RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#013, 2019-04-05 > #014, 2019-04-12 > #015, 2019-04-19 > #016, 2019-04-26 > #017, 2019-05-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 19-04-2019



Տեղադրվել է` 2019-04-18 23:19:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1828, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲՐՅՈՒՍԵԼԸ ՇՐՋԱՆՑՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Բրյուսել

Արդարամի՜տ Եվրոպայի անարդար միտումները

Անցնող շաբաթը բելգիահայ կազմակերպությունների ու համայնքի համար փոթորկալից եղավ: Ի հայտ եկավ, որ ապրիլի 24-ին Բելգիայի ներկայացուցիչների պալատը քվեարկելու է ցեղասպանության ժխտողական ելույթներն արգելող օրենք: Սակայն, խորհրդարան ներկայացված օրինագծում ներառված են միայն Ռուանդայի եւ Սրեբրենիցայի (նախկին Հարավսլավիա) ցեղասպանությունները, քանի որ այդ երկուսն էլ ճանաչվել են միջազգային դատարանների կողմից: Այսինքն ներկայացված օրինագիծը շրջանցում է Թուրքիայի կողմից հայերի, ասորիների, արամեացիների եւ Պոնտոսի Հույների ցեղասպանությունը:

Բելգիահայերը եւ Բելգիայում գործող հայկական, ասորական, արամեական եւ հունական հասարակական կազմակերպություններն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել հիշյալ օրինագծի դեմ, միաժամանակ տարածելով մամլո հաղորդագրություն, ուր մասնավորապես նշվում է, որ թեեւ լիովին աջակցում են ժխտման արգելքի սկզբունքն ու դրան ուղեկցող ատելության ու բռնության հրահրման արգելմանը, բայց դատապարտում են օրինագծի ձեւակերպումը , քանի որ հակաժխտողականության մասին հիշյալ օրենքն ամրապնդում է թուրքական ժխտողականությունը:

Հատկանշական է, որ օրինագիծը քվեարկության է դրվելու հենց ապրիլի 24-ինՙ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, ինչն անարգանք է 1915 -ի ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այս օրերին բելգիահայերը ստորագրահավաք են անում, դիմելով խորհրդարանին, որպեսզի օրինագծի տեքստը նախքան քվեարկության դրվելը փոփոխության ենթարկվի եւ 1915-ի ցեղասպանության ժխտումը եւս ներառվի դրանում: Հայտարարարության մեջ հստակ նշվում է, որ 1915-ի ցեղասպանությունն օրինագծից դուրս թողնելը համապատասխանում է Թուրքիայի կառավարության անօրինական ակնկալիքներին: Թեեւ ժխտողականությունը քաղաքական փոքրամասնության ուժերի դիսկուրսի մաս է կազմում, սակայն վտանգավոր է ժողովրդավարության եւ հասարակական խաղաղության համար: 1915-ի ցեղասպանության ժխտողականությունը Թուրքիայում իրականացվում է պետական մակարդակով, ազդելով նաեւ բելգիական սփյուռքի մեծամասնության վրա:

Բելգիահայերն, ինչպես նաեւ բելգիայում բնակվող ցեղասպանություն ապրած ազգային մյուս փոքրամասնությունները խնդրանքով առաջարկում են օրինագծում ներառել նաեւ Բելգիայի կողմից պաշտոնապես ճանաչված բոլո՛ր ցեղասպանությունները:

Հիշեցնենք, որ 1998 -ին Բելգիայի սենատը, իսկ 2015-ինՙ ներկայացուցիչների պալատը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Թե որքանով կհաջողվի փոփոխել օրինագծի դրույթները եւ արդյոք եվրոպատգամավորները հաշվի կառնե՞ն ցեղասպանություն ապրած սերունդների ժառանգների խնդրանքը, ցույց կտա ժամանակը: Միայն նշենք, որ այսօր էլ Եվրոպայի սրտում հայ-թուրքական ատելությունը զգալի եւ շարունակական է: Բրյուսելում 2007-ին թուրքերը պայթուցիկ նյութերով, քարերով, վայրագ աղմուկով հարձակվել էին հայի սրճարանի վրա: Սրճարանը ամբողջությամբ ավերել էին, սրճարանի ներսում սարսափած հաճախորդները մի կերպ կարողացել էին պատսպարվել սրճարանի հետնամասում: Թեպետ , ոստիկանները ձերբակալեցին որոշ անձանց, բայց նրանցից ոչ-ոք բացարձակ պատասխանատվության չենթարկվեց, նույնիսկ տուգանքներ չվճարեցին:

Մարդասեր Եվրոպան, հուսանք, հաջորդ շաբաթ հաշվի կառնի մեծաթիվ խնդրանքներն եւ օրինագծում համապատասխան փոփոխություններ կարձանագրի: Սպասենք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 19-04-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ