RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#014, 2019-04-12 > #015, 2019-04-19 > #016, 2019-04-26 > #017, 2019-05-03 > #018, 2019-05-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 26-04-2019



Տեղադրվել է` 2019-04-26 00:33:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 2701, Տպվել է` 232, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՍԱՑԵ՛Ք, ՓՈՔՐԻԿ ԴՍԵՂՑՈՒ ԿՅԱՆՔԸ ՓՈԽՎԵԼՈ՞Ւ Է

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Կառավարությունը նախորդ շաբաթ որոշում էր ընդունել «Քաղաքացու օրվա» տոնի կապակցությամբ պետական գանձարանից դուրս գրել 124 միլիոն դրամ...

Օրեր առաջ Դսեղ էինք գնացել, Թումանյանի գյուղՙ Ամենայն հայոց բանաստեղծին այցի: Շրջում էինք գյուղում, փորձում պատկերացում կազմել, թե Թումանյանը ժամանակին ինչպես է վազվզել գյուղի փողոցներում, հյուղերի կտուրներին ու մերձակա հանդերում: Իրոք զորեղ նկարագող է Թումանյանը, քանի որ այն, ինչ մեզանից ոմանք աչոք տեսնում էին այդ պահին, մտոք տեսել էին մանկության տարիներինՙ «Գիքորի», «Անուշի», «Մարոյի» ու «զըռ չոբանի» միջոցով: Կարծես ոչինչ չէր էլ փոխվել: Բնակիչներն էլ լավն էին, մի քանիսի հետ հասցրեցինք շփվել ու կարճ մտերմություն ստեղծել: Գյուղում զբոսնելու ժամանակ, ցավոք սրտի, առերեսվեցինք նաեւ աղքատության հետ, իսկական, գյուղի աղքատության: Հանդիպեցինք մի փոքրիկ տղայի, որն իր ամբողջությամբ հաստատում էր Թումանյանի տողերը.

«Մեր ապրուստն ի՞նչ է.- մի կտոր չոր հաց,

Էն էլ հրեն հա՜- երկնքից կախված:

Մի մարդ որ նրա երեսը պահիՙ

Նըրա ապրուստը ի՞նչ պիտի լինի»:

Ես նույն վայրկյանին հիշեցի, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ մեր կառավարությունը որոշել է պետական տոներն ավելացնել եւս մեկովՙ «Քաղաքացու օրով», եւ ընդամենը մի քանի օր առաջ հավանություն տվելՙ այդ օրը 124 միլիոն դրամ ծախսելու անմարդկային առաջարկին:

Անկեղծ ասած, ես լավ չեմ հասկանումՙ ո՞րն է այդ քաղաքացու օրվա իմաստը, որովհետեւ, որպես քաղաքացի, ես իմն եմ համարում տարվա բոլոր օրերերը, եւ կարիք չկա դրանցից որեւէ մեկն առանձնացնելու. տարվա օրերը մարդիկ չեն, ո՛չ սեւ, ո՛չ սպիտակ, իսկ նախկին իշխանություններին որեւէ բան ապացուցելու համար օրացույցի օրերից մեկը կարմիրով նշելը խոհեմ որոշում չէ:

Բացի այդՙ խորությամբ չեմ ընկալումՙ ինչպե՞ս է ծախսվելու այդ գումարը, գունավոր փուչիկների ու տարբեր ծավալի շշերով շամպայնների վրա՞, թե՞ հրավառությունների ու «կիսառաբիզ դասական» երաժտության: Եվ ամենակարեւորըՙ ովքե՞ր են օգտվելու այդ ամենից, այն երեխաները, ովքեր ամեն ամանորի ժամանկ նեղանո՞ւմ են իրենց ծնողներից, քանի որ վերջիններս հնարավորություն չունեն որեւէ գույնի փուչիկ ու հրավառություն գնելու, թե՞ հենց նույն ծնողների, որոնք, արդեն երկար տարիներ, իրենց Ամանորի սեղաններին շամպայն չեն դրել, եւ այն պայթեցնելուց հետո չեն վայելել իրենց երեխայի աչքերի փայլը...

Լավ, անդրադառնանք Դսեղին ու փոքրիկ դսեղցուն: Այդ պատանին, որը, վստահ եմ, դասվում է վերոհիշյալՙ վերջին խավի երեխաների ցանկին, որի հայրն ու մայրը դասվում են վերոհիշյալ ծնողների դասին, օգտվելո՞ւ է այդ 124 միլոն դրամից: Ինչպե՞ս է օգտվելու: Այդ տոնակատարություններից հետո նրա կյանքը փոխվելո՞ւ է, նա ամեն օր կարողանալո՞ւ է կուշտ փորով հաց ուտել, նրա կարկատված շորերը փոխվելո՞ւ են, իսկ ոտքերի մի քանի չափս մեծ ճտքակոշիկնե՞րը: Ներեցե՛ք, տիա՛րք, բայց դուք 124 միլոն ծախսելու որոշման մեջ, մեղմ ասած, բարոյական չեք, եւ Սահյանն իր ժամանակին շատ ճիշտ է նկատել, որ «Երկիրը սովորաբար պատկանում է իշխանությանը, բայց հենց պատերազմ է սկսվում, անունը դնում են հայրենիք ու հանձնում ժողովրդին»: Դուք սա չեք կարող ժխտել, որովհետեւ սա է ճշմարտությունը, եւ դուք սրա կրողն եք, եւ ինքներդ էլ լավ գիտեք, որ կիսաքաղց ու կիսամերկ երեխայի ծնողից գանձված հարկերի հաշվին հրավառություններ ու խրախճանքներ եք կազմակերպում ու կանգնում բոլոր միջոցառումների առաջին շարքերում, միաժամանակ գիտեք նաեւ, որ դուք այս պետության առաջին շահառուներն եք, բայց վաղը, Աստված մի արասցե, եթե պատերազմ սկսվի, դուք նույն դսեղցուն ու նրա հորը, նրանց հետՙ նմանախավ բոլորին, կանգնեցնելու եք առաջին շարքերում:

Ի դեպ, մենք հիմա ապրում ենք մի իշխանության ժամանակ, որը նախկին ամբարտավան իշխանությանը մշտապես փնովում էր մարզերում բնակվող քաղաքացիներին ուշադրություն չդարձնելու պատճառով: Ես շատ լավ եմ հիշում իմ հրճվանքի րոպեները, երբ դեռ գյուղում, մեր կիսասարքին հեռուստացույցով տեսնում էի, թե ինչպես է այսօրվա Հայաստանի վարչապետը խորհրդարանի ամբիոնից իշխանությանը կոչ անում «կենսաթոշակային ծամածռությունների» փոխարեն «նույն տատիկ-պապիկների «նիսյաները» փակել»: Կրկին ներողություն եմ խնդրում, բայց այս ամենը տեսնելով, այսօրն ապրելով, սկսում եմ համոզվել, որ «կենսաթոշակային ծամածռությունները» երկուստեք են եղել, թե՛ գաղափարի կողմնակիցների, թե՛ ընդդիմադիրների մոտ, որովհետեւ հեղափոխություն հորջորջված իշխանափոխությունը ցույց տվեց, որ «կուտակայինը պետք է»:

Ես գտնում եմ, որ, եթե այդ ժողովրդասիրական ու ժողովրդագրավ հայտարարություններն, ըստ էության, համապատասխանեին իրականությանը, այսօր, վստահաբար, 124 միլիոն դրամից փոքրիկ դսեղցին դույզն ինչ կօգտվեր, դրանից նրա ծնողների «նիսյաները կփակվեին», նրա կյանքն էլ թերեւս կփոխվեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 26-04-2019

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ