RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 15-03-2019



ՀԱՇՎԱՐԿ

Տեղադրվել է` 2019-03-15 00:15:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 424, Տպվել է` 47, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹԻՎԸՙ ԹԵ՛ ԽՈՍՈՂ, ԹԵ՛ ԽՈՑՈՂ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Թվի մասին ակտիվորեն խոսվեց ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի հրապարակումից հետո, երբ ոմանք գտան, որ այն պետք է թվառատ լինի, մյուսները համոզեցին ու պնդեցին, որ թվերից առավել կարեւոր են նպատակների սահմանումը, իսկ դրանք ծրագրում ընդգծված են առավել քան: Կարծես ստացվում էր բաժակի կիսով չափ լցված-կիսով չափ դատարկ հանրահայտ պատմությունը, երբ թե՛ առաջիններն են ճիշտ, թե՛ երկրորդներն ոչ սխալ: Իվերջո, ի՞նչ է այդ թիվ ասվածը:

Հայկական սովետական հանրագիտարանի 4-րդ հատորի «Թիվ» բառի տակ կարդում ենք. Թվի գաղափարը ծագել է դեռեւս նախապատմական ժամանակներում եւ դարերի ընթացքում անցել զարգացման մի շարք փուլերՙ համապատասխան տվյալ ժամանակի պահանջներին, որոնք առաջացել են այս կամ այն քանակական հետազոտությունների անհրաժեշտության պատճառով: Թեեւ կան նաեւ այլ բացատրություններ, սակայն կարծում ենք նշվածն արտահայտում է թվի դերն ու նշանակությունը մեր օրերում, որը նաեւ թվայնացման ժամանակաշրջան է անվանվում: Այս գործընթացից թերեւս միակ բացառությունը գեղեցիկ սեռի այն ներկայացուցիչներն են, ովքեր հարազատ զավակներին ու թոռներին ամենայն նրբանկատությամբ խորհուրդ են տալիս իրենց դիմել անունով, մայրիկներ ու տատիկներ չկոչել, չընդգծելու համար իրենց 30-50-ամյա տարիքը, թեեւ հայուհիների հմայքն ու գրավչությունն անկարող են խաթարել ոչ վերսաչիներն ու գուչիները, ոչ հանրահայտ ֆիրմաների օծանելիքներն ու զարդերը, անգամ կոկո-շանելները: Դուք յուրօրինակ եք թե՛ ընթացող միամսյակի, թե՛ տարվա յուրաքանչյուր օրվա որեւէ ժամի: Սա գնահատանքի խոսք «Ազգ»-ի տղամարդկանց կողմից, որոնց գերապատվությունը նաեւ հաճոյախոսություններից բացի թվերով ու փաստերով խոսել ու գրելն է: Ի՞նչ է այս առումով ասում ՀՀ կառավարության ծրագիրը:

Քննարկվող, երբեմն սուր բանավեճերի պատճառ հանդիսացող թվերից մեկը 5 տոկոս ՀՀ համախառն ներքին արդյունքի միջին տարեկան աճի շուրջ էր: Թե ինչ է այն իրենից ներկայացնում, հաշվարկել ենք ստորեւ, հիմք ընդունելով 2018-ի 12,4 մլրդ դոլար երկրի ՀՆԱ-ն:

ՏարեթիվՀՆԱ - դոլար
2019 թ.13.000 մլն
2020 թ.13.650 մլն
2021 թ.14.350 մլն
2022 թ.15.200 մլն
2023 թ.16.000 մլն

ՀՀ բնակչության այսօրվա թվաքանակի պարագայում հնգամյակի ավարտին ստանում ենք միջին հայաստանաբնակի հաշվով մոտ 5300 դոլարի ՀՆԱ, գնաճ պայմանականորեն չարձանագրելով: Թե ինչ թիվ է այն, փորձեմ ներկայացնել 2,8-3 մլն բնակչություն ունեցող, պատահականության սկզբունքով ընտրված մի քանի երկրների օրինակով: Հեռավոր Յամայկայում 5 տոկոս տարեկան տնտեսական աճը 1 բնակչի հաշվով ստեղծում է լրացուցիչ 400 դոլարի արդյունք, Ալբանիայում 600 դոլարի, Լիտվայում 1700 դոլարի, ՀՀ-ում 200 դոլարի: Մեր ցածր ցուցանիշի պատճառը ՀՀ 12,4 մլրդ դոլար կազմող էապես աննշան համախառն ներքին արդյունքն է, երբ 2,8 մլն բնակչությամբ Յամայկայում այն 26 մլրդ է, 3 մլն բնակչությամբ Ալբանիայում 36 մլրդ, 2,8 մլն բնակչությամբ Լիտվայում 91 մլրդ դոլար: Մեր պարագայում ստացվում է գրեթե չաշխատող մի երկրի պատկեր, ուր ազգային ինչ-որ շոշափելի թե նկատելի արդյունք չի ստեղծվում, երբ յուրաքանչյուրն ու բոլորը դժգոհում ու բողոքում են աշխատանք չլինելուց:

Խնդիրը հասնում է այն աստիճանի, որ ՀՀ տխուր այսօրվա եւ անորոշ վաղվա գլխավոր պատասխանատու է հռչակվում երկրի շարքային քաղաքացին, այլ ոչՙ նրա վստահության քվեն նպատակ հռչակած եւ ստացած հանրային հատվածը: Արդյո՞ք տեղին չէ չաշխատելու վերաբերյալ պահանջը հենց այդ հատվածին ներկայացնել, երբ առավել նախընտրելի է համարվում նրանց աշխատավարձերը բարձրացնելուց խոսելը: Հայ հանրությունն ըմբռնումով կմոտենա դրան, եթե ասենք ՀՀ տնտեսվարական միտքը, որքանով որ այն առայժմ կա, փորձի մեր իրավիճակին համահունչ կոնկրետ լուծումներ առաջարկել:

Ասենք. երկիրը միլիոններով էլեկտրալամպեր է ներկրում, երբ դրանք արտադրելու կոչված երբեմնի գերհզոր, արտահանման անսպառ կարողունակություն ունեցող արտադրական հսկան, մասնակի աջակցության պարագայում կարող է ծառայել երկրին, հարյուրավոր աշխատատեղեր ապահովել, արտահանմանն ուղղված արտադրանք թողարկել: Ինչո՞ւ է իշխանությունը նախընտրում այս մասին լռել, երբ հարկ է կոշտ գնահատականներ հնչեցնել: Այս պարագայում ինչքանով է սխալ ՀՀ շարքային քաղաքացին, որն այսօրինակ գործընթացը կապում է իշխանական ինչ-ինչ հատվածի կողմից էլեկտրալամպեր ներկրողների շահերը սպասարկելու հետ: Նախորդների դեպքում հասկանալի է, քրեա-օլիգարխիկ համակարգ էր, ամեն հարցում պարտադրանք կար: Այնպես որ մեր նորոգ իշխանության, տնտեսության կտրուկ զարգացմանը չնպաստող այսօրինակ պահվածքն ի՞նչ հիմնավորում ունի հարցը տեղին չհամարել չենք կարող:

Երկրները, ասենք երբեմնի մեզ բախտակից Լիտվան իր այսօրվա զարգացածության մակարդակում հայտնվել է երկիրը հիմնավորապես աշխատեցնելու արդյունքում, որոշ տարիների երկնիշ տնտեսական աճ արձանագրելու շնորհիվ: 2013-ին երկրի ՀՆԱ-ն 66 մլրդ դոլար էր, հինգ տարի անցՙ 91 մլրդ դոլար:

Լավատեսական սցենար

Տեսեք ինչ ֆինանսական պատկեր է ուրվագծվում ՀՀ ՀՆԱ-ում, ասենք 12 տոկոս տարեկան աճի պարագայում:

ՏարեթիվըՆԱ-դոլար
2019 թ.13.900 մլն
2020 թ.15.600 մլն
2021 թ.17.500 մլն
2022 թ.19.600 մլն
2023 թ.22.000 մլն

Հաջորդ հինգ տարիներին աճի տեմպը մի փոքր նվազեցնելու, 10 տոկոս հաշվարկելու արդյունքում 2018-2028 թթ ավարտին ՀՀ ՀՆԱ-ն հասնում է 35 մլրդ դոլարի, երբ 5 տոկոս աճի դեպքում այն կազմում է 19,4 մլրդ դոլար, տարբերությունն ամբողջ 15,6 մլրդ բացասական հաշվեկշիռ: Սցենարներից ո՞րն է առավել ցանկալի Հայաստանի համար. անշուշտ, աճի այն տեմպը, որն առավելագույն արդյունք է երաշխավորում զարգացումը տեսանելի դիտարկող կառավարման պարագայում, որի լավագույն օրինակներից մեկը Չինաստանի տնտեսական հրաշքն է: Տարիներ առաջ ՀՀ-ում կայացած միջազգային տնտեսական մի համաժողովում Վիետնամի ներկայացուցիչը հետեւյալ հետաքրքրական դիտարկումն արեց. եթե աննախադեպ տնտեսական զարգացում հնարավոր է Չինաստանի պես երկրում, այն շատ ավելի է հնարավոր համեմատաբար փոքր Վիետնամում: Խնդրեմ ծանոթացեք արդյունքներին. 2008-2018 թվականներին այս երկրի ՀՆԱ-ն 220 մլրդ դոլարից հասել է 647 մլրդ դոլարի, 1 բնակչի հաշվով 2600 դոլարից կազմել 6900 դոլար, բնակչությունը 86 մլն-ից հասել է 97 մլն-ի:

Այսօրինակ պայմաններում ինչքանո՞վ է իրատեսական առաջիկա 20-ամյակում ՀՀ բակչությունը կրկնապատկելու կառավարական ցանկությունը: Տողերիս հեղինակն իր հրապարակումներում հաճախ է նշել ՀՀ-ում 7-8 մլն բնակչություն ունենալու թիվը, այնպես որ առաջինը ողջունողների թվում է: Ընդունենք որ յուրաքանչյուր տարվա համար կանխատեսվող 150 հազար բնակչության 50 հազարը կարող է բնական աճը լինել, քանզի նման ցուցանիշ նախկինում ունեցել ենք: Մնացած 100 հազարը ներգաղթողները պետք է լինեն, մարդիկ, որոնց ապրած երկրներում, ՌԴ-ում լինի թե Ուկրաինայում, ԵՄ-ում թե ԱՄՆ-ում, առօրյայի համար էական մատչելի եւ որակյալ պարենի խնդիր չկա, անշուշտ առաջնահերթըՙ կենդանական ծագման սննդատեսակներ հավի ու խոզի մսի: Այստեղ մենք ոչ միայն ցուցադրելու, այլեւ համեստ երեւալու որեւէ տեղ չունենք: Մեր սննդակարգը հիմնականում ներկրվող հումքից է, ժամկետանց ու առողջությունը վտանգող: Հենց օրերս սոցցանցում ներկայացվում էր լաբորատորիաներից մեկում արված ուսումնասիրությունը, որի արդյունքներով 13 անուն երշիկեղենի բաղադրություններում ինչ-ինչ նիտրատների ու նիտրիտների 100-300 տոկոս գերազանցում էր արձանագրվել, քանզի դրանք ամբողջությամբ պատրաստվում են աշխարհի չորս կողմերից ներմուծվող խոր սառեցված մսատեսակներից: Եվ հարցըՙ եթե երկիրը հողա-ջրա-ջերմային բավարար պայմանների առկայության պարագայում պարենապահովության եւ պարենանվտանգության լրջագույն խնդիրներ ունի, ինչպե՞ս կարող է աննախադեպ ներգաղթի թիվ սահմանել, հնչում է բնականաբար: 20-ամյակի ընթացքում 3 մլն-ով բնակչության աճը կանխատեսում է այդ 240 ամիսներից յուրաքանչյուրում 12-13 հազար մարդկանց ժամանում, որն իրատեսական է միմիայն իրականությունը ողջամիտ գնահատելու պարագայում: Երկիրն այն իրագործելու համար բոլոր միջոցներն ու պայմաններն ունի, սկսածՙ վերլուծական կենտրոններից, գիտական հաստատություններից, վերջացրած կառավարման բազմաճյուղ համակարգով: Պակասում է ժամանակին համապատասխան աշխատելու ունակությունը, որը երբեմն սկսվում եւ ավարտվում է միջազգային գործընթացների շատ պարզ ընդօրինակումով: Կդրսեւորե՞նք համապատասխան պահվածք, ցույց կտա առաջիկան:

Առայժմ մի բան է հայտնիՙ եղած թվերը ոչ միայն խոսում են, այլեւ խոցում:

12.03.2019 թ. Երեւան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 15-03-2019

AZG Daily #19, 17-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ