RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 22-03-2019



Տեղադրվել է` 2019-03-22 00:11:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 2038, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՂԱԶԱԽՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ

«ԱԶԳ» շաբաթաթերթի հարցազրույցը ՀՀ-ում Ղազախստանի դեսպան

Տիմուր Ուրազաեւի հետ, որը կայացել էր մինչեւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հրաժարականը:

- Պարոն դեսպան, առաջին հարցը Հայաստան-Ղազախստան համագործակցության մասին է: ԵԱՏՄ-ի անդամակցությունից հետո երկկողմ առեւտրաշրջանառությունը աճում է, ճիշտ է, առեւտրի ծավալները դեռ մեծ չեն, սակայն կա բավական լավ դինամիկա, ինչը հնարավորություն է տալիս ասել, որ այդ համագործակցությունը մեծ հեռանկար ունի: Դուք ինչպես կգնահատեք երկկողմ տնտեսական հարաբերությունները եւ դրա հեռանկարները հատկապես ԵԱՏՄ-ի շրջանակներում:

- Նախ նշենք, որ այս տարի լրանում է ԵԱՏՄ պայմանագրի կնքման 5 տարին, լրանում է նաեւ 25 տարին այն օրից, երբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Մոսկվայի պետական համալսարանում առաջին անգամ հայտարարեց այդ միության ստեղծման գաղափարի մասին: Ես կարող եմ ասել, որ իրականում ԵԱՏՄ-ին առանձնապես այլընտրանք չկա Ղազախստանի եւ Հայաստանի համար, եւ կարող եմ համարձակություն վերցնելով ասել, որ դա չկա նաեւ Ռուսաստանի եւ Բելառուսի, հնարավոր է նաեւ շատ այլ երկրների համար, որոնք դեռ միության մեջ չեն:

Ինչն է կարեւոր ԵԱՏՄ-ի համարՙ դա ընդհանուր ձգտումներն են, կարեւոր է, որ ԵԱՏՄ գործունեության բոլոր մեխանիզմները լինեն թափանցիկ, հասկանալի եւ շուկայական, երկրորդՙ կարեւոր է, որ լինի փոխադարձ վստահություն, եթե չլինի բարձր մակարդակի քաղաքական վստահություն, ապա բանակցային շատ հարցեր երկար կձգձգվեն, ինչպես շատ հարցեր ձգվում են արդեն 7 տարուց ավելի, իսկ եթե կա փոխադարձ վստահություն, ապա հարցերը շատ արագ են լուծվում: Գանք Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ առեւտրային հարաբերություններինՙ ԵԱՏՄ-ի շրջանակներում: Բացի նրանից, որ մեզ ոչ մի այլ տեղ առանձնապես չեն սպասում, մենք ընդհանուր մոտեցումներ ունենք կառուցելու ընդհանուր տնտեսություն, մաս կազմելու տարածաշրջանային տնտեսական համակարգին, որը իր հերթին պետք է համընկնի գլոբալ տնտեսության հետ: Եվ հատկապես կարեւոր է , որ ԵԱՏՄ շրջանակներում հնարավոր է ընդունել վերազգային տնտեսական որոշումներ, ինչը շատ կարեւոր է հաղթահարելու համար ազգային էգոիզմը, ինչը այսպես թե այնպես գոյություն ունի, որովհետեւ տնտեսությունները եւ դրանց մոդելները տարբեր են: ԽՍՀՄ-ի քայքայումից հետո տարբեր պետությունների մոտ ձեւավորվել են տնտեսության կառուցվածքի սեփական ձեւերը, որոնք շատ դեպքերում տարբեր են: Բայց եթե կա քաղաքական կամքՙ մեր բոլոր տնտեսական ձեւերն ու սկզբունքները բերելու ընդհանուր հայտարարի, ապա դա հնարավոր է իրականացնել: Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ղազախստանի տնտեսական առեւտրաշրջանառությանը ԵԱՏՄ շրջանակներում, ապա իհարկե դա երկու կողմերին էլ ձեռնտու է ու կա դինամիկ աճ: Եթե, օրինակ, ԵԱՏՄ շրջանակներում ներքին առեւտրաշրջանառությունը Ղազախստանի դեպքում աճել է մոտ 12%-ով, ապա Հայաստանը ցույց է տվել աննախադեպ 36% արդյունք, որը ամենամեծն է միության անդամ պետությունների շրջանակում:

- Պարոն դեսպան, ԵԱՏՄ շրջանակներում վերջնական արտադրանքի ստացումը կարեւոր պայմաններից է, որպեսզի հումքային առեւտրից անցում կատարենք արտադրանքի արտահանմանը: Ահա դրա շրջանակներում ինչպե՞ս եք դիտարկում Ղազախստանի հնարավոր ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ նմանատիպ համատեղ ապրանքների արտադրության համար եւ ո՞րն է դեսպանատան դերը այդ հարցում:

- 2019թ.-ից Ղազախստանի ԱԳՆ-ին հանձնարարվեց զբաղվել նաեւ միջազգային տնտեսական հարցերի առաջմղման հարցով: Ինչ վերաբերում է ՀՀ-Ղազախստան հարաբերություններին, ապա մենք հիմնականում արտաքին առեւտրային հարաբերություններն ենք զարգացնում: Վերջին 13 տարիների ընթացքում Ղազախստանը ՀՀ-ում կատարել է մոտ 52 միլիոն դոլարի ներդրում: Այսինքն, կան ղազախական ներդրումներ, այդ թվում նաեւ տարբեր համատեղ ծրագրեր: Նույն այդ 13 տարիների ընթացքում Հայաստանի բիզնես ներդրումները Ղազախստանում կազմել են մոտ 1,5 մլն դոլար:

Սակայն պետք է նկատեմ, որ հայկական բիզնեսը ունի հնարավորութուն ներդրումներ կատարելու Ղազախստանումՙ հաշվի առնելով նախ ներդրումային լավ միջավայրը եւ մեր երկրի աշխարհագրական դիրքը Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ, ինչը որոշակի գրավչություն եւ բիզնես հետաքրքրություն է տալիս ներդրողներին: Որպեսզի առեւտուրը երկու երկրների միջեւ զարգանա, հարկավոր են որակյալ ապրանքներ եւ տրանսպորտային լոգիստիկա, որպեսզի կատարվի ապրաքների փոխադարձ առեւտրաշրջանառություն: Այսինքն ներդրումային հնարավորությունները կարող են զարգանալ միայն փոխադարձ առեւտրաշրջանառության աճին զուգահեռ: Ղազախստանը վերջին տարիներին հսկայական ներդրումներ է կատարել պետության տրանսպորտայինՙ ճանապարհային եւ երկաթուղային համակարգերի զարգացման համար: Ղազախստանում ավելի շատ են երկաթգծեր կառուցել, քան ԱՊՀ բոլոր երկրները միասին վերցրած: Մենք էլ, ինչպես Հայաստանը, չունենք ելք դեպի ծով, եւ դա հասկանալով կառուցում ենք մեծ թվով տրանսպորտային համակարգեր եւ պայմանավորվել ենք Ռուսաստանի ու Չինաստանի հետ դուրս գալու համար դեպի Բալթիկ ծով եւ դեպի արեւելաչինական ծով, այսպիսով կապել այդ երկու ծովերը եւ այնտեղ գտնվող նավահանգիստները միմյանց հետՙ Ղազախստանի տարածքով: Այսինքն մենք ամբողջ Ղազախստանը վերածել ենք ճանապարհային, երկաթուղային տրանզիտային ցանցի, մի հսկայական խաչմերուկի, որի համար կարողացել ենք պայմանավորվել մեր անմիջական հարեւանների հետ:

- Պարոն դեսպան, մեր պետությունները երկար տարիներ եղել են ԽՍՀՄ-ի կազմում, այսօր միավորվել են ԵԱՏՄ-ի մեջ, սակայն մեր երկրների բնակչությունը ու հատկապես այսօրվա երիտասարդությունը վատ են ճանաչում միմյանց, այս ոլորտում ի՞նչ է հնարավոր անել:

- Դե, դրա համար շատ բան պետք է անել, որ երիտասարդները միմյանց ճանաչեն, դրա համար կան տարբեր միջոցներ, օրինակ տեղեկատվական հարթակներ, մշակութային միջոցառումներ, հումանիտար ծրագրեր եւ այլն: Բայց դե մյուս կողմից էլ չենք կարող ստիպել, որ իրար ճանաչեն : Այսօրվա երիտասարդները ավելի գլոբալ են մտածում, շատ մոբիլ են եւ եթե կան ընդհանուր հետաքրքրություններ ու հաջողություններ, ապա իհարկե երիտասարդները կմոտենան, կճանաչեն միմյանց թե՛ մշակույթի եւ թե՛ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով:

- Իսկ, օրինակ կան ընդհանուր կրթական ծրագրեր, որ նույնպես հնարավորություն են տալիս ճանաչել միմյանց: Իմ լավ ընկերներից մեկը, որը մեծ թվով ղազախ ընկերներ ունի, ասաց, որ նրանց հետ ծանոթացել է Չինաստանում ուսանելու տարիներին. արդյոք հնարավոր չէ՞ նմանատիպ ծրագրերՙ կրթական, մասնագիտական, իրականացնել նաեւ Հայաստանի ու Ղազախստանի միջեւ:

- Եթե չեմ սխալվում, տարեկան մոտ 10-12 հազար ղազախստանցի երիտասարդ սովորում է Չինաստանում, սա միայն պետական կրթաթոշակների հաշվին: Եվս կան 10 հազար ու ավելի երիտասարդներ, որոնք սովորում են չինական կողմի ֆինանսավորմամբ, եւ այդ երիտասարդները Չինաստան-Ղազախստան ապագայի ամուր կամուրջն են լինելու: Եվ նույնն էլ ՀՀ-Ղազախստան երկկողմ հարաբերությունների մասին, իսկ եթե մենք կարողանանք փոխադարձ հետաքրքրություններ ստեղծել, այդ թվում նաեւ կրթական ծրագրերի տեսքով, ապա հայերը ավելի շատ բան կիմանան Ղազախստանի մասին եւ հակառակը, իսկ դեսպանատունը կօգնի այդ հարցում:

Դեսպանատունը նաեւ մեծ թվով մշակութային միջոցառումներ է կազմակերպում, այդ թվում նաեւ օգտագործելով սոցցանցերը եւ այլ հարթակներ: Օրինակՙ հրատարակում ենք ղազախական գրականության ալմանախը հայերեն լեզվով: Այդ պատճառով կարծում եմ, որ դեսպանատունը ակտիվ է եւ մեծ թվով ծրագրեր է իրականացնում:

- Մենք կարող ենք ասել, որ ժամանակակից տեխնոլոգիաները, այդ թվում թվային կոչված տեխնոլոգիաները կնպաստեն միմյանց ավելի լավ ճանաչելու գործին:

- Իհարկե, ժամանակակից, թվային տեխնոլոգիաները մեզ մեծ հնարավորություններ են տալիս: ԵԱՏՄ-ի շրջանակներում, երբ այն դեռ ղեկավարում էր Ղազախստանը, թվային տեխնոլոգիաները դարձան առաջնային: Դա հնարավորություն տվեց ստեղծել ընդհանուր շուկա, ինչը իր հերթին հնարավորություն է տալիս հետեւել տրանսպորտային միջոցների շարժին, շուկայի զարգացմանը եւ այլն: ԵԱՏՄ գագաթաժողովները անցում էին հենց թվային տեխնոլոգիաների զարգացման առումով, եւ դրանք 2 տարի շարունակ տեղի էին ունենում Ալմա-Աթայում: Շատ լուրջ բանավեճեր էին ընթանում այդ առումով, բայց այն ցույց էր տալիս, որ դա կողմերի համար շատ կարեւոր է փոխադարձ վստահություն ստեղծելու եւ ընդհանուր միտումները զարգացնելու համար, շուկայի կատարելագործման առումով եւ այլն: Թղթի ժամանակաշրջանը անցյալում է, մեր միության հաջողությունը կապված է թվային տեխնոլոգիաների հետ եւ դա նաեւ ցույց է տալու ԵԱՏՄ-ի հաջողության հնարավորությունը: Դա նաեւ նպաստում է մրցունակության բարձրացմանը, ոչ միայն ԵԱՏՄ-ի ներսում, այլեւ միջազգային ասպարեզում: 2018թ. մենք կարողացանք հաղթահարել մի շարք խնդիրներ, եւ արդեն 2021թ.ից սկսում ենք էլեկտրաէներգիայի, գազի ու նավթի ընդհանուր շուկայի ձեւավորումը, որը վերջնական տեսքի կգա 2023թ.ին: Հիշենք, որ ԵՄ-ում ընդհանուր էներգետիկ շուկայի ձեւավորումը տասնամյակներ տեւեց, մենք թվային տեխնոլոգիաների օգնությամբ կարող ենք այն հաղթահարել ու հաջողեցնել ընդամենը մի քանի տարիների ընթացքում:

- Անցած տարվա հուլիսին Աստանայում, մայրաքաղաքի հոբելյանի կապակցությամբ տեղի ունեցավ, «Աստանա» կոչվող ֆինանսական կենտրոնի բացումը: Պատմեք մի փոքր դրա մասին:

- Այո, անցած տարի բացվել է միջազգային ֆինանսական կենտրոնը, որը նույնպես կապված է թվային տեխնոլոգիաների հետ: Ինչի մասին է խոսքը. դրանք երեք կարեւորագույն հարթակներ ենՙ ստարտափների, բարձր տեխնոլոգիաների եւ ֆինանսական ծառայությունների տրամադրման համար: Այն գործում է ընդհանուր անգլիական իրավունքի հիման վրա: Անգլիական իրավունքը հարգի է ու ընդունված է ամբողջ աշխարհում, բոլորը փորձում են դրան հետեւել: Տարածաշրջանում այլ նմանատիպ կենտրոն չկաՙ մոտական Դուբայն է, Լոնդոնը, Սինգապուրը, Ֆրանկֆուրթը եւ Տոկիոն: «Աստանա» ֆինանսական ծրագիրը ԵԱՏՄ-ի կենտրոնում է գործում եւ կարող է օգնելՙ օբյեկտիվության հիման վրա լուծելու վեճերը, ստեղծելու հարթակներ առեւտրի եւ ծառայութունների համար, կարող է ֆինանսական օգնություն տրամադրել ժամանակակից տեխոլոգիաների հիման վրա: Այն ուղղված է տարածաշրջանի պետություններիՙ Հարավային Կովկաս, Կենտրոնական Ասիա, Մոնղոլիա, Չինաստան, Ռուսաստանի Ուրալյան շրջաններ եւ այլն: Տարածաշրջանի այլ երկրներ եւ ամբողջական շրջանները կարող են օգտվել այդ կենտրոնից:

- Ղազախստանում եւ տարածաշրջանի մի շարք երկրներում Նովրուզի տոնակատարություններն են, որի մասին մեր ընթերցողը քիչ գիտի, մի փոքր պատմեք այդ տոնի ու դրա նշանակության մասին:

- Ինչ վերաբերում է նովրուզին, ապա ձեր թերթի աշխատանքի շնորհիվ շատերը գիտեն արդեն դրա մասին: Դրանից, ճիշտ է, ուղղակի տնտեսական օգուտ չկա, սակայն այն կարեւոր միավորիչ ուժ ունի: Միավորում է Կենտրոնական Ասիայի, եւ ոչ միայն, պետություններին եւ ժողովուրդներին ու դրա շրջանակում նաեւ միջազգային գագաթաժողովներ են անցկացնում այդ պետությունների առաջնորդների մասնակցությամբ: Ինչու էր դա արվում. որովհետեւ կա ընդհանուր պատմություն եւ դա օգնում է նաեւ լավ ճանաչելու միմյանց եւ հասկանալու իրար: Նովրուզը իր ընդհանուր սկզբունքներով մղում է մարդկանց բարության, միմյանց նկատմամբ, հարգանքի դրսեւորման, դա նաեւ լավ միջավայր է ու հնարավորություն ճանաչելու միմյանց, զարգացնելու նաեւ տնտեսական ու քաղաքական հարաբերությունները, նպաստելու խաղաղության հաստատմանը, համագործակցության խորացմանը եւ այլն: Դրա համար Նովրուզը մեզ համար սուրբ տոն է:

«ԱԶԳ» թերթի խմբագրությունը ի սրտե շնորհավորում է Ղազախստանի բարեկամ ժողովրդին Նովրուզի կապակցությամբ ու նաեւ ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիմուր Ուրազաեւին` ծննդյան օրվա առիթով, մաղթում նրան երջանկություն եւ հաջողություն ի նպաստ Ղազախստան-Հայաստան բարեկամության:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 22-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ