RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 15-03-2019



ՌՈՒՍԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ

Տեղադրվել է` 2019-03-15 00:15:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 665, Տպվել է` 48, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՑԱԽՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԸ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Իրանը հավասարակշռություն է պահպանում

Օրերս Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հեռախոսով կապվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովի հետ: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, առիթը Արցախում ՀՀ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի արած վերջին հայտարարությունն էր: Բանն այն է, որ փետրվարի վերջերին նա այցելել էր Արցախի հակամարտության գոտու հարավային հատված, որը սահմանակից է Իրանին, եւ ծանոթացել էր իրավիճակին: Ըստ որում, հայկական ԶԼՄ-ների տեղեկացմամբ, գոյություն ունի Արաքսի երկայնքով տարածքներ բնակեցնելու, Արաքսավան կառուցելու եւ գյուղատնտեսությունը զարգացնելու ծրագիր: Վանեցյանի խոսքերովՙ այդ ծրագրով հերքվում են հողերը հանձնելու մասին խոսակցությունները: «Իմ պարտականությունն էՙ թույլ չտալ ոտնձգություններ Հայաստանի եւ Արցախի նկատմամբ: Դա հատկապես կարեւոր է այն պայմաններում, երբ հարեւան պետությունից փաստորեն ամեն օր հայտարարություններ են հնչում խնդիրը ռազմական ուղիով լուծելու մտադրության մասին»:

Սա նշանակում է, որ Հայաստանն ու Արցախը այդ ուղղությամբ որոշակի վտանգ են կանխատեսում պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում: Սակայն տեսականորեն եւս կարելի էր ենթադրել դեպքերի նման ընթացք, թեեւ անցյալում նրանք կոնկրետ գործողություններ չէին ձեռնարկել, գրում է «Ռեգնում» գործակալությունը: Ճիշտ է, 2016 թ. ապրիլյան պատերազմի օրերին Բաքուն փորձել էր փակել Իրանի սահմանը, բայց դա նրան չէր հաջողվել: Այդ օրերին Ադրբեջանի Կովկասի պատմության ինստիտուտի տնօրեն Ռիզվան Հուսեյնովը հայտարարեց. «Այս օրերին դեպի Լեռնային Ղարաբաղի կենտրոն տանող ճանապարհների մեծ մասը Ադրբեջանի ուղիղ նշանառության տակ է: Նույնը վերաբերում է Իրանի հետ հարավային սահմանին: Այստեղ գրավել ենք կարեւոր բարձունք, որը վերահսկում է գրեթե երեք շրջանների նշանակալի մասը եւ Իրանի սահմանի շատ լայն ադրբեջանական հատվածը, ընդհուպ նշանավոր Խուդափերինի կամուրջը: Ադրբեջանը հասկացրեց, թե ինչ կարող է անել, բայց չարեց»:

Բայց 2016 թ. ապրիլին Բաքուն չհամարձակվեց դիմել նման գործողության: Ի՞նչ պատահեց հիմա, եւ ինչո՞ւ Երեւանն ու Ստեփանակերտը որոշեցին ավելի մեծ ուշադրություն դարձնել ռազմաճակատի այդ հատվածին: Ըստ Minval.az կայքի մեկնաբան Նուրանիի , այդ խնդիրը Երեւան կատարած այցելության ժամանակ իբր արծարծել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջոն Բոլթոնը , որը «Հայաստանից պահանջել է հուսալիորեն փակել Իրանի սահմանը, ավելի ստույգՙ հայերի գրաված տարածքի ադրբեջանա-իրանական տարածքը, որը, ըստ էության, արտաիրավական տիրույթում էՙ որեւէ օրինական վերահսկողությունից դուրս, եւ իդեալական կետ է սահմանով ում եւ ինչ ասես տեղափոխելու համար: Եթե ԱՄՆ-ի ճնշմամբ հայ-իրանական սահմանում փոխադրումը նույնիսկ դադարեցվի էլ, ապա գրավյալ հողերում «սեւ անցքը» կմնա, իսկ սահմանի Մեղրու հատվածում ամբողջ վերահսկողությունը (որն իրականացնում են ռուսաստանցի սահմանապահները) վերածվում է բաց դաշտում գտնվող արգելափակոցի: Հասկանալի է, որ նման պայմաններում Ադրբեջանը քննարկելու բան ունի ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ Իրանի հետ»:

Եթե դա այդպես է, ապա ճիշտ կլիներ, եթե Մամեդյարովը հեռախոսով կապվեր ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս, այլ ամերիկացի համանախագահիՙ Էնդրյու Շեֆերի հետ, եւ է՛լ ավելի ճիշտ կլիներ հարցը քննարկել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ, կարծում է Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը : Մանավանդ, որ 2018 թ. նոյեմբերի վերջերին Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը Բաքվումՙ Մերձավոր Արեւելքում թմրանյութերի անօրինական շրջանառության հարցերով զբաղվող ՄԱԿ-ի հատուկ ենթակոմիտեի 53-րդ նստաշրջանում հայտարարեց, որ «Իրանի հետ Ադրբեջանի 132 կիլոմետրանոց սահմանը վերածվել է անվերահսկելի գոտու, որով թմրանյութեր են առաքվում եվրոպական եւ այլ երկրներ: Բացի դրանից, այդ գոտում զբաղվում են թմրադեղերի անօրինական արտադրությամբ եւ տարանցմամբ, պատրաստվում են ահաբեկչական խմբեր, ինչը է՛լ ավելի է մեծացնում վտանգը»: Դա համընկնում է Վաշինգտոնից հնչող այն հայտարարություններին, թե «Իրանը ֆինանսավորում եւ պատրաստում է ահաբեկիչներ, գրոհայինների ջոկատներ, եւ այլ ծայրահեղական խմբավորումներ Լիբանանից մինչեւ Իրաք ու Եմեն»: Ամերիկա-իրանական սրվող հարաբերությունների պայմաններում դրանք ներգծվում են տարածաշրջանում հնարավոր նոր ու բարդ հակամարտության սցենարի մեջ, որտեղ Ստեփանակերտին կարող է հատկացվել «իրանական ահաբեկչության ինչ-որ մասնաճյուղի» դեր:

Ի դեպ, ավելի վաղ, ԱՄՆ-ը արդեն շտաբային զորախաղեր էր անցկացրել Ադրբեջանի պայմաններում հնարավոր ռազմական գործողությունների նախապատրաստման նպատակով եւ մշակել էր հավանական ռազմական գործողություններՙ համակարգչի միջոցով հաշվի առնելով աշխարհագրական եւ կլիմայական առանձնահատկությունները: Սցենարներից մեկը նախատեսում է Իրանի եւ Արցախի սահմանի փակում: Հասկանալի է, որ Բաքուն մտադիր է հետ վերադարձնել սահմանի այդ հատվածը: Սակայն ԼՂ հակամարտության բանակցույթունների ներկա փուլը նրա առջեւ նման հեռանկար չի բացում: Ինչպես նշում է իրանցի փորձագետ Աբդոլա Ռամեզանզադեն , «պահպանվում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքը, հյուսիսային կողմից այն պաշտպանում են հայ սահմանապահները», ինչը մինչեւ օրս ձեռնտու էր Թեհրանին: Ավելին, Իրանը, ըստ երեւույթին, չի առարկի սահմանի ամրապնդմանն ուղղված Երեւանի եւ Ստեփանակերտի միջոցառումների դեմ, թեեւ պաշտոնապես պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Իրանն օբյեկտիվորեն կապված է ԼՂ հակամարտության հետ եւ չէր ուզենա անվերահսկելի գործընթացներ ունենալ իր սահմանների երկայնքով: Իրանը չի ուզում իր սահմանների մոտ տեսնել միջազգային խաղաղարար ուժերի կորպուսՙ վախենալով հենց Իրանում հնարավոր շղթայական ռեակցիայից: Այնպես որ, Բաքվին մնում է միայն համակերպվել իրադրությանըՙ փնտրել կամ սպասել դրա խաղաղ հանգուցալուծմանը:

Ադրբեջանում զգուշավորությամբ մոտեցան Փաշինյանի այցին, որին Թեհրանում ընդունել էին ամենաբարձր մակարդակով: ՀՀ վարչապետը ցույց տվեց, որ մտադիր է ոչ միայն չմիանալ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին, այլեւ հակված է զարգացնելու էներգետիկ եւ տնտեսական հարաբերությունները հարեւան երկրի հետ: Ինչպես Axar.az կայքին հայտարարեց Մուհամեդ Ասադուլաձեն ՙ Բաքվի ակնկալիքներին հակառակ, «ֆինանսական օգնության կրճատումից վախենալովՙ Փաշինյանը դեմ չի գնա Թուրքիայի եւ Ադրբեջանի (այլ ոչ թե Իրանի) հետ հարաբերությունները կարգավորելու Ջոն Բոլթոնի կոչին»: Հետաքրքրական է, որ այս կապակցությամբ ադրբեջանական որոշ հարթակներ կոչ են արել Իրանի խորհրդարանում ակտիվացնել Հարավային Ադրբեջանի (այսինքնՙ Ատրպատականի) պատգամավորների բողոքի քայլերը:

Հնարավոր է, որ դա լինի Բաքվի արձագանքը Իրանի նախագահ Ռոհանիի կողմից օրերս Թուրքմենչայի եւ Գյուլիստանի հաշտության պայմանագրերի հիշատակմանը, որոնք Ռուսական կայսրության հետ կնքվեցին 19-րդ դարի սկզբներին: Դրանց համաձայն, այն խանությունները, որոնց տարածքի վրա ստեղծվեց ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը, անցյալում եղել են Պարսից կայսրության մեջ, իսկ հետո անցել են Ռուսաստանին:

Թեեւ Իրանն ու Ադրբեջանն ունեն երկկողմ խոշոր նախագծերՙ «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքը, Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցումը եւ այլն, Թեհրանը տարածաշրջանում հավասարակշիռ քաղաքականություն է վարում եւ ընտրություն չի կատարում Բաքվի ու Երեւանի միջեւՙ ի հեճուկս Երեւանի հանդեպ «իսլամական համերաշխություն» դրսեւորելու Բաքվի կոչերին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 15-03-2019

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ