RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12 > #015, 2019-04-19 > #016, 2019-04-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 12-04-2019



Տեղադրվել է` 2019-04-11 23:16:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 1672, Տպվել է` 133, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ... ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Շաբաթվա սկզբին հայտարարվեցին Ուկրաինայի նախագահական ընտրություների արդյուքները: Դրանք մինչ այս չլսված-չտեսնված ընտրություններ էին հենց թեկուզ այնքանով, որ երկրի առաջին դեմքի թեկնածուների թիվը հասնում էր համարյա 4 տասնյակի (ճշգրիտՙ 39 հոգու): Այդպիսի մեծ թիվ երբեւէ չէր եղել ոչ միայն Ուկրաինայի, այլեւ ամբողջ աշխարհի պրակտիկայում: Փաստորեն, տեղից վեր կացողը հավակնություն էր ներկայացրել ստանձնելու երկրի ղեկավարի պաշտոնը, եւ դրանով ուղղակի արժեզրկել-հեղինակազրկել էր այն: Եղան կարծիքներ, թե նախագահության թեկնածուների մեծ թիվը կարող է վկայել նաեւ երկրի ժողովրդավարության բարձր աստիճանի մասին: Ես այդպես չեմ կարծում, ըստ իսՙ դա ոչ թե ժողովրդավարության, այլՙ պետության բարձրագույն պաշտոնատարի հեղինակության կատարյալ անկման վկայություն էր: Հիշյալ 4 տասնայակ թեկնածուներից առավելագույն ձայներ էին ստացել եւ ապրիլի 21-ին ընտրությունների երկրորդ փուլում միմյանց դեմ կպայքարեն շոումեն Վլադիմիր Զելինսկին (նա 1-ին փուլում ստացել էր ընտրությանը մասնակցած քաղաքացիների ձայների 30,24 տոկոսը) եւ գործող նախագահ Պետրո Պարաշենկոն (15,95 տոկոս): Նկատի առնելով 1-ին փուլում երկու առաջատարների հավաքած ձայների ահռելի տարբերությունը (Զելինսկին համարյա կրկնակի ավելի ձայն էր ստացել), մեկնաբանների մեծամասնությունը հակված է ենթադրելու, թե նա կհաղթի նաեւ երկրո՛րդ փուլում: Քանզի ինչքան էլ գործող նախագահի օգտին վարչական լծակներ օգտագործվեն, ինչքան էլ զանգվածային ընտրախախտումներ արվենՙ հնարավոր չի լինի ապահովել Պետրո Պորոշենկոյի վերընտրությունը նախագահի պաշտոնում: Առողջ տրամաբանությունը հուշում է, որ այդ կանխատեսումը մեծ հաշվովՙ կարող է ճիշտ լինել:

Սակայն ամենեւին չի կարելի հաշվի չառնել այն հանգամանքը, որ Արեւմուտքը, ավելի կոնկրետՙ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ինչպես նաեւ Եվրոպական Միության հակառուս տրամադրված պետությունների մեծամասնությունը ինչպես ուկրաինական ընտրությունների 1-ին, այնպես էլ 2-րդ փուլում իրենցից կախված ամեն ինչ կանենՙ Պետրո Պորոշենկոյին կրկին Կիեւում իշխանության բերելու համար: Որովհետեւ իր նախագահության առաջին շրջանում նա հնարավոր ամեն ինչ արել էՙ Ուկրաինան Ռուսաստանին թշնամացնելու, ռուս-ուկրաինական չհայտարարված պատերազմը շարունակելու, իր երկիրը այսպես կոչված ռուսական ծավալապաշտության դեմն առնելու պատնեշի վերածելու համար: Ուստի Պետրո Պորոշենկոն ամբողջ աշխարհում ընկալվում է որպես ուկրաինական հակառուս շրջանակների շահերի ամենավառ արտահայտիչը, որպես մարդ, ով ընդունակ է մինչեւ վերջին ուկրաինացի զինվորը մարտնչել ռուսների դեմՙ հանուն Արեւմուտքի ռուսատյացների աշխարհաքաղաքական շահերի: Ահա՛ ինչու Արեւմուտքը ձգտում է այդ «անձնուրաց ծառայության» (իրականումՙ սեփական ազգային-պետական շահերի դավաճանության համար) Պետրո Պորոշենկոյին մի անգամ եւս բազմեցնել Ուկրաինայի նախագահի գահաթոռին:

Դժվար է, սակայն այդպիսի արդյունքը լիովին բացառված համարել չի կարելի: Նկատի ունեցեքՙ իմ ուշքը երբեք չի գնացել ռուսների կամ ուկրաինացիների համար: Նրանք ծանր պահերին գրեթե միշտ... մեր թիկունքում գործարք են կնքել մեր թշնամիների հետ: Կարմիր կովը հազիվ թե կաշին փոխած լինի, այնպես որՙ նաեւ այսօ՛ր նրանց չի կարելի շատ վստահել: Սակայն գտնում եմ, որ այժմյան Ռուսաստանը, այնուամենայնիվ, միակ պետությունն է ամբողջ աշխարհում, որը համարձակվում է ընդդիմանալ ողջ մոլորակը ԱՄՆ Սպիտակ տնից կառավարելու անթաքույց ձգտումներին: Պուտինը միակ քաղաքական գործիչն է աշխարհում, որ իր վարքագծով ամերիկացիներին ուղղակի ասում էՙ բավակա՛ն է ինքնասիրահարված պինգվինի նման թմբկահարեք ձեր արժեքները, աշխարհին պարտադրեք ձեր ժողովրդավարությունը: Վերջին հաշվով, Ուինսթոն Չերչիլն է ասել, թե ժողովրդավարությունը պետության կառավարման լավագույն ձեւը չէ: Բայց անմիջապես ավելացրել էՙ ավա՜ղ, մարդկությունը մինչեւ հիմա դրանից ավելի լավ ձեւ դեռ չի ստեղծել: Ամերիկյան թելադրանքին հակադրվելու առումով Պուտինը այսօր ազատ ու ինքնիշխան ապրելու երազանք ունեցողների գլխավոր հույսն ու ապավենն է մեր մոլորակում: Հենց դրա համար էլ բոլոր նրանք, ովքեր դեռ ուզու՛մ են պարել ամերիկյան դուդուկի տակ, Ռուսաստանի նախագահին... չե՛ն սիրում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 12-04-2019

AZG Daily #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ