RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 01-03-2019



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2019-02-28 23:33:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1576, Տպվել է` 93, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՉԻՆՉ ՉՍՏԱՑԱՎ, ՄԻԱՅՆ ՏՎԵՑ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Լուիզ Մանուկյան-Սիմոնին առաջին անգամ տեսել եմ Կիպրոսում, 1989-ի գարնանը, Մելգոնյան վարժարանի շրջաբակում ազգային բարերար Նազար Նազարյանի նվիրատվությամբ կառուցված երիտասարդական կենտրոնի բացմանը: Ավերիչ երկրաշարժին հաջորդած համազգային ընկճախտի, հուսաբեկության օրերն էին: Բացման հանդիսությանը մասնակցում էին ՀԲԸՄիության եւ ՌԱԿ-ի բազմաթիվ ղեկավարներ, անդամներՙ աշխարհի տարբեր կողմերից: Հանդիսասրահում սպասողական մթնոլորտ էր: Բոլորն սպասում էին Հայաստանից նոր ժամանած Լուիզի զեկուցմանը: Նա այդ կարճ ժամանակում արդեն բազմիցս եղել էր Աղետի գոտում, մարդասիրական-բժշկական բեռներով: Կարճ եղավ նրա ելույթը, խիստ գործնական ու գործնամիտ, նաեւՙ ոգեւորիչ, ավելի ճիշտՙ հույս ներշնչող: Պետք էր պարենային մեծ սառնարան կառուցել Գյումրիում, առաջնահերթ խնդիրը աղետյալ ազգաբնակչությանը պարենով ապահովելն էր: Ներկայացրեց Վիեննայից ժամանած Աչուկ Ճգնավորյանին, որ ՄԱԿ-ի Պարենային ապահովման կազմակերպության (FAO) ներկայացուցիչներից էր: Տիկին Աչուկը նկարագրեց Լուիզի առաջին մեծ ծրագիրը. սառնարանի տարողությունը լինելու էր 10 հազար տոննա, հոլանդական տեխնոլոգիայով սարքավորված: Պիտի արժենար 7,5 մլն դոլար: (Հետագայում, ավա՜ղ, մթի-ցրտի տարիներին անգործության մատնվելուց հետո գերարդիական այդ համալիրը իբր աճուրդով չնչին գնով վաճառվեց ԱԺ պատգամավորներից մեկին):

Սառնարանի ծրագրով փաստորեն սկիզբ դրվեց Աղետի գոտու վերականգնման գործին ոչ տարերային, այլկազմակերպված ձեւով նպաստելու համահայկական արշավի, որը քիչ անց վերածվեց Քըրք Քրքորյանի օդանավերի ամենամսյա թռիչքներով Միացյալ համահայկական ֆոնդի կանոնավոր առաքումներին, բարեսիրական բոլոր կազմակերպությունների մասնակցությամբ: Լուիզը այդ գործի ոգին էր, ոչ միայն Աղետի գոտու վերականգնման, այլեւ ողջ Հայաստանի եւ Արցախի բուժհաստատությունների, կրթօջախների, ճանապարհաշինության այն մեծ ծրագրերին, որոնք ավելի ուշ հող ստեղծեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար:

Լուիզի ուշադրությունից չէին վրիպում Հայոց պետության արդիականացմանը, Հայ եկեղեցու հզորացմանը ձգտող բոլոր ծրագրերը: Ամերիկյան համալսարանի ստեղծումը, միակը նախկին Խ. Միության ողջ տարածքում, Գորիս-Ստեփանակերտ (հետագայումՙ Հյուսիս-հարավ) մայրուղու կառուցումը, բազմաթիվ եկեղեցիների, Մայր աթոռի հայորդվոց տների, Հայաստանի Ազգային սիմֆոնիկ նվագախմբի գոյության շարունակականության ապահովման, Ս. Ներսես Շնորհալի (այժմՙ Իզմիրլյան) վերականգնողական հիվանդանոցի եւ Ստեփանակերտի գլխավոր հիվանդանոցի գոյությունը անկարելի է պատկերացնել առանց Լուիզի հետեւողական աշխատանքի, նվիրումի ու նվիրաբերումների: Եվ, ուշադրություն, դրանցից ոչ մեկը, այդ հաստատություններից ոչ մեկը չի կրում նրա անունը, ինչը բարոյացուցական է մեր շատ ու շատ բարերարների համար:

Հետագա տարիներին առիթ ունեցել եմ անձամբ շփվելու այդ մեծ հայուհու հետ, երբեմնՙ գործակցել նաեւ: Համեստ էր ծայր աստիճան: Խորշում էր շքեղություններից, մսխումներից, ավելորդ ճոխություններից, անգամ լուսանկարվելուց, «պատկեր մը քաշվինքներից»: Հիշում եմՙ Նյու Յորքում իր սովորական «Ֆորդ» մեքենայով ինձ ՀԲԸՄ-ի կենտրոնական գրասենյակ տանելիս ձեռ էր առնում Հայաստանից եկած իր հյուրերին, որոնք զարմանք էին հայտնում, որ Լուիզը Լիմուզին չունի, ոչ էլ «պադավատ»: Հետագայում, արդեն Երեւանում, երբ «Ազգ»ի խմբագրությունում խնդրեց իրեն շտապ հասցնել «Հրազդան» հյուրանոց կարեւոր հանդիպման, նստեց իմ բազմաչարչար «Ժիգուլին»: Երբ ներողություն խնդրեցի անհարմարության համարՙ հանդիմանական հայացքով նայեց աչքերիս եւ կտրուկ հարցրեց. «Աս մեքենան մեզի տեղ կհասցնե՞»: Տեղ հասցրեց:

Բարի, բայց ոչ միամիտ մարդ էր Լուիզը: Անշուշտ ուներ կարծրատիպեր, այսպես ասածՙ բզիկներ, բայց սիրում էր մարդկանց հավատալ, ոգեւորվել նույնիսկ, բայց նաեւ խորապես հուսախաբվել ու դառնանալՙ անգամ փոքր թերացման համար: Անողոք էր անգործնականության, դանդաղկոտության նկատմամբ, մանավանդ հանրային ու պետական գործերում: Հիշում եմ իր մի հոդվածը «Կամաց-կամաց» վերնագրով, որը իր իսկ հիմնած AGBU ամսագրում տպվելուց հետո թարգմանաբար հրատարակվեց նաեւ մեր թերթում: Այդ առաջնորդողը օրվա պետական մեր պաշտոնյաներին էր քննադատում, որոնք Լուիզի պահանջկոտությանը դիմադրում էինՙ «Լուիզ ջան, կամաց-կամաց կարվի այդ գործը»: Դա Լուիզի համար անընդունելի էր. ի՞նչ կամաց-կամաց, երբ պետք էր վազե՛լ:

Ընդհակառակը, ինչպես ասում ենՙ հաճելի զարմանքով էր ընդունել, երբ Ստեփանակերտում իրեն հաղորդել էին, որ հիվանդանոցի կառուցման ու կահավորման համար իր նվիրած գումարից (կարծեմՙ 3 մլն էր) ավելացած գումարն են ուզում վերադարձնել: Մինչդեռ ամեն կողմից իրեն էին դիմում, որ տված գումարը չի բավականացնում...

Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահով ավարտվում է մի ամբողջ ժամանակաշրջանՙ անշահախնդիր բարեգործության, մարդասիրության, հայրենանվիրումի: Հիմա սկսվում է, սկսվել է արդեն, մի նոր շրջափուլՙ նյութական շահի, քաղաքական շահի, բարոյական շահի, վերջապեսՙ շահի՛ շրջափուլ:

Լուիզը ոչինչ չշահեց, միայն տվեց: Ազգին, հայրենիքին, եկեղեցուն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 01-03-2019

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ