RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12 > #015, 2019-04-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 05-04-2019



ՊԱՐԵՆԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2019-04-05 12:39:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 2589, Տպվել է` 166, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԺ. ԵՐԲ ԱՄԲԻՈՆԸ ԲԱՐՁՐ Է ԴԻՏԱՐԿՎՈՒՄ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Հայկական բացատրական բառարաններում ամբիոն բառն առաջնահերթը ներկայացվում է որպես բարձր տեղ, որտեղից դասավանդում, դասախոսում, զեկուցում եւ ելույթ են ունենում: Հաջորդիվ նշվում է նաեւ որպես զանազան նպատակային կարծիքների արտահայտման տեղ եւ այլն: Մեր օրերի համար թերեւս սազական է նաեւ բաղձալի տեղ արտահայտությունը, քանզի դրանում մեկ անգամ չէ որ համոզվել ենք: Հենց թեկուզ այն առումով, որ այսօրվա պատգամավորների թվում կան քառորդ դար առաջ այդ ամբիոնից ելույթ ունեցած գործիչներ, որոնց պատմուճանն է ընդամենը փոխվել: Թե ինչ եւ ինչու են ասում-խոսում, շատ էլ կարեւոր չէ: Նպատակը ասելիքին ձեւ տալն է, խոսքն ինչ-որ կերպ համոզիչ հնչեցնելը, բառերը տեղին ընտրելը, յուրօրինակ հասկացված լինելը:

Տեսեք ինչ է ասում խորհրդարանի բարձր ամբիոնից ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու բնապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը ՀՀ կառավարության անդամներին: Թեեւ թե՛ գործադիրը, թե՛ մեծամասնություն հանդիսացող օրենսդիրը իշխանության են եկել ՔՊ կուսակցության ծրագրի արդյունքում, պատգամավորը մենքի եւ դուքի մոտեցում է հնչեցնում. երկրում տնտեսական հեղափոխություն իրականացնելու խնդրում մենք գիտենք ինչ անել, դուք գիտեք ինչպես անել: Խոսուն հայտարարություն է, անցնող ժամանակը կարեւորելու եւ իմաստավորելու ձգտում, քանզի մեր մարդկանց սպասելիքները, մեղմ ասենք, ավելին են: Ուստիեւ փորձելու եմ այսօրվա մտորումներս թե մտահոգություններս հայտնել հնչած մոտեցման առումով: Կարծես չնկատելու է տրվում, որ կառուցվածքային առումով հանձնաժողովի եւ գործադիրի իրավասությունների շրջանակում արդեն հարցեր կան: Խնդիրների մի հատվածը, որն առնչվում է գյուղատնտեսությանը, հիմնականում կապված են տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ, իսկ ահա դրանց լուծումները վերապահվել են տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը, որի կազմ է մտցվում գյուղնախարարությունը: Ընդունենք մի վիճակ, երբ որոշ համայնքների միավորման տեսքով խոշորացում է ծրագրվել կամ արդեն իսկ միավորված համայնքում նախկին կառուցվածքին վերադառնալու պահանջ է դրվել: Նախարարություններից ո՞րն է անմիջականորեն զբաղվելու խնդրով: Եթե գյուղոլորտը տնօրինող տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը, համայնքներն այստեղ որեւէ հիմնավոր գործընթացի ակնկալիք ունենալ չեն կարող, քանզի այսպես կոչված վերադաս կառույցի հիմնական մտահոգությունը կապված է համայնքներում ներդրումների հետ: Գյուղական շուրջ 900 բնակավայրերի առօրյայի հետ խնդիրներին առնչություն ունի տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը, որին հիմնականում մտահոգում է գյուղական համայնքներին հատկացվող բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործումն ու հողի հարկի հավաքագրումը: Եվ հարցըՙ ո՞ր պետական կառույցն անմիջականորեն պետք է զբաղվի ՀՀ հողային կարողունակության արդյունավետ կառավարման խնդրով, որով պայմանավորված է երկրի պարենային ապահովությունն ու անվտանգությունը, հնչում է ինքնաբերաբար:

Այստեղ իրական շիլաշփոթ է, սկսած գյուղատնտեսական ողջ շրջանի ընթացքում անլուծելի դարձած ոռոգման ջրի պակասից մինչեւ արդյունավետ գյուղատնտեսություն վարելուն նպատակաուղղված հավելյալ արժեք երաշխավորող մշակաբույսերի ընտրությունը: Այս խնդրում կա համաշխարհային փորձ, այն միանշանակ ընդօրինակել են նաեւ հետխորհրդային շրջանի հանրապետություններն ու երկրները, միայն ոչՙ Հայաստանի Հանրապետության տնտեսության պատասխանատուները, տարօրինակորեն ու ցավալիորեն նաեւ նորերը: Գյուղի եւ գյուղատնտեսության խնդիրներ ասելիս առայժմ խոսվում է նախկին սխալներն ու բացթողումները նորովի մեկնաբանելու անհրաժեշտությունից, ասենք հողերի խոշորացումից, ինտենսիվ որակվող գյուղատնտեսություն վարելուց, խաղողագործության դարավոր ավանդույթից: Զարմանալիորեն ոչ ոք իրեն նեղություն չի տալիս հարցնելու կամ պարզելու, թե ինչպես էր խաղողագործությունը զարգանում Արարատյան դաշտավայրի անջրդի պայմաններում: Ընթերցեք խնդրեմ թե ինչ էր գրում Րաֆֆին իր 1877-78 թվականների հուշերում: «Մեր կարծիքով թե Երեւանի, թե Նախիջեւանի եւ թե Ալեքսանդրապոլի գավառներում այնպիսի ազատ հողեր չկան, որոնց վրա կարելի լիներ նոր բնակավայրեր հաստատել. կան միայն անապատներ, որոնք անպետք են: Ժողովուրդն ամեն տեղ գանգատվում է հողի ու ջրի պակասության համար: ... Քիշմիշը Երեւանի արդյունաբերություն չէ, այլ ստացվում է Պարսկաստանի Ուրմի քաղաքից եւ երեւանցիք գնելով այն, արաղ են քաշում: Արաղը քաշում են խաղողի չեչից, ողկույզների քաղցուն գինու համար քաշելուց հետո: Երեւանցիք այս տարի շատ վաստակեցին արաղից պատերազմի պատճառով» : Ահա այսպիսի բաներ, որոնց հետ առերեսվելուց չպետք է խուսափել:

Հավելեմ եւս մի փաստ: Անցած 10-12 տարիներին հաճախ եմ այցելել Ավստրիայի Իտալիային սահմանակից Շտիրիայի մարզ, որն ավանդաբար այս երկրի խաղողագործության հիմնական տարածքներից է: Երբ առիթ է եղել ներկայացնել Արարատյան դաշտի խաղողագործների աշխատանքը, նշելով նրանց աշնանն իրականացրած խաղողաթաղի եւ գարնան խաղողաբացի գործերը, հետն էլ այգին 6-8 անգամ ջրելը, խաղողագործության դարերի ավանդույթ ունեցող ավստրիացի այգեգործներն ուղղակի տարակուսել են, քաղաքավարությունից դրդված գերադասել լռել: Անկեղծ գտնվեմ եւ նշեմ, որ վստահ չեմ որ որեւէ մեկը կամ կառույց, տվլալ դեպքում ԱԺ-ի արդեն հիշյալ հանձնաժողովը կանդրադառնա այսօրինակ հարցիՙ գյուղատնտեսությունում ի՞նչ քաղաքականություն ընտրել: Տնտեսավարման համաշխարհային գործընթացները հաստատում են, որ ասենք գյուղոլորտում հարկ է ունենալ անասնապահություն-բուսաբուծություն ոլորտներում 60-40 հարաբերակցություն: Ասվածի վառ ապացույցը հողային որոշակի սահմանափակություններ ունեցող Դանիայի, Բելգիայի, Հոլանդիայի, տասնյակ այլ երկրների օրինակն է, ուր գերակա են համարում մարդկանց առաջնահերթությունը բավարարող եւ պահպանման համեմատաբար երկար ժամկետ ունեցող պարենհումքի արտադրությունը: Եվրոպայի, Օվկիանիայի, Հարավային Ամերիկայի հազարավոր ֆերմերային տնտեսությունների պահեստարաններում ու սառնարաններում տարիներ պահպանվող պանիրների ու մսամթերքների կարելի է հանդիպել, որոնք առայժմ դիտել եմ հեռուստահաղորդումների օգնությամբ: Մեզանում կաթնամթերքն աղաջրի մեջ թաթախելուց հետո անմիջապես հանելով այն պանիր են հռչակում, անասունը բակերում մորթում եւ միսը մեքենաների բեռնախցիկներում տեղավորելով վաճառողներին են հասցնում եւ տեղնուտեղը գներից տրտնջում: Սրանք հայաստանաբնակներիս կյանքն ու կենցաղը պայմանավորող գործընթացներ են, որոնք ԱԺ բարձր ամբիոնից հնչեցնելու կարիքն ունեն, ավաղՙ առայժմ չիրականացող ցանկություն:

Այսպես էլ ապրում ենք, օրվա չափորոշիչ համարում պատգամավորական այն մոտեցումը, ըստ որի ԱԺ-ի բարձր որակվող ամբիոնը քաղաքական կառույց է, իրենց խոսքերովՙ քաղաքական ինստիտուտ: Ընդունենք որ օրինաչափ է, եթե իհարկե դրանց վերջնական նպատակը Նորին Մեծություն Հայաստանի Հանրապետության լիարժեք կայացումն է, այն մարդ-արարածի հայի տեսակի լիարժեք ապրելավայր դարձնելը: Փորձում եմ աշխարհի շատ ժողովուրդներին հատուկ պատկառանք արթնացնող խոսքեր հնչեցնել, որոնք նրանց դարավոր պատմությամբ հանդերձ տնտեսապես կազմավորվել են հազիվ մի քանի տասնամյակ առաջ: Ի՞նչ գիտեր երկիր մոլորակը, ասենք ցարական Ռուսաստանի կազմում գտնվող ֆինն ազգի մասին: Գրեթե ոչինչ, որն այսօր... Հայաստանի Հանրապետություն եւ Արցախ ներմուծվող կարագի հիմնական մատակարարներից է: Անառարկելի է, որ առանց այս պարենմթերքի հայաստանցին լիարժեք գոյատեւել չի կարող, այն անհրաժեշտ էներգիա է մատակարարում փոքրերին ու մեծերին, հիվանդին ու առողջին, կանանց ու տղամարդկանց, մի խոսքով բոլորին: Ուրեմն ինչո՞ւ կենսական անհրաժեշտ այս պարենը չենք արտադրում ինքներս, հոգում մեր առաջնահերթ կարիքները, այն վստահում այլոց բարեհաճությանը թե շահադիտությանը: Անշուշտ «մենք գիտենք» հայտարարության հեղինակներն իրոք գիտեն խնդրի մասին, բայցեւՙ հայ եւ հայաստանյան հանրությունն էլ փաստոմ է, որ խնդրի հանդեպ լուռ դիտորդի կարգավիճակն էլ բանի պետք չէ: Սա փաստ է, որի միջավայրում ապրում ենք: Արդեն կայացած ՀՀ կառավարություն-ԱԺ պատգամավորներ մի քանի հարց ու պատասխանների, 2018-ի կառավարության կատարողականի քննարկման, այլ համարժեք միջոցառումների ընթացքում հիշատակվող ամբիոնից ոչ մի խոսք չի հնչել երկրի հիմնավորապես վտանգված պարենապահովության եւ պարենանվտանգության խնդիրների շուրջ: Կարծես դրանք չկան, երկիրն աշխատում է շվեյցարական ժամացույցների ճշգրտությամբ:

Պատկերը նույնն է հիշյալ հանձնաժողովի իրավասության շրջանակներում գտնվող այլ հարցերի առումով, որոնք ենՙ տարածքային կառավարումն ու տեղական ինքնակառավարումը, բնապահպանությունը, որոնց կանդրադառնանք առաջիկայում: Առայժմ միայն նշենք, որ մարզպետարաններում ու գյուղական համայնքներում, ոչ պակաս նաեւ բնապահպանական հարցերում եղած խնդիրները գերխնդիրների են վերածվում, առավել անորոշ դարձնում մեր մարդկանց վաղվա օրը: Հերթապահ ցանկություններով ու հերթական շաբաթօրյակներով դրանք լուծելու փորձերն առայժմ արդյունք չեն տալիս մի պարզ պատճառով. գործընթացում դրսեւորվում է կատարողական ինքնավստահությունը:

02.04.2019 թ. Երեւան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 05-04-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ