RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12 > #015, 2019-04-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 05-04-2019



ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2019-04-05 12:39:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 3922, Տպվել է` 171, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉՊԵՍ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ. ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎԻՑ

Հարցազրույցը վարեցՙ ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ

Հարցազրույց «ՈՄԱ» ռազմա-մարզական կազմակերպության ղեկավար, Հայաստանի առաջին ռազմադիվերսիոն ջոկատի նախկին հրամանատարի հետ

- Պարոն Վարդանով, հայտնի է, որ դուք ակտիվ կերպով զբաղված եք խաղաղության նախապատրաստման գործընթացով: Ի՞նչ է պետք անել այդ գործընթացը խորացնելու համար, ի՞նչպես բնակչությանը նախապատրաստել խաղաղության: Մանավանդ, որ Ադրբեջանը անընդհատ զորավարժություններ է իրականացնում Արցախի սահմանին, չի հրաժարվում ռազմաշունչ հռետորաբանությունից:

- Յուրաքանչյուր զորախաղ զորքերի ստուգում է: Ինչով են կովկասյան թուրքերի զորախաղերը վտանգավոր, քանի որ նրանք որպես հակառակորդ ընտրում են մեզ, ստեղծում են դիրքեր, որոնք մեր դիրքերին են նման: Ընտրում են տեղանքներ եւ ռելիեֆ, որոնք մեր լանդշաֆտի կրկնությունն են եւ այլն: Տարբեր քարտեզներով կարող ենք ստուգել, որ դրանք հատուկ ստեղծված են մեր դիրքերը գրոհելու համար: Իրենք զորքերը բերում են եւ հաճախակի մեր տեսադաշտում են զորախաղեր իրականացնում, որ մեր աչքը սովորի ու մենք մտածենք, որ դա վտանգ չէ այս պահին: Եվ ապա հեռանալուց իրենց զորքերի մի մասը թողնում են, ինչպես եղավ 2016թ. ապրիլից առաջ, երբ հետո այդ զորախմբերով գրոհեցին մեր դիրքերը: Նման ձեւով նախապատրաստվում են, եւ փորձում են տարբեր զինատեսակներով ու զորախմբերով համատեղ զորավարժություններ կատարել: Մենք էլ ենք զորավարժություններ իրականացնում, սակայն ոչ այնքան հաճախ, ինչքան Ադրբեջանում, քանի որ մեր ռեսուրսները համեմատաբար սահմանափակ են, եւ մեր զորավարժությունների քանակն էլ քիչ է:

- Այդ զորավարժությունները հստակ կերպով սպառնալիք են Հայաստանի համար, իսկ մեզ մոտ խոսում են խաղաղության ու դրան նախապատրաստվելու մասին: Հիմա ինչ պետք է անենք, որ նախապատրաստվենք այդ խաղաղությանը, ինչ անենք, որ Ադրբեջանի ագրեսիային հակադարձենք:

- Ես հետեւում եմ համացանցում խաղաղության մասին խոսակցություններին, որը կա իհարկե նաեւ Ադրբեջանում: Սակայն եթե Հայաստանում դրա մասին խոսում են առաջին դեմքերով, ապա Ադրբեջանում ավելի ցածր մակարդակում, իսկ իրենց ղեկավարությունը կուռ է հայատյաց իր քարոզում: Եվ, իհարկե, հնարավոր է պատկերացնել, որ մենք խաղաղ ապրենք մի օր, երբ իրենք լինեն Կասպից ծովի մի ափին, մենք էլ մյուս ափին: Իրենց խաղաղության քարոզը եւ մերը տարբեր են, եթե իրենք պատրաստվում են 100-ի փոխարեն 5 հայի կյանք խլել, մենք մեր քարոզներում խաղաղությունը պատկերացնում ենք զինաթափվելով:

Իսկ խաղաղությանը կոնկրետ մենք պատրաստվում ենք, մեր կազմակերպությունը պատրաստվում է զորավարժությունների տեսքով, օրինակՙ հիմա դիպուկահարների դասընթացների տեսքով եւ այլն:

- Քանի որ խաղաղության մասին ենք խոսում, մեր շատ տղաներ, որոնք զինվորական ծառայություն են անցել, զորացրվելուց հետո տարիներով զենքի հետ չեն առնչվում: Ինչ հաճախականությամբ պետք է պահեստազորի հավաքներ իրականացնել, որպեսզի տղաները, այսպես ասենք, իրենց մարզավիճակը չկորցնեն:

- Ես դանակ եմ նետում ու վատ չեմ նետում, բայց երբ երկու շաբաթ մարզվելու հնարավորություն չեմ ունենում, դա բերում է նրան, որ կորցնում եմ իմ մարզավիճակը: Հետեւաբար զինվորականները պետք է տարբեր հաճախականությամբ, կախված այն բանից, թե ինչ զինատեսակի են տիրապետում, օրինակՙ նռնականետորդը տարին մեկ անգամ, ավտոմատավորըՙ 2 տարին մեկ անգամ պետք է մարզվեն: Սակայն ինձ ավելի շատ դուր է գալիս շվեյցարական, ֆիննական կամ սինգապուրյան մոդելները: Հավանաբար շվեյցարականը դուր է գալիս կիսով չափ, քանի որ այնտեղ դա վերաբերվում է միայն տղամարդկանց, իսկ կանայք կարող են միայն կամավորության սկզբունքով մասնակցել զինվորական վարժանքներին, իսկ իմ կարծիքով մեզ մոտ դա պետք է վերաբերվի բոլորին: Դա նշանակում է տարվա մեջ 2 անգամ հավաքներ 1 շաբաթից մինչեւ 10 օր: Դա լավ միջոց է բնակչությանը մարտունակ պահելու համար: Դե իրենք` Շվեյցարիան միլիտարիզացված հասարակություն ունեն` շրջապատված հավանաբար ագրեսիվ Ավստրիայով, Ֆրանսիայով, Իտալիայով, Գերմանիայով եւ այլն: Իսկ մենք հավանաբար շրջապատված ենք խաղաղասեր թուրքերով եւ երեւի իմաստ ունի տարին մեկ անգամ գոնե 10 օրով ռազմական հավաքներ անցկացնել:

- Մեր այսպես կոչված խաղաղասերները բարձրաձայնելով այդ հարցը նշում են, որ հասարակության ռազմականացումը վտանգավոր է: Դուք այդ վտանգը տեսնո՞ւմ եք:

- Իհարկե, բա վտանգավոր չէ, որ այնքան ռազմականացվենք, որ դա կբերի ռազմաարդյունաբերության զարգացմանը, զինվորական շորի ու կոշիկի արտադրությանը, դա կբերի տնտեսության զարգացմանը, բա իրենց համար դա էլ վտանգավոր է, քանի որ դու կդառնաս ինքնաբավ: Ու այդ «հողատուները», որ ասում են ռազմականացումը լավ բան չի, վախենում են, որ իրենց տերերը կզայրանան ու գրանտները կքչանան եւ այլն:

- Իրենք այդ մասին խոսում են, որ դա կբերի բռնատիրական հասարակության, ավտորիտար համակարգի հաստատմանը: Ի դեպ , ազգ-բանակ սկզբունքը գործում է նաեւ Հարավային Կորեայում եւ այլն: Այսինքն, հնարավոր է բռնատիրական համակարգ հաստատվի մի հասարակությունում, որտեղ բնակչությունը զենքի է տիրապետում:

- Լավ օրինակ բերեցիք, օրինակ ռազմականացված Հարավային Կորեան, որը հավանաբար իրենց պատկերացմամբ հետամնաց ավտորիտար պետություն է, որտեղ Չոն Դուխվան նախագահին չհասցրեցին դատել, իսկ Ռո Դեու պրեզիդենտին դատեցին, հիմա էլ նոր պրեզիդենտին դատեցին, որի ընկերուհին ինչ-որ կոռուպցիոն սխեմաներում էր: Իսկ օրինակ, Շվեյցարիան հավանաբար շատ բռնատիրական պետություն է... Պատկերացնո՞ւմ եք, այնտեղ տաս միլիոն մարդ է ապրում եւ 4 լեզվով են խոսում:

- Օրինակ Շվեյցարիան 72 ժամում մոտ 1,7 միլիոն մարդ կարող է պահեստազորային բանակը համալրել: Այսինքն, բնակչության 17%, սա շատ բարձր ցուցանիշ է: Իսկ օրինակ, Ղարաբաղյան պատերազմում մասնակցել է մոտ 30 հազար մարդ, որը կազմում էր Հայաստանի բնակչության մեկ տոկոսից պակաս: Սակայն ապագա պատերազմում մեկ տոկոսը խնդիր չի լուծի կամավորականության օգնությամբ: Ի՞նչպես պետք է անենք, որ գոնե մեր բնակչության 17 %-ին նախապատրաստենք ակտիվ պահեստազորում:

- Այդ խաղաղասիրական սխեման, որը իսկապես խաղաղության կհանգեցնի, որ այն ավելի երկար տեւի, դա այն սխեման է, երբ ակտիվ պահետազոր ունես եւ երբ բնակչությունդ ակտիվ մաս է կազմում այդ պահեստազորի: Երբ թուրքը մեկ էլ հանկարծ հայտնաբերում է, որ սահմանամերձ գյուղը իրականում դա սահմանապահ գյուղ է, ապա թուրքը պետք է մտածի ոչ թե դրա գրավման, այլ դրա շրջանցման պլանների մասին: Այսինքն, մեր ռազմականացված յուրաքանչյուր վիճակը բերում է խաղաղության երկարացման: Ինչքան ուժեղ ես, այնքան խաղաղության մեջ ապրելու հնարավորությունը շատ է:

- Կարո՞ղ ենք այս ֆորմուլան առաջարկել, որ ինչքան հայ հասարակությունը ռազմականացված է, այնքան խաղաղության մեջ ապրելու հնարավորությունը շատ է:

- Եթե կարելի է մի օրինակ բերեմ իմ կյանքից: Ուրեմն, երբ եղբայրս բանակ գնաց, ես 13 տարեկան էի, եւ մի երիտասարդ, ինձանից տարիքով մեծ, անպարկեշտ արտահայտվեց իմ ծնողների մասին, ես հարվածեցի նրան, նա ընկավ գետնին, իսկ նա մեր թաղի հեղինակություններից էր, խոստացավ, որ իմ կյանքը խլելու է: Ես սկսեցի բոքսով զբաղվել, հետո իմացա, որ նա դանակ է առել եւ ամենուրեք խոստացել է, որ ինձ կմորթի, ես էլ շարունակեցի իմ մարզումները ավելի ինտենսիվ, հետո իմանում եմ, որ ատրճանակ է առել ու ամենուրեք խոստանում է ինձ սպանել: Ես էլի շարունակում էի մարզումները, արդեն նաեւ կարատեով էի զբաղվում եւ այլն: Եվ մի օր կամրջի վրա ես նրան հանդիպեցի եւ երբ փորձեց իր զենքը հանել, դե ես գտնվում էի լավ մարզավիճակում, մի հարվածով նրան գետին տապալեցի, զինաթափեցի եւ ատրճանակը գետը նետեցի: Բայց ամենակարեւորը գիտե՞ք, այդ պատրաստությունը նրա վրա նստեց մոտ հինգ ու կես տարի. այդքան ժամանակ նա նախապատրաստվում էր եւ անընդհատ այդ հանդիպումը հետաձգում, քանի որ շատ լավ հասկանում էր ու տեսնում էր իմ մարզումները, որ ես լավ ֆիզիկական մարզավիճակի մեջ էի գտնվում, լավ սպորտսմեն էի դառնում: Կարճ ասած, գնալով ավելի վտանգավոր հակառակորդ էի նրա համար դառնում:

Նույն ձեւովՙ եթե մենք լինենք ավելի ու ավելի մարտունակ, ավելի ու ավելի ռազմականացված, եւ այն ինչի համար պահանջվում է միգուցե մի ամիս, թուրքը կծախսի տասնյակ տարիներ, որը, կախված մեր պատրաստվածությունից, կարող է նաեւ նրան չօգնել: Մեր ռազմականացվածությունը կբերի ու կհանգեցնի նրան, որ զարգացնելով մեր տնտեսությունը, մեր ռազմաարդյունաբերությունը, հզորացնելով մեր բանակը, կարող ենք դիմանալ որեւէ հարվածի եւ հակահարվածով տապալել հակառակորդին: Սա՛ է խաղաղության գործուն բանաձեւը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 05-04-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ