RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 01-03-2019



Տեղադրվել է` 2019-02-28 23:33:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1343, Տպվել է` 86, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս հերթական ուղերձով դիմել էր իր երկրի Դաշնային ժողովին: Ուղիղ հեռարձակվող ելույթի ճնշող մասը նվիրված էր բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, ժողովրդագրական վիճակի բարելավմանը: Կային նաեւ միջազգային իրադրության, ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակին նվիրված հարցադրումներ, որոնք, ի վերջո, իրե՛նց խնդիրներն էին: Բայց Պուտինի ուղերձի մեջ կային նաեւ այնպիսի մոտեցումներ, որոնք, վատ չէր լինի, Հայաստանի ղեկավարությունը նույնպես հաշվի առներ:

Օրինակ, ինձ հատկապես դուր եկավ Պուտինի այն մոտեցումը, որով նա ամենեւին իրենից ու պետական մյուս չինովնիկներից չվանեց սեփական քաղաքացիների հսկայական զանգվածի վատ ապրելու պատասխանատվությունը: Ընդհակառակը, նշելով, թե 2000 թվականին երկրում կար ծայրահեղ աղքատ 40 միլիոն մարդ, իսկ այժմՙ 19 միլիոն, Պուտինը շեշտեց, թե դա նույնպես ահռելի թիվ է, եւ պետությունը պարտավո՛ր է այնպես անել, որ այդ թիվը նվազի: Պուտինը Փաշինյանի պես չասաց, թե սեփական աղքատության համար առաջին հերթին քաղաքացիներն իրե՛նք են պատասխանատու, որովհետեւ աղքատությունը նրանց գլխում է: Նա աղքատությունը հաղթահարելու համար ժողովրդին քայլ անելու հորդորով չդիմեց, ինչպես արեց Նիկոլ Փաշինյանըՙ Թումանյանի ծննդյան 150 ամյակի առթիվ Դսեղում կայացած հանդիսության ժամանակ ունեցած ելույթում: ՀՀ վարչապետի այդ հորդորը նշանակում էր ծուլության ու վախկոտության մեջ մեղադրել այդպիսի քայլից խուսափող սեփական քաղաքացիներին: Մինչդեռ Պուտինն ընդգծում էր, թե աղքատության երեւույթը նկատվում է ամբո՛ղջ աշխարհում: Նա դատապարտեց իրենց այն մարմիններին, որոնք բավարար քայլեր չեն ձեռնարկում պահանջվող քանակի աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ: Ընդգծեց մասնագիտական որակավորման բարձրացման եւ նոր մասնագիտություններ ձեռք բերելու նպատակով ամենուրեք անհրաժեշտ դասընթացներ բացելու կարեւորությունը, խոսեց սեփական գործ սկսելու համար մարդկանց նպաստ տրամադրելու մասին: Դատափետե՛ց քրեական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքով մարդկանց նախաձեռնությունը կաշկանդելու երեւույթը, ձերբակալվածներին մինչեւ դատը տեւականորեն կալանքի տակ պահելը, երբ բանտարկվածներին ամիսներով նույնիսկ չեն հասցնում հարցաքննել: Դա նշանակում էր ուղղակի հրահանգ իրավապահ մարմիններինՙ ոչ-շատ ծանր մեղքերի դեպքում վերջ տալու նախնական կալանք կիրառելու պրակտիկային, երբ ակնհայտ է, որ չբացակայելու ստորագրություն տված մարդը չի փախչի: Մինչդեռ մեզանում շարունակվում է նույնիսկ ակնհայտ հիվանդ մարդկանց նախնական կալանքի տակ պահելը: Օրինակ, Սամվել Մայրապետյանին միայն Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի որոշումով թույլ տվեցին արտասահմանում բուժվելու մեկնել:

Պուտինը իր ուղերձում խոսեց նաեւ հաշմանդամության նպաստները մեծացնելու, աշխատավարձերն ու կենսաթոշակները բարձրացնելու, հեռավոր գյուղերում աշխատանքի մեկնող ուսուցիչներին 1 միլիոն ռուբլով խրախուսելու մասին, խնդիր դրեց արդեն եկող տարի 25 տոկոսով մեծացնել յուրաքանչյուր քաղաքացու կենսապահովման զամբյուղի պարունակությունը:

Անիմա՛ստ է երկու երկրների տնտեսական հնարավորությունները համեմատելը: Խոսքը պետությունների ղեկավարների մտածողությունները համեմատելու մասին է: Համաշխարհային մարտահրավերներին ազգովին դիմակայելու կոչ անելովՙ Պուտինը իր ժողովրդին հորդորում էր համախմբվել հնարավոր վտանգների դեմ: Մինչդեռ համանման իրավիճակում մեր վարչապետը... շարունակում էր մարդկանց բաժանել սեւերի ու սպիտակների, ստեղծված վիճակի պատասխանատվությունից խուսափելու պատճառներ էր որոնում: Իսկ նրան հավատացողները... իրե՛նք էին (եւՙ ե՛ն) Փաշինյանի վարչակազմի համար արդարացումներ հորինում: Մինչդեռ հարկավոր է իշխանավորների համար ոչ թե վերից վար արդարացումներ գտնել կամ հորինել, այլ ստիպել, որ... լա՛վ աշխատեն: Իրե՛նք են ասում, թե ժողովրդի ծառա՛ն են: Ուրեմն, թող բարի լինեն... լա՛վ ծառայել:

Այդ առումով Փաշինյանը թողնում էր ոչ այնքան վստահ մարդու, Պուտինըՙ հակառա՛կ տպավորությունը: Դա այդ երկուսի հիմնական տարբերությունն էր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 01-03-2019

AZG Daily #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ