RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12 > #015, 2019-04-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 05-04-2019



Տեղադրվել է` 2019-04-05 12:39:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 2420, Տպվել է` 169, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԵՂԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ա. ՔԵՇԻՇՅԱՆ

Մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Նախագահ Էդողանի Արդարության եւ զարգացման կուսակցությունը Ազգայնական շարժման հետ համատեղ ստացել է քվեների 51,66%-ը, հիմնական ընդդիմադիր ուժերըՙ Ժողովրդահանրապետական կուսակցությունը եւ դրա դաշնակից Լավ կուսակցությունը ստացել են 37,57%-ը: Իհարկե, կառավարող կուսակցությունը ակնկալում էր ավելին, ընդդիմությունը եւս մեծ հույսեր ուներ: Ուստի թուրքական եւ մյուս լրատվամիջոցները իրավիճակը գնահատում են «բաժակը կիսով չափ լիքն է», կամ «բաժակը կիսով չափ դատարկ է» արտահայտությունների ոգով: Թուրքիայում եւ Արեւմուտքում ընտրությունները մեկնաբանվում են կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականին անցնելու տեսանկյունից: Դա երկրի քաղաքացիների առաջին ազատ կամարտահայտությունն է 2018 թ. հուլիսյան արտահերթ ընտրություններից հետո, որոնք ավարտվեցին Էրդողանի հաղթանակով:

Կառավարող ուժերի դաշինքը այս անգամ քվեների մեծամասնությունը ստացավ 81 նահանգներից 52-ում, բայց, ընդսմին, կորցրեց խոշորագույն քաղաքներ Ստամբուլն ու Անկարան, ինչպես նաեւ որոշ այլ քաղաքներ: Ընդդիմությունը զգալի հաջողությունների հասավ միջերկրածովյան նահանգներում, այդ թվում Ադանայում, Անթալիայում, պահպանեց մեծությամբ երրորդ քաղաք Իզմիրի վերահսկողությունը: Իր ելույթում Էրդողանը նշեց, որ կառավարող կուսակցությունը ամեն ինչ կանի իրավիճակը լավ հասկանալու եւ շտկումներ կատարելու համար: Սակայն ակնհայտ է, որ չի հաջողվի իրավիճակը բարելավել բյուրոկրատական մեթոդներով, ինչպես անցյալում: Այսպես, 2016 թ. Էրդողանի կուսակցությունը իր ներկայացուցիչներով փոխարինեց մունիցիպալ, նահանգային եւ շրջանային 95 քաղաքապետերի:

Ժողովրդի ներկայիս դժգոհության գլխավոր պատճառը սոցիալ-տնտեսական իրադրությունն է, երկիրը տնտեսական նահանջ է ապրում: Խորանում է սղաճը, տարածվում է գործազրկությունը 13,5 տոկոսով, լիրան արժեզրկվել է մեկ երրորդով: Նման պայմաններում Արդարության եւ զարգացման կուսակցության համար դժվար է պահպանել առաջատար դիրքերը: Պատահական չէ, որ նախընտրական արշավի ժամանակ Էրդողանը շեշտը դրել էր ազգային անվտանգության, թուրքական ազգի եւ պետության պահպանման հարցերի վրա, որին «Արեւմուտքից սպառնում է խաչակիրների արշավանքը»: Էրդողանի քարոզչությունը որոշակի ազդեցություն գործեց, բայց ոչ իր սպասելիքների չափով:

Շարունակվող քրդական խնդիրը բարդացնում է հարաբերություններն ԱՄՆ-ի հետ: Արդարության եւ զարգացման կուսակցությունը ապագայում ստիպված կլինի որոշ ճգրտումներ կատարել իր քաղաքականության մեջ: Խոսքն առաջին հերթին ճգնաժամի հաղթահարման մասին է: Խոշոր քաղաքներում ընդդիմության տարած հաղթանակը դեռ չի նշանակում, թե դրանք դուրս կգան կառավարման ներկայիս համակարգից. առաջվա պես դրանք կմնան Էրդողանի «ուղղահայաց կառավարման», մասնավորապես Մեծ ազգային ժողովի վերահսկողությանը, այլ կերպ ասածՙ կառավարող կուսակցությունը շարունակում է ղեկավարել երկիրը:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, դժվար թե այն էական փոփոխություն կրի: Եվրոմիության անդամակցության բանակցությունները կասեցված են: Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին, դրանց խորացումը կնպաստի Թուրքիայի մի շարք ներքին սուր խնդիրների լուծմանը, կարծում է Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 05-04-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ