RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12 > #015, 2019-04-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 05-04-2019



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2019-04-05 12:39:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 2417, Տպվել է` 167, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՍՐԱՅԵԼԸ ՓՈՐՁՈՒՄ Է «ԵՌՅԱԿԻ» ԱՄՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Հալեպի ռմբահարման ենթատեքստը

Իսրայելի օդուժը օրերս հարվածեց Հալեպին: Ռազմօդանավերը ռմբակոծեցին Սիրիայում մեծությամբ երկրորդ այդ քաղաքի շրջանում գտնվող Շեյխ-Նաջար արդյունաբերական գոտին եւ միջազգային օդանավակայանը: Դա առաջացնում է մի շարք հարցեր, որոնց պատասխանները դժվար է գտնել:

Իսրայելի ռազմական փորձագետները պնդում են, թե անցյալ ամիս Իրանը ծանրության կենտրոնը Սիրիայի հարավից տեղափոխել է հյուսիս: Սկսել են այնտեղ հասցնել իրանական սպառազինություններ, «Հզբոլլահի» եւ իրանամետ աշխարհազորի համար նախատեսված հանդերձանք: Սա իսրայելցիների նմանօրինակ առաջին հարձակումը չէ, անցյալում եւս նրանք քանիցս ռմբակոծել են Սիրիայի տարածքը: Գործողության նպատակները հայտնի ենՙ ոչնչացնել իրանամետ խմբավորումների պահեստները եւ Իրանին թույլ չտալ ամրանալու Սիրիայում: Բայց այս անգամ հարվածը հարմարեցված էր որոշակի իրադարձությունների: Այն տեղի ունեցավ Գոլանի բարձունքների նկատմամբ Դոնալդ Թրամփի կողմից Իսրայելի ինքնիշխանության ճանաչումից հետո: Ըստ որում, Հալեպի վրա կատարված հարձակման պահին Նյու Յորքում անցկացվում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստՙ նվիրված Գոլանի բարձունքների հարցին:

Խորհրդում Վաշինգտոնը հայտնվեց մեկուսի վիճակում, քանի որ ԱԽ մյուս բոլոր անդամները հադես եկան Թրամփի որոշման դեմ: Կա նաեւ մեկ այլ բան: Իսրայելը, որը նման գործողություններից հետո սովորաբար ձեռնպահ էր մնում ծավալուն հայտարարություններից, այս անգամ այլ կերպ վարվեց: Վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարեց հետեւյալը. «Իրանը մշտապես փորձում է Սիրիա բերել գերճշգրիտ հեռահար հրթիռներ, որոնք առաջատար եւ մահաբեր զենք են: Մենք պատրաստ չենք դրան համակերպվել, եւ Սիրիայում ամրանալու Իրանի փորձերին մեր դիմակայությունը անդադար շարունակվում է»: Որոշ փորձագետներ այդ խոսքերը կապում են ապրիլի 9-ին Իսրայելում կայանալիք խորհրդարանական ընտրությունների եւ այն բանի հետ, որ վարչապետին հարկավոր են փոքրիկ հաղթական պատերազմներ: Հիշեցնենք, որ օրեր առաջ իսրայելական բանակը զանգվածային հարված էր հասցրել Գազայում «Համասի» դիրքերին:

Եվս մեկ բան: Վերջերս Մոսկվայում տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը վարչապետ Նաթանյահուի հետ, որը հրավերի էր սպասում Սիրիայի երկնքում անցյալ տարվա սեպտեմբերին Իլ-20 օդանավի հետ աղետից ի վեր: Ներկայումս ռուսաստանցի ռազմական փորձագետները Հալեպի ռմբահարումը համարում են լիակատար անհեթեթություն: Սակայն Սիրիայում իրանական օբյետներին Իսրայելի հասցրած հարվածները մշտապես ունեն միանգամայն որոշակի քաղաքական ենթատեքստ: Այս կապակցությամբ թուրքական Haber7 հրատարակությունը հիշեցնում է, թե ինչպես Սոչիում «Աստանայի եռյակի» ղեկավարներիՙ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ղեկավարների վերջին հանդիպման նախօրեին եւ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ Թրամփի արած հայտարարությունից հետո իսրայելական օդուժը հարվածներ հասցրեց սիրիական տարածքում գտնվող իրանական օբյեկտներին:

Իսկ Սոչիի գագաթաժողովի բացման օրը Իսրայելի վարչապետի թվիթերյան էջում հայտնվեց հաղորդագրություն, որտեղ խոսվում էր «Իրանի հետ պատերազմի» մասին, թեեւ ավելի ուշ այդ բառակապակցությունը փոխարինվեց «Իրանի դեմ պայքարով»: Այդ ձեւով Նաթանյահուն փորձեց Ռուսաստան-Թուրքիա-Իրան դաշինքի ամրությունը: Իրոք, Իսրայելը հմուտ է տարածաշրջանի քաղաքական եւ աշխարհաքաղաքական խնդիրների իմացության մեջ:

Իսրայելը Սիրիայում անուղղակի պատերազմ է մղում Իրանի դեմ: Թուրքիայի հետ լուրջ տարաձայնություններ ունի սեփական անվտանգությանն առնչվող հարցերումՙ Պաղեստին, Անկարա-«Համաս» կապեր, Թուրքիայի կտրուկ հայտարարություններ Ալ-Աքսա մզկիթում իսրայելցիների գործողությունների առնչությամբ, Սպիտակ տան կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման դատապարտում եւ Գոլանի բարձունքների խնդիր: Գոյություն ունեն եւ որոշ չափով իրողություն են դառնում նաեւ թուրք-իրանական մերձեցման հեռանկարները:

Սակայն, ինչպես նշում է թուրքական Sabah թերթը, «տարածաշրջանում պատմական մրցակցություն է ուրվագծվումՙ կապված ազգային ինքնության հետ», տարբեր մոտեցումներ են դրսեւորվում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագրի նկատմամբ, Թեեւ Անկարան եւ Թեհրանը միանման են ընկալում քրդական անջատականության սպառնալիքը իրենց երկրներում: Բացի դրանից, Եվրոմիության, ինչպես նաեւ ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում գոյություն ունեցող հաճախակի ճգնաժամերն ու լարվածությունը Անկարային Իրանի եւ Ռուսաստանի հետ են մերձեցրել այնտեղ, որտեղ առկա են ընդհանուր շահեր: Ինչ վերաբերում է Մոսկվային, նա, իսրայելական Haaretz թերթի գնահատմամբ, ձգտում է որպես հաշտարար դատավոր հանդես գալ Թեհրանի եւ Անկարայի հետ իր դաշինքում, խուսանավել Իսրայելի եւ Իրանի միջեւ:

Բառիս բուն իմաստով, երեք երկրների միջեւ գոյություն չունի միասնական կենտրոնից կառավարվող ռազմաքաղաքական դաշինք: Բանն այն է, որ Թուրքիան չի մերժում Վաշինգտոնի հետ երկխոսությունը Սիրիայի խնդրի կարգավորման հարցում: Իրանը որոշակի հանգամանքներում կարող է, Ռուսաստանը շրջանցելով, երկխոսությունը վերականգնել Վաշինգտոնի հետ: Նման պայմաններում Իսրայելը Սիրիայում Իրանի դեմ երկրորդ ճակատի բացման սպառնալիքով կարող է Անկարային դրդել չեզոքության, իսկ Ռուսաստանին կառաջարկվի միջնորդավորված երկխոսություն Վաշինգտոնի հետՙ Սիրիայում գործողությունների ազատություն ստանալու համար, քանզի «Իսրայելը պետք է իր սահմանների մոտ է հարաբերությունները մարտավարական եւ ռազմավարական առումներով կառուցի այնպես, ինչպես ամերիկացիները չեն կարող իրենց թույլ տալ»: Այլ կերպ ասած, Իսրայելը պատրաստ է ամեն տեսակ դաշինքների մեջ մտնել, միայն թե կարողանա Սիրիայից դուրս մղել իրանցիներին եւ իրանամետ ուժերին:

Անշուշտ Մոսկվայում, եւ ոչ միայն այնտեղ, լավ գիտակցում են այն կոմբինացիաները, որոնց արդյունքը պետք է դառնա Ռուսաստան-Թուրքիա-Իրան դաշինքի անդամներից մեկի «դուրսբերումը խաղից»: Սակայն դժվար է ասել, թե որքան արդյունավետ կլինի այդ մտահղացումը Մերձավոր Արեւելքի հարափոփոխ իրադրության մեջ: Իրադարձությունների ընթացքը Անկարային եւ Թեհրանին կարող է դրդել Մոսկվայի հետ առավել սերտ համագործակցության: Փաստ է, որ Մոսկվայի հետ մերձեցումը Թուրքիային վերադարձրեց տարածաշրջանային կարեւոր խաղացողի կարգավիճակը: Մոսկվայի հետ Իրանի դաշինքը վերջինիս հնարավորություն տվեց «տարածաշրջանում ավելի ազատ գործել»:

Բացի դրանից, տարիներ շարունակ ԱՄՆ-ը Մերձավոր Արեւելքում մղում է այնպիսի պատերազմներ, որոնցում ինքը ոչ մի անգամ չի հաղթել: Բրիտանական The Independent թերթը նշում է. «Թրամփն արդեն հասցրել է իսլամատյացի համբավ ձեռք բերել, սկսել է հաճոյանալ Իսրայելի առաջ, փորձում է վստահություն ներշչնել Պարսից ծոցի միապետություններում անվստահ դարձած մեծահարուստներին: Եվ ոչ ոք կարգին չգիտե, թե նա ինչ նկատի ունի, երբ խոսում է Սիրիայի, «Իսլամական պետության» եւ նույնիսկ Իրանի մասին»:

Վաշինգտոնը Մերձավոր Արեւելքում թուլացրել է իր բանակցային հնարավորությունները, իսկ Իսրայելը կլցնի՞ արդյոք այդ վակուումը, հարց է տալիս Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը , քանզի Սիրիայում իրանական օբյեկտներին հասցվող հարվածները «տպավորություն գործում են, բայց քիչ բան են փոխում»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 05-04-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ