RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 22-03-2019



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2019-03-22 00:11:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1017, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԽՈՐՔԵՐԸ

Պատրաստեցՙ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

«Վենետիկը հայոց պատմության հետ առնչվում է գլխավորապես Ս. Ղազար կղզում 18-րդ դարից սկսած Մխիթարյան միաբանության երկուՙ կրոնական-կաթոլիկական եւ հայագիտական-բանասիրական ուղղությամբ կատարվող աշխատանքներով: Բայց քչերը գիտեն երեւի, որ Վենետիկի Կա՛Ֆոսկարի համալսարանում գործում է ինչպես միջնադարյան արվեստի պատմության, այնպես էլ հայոց լեզվի եւ գրականության ուսումնասիրությունների ամբիոն: Այնտեղ էլ, համագործակցությամբ «Հայկական ուսումնասիրությունների միջազգային ասոցիացիայի», փետրվարի 21-22-ին տեղի է ունեցել միջազգային գիտաժողով «Հայկական արվեստը: Վերլուծական պատմություն եւ նոր հեռանկարներ» թեմայով», գրում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի էջերում Մուրիել Միրաք-Վայսբախը :

Գիտաժողովի նպատակն է եղել նոր շունչ հաղորդել հայկական ուսումնասիրություններին այնպիսի մի վայրում, որը ծնունդ է տվել Պաոլո Կունեոյի, Անդրիանո Ալպագո Նովելլոյի եւ Ջիանկլոդիո Մաքիարելայի նման հանրածանոթ դեմքերի:

«Հարաբերությունները հայերի եւ Վենետիկի միջեւ շատ սերտ, ջերմ եւ արդյունավետ են եղել», ասել է Հայոց լեզվի եւ գրականության պրոֆեսոր Ալդո Ֆերարին , նշելով, որ դարերի ընթացքում հայերն այդ քաղաքում ապրել են որպես ուխտավորներ, առեւտրականներ, կղերականներ, տպագրիչներ եւ արվեստագետներ: Նա անդրադարձել է Մխիթարյանների եւ Մուրադ Ռաֆայելյան վարժարանի արդյունավետ գործունեություններին: «Հատկանշական է, որ հայերեն առաջին գիրքը հրատարակվել է Վենետիկում 1512-ին»: Կա՛Ֆոսկարի համալսարանում Հայոց լեզվի եւ գրականության ամբիոնը հիմնվել է 1976-ին:

«Դեռ 1988-ին, պրոֆ. Լեւոն Զեքիյանը հայկական արվեստին նվիրված կարեւոր միջազգային գիտաժողով կազմակերպեց, որին հաջորդեցին պրոֆ. Ալպագո Նովելլոյի դասընթացները այդ համալսարանում: 1991-ին Նովելլոն Միլանից Վենետիկ տեղափոխեց հայ մշակույթի ուսումնասիրման եւ վավերագրման կենտրոնը, որն այժմ էլ գործում է Մինաս Լուրյանի տնօրենությամբ: Կենտրոնի կարեւոր գործունեություններից է նաեւ «Մանուկյան դասախոսությունների շարքը», որն անցկացվում էր վերջերս վախճանված պրոֆ. Ջիանկլոդիո Մաքիարելայի համագործակցությամբ», նշել է պրոֆ. Ստեֆանո Ռիքիոնին , որ վերջին 5 տարիների ընթացքում հայկական արվեստին նվիրված սեմինարների կազմակերպման պատասխանատուն է վերոնշյալ համալսարանում, Ալդո Ֆերարիի եւ Մարկո Ռուֆիլիի համագործակցությամբ: Այս տարվա գիտաժողովն էլ նրանք են կազմակերպել: Մասնակցել են Հայաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից եւ Չեխիայից մասնագետներ: Լեւոն Չուկասզյանը խոսել է Հայ արվեստի հետազոտման նոր ուղիների մասին, Ռիքիոնինՙ «Հայկական արվեստը Վենետիկում: Ավանդույթ եւ ուսումնասիրման հեռանկարներ» թեմայի շուրջ, Համլետ Պետրոսյանը Ջուղայից ներգաղթի շարժման եւ Ջուղայի ավերված խաչքարերի մասին: Տիգրան Գույումճյանը ՙ Թորոս Ռոսլինի «Զեյթունի Ավետարանի (1256 թ.) կանոնական աղյուսակներին է անդրադարձել, Գոհար Գրիգորյանը ՙ ձեռագրերի մեթոդաբանությանը, Ռաքել Զանոնը ՙ Վասպուրականի մանրանկարչությանը, իսկ Պատրիկ Տոնապետյանը ՙ «Հայաստան-Վրաստան-իսլամ: Միջնադարյան արվեստի եւ ճարտարապետության մեջ տաբուները ջարդելու անհրաժեշտություն» թեմային:

Գիտաժողովի ավարտին կլոր սեղանի շուրջ քննարկում է ծավալվել «Discovering the Art of Medievial Caucasus (1801-1945)» (Հայտնաբերելով միջնադարյան Կովկասի արվեստը) խորագրով նոր հրատարակված գրքի շուրջ: Հատորը հրատարակել է «Venezia Arti-ն» 2018-ին: Խմբագիրներն են Իվան Ֆոլետտին եւ Ստեֆանո Ռիքիոնին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 22-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ