RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12 > #015, 2019-04-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 05-04-2019



ԱՆՀԱՐՄԱՐ ԶՈՒՅԳԸ

Տեղադրվել է` 2019-04-05 12:39:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1489, Տպվել է` 167, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԻՐԻԱՅԻ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Սակայն համագործակցությունը շարունակվում է

Ռուսաստանի եւ Թուրքիայի առեւտրատնտեսական հարաբերությունների խորացումը բնականորեն զգացվում է նաեւ Սիրիայում նրանց համագործակցության մեջ, մասնավորապես ռազմատեխնիկական ոլորտում: Դա որոշակիորեն մտահոգում է Արեւմտյան երկրների հակաահաբեկչական կոալիցիայի մասնակիցներին: Կանոնավորապես ձեռնարկվում են Թուրքիան Ռուսաստանից հեռացնելու փորձեր: Այդ նպատակով առավել ակտիվորեն օգտագործվող միջոցներից մեկը ԶԼՄ-ներն են:

Նմանօրինակ հրպարակումներից մեկը վերջերս լույս տեսավ բրիտանական Financial Times թերթում «ԻՊ. Ռուսաստանն ու Թուրքիան Սիրիայում պատրաստվում են վերջին ճակատամարտին» վերնագրով: Թերթի չորս հոդվածագիրների կարծիքով ակնհայտ է, որ ոչ վաղ անցյալում նման մարտեր արդեն տեղի են ունեցել, իսկ հիմա մոտենում է այսպես կոչված ռուս-թուրքական «արմագեդդոնի» հերթը: «Իդլիբի իրադարձությունները կարող են վճռել Պուտինի եւ Էրդողանի «հաշվարկված բարեկամության» ճակատագիրը, որը մի կերպ շարունակվում էր Սիրիայի պատերազմի ամբողջ ընթացքում, իսկ այժմ մոտեցել է այդ բարեկամության օրհասական պահը»: Այնուհետեւ խոսվում է այն մասին, որ ռուս-թուքական բարեկամությունը ձախողում է կրում, իսկ Անկարան այդ ընթացքում «փորձում է պարզել, թե ի՞նչն է ավելի ձեռնտուՙ համագործակցությունը Մոսկվայի, թե՞ Վաշինգտոնի հետ»: Հրապարակման տոնայնությունը կասկած չի թողնում այն հարցում, թե որ ընտրությունը «ճիշտ» կլինի:

Իրոք, իրադարձությունների նկատմամբ Անկարայի եւ Մոսկվայի դիրքորոշումների եւ նպատակների տարբերությունը պայմանավորում է փոխհարաբերությունների խնդրահարույց բնույթը: Այսօր գլխավոր փորձաքարը Իդլիբում եւ քրդական աշխարհազորի վերահսկողությանը ենթակա հյուսիսարեւելյան շրջանների իրադրությունն է:

Եթե Մոսկվան հանդես է գալիս Իդլիբի շրջանում կուտակված ահաբեկիչների շուտափույթ ոչնչացման օգտին, ապա Թուրքիային շատ բաներով ձեռնտու է status quo-ն: Այնտեղ դեռեւս գտնվում են նրա հովանավորյալները, թեեւ Թահրիր-աշ Շամ խմբավորումը (արգելված է Ռուսաստանում) նրանց մեծամասնությանը դուրս է մղել Սիրիայում Թուրքիային ենթակա տարածքներ: Անկարայում վախենում են, որ ակտիվ ռազմական գործողությունները առաջ կբերեն փախստականների նոր ալիք (ի հավելումն Թուրքիայի արդեն ընդունածների), իսկ դա արդեն կարող է երկրում սոցիալական պայթյունի պատճառ դառնալ: Եվ վերջապես, ինչպես ցույց է տալիս փորձը, ոստիկանության պատնեշները անկարող են փախստականների հոսքի մեջ բացահայտել բոլոր արմատականներին, որոնք վիրավորված են այն բանից, որ Թուրքիան չպաշտպանեց իրենց:

Անցյալ տարվա սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Էրդողանը իր ռուս եւ իրանցի պաշտոնակիցների հետ բանակցելուց հետո պարտավորվեց Իդլիբյան գործողությունների գոտու շրջագծի երկայնքով մինչեւ հոկտեմբերի 10-ը հասնել այնտեղից ծանր զինատեսակների դուրսբերմանը եւ մինչեւ հոկտեմբերի 15-ըՙ ահաբեկչական կազմավորումների դուրսբերմանը, իսկ մինչեւ 2018-ի տարեվերջ բացել Հալեպ-Դամասկոս ճանապարհը: Արդեն այն ժամանակ թուրք փորձագետներից շատերը հայտարարեցին, որ այդ պարտականությունները ակնհայտորեն անիրագործելի են: Ժամանակը հաստատեց նրանց իրավացիությունը:

Այս տարվա հունվարին Էրդողանի հետ հերթական հանդիպման ժամանակ Պուտինը ըմբռնումով վերաբերվեց Թուրքիայի անհաջողությանը. «Մեր թուրք գործընկերներն ամեն ինչ անում են պայմանավորվածությունները կատարելու համար»: Մեկ ամիս անց ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Իդլիբում ռազմական գործողությունն անհրաժեշտ է, բայց դեռ հայտնի չէ, թե ով է այն իրականացնելուՙ Թուրքիան, թե՞ մեկ ուրիշը: Այսինքն, շատ հնարավոր է, որ Անկարան արդեն հավանություն տված լինի նման գործողության անցկացմանը: Իդլիբը լիովին կորսված է նրա հովանավորյալների, այսինքն նաեւ իր համար: Ըստ երեւույթին, օրակարգ է մտնում հնարավոր փախստականների համար անվտանգության գոտու ստեղծման հարցը:

Այս ամենը թուրք հայտնի լրագրող Ֆեհիմ Թաշթեքինին հիմք տվեց եզրակացնելու, որ Ռուսաստանն ուզում է Իդլիբի խնդիրը լուծել ոչ թե Թուրքիային հակառակ, այլ նրա հետ մեկտեղ:

Մարտի 9-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարեց, որ Իդլիբի գոտու շրջագծի երկայնքով պարեկություն է սկսվում ռուսաստանցի զինծառայողների հետ համատեղ: Ռուսական կողմն այդ տեղեկությունը ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց: Մարտի 13-ին ՌԴ օդատիեզերական ուժերը հարված հասցրին ահաբեկիչների զինանոցներին: Գլխավոր շտաբի հայտարարության մեջ ընդգծվեց, որ հարձակումը համաձայնեցված է եղել թուրք զինվորականների հետ: Թուրքերը ժխտեցին փոխհամաձանեցման փաստըՙ հավանաբար գնդակոծված ահաբեկիչների զայրույթին չարժանանալու համար: Իսկ երկու շաբաթ անց նույն Հուլուսի Աքարը հայտարարեց, որ թուրք եւ ռուս զինվորականները համատեղ աշխատում են Իդլիբում համակարգիչ կենտրոնի ստեղծման վրա: Ընդհանուր առմամբ, Իդլիբում համագործակցությունը, թեեւ ոչ առանց խնդիրների, շարունակվում է, եւ մոտալուտ ճակատամարտի նշաններ չեն երեւում, նշում է «Մեժդունարոդնայա ժիզն» կայքը:

Երկրորդ չկարգավորված հարցը քրդականն է: Ռուսաստանը հանդես է գալիս քրդական ջոկատներին ենթակա տարածքները միասնական Սիրիայի կազմի մեջ մտցնելու օգտին: Իսկ Թուրքիայի համար գլխավորը իր սահմանների մոտակայքում քրդական պետականության ստեղծում թույլ չտալն է եւ սիրիացի քրդերի հիմնական քաղաքական կուսակցությանՙ «Դեմոկրատական միության» որեւէ ազդեցություն բացառելը: Թուրքերն այն համարում են ՔԲԿ-ի շարունակություն, այսինքնՙ ահաբեկչական կազմակերպություն: Այս կապակցությամբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոստովանել է, որ ռուսներն ու թուրքերը տարաձայնություններ ունեն այն հարցում, թե քրդերի մեջ ում պետք է համարել ահաբեկիչներ:

Դեռ վերջերս Անկարան խոսում էր Սիրիայի քրդաբնակ շրջաններում իր լիակատար վերահսկողությունը հաստատելու ծրագրերի մասին: Բայց ժամանակները փոխվում են, Թուրքիանՙ նույնպես: Այսօր շեշտվում է թուրք-սիրիական սահմանի երկայնքով բուֆերային գոտու ստեղծման անհրաժեշտությունը (Սիրիայի տարածքում): Դա թուրքերը համարում են «անվտանգության գոտի», որտեղ կարելի է տեղաբաշխել գաղթականներին:

Լավրովի խոսքերով Ռուսաստանը պատրաստակամ է քննարկելու բուֆերային գոտիների ստեղծման հարցըՙ հաշվի առնելով Դամասկոսի դիրքորոշումը, բայց նաեւ առավելագույն չափով նկատի ունենալով Թուրքիայի շահերը: Ռուս-թուրք-իրանական գագաթաժողովում ռուսական կողմը Անկարային առաջարկեց հենվել 1998 թվականին կնքված Ադանայի համաձայնագրի վրա: Այդ համաձայնագրով Սիրիան ՔԲԿ-ն ճանաչեց ահաբեկչական կազմակերպություն եւ երկրում արգելեց դրա գործունեությունը: Իսկ թուրք ուժայինները հնարավորություն ստացան քուրդ գրոհայիններին հետապնդելիս մինչեւ 5 կմ խորանալ Սիրիայի տարածքում: Բարդությունն այն է, որ Անկարան չի ճանաչում Բաշար Ասադի կառավարության լեգիտիմությունը, թեեւ դրա հետ շփումներ է պահպանում ցածր մակարդակով:

Թուրքիայում հետզհետե տարածվում է Սիրիայի հետ բնականոն հարաբերությունների հաստատման անհրաժեշտության ընմբռնումը: Cumhuriyet թերթի հայտնի մեկնաբան Մեհմեդ Ալի Գլուլերի կարծիքով Անկարա-Դամասկոս հարաբերությունները որքան շուտ հաստատվեն, այնքան բարձր կլինի քաղաքական կարգավորման մակարդակը:

Ներկայումս Թուրքիայի քաղաքական վերնախավը արտաքին քաղաքականության մեջ առանձնացնում է երեք գլխավոր ուղղությունՙ իսլամական, ատլանտյան եւ եվրասիական: Հարկ է նշել, որ տարբեր քաղաքակրթությունների հիմքի վրա ձեւավորված Թուրքիայի աշխարհաքաղաքական վիճակը վերջնական ընտրությունը դարձնում է ոչ այնքան քաղաքական, որքան գոյութենական: Իսլամական վեկտորը մղվում է հետին պլան: Իրանը եւ արաբական երկրները հրաժարվում են ճանաչել Թուրքիայիՙ որպես առաջնորդի կարգավիճակը, իսկ նա ինքը այս առումով համաձայն չէ դրանից փոքր դերի:

Արեւմտյան ժողովրդավարության օգտին ընտրություն կատարելը վարկաբեկում է թուրքական ղեկավարության եւ մասնավորապես շուրջ 17 տարի կառավարող Արդարության եւ զարգացման կուսակցությանը, նշում է «Մեժդունարոդնայա ժիզն» կայքը: Բացի դրանից, Եվրոպան արդեն հասկացրել է, որ Թուրքիայի առջեւ Եվրոմիության դռները փակ են, իսկ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջոն Բոլթոնը վերջերս չկարողացավ պատասխանել այն հարցին, թե Թուրքիան ԱՄՆ-ի բարեկամն է, թե՞ թշնամին: Նրա խոսքերով, «Թուրքիան առաջվա պես ՆԱՏՕ-ի գծով դաշնակից է, բայց շատ վատ հարաբերություններ ունի մեր մերձավոր բարեկամ Իսրայելի հետ, եւ դա մտահոգում է մեզ: Մեկ այլ խնդիր են Սիրիայի պատերազմի հետ կապված տարաձայնությունները»:

Թուրք լրագրող Ֆեհիմ Թաշթեքինի խոսքերով, Աստանայի գործընթացը, այնուամենայնիվ, շարունակվում է, քանի դեռ աշխարհում շարունակվում է ռուս-թուրքական համագործակցությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 05-04-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ