RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 15-02-2019



ՆԱՎԹԻ ՀԱՄԱՐ

Տեղադրվել է` 2019-02-20 19:23:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1634, Տպվել է` 143, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԵՆԵՍՈՒԵԼԱԿԱՆ ԹՆՋՈՒԿ ԿԱՄ ԻՆՉՈՒ ԱՅԴ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԴՈՒՐՍ ՉԻ ԳԱԼԻՍ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԵՐԻՑ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ., միջազգային անվտանգության եւ էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ

Ինչպես հայտնի է, վենեսուելական ճգնաժամը խորանում է եւ այստեղ փաստորեն փորձ է արվում իրականացնել հեղափոխություն, որի նպատակն է հեռացնել գործող նախագահ Մադուրոյին: Այս գործում ներգրավված է ոչ միայն ընդդիմությունը, այլեւ նրան սատարող ԱՄՆ-ը, Եվրոմիության անդամ մի շարք պետություններ, եւ այսպես շարունակ:

Հիմնական հարցը, որ ծագում է այս խնդրից հեռու մարդու մոտ, թե ո՞րն է պատճառը, որ հեռավոր Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձություններին այսպես ակտիվորեն ներգրավված են այլ պետություններ, որոնցից շատերը գտնվում են հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա, եւ, մյուս կողմից, ինչո՞ւ է Վաշինգտոնը վերջին մի քանի տասնամյակներին անընդհատ ներգրավվում ներվենեսուելական գործընթացների մեջ, պատասխանը շատ պարզ է. հիմնական պատճառը նավթն է, որի հսկայական պաշարները գտնվում են լատինամերիկյան այդ պետության ընդերքում եւ որի տիրապետման շուրջ ընթանում է երկարատեւ ու համառ պայքար: Իսկ այդ պայքարը սկսվեց այն ժամանակ, երբ Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսը դուրս մղեց ամերիկյան ու եվրոպական նավթային ընկերություններին իր պետությունից ու ազգայնացրեց նավթահանքերը:

Ըստ Բրիտիշ Փետրոլիումի (BP) տարեկան վերջին զեկույցի, նավթի ապացուցված պաշարներով այդ պետությունը առաջինն է աշխարհումՙ 17,9% կամ 303 մլրդ բարել: Համեմատության համար նշեմ, որ ըստ նույն աղբյուրի Սաուդյան Արաբիան տիրապետում է աշխարհի ապացուցված նավթի միայն 15,7%-ին կամ 266 մլրդ բարելի:

Այսինքն նավթն է դարձել այն չարիքը, որի առկայության պայմաններում ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները այդքան ուշադիր են այդ պետության հանդեպ եւ պարտադիր կերպով ցանկանում են այն վերահսկել: Հիշեցնենք նաեւ, որ դեռ 19-րդ դարում ամերիկյան նախագահ Մոնրոյի հայտնի դոկտրինի համաձայն, վերջինս Ամերիկյան աշխարհամասը դիտարկում է որպես իր ազդեցության գոտի, հետեւաբար վերահսկողությունը այդ տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից դիտարկվում է որպես բնականոն երեւույթ:

ԱՄՆ-Վենեսուելա հակասությունները սկսեցին խորանալ 1999թ.-ից սկսած, երբ ընտրությունների արդյունքներով իշխանության եկավ Ուգո Չավեսը: Վերջինս սկսեց նավթային սեկտորի ազգայնացման գործընթաց, որի արդյունքում ամերիկյան «ԷքսոնՄոբիլ», «ԿոնոկոՖիլիպս», «Շեվրոն» եւ եվրոպական «Տոտալ» ընկերությունները դուրս մղվեցին Վենեսուելայի ամենահեռանկարային համարվող նավթային ծրագրերից:

Այս գործընթացը սկիզբ տվեց ամերիկավենեսուելական հակամարտության, որը ձգվում է մինչ օրս: Չավեսի գործողությունները սկզբում մեծ ժողովրդականություն էին վայելում Վենեսուելայում:

Վերջինս լինելով պոպուլիստ քաղաքական գործիչ, դա ներկայացնում էր որպես երկրի հարստության վերադարձ ժողովրդին: Չավեսը նաեւ օգտագործում էր նավթային հիմնադրամում կուտակված դոլարները սոցիալական տարբեր ծրագրերի համար, որի նպատակն էր մեծացնել իր ժողովրդականությունը երկրում:

Այդ գործողությունների արդյունքում եւ հատկապես նավթի գների բարձրացման պայմաններում, դա որոշակի հաջողություն բերեց Չավեսին: Սակայն, միաժամանակ, պետությունը հայտնվեց նավթադոլարների ներհոսքից սկսված «հոլանդական» կոչվող հիվանդության ճիրաններում:

Այսինքն, պետության զարգացումը ամբողջովին կախված էր նավթի արդյունահանումից ու արտահանումից, իսկ քանի որ այդ բնագավառում, միջազգային նավթային ընկերությունների հեռացումից հետո, ներդրումներ չկային, ապա երկիրը հայտնվեց տնտեսական նոր ճգնաժամի շեմին: Նավթի բարձր գների պայմաններում ներդրումների բացակայության ու ամերիկյան պատժամիջոցների պատճառով նավթի արդյունահանումը սկսեց կրճատվել:

Հասկանալի է, որ իրավիճակն էլ ավելի ծանրացավ, երբ 2014թ.-ից սկսած նավթի գները անկում ապրեցին: Վենեսուելայի եկամուտները կրճատվեցին, իսկ նշենք, որ, ի տարբերություն արաբական նավթի, վենեսուելականի ինքնարժեքը երկու-երեք անգամ ավելի թանկ է (այն նոսր չէ, հետեւաբար տեղափոխման համար կարիք ունի հեղուկացման), հետեւաբար նավթի ցածր գները իսկական աղետ էին այդ պետության համար:

Չավեսի մահից հետո իշխանության եկած նրա իրավահաջորդ Նիկոլո Մադուրոն ժառանգեց տնտեսություն, որը տառապում էր «հոլանդական» այդ հիվանդությամբ, նեդրումների բացակայությամբ եւ նավթի ցածր գների պայմաններում այդ էներգակրի արդյունահանման շարունակական կրճատմամբ: Մադուրոյի փորձերըՙ բարելավելու հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, սկզբունքորեն ձախողվեցին:

Այդ իրավիճակից հասկանալի կերպով օգտվում էր Վաշինգտոնը, որը խառնվելով այդ պետության ներքին գործերին, սկսեց ֆինանսավորել ընդդիմությանը, ներքին հակասությունների սրման եւ ճգնաժամի խորացման համար: Աղքատությունը, տնտեսական խնդիրները եւ բնակչության մի մասի դժգոհությունը ընդդիմությանը հնարավորություն տվեցին մեծամասնություն կազմել երկրի խորհրդարանում, ինչը էլ ավելի սրեց Մադուրո-ընդդիմություն հակասությունները:

ԱՄՆ-ի ակտիվ ներգրավումը այդ պետության ներքին գործերին կարող է հանգեցնել այն նույն սցենարների կրկնությանը, որը մենք տեսանք Ուկրաինայում, կամ արաբական մի շարք պետություններում: Ներքին հակասությունները եւ Վենեսուելայի խորհրդարանի խոսնակիՙ Գուետերոյի կողմից իրեն նախագահ հռչակելը պետությունը պառակտելու եւ դեպի քաղաքացիական բախումներ մղելու իրական ճանապարհ է:

ԱՄՆ-ի ու Եվրոպայի մի շարք պետությունների կողմից Գուետերոյի ճանաչումը որպես պետության ղեկավարի քաղաքացիական բախումները խրախուսելու իրական կոչ է, որը կարող է շատ ծանր հետեւանքներ ունենալ այդ երկրի համար: Սա նաեւ ճանապարհ է բացում պետության «օրինական» իշխանություններին աջակցելու անվան տակ արտաքին ներխուժման համար, ինչին մենք նախկինում բազմիցս ականատես ենք եղել տարբեր երկրներում:

Այսպիսով, ժողովրդավարության ու մարդու իրավունքների տարածման անվան տակ պայքար է սկսվել վենեսուելական նավթի համար: ԱՄՆ-ը իրական հնարավորություն է տեսնում վերականգնել իր ազդեցությունը, որը նա կորցրել էր դեռ 1999թ. Չավեսի օրոք այդ պետությունում, եւ, ամենակարեւորը, այդ երկրում նավթի արդյունահանումը նորից դնել ամերիկյան նավթային հսկաների վերահսկողության ներքո:

Այս քաղաքականության հաջողությունը կհանգեցնի ԱՄՆ-ի կողմից նավթի թիվ մեկ պաշարները ունեցող պետության ու նրա հանքերի նկատմամբ երկարատեւ վերահսկողության, ինչը ռազմավարական նշանակություն ունի Վաշինգտոնի համար: Իսկ թե այս ամենից ի՞նչ կշահի Վենեսուելայի քաղաքացին, խիստ կասկածելի է: Ինչպես ցույց է տվել վերջին տասնամյակների փորձը, հիմնական տուժողը հանդիսանում են այն պետությունների ժողովուրդները, որոնք հավատում են արտասահմանյան քարոզիչներին, որոնք ժողովրդավարության անվան տակ նոր գաղութատիրական համակարգ են կառուցում ամբողջ աշխարհում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 15-02-2019

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ