակից ընթերցողին, քաղաքացուն գրեթե ոչինչ չասող: Սակայն, 1920-1930-ականներին այդ հապավման մեջ մեծ իմաստ, խորհուրդ կար, այն պարբերաբար հնչում էր հավաքներում, կուսակցական-հանրային եւ մշակութային գործիչների շուրթերից, եւ դարձել էր Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, հայրենաշինության, հայրենադարձության կազմակերպման, սփյուռքահայ եղբայր-քույրերի անմնացորդ աջակցության խորհրդանիշ:

ՀՕԿ-ի կայացմանը ներգրավվեցին ժամանակի ազգային-քաղաքական եւ մտավորական գործիչները, աշխարհասփյուռ գրեթե բոլոր գաղթօջախներում ստեղծվեցին մասնաճյուղեր: Եվ այս առումով իրավացի է Լ. Մակարյանը, երբ շեշտում է. «Առանց սփյուռքահայության նյութական աջակցության անհնարին կլիներ Հայաստանում իրականացված շինարարական եւ այլ բնույթի բազմաթիվ ծրագրերի իրագործումը»: Ուսուցանելի է նրա իրավացի արդիական հնչեղության դիտարկումը. «ՀՕԿ-ի գործունեությունը ուղեցույց կարող է լինել այսօր Սփյուռքի հանդեպ ՀՀ կառավարության քաղաքականության, արտերկրի հայության հնարավորությունները հայրենիքի զարգացմանն ուղղելու համահայկական, զանազան այլ ծրագրերի իրականացման, միջոցառումների անցկացման մեթոդները մշակելիս»:

Աշխատությունը մեծապես շահել է արխիվային բավականին հարուստ աղբյուրագիտական բազայի լայնորեն օգտագործման շնորհիվ, եւ պետք է շեշտել, որ փաստաթղթերի գերակշիռ մասն առաջին անգամ է գիտական շրջանառության մեջ դրվում:

Հայաստանի ազգային արխիվի ֆոնդերից (18 !) շրջանառվել են ՀՕԿ-ի գլխավոր վարչության, Խորհրդային Հայաստանի գործադիր եւ օրենսդիր բարձրագույն մարմինների, Ամենայն հայոց կաթողիկոսի դիվանի, Հայ ազգային պատվիրակության, Արտակ Դարբինյանի ֆոնդերի վավերաթղթերը: Նույն պարագան վերաբերում է Ե. Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանում պահպանվող ֆոնդերին: Աղբյուրագիտական հենքի ամբողջացման տեսանկյունից կարեւոր է ժամանակի պարբերական մամուլի (37 !, այդ թվում` կուսակցական եւ սփյուռքահայ, որտեղ կարեւոր դեր ունի ՌԱԿ մամուլը) օգտագործումը:

Լ. Մակարյանը գնահատանքի խոսքով ներկայացրել է նաեւ առկա սակավաթիվ պատմագիտական աշխատությունները: Կարեւորվել է Է. Մելքոնյանի, Հ. Ռ. Գեւորգյանի եւ Վ. Թաշճյանի աշխատությունները: Հեղինակը իրավացիորեն առանձնացրել եւ բարձր է գնահատել հատկապես Կ. Դալլաքյանի աշխատությունները («Հայ սփյուռքի պատմություն», «Ռամկավար-Ազատական կուսակցության պատմություն», «Ակնարկներ սփյուռքահայ հասարակական մտքի պատմության»), կարեւորել դրանցում ՌԱԿ-ի արխիվային վավերաթղթերի ու մամուլի լայնորեն օգտագործումն ու մեթոդաբանական ճշմարտացի հարցադրումները:

Աշխատությունը բաղկացած է 4 գլուխներից: «ՀՕԿ-ի ստեղծումը եւ մասնակցությունը Հայաստանի վերաշինությանը» 1-ին գլխում վերլուծված է ՀՕԿ-ի ստեղծումը, պայքարը սովի ու համաճարակի դեմ, հայրենաշինության գործընթացը, հայրենադարձության կազմակերպումը, համագործակցությունը հայրենակցական միությունների հետ եւ նոր ավանների կառուցումը: Մանրամասն ներկայացվում են ՀՕԿ-ի ստեղծման նախադրյալները, դրդապատճառները, հիմնավորվում անհրաժեշտությունը, դրանում Խորհրդային Հայաստանի ղեկավարության շահագրգռվածությունը եւ մտավորականության անմնացորդ նվիրվածությունը: Հեղինակի ուշադրությունից չի վրիպել ՀՕԿ-ի ստեղծման գործընթացում իշխանությունների կողմից Ամենայն հայոց կաթողիկոսի մեկուսացումը: Ներկայացնելով համատարած սովի արդյունքում ստեղծված աղետալի վիճակը, Լ. Մակարյանը իրավացի շեշտում է. «Խորհրդային Հայաստանի կառավարությունը միայնակ չէր կարողանում բոլոր խնդիրներին լուծում գտնել: Անհրաժեշտություն էր դարձել երկրից դուրս ապրող հայության մտավոր եւ նյութական կարողությունների գործադրումը հայրենիքում»: Սփյուռքի ներգրավվածության ցայտուն վկայություններից հեղինակը հիշատակում է 1922թ. մարտի 23-ին Երեւանում ՀՕԿ-ի ընդհանուր ժողովում ռամկավար հայտնի գործիչ Արտակ Դարբինյանի ոգեւորիչ մասնակցությունը:

Սովյալներով լեցուն, համաճարակի եւ գրեթե անհուսալի սոցիալ-տնտեսական վիճակում գտնվող երկրում շատ-շատերի հայացքն ուղղված էր ՀՕԿ-ին: Սոցիալականից զատ ՀՕԿ-ը իրականացնում էր նաեւ կրթա-մշակութային հովանավորության, գյուղատնտեսական ու շինարարական գործառույթներ (ջրանցքների, հանրային շենքերի կառուցում, ճահիճների չորացում, եւ այլն): Եվ այս ամենում գործունյա եւ սրտացավ մասնակցություն էին ունենում սփյուռքահայ կառույցները: Հեղինակը բերում է ՀՕԿ-ի կենտրոնական վարչության նիստին 1924թ. ՀԲԸՄ ներկայացուցիչ Լեւոն Բաշալյանի մասնակցության փաստը, ով ՀԲԸՄ-ի եւ Պողոս Նուբարի անունից պատրաստակամ եղավ այդ ծրագրերին համակողմանի աջակցել:

Դրվատելի է, որ հեղինակը ՀՕԿ-ի յուրաքանչյուր ձեռնարկ ներկայացնում է փաստարկված` նշելով ֆինանսավորման աղբյուրը եւ չափսը: Հանգամանալից ներկայացված է ՀՕԿ-ի տնտեսական գործունեությունը, որն միտված էր արտադրանքով տարաբնույթ հարցերի, զբաղվածության խնդրի լուծմանը, եւ ֆինանսական միջոցների ավելացմանը: Այդ արտադրական կառույցներում մշտական աշխատանքով ապահովված էին հարյուրավոր մարդիկ, ինչն այն ժամանակ զգալի թիվ էր: Կարեւորվել է 1926թ. Լենինականի եւ 1931թ. Զանգեզուրի երկրաշարժերի հետեւանքների վերացման գործընթացում ՀՕԿ-ի էական մասնակցությունը:

ՀՕԿ-ի գործունեության բաղկացուցիչ դրվագներից ներկայացվում է գաղթօջախներ պատվիրակությունների ուղարկումը, որը գնահատվում է լրացուցիչ հանգանակությունների կազմակերպման եւ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման տեսանկյունից: Հեղինակը պարբերաբար ներկայացնում է ՀՕԿ-ի ղեկավար ու պատասխանատու կազմի անվանացանկը, ինչը կարեւորվում է ժամանակի նվիրյալ հայորդիների մոռացության մատնվելուց վերհիշմանը:

Անհրաժեշտ ծավալով ներկայացված է Խորհրդային Հայաստանի կառավարության քայլերը ներգաղթի կազմակերպման ուղղությամբ, 1920-ական թվականների սկզբին որոշ գաղթօջախներում ստեղծված բարդ քաղաքական, սոցիալ-տնտեսական վիճակը, հայրենադարձության հարցում Հայաստանի կոմկուսի եւ ՀՅԴ միջեւ հակամարտությունը:

Ակնհայտ է, որ հայրենադարձության պարագան առաջնահերթ էր համարվում, իսկ դրա կազմակերպումն ու իրագործումը` հրատապ, համազգային հնչեղության: Հենց այդ հանգամանքը կարեւորելով Լ. Մակարյանը ճշմարտացի դիտարկում է կատարում. «ՀՕԿ-ի կենտրոնական վարչության գործունեության ընթացքում թերեւս ամենակարեւոր աշխատանքը հայրենադարձության գործին աջակից դառնալն էր: ՀՕԿ-ն ամեն ջանք գործադրեց` մասնակից դառնալու հայրենադարձության կազմակերպչական աշխատանքներին եւ օժանդակելու այն անհատներին ու խմբերին, ովքեր ցանկություն էին հայտնել գալու ու բնակվելու Հայաստանում»: Հեղինակի համոզմամբ խորհրդային իշխանությունները ներգաղթի հարցում դասակարգային մոտեցում էին ցուցաբերում, այսինքն` այլ կուսակցական պատկանելիություն կամ հայացքներ ունեցողների համար ներգաղթը գրեթե բացառվում էր: Հեղինակն անդրադարձել է 1933թ. ՀԲԸՄ նախագահ Զարեհ Նուբարի գլխավորությամբ Սփյուռքում ստեղծված Ներգաղթի ֆոնդի (փոխնախագահ` Ավետիք Իսահակյան, անդամներից էր Արշակ Չոպանյանը) գործունեությանը:

1936թ. խորհրդային Ներգաղթի կոմիտեն լուծարվեց, եւ ներգաղթողների ընդունելության ու տեղավորման գործն ամբողջությամբ հանձնվեց ՀՕԿ-ի գլխավոր վարչությանը: Հեղինակի աղբյուրների համաձայն 1921-1936թթ. ներգաղթել է 33.072 հոգի, իսկ բացի մեծ խմբերով հայրենադարձներից 1926-1936թթ. անհատական վիզաներով ներգաղթել է 6.926 հոգի: Լ. Մակարյանի գնահատմամբ ՀՕԿ-ը կատարեց հայրենադարձության գործընթացում իր առջեւ դրված խնդիրները եւ անուրանալի ավանդ ունեցավ:

Ակնհայտ էր, որ հայրենադարձության գործընթացում առաջնայինը բնակարանի եւ աշխատանքի խնդրի լուծումն է: Այս նպատակով ՀՕԿ-ը ամենասերտ կերպով համագործակցում էր Սփյուռքում գործող հայրենակցական միությունների հետ: Հեղինակի կարծիքով նրանց հետ կապերի խորացումը խրախուսվում էր նաեւ խորհրդային իշխանությունների կողմից, քանի որ այդ միությունների միջոցով շինարարական աշխատանքներ կազմակերպելու համար մեծ ներդրումներ էին կատարվում, բացի այդ` միությունները քաղաքական ուղղվածություն չունեին: Հիմնական համագործակցությունը տարվում էր 12 հայրենակցական միության հետ, որոնք պատրաստակամություն էին հայտնել աջակցել համանուն ավանների կառուցմանը, օրինակ` Նոր Արաբկիր, Նոր Խարբերդ, Նուբարաշեն, Նոր Սեբաստիա, Նոր Մալաթիա: Հեղինակը մանրամասնորեն անդրադարձել է նաեւ Սփյուռքից կտակների Խորհրդային Հայաստանին փոխանցման եւ կրկին ՀՕԿ-ի միջոցով դրանք երկրի վերաշինությանը ծառայեցնելուն: Նրա հավաստմամբ, 1923-1937թթ. ՀՕԿ-ը արտասահմանից ստացել էր 649.162 ռուբլի կտակ:

«ՀՕԿ-ի մասնաճյուղերի ստեղծումը եւ գործունեությունը խորհրդային հանրապետություններում» վերնագրված 2-րդ գլխում վերլուծվել է Վրաստանում, Բաքվում, Ռուսաստանում (հատկապես` Մոսկվայում, շնորհիվ հրապարակախոս Կարեն Միքայելյանի), Միջին Ասիայում, Ուկրաինայում (ակտիվ գործիչներից էր Ակսել Բակունցը) մասնաճյուղերի ծավալած գործունեությունը, այդ ամենը հիմնավորելով վիճակագրական հարուստ տվյալներով:

«ՀՕԿ-ի գործունեությունը արտասահմանում եւ փոխհարաբերությունները սփյուռքահայ կազմակերպությունների եւ կուսակցությունների հետ» վերնագրված 3-րդ գլուխը ծավալով ամենամեծն է: Քաղաքական տեսանկյունից դիտարկելով հարցը, Լ. Մակարյանը կարծում է, որ ՀՕԿ-ը ոչ միայն Սփյուռքում նյութական հանգանակություն կազմակերպող, հայրենիքի հետ արտասահմանի հայությունը կապող կարեւորագույն օղակ էր, այլեւ խորհրդային իշխանությունները այդ կազմակերպության հետ էին կապում հեռահար նպատակներ, եւ ՀՕԿ-ի առջեւ հատուկ առաջադրանքներ էին դրել, այն է` փոխել արտասահմանի հայության վերաբերմունքը Խորհրդային Հայաստանի նկատմամբ, ֆոնդերն ու կտակներն հնարավորինս տեղափոխել Երեւան: Այս նպատակներին հասնելու համար արտասահմանում անհրաժեշտ էր համարվում ունենալ կազմակերպչական մարմիններ, եւ սկզբնական շրջանում ՀՕԿ-ը ստիպված էր հաշվի առնել անգամ արտասահմանում գործող ավանդական կուսակցությունների տրամադրությունները, որպեսզի շահեր նրանց վստահությունը:

Պարսկաստանում գործած 10 մասնաճյուղերից համեմատաբար ակտիվ էին Թեհրանի եւ Թավրիզի մասնաճյուղերը: Հեղինակը վերլուծելով այդ մասնաճյուղերի ընթացքըՙ կատարում է հետաքրքրական դիտարկում. «Պարսկաստանի շատ քաղաքներում ՀՕԿ-ի լիարժեք գործունեության բացակայությունը կարելի էր բացատրել այն փաստով, որ այնտեղ դեռեւս մեծ էր դաշնակցականների ազդեցությունը: Վերջիններս մերժելով խորհրդային համակարգը, ՀՕԿ-ը համարում էին խորհրդային իշխանությունների քարոզչության գործիք»:

Սիրիայում եւ Լիբանանում ՀՕԿ-ի մասնաճյուղերն էական գործունեություն չծավալեցին (ի դեպ, Բեյրութի մասնաճյուղի հիմնադիր ժողովի նախագահն եղել է ՌԱԿ Կենտրոնական վարչության նախագահ Միհրան Տամատյանը):

Եգիպտոսում ՀՕԿ-ի մասնաճյուղերի կայացմանը նպաստել են ռամկավարները եւ հնչակյանները: Ի տարբերություն նրանց` ՀՅԴ խիստ ընդդիմության մեջ էր, անգամ ոստիկանությանը բողոքում էր ՀՕԿ-ի դեմ: Հեղինակը տեղին արժեւորել է նվիրյալ հօկական Գառնիկ Սվազլյանի հայրենանվեր գործունեությունը:

Եվրոպական երկրներից հեղինակը շատ հանգամանալից վերլուծել է Ֆրանսիայում հօկ-ականների գործունեությունը, որտեղ առանձնակի ակտիվ էին ռամկավարները: Ֆրանսիայում ՀՕԿ-ի կենտրոնական վարչության նախագահը Ժողովրդական կուսակցության (հետագայումՙ ՌԱԿ) հայտնի դեմքերից Միքայել Պապաջանյանն էր, անդամներից էին` Զապել Եսայանը, Ավետիս Թերզիպաշյանը: Ներկայացնելով ՌԱԿ-ի կառուցողական դիրքորոշումը, հեղինակը քննադատում է ՀՅԴ որդեգրած խոչընդոտող հակամարտ կեցվածքը:

Բավականին հանգամանալից ներկայացված է ՀՕԿ-ի մասնաճյուղերի գործունեությունը Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում, հատկապես` ԱՄՆ-ում, անդրադառնալով նաեւ թեմի առաջնորդ Ղեւոնդ Արքեպիսկոպոս Դուրյանի սպանության պարագաներին: Հարցը առարկայաբար դիտարկելով, զերծ մնալով կուսակցական կաղապարներից, Լ. Մակարյանը ճշմարտացիորեն քննադատում է նաեւ ՀՕԿ-ի գործելակերպում առկա թերիները. «Արտասահմանում խորհրդային իշխանության գործիք դառնալով` ՀՕԿ-ն իրենից վանում էր ժամանակին իրեն մեծ աջակցություն ցույց տված եւ Խորհրդային Հայաստանի բարեկամ համարվող Ռամկավար Ազատական կուսակցությանը: 1929թ. ՀՕԿ-ին անդամակցող ՌԱԿ-ի անդամների 80 տոկոսը, ինչպես բոլոր հայ համայնքներում եւ հատկապես ԱՄՆ-ում, դուրս է գալիս ՀՕԿ-ի կազմից»: ՀՕԿ-ը Խորհրդային Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ կապող օղակ էր, եւ բնականաբար ՀՕԿ-ը պետք է հարաբերակցություն ունենար ավանդական կուսակցությունների հետ (բացի ՀՅԴ): Այդ հարաբերակցության արդյունավետությունն ակնհայտ էր, եւ հեղինակի կարծիքով բազմաթիվ խոշորածավալ ձեռնարկներ կյանքի կոչվեցին, ինչն անհնարին կլիներ առանց սփյուռքահայ կազմակերպությունների, կուսակցական գործիչների աջակցության:

«ՀՕԿ-ի լուծարումը» վերնագրված 4-րդ գլխում հարցը հեղինակը դիտարկում է Խորհրդային Միության ընդհանուր քաղաքական իրավիճակի համապատկերում: ՀՕԿ-ի ողբերգական վախճանը հեղինակը փաստարկված վերլուծելով ներկայացնում է նաեւ հետեւյալ ուշագրավ տվյալները. 1923-1937թթ. ՀՕԿ-ը արտասահմանից ստացել է դրամական միջոցներ. 17.603 ֆունտ ստեռլինգ, 192.254 դոլար, 172.581 ֆրանկ, ինչը հավասար էր 586.428 ռուբլի ոսկով: Իսկ արդեն Սփյուռքից ստացված ոչ դրամական հսկայածավալ օգնությունը (նյութական միջոցներ, հագուստ, սնունդ, տեխնիկա, եւ այլն, եւ այլն) ուղղակի անհնար էր հաշվարկել:

Լ. Մակարյանի համոզմամբ խորհրդային իշխանությունները դադարեցնում էին արտասահմանի հետ որեւէ շփում հենց հասարակական կազմակերպությունների միջոցով, նվազել էր ՀՕԿ-ը պահելու պահանջարկը, ինչն արտաքին քարոզչական միջոց լինելով` համարվում էր իր առջեւ դրված խնդիրները կատարած:

Վերջաբանում ընդունելով հանդերձ, որ ՀՕԿ-ի գործելակերպում որոշակի քաղաքական միտվածություն կար, այնուամենայնիվ հեղինակը համարում է, որ դա ամենեւին չի նսեմացնում նրա գործունեության իրական արդյունքը: Իսկ պատճառը պարզ է եւ ակնհայտ. ՀՕԿ-ը կարճ ժամանակահատվածում հսկայական աշխատանք է կատարել Խորհրդային Հայաստանի բնակչությանը սովի ու համաճարակի ճիրաններից փրկելու, երկրաշարժերից տուժածներին օգնություն հասցնելու, աղետի հետեւանքները վերացնելու, գաղթական հայության ընդունման, աշխատանքով ապահովման եւ Հայաստանի վերաշինությանը մասնակցելու գործընթացներում:

Հավելվածների տեսքով ընթերցողին հնարավորություն է ընձեռնված ծանոթանալ ՀՕԿ-ի հիմնադիր անդամների անվանացանկին եւ հիմնադիր կանոնադրությանը: Ողջունելի է գրքում առկա բազմաթիվ լուսանկարների առկայությունը (ՀՕԿ-ի ղեկավար կազմ եւ ակտիվ գործիչներ, ՀՕԿ-ի ձեռնարկություններ, ներգաղթողների անկետաներ, սփյուռքի միջոցներով ՀՕԿ-ի կառուցած շենքեր, ավաններ), ինչն ավելի է ամբողջացնում թեմայի պատկերացումը:

Հետաքրքրական փաստ է ՀՕԿ-ի սեփական հիմն ունենալը, որի հեղինակներն են Ռոմանոս Մելիքյանը եւ Դերենիկ Դեմիրճյանը: Գրքում տեղադրված է հիմնի նոտագրված լուսապատճենը:

Եզրափակելով պետք է արժանին մատուցենք պատմական գիտությունների թեկնածու Լիլիթ Մակարյանին, որ վերջապես ՀՕԿ-ի հիմնադրման 100-ամյա հոբելյանի նախաշեմին, արխիվային վավերաթղթերի հիման վրա, համակողմանի ու առարկայական վերլուծությամբ ընթերցողի դատին է հանձնել այսպիսի արժեքավոր աշխատություն: Դրա միջոցով մոռացությունից վեր են հառնում 1920-1930-ական թվականների Խորհրդային Հայաստանի պատմության կարեւոր դրվագները, արժեւորվում ու գնահատվում մեր սփյուռքահայ եղբայրների անմնացորդ եւ անշահախնդիր աջակցությունը: Իսկ որ այս աշխատությունը պատմագիտականից զատ ունի նաեւ արդի գործնական նշանակությունՙ ակնհայտ է: Հուսանք նաեւ այս աշխատության օգնությամբ պատմությունից դասեր կքաղեն Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը կոչված կառույցները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 15-02-2019

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ