RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#014, 2019-04-12 > #015, 2019-04-19 > #016, 2019-04-26 > #017, 2019-05-03 > #018, 2019-05-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 26-04-2019



Ի՞ՆՉ ԱՆԵԼ

Տեղադրվել է` 2019-04-26 00:33:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 1609, Տպվել է` 227, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՒՆԵ՞ՆՔ ԱՐԴՅՈՔ ԲԱՎԱՐԱՐ ՆԵՐՈՒԺ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան

Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց մենք մեզ հարց ենք տալիս, թե որքանո՞վ են իրականացել մեր ցանկություններն ու սպասելիքը, որքա՞ն են առաջացել ավելի արդար ու բարեկեցիկ հասարակություն ունենալու մեր ձգտումները: Ոմանք ասում են, որ մեկ տարին լիուլի բավական պետք է լիներ հայտարարություններից գործողությունների անցնելու համար եւ մենք պետք է տեսնեինք այն նոր հասարակական կյանքի ու տնտեսական հարաբերությունների բողբոջները, որոնք կտրամադրեին սպասելու մինչեւ դրանք հասուն ծառ ու ծաղիկ դառնան: Մյուսները պնդում են, որ մեկ տարին բոլորովին էլ բավարար չէ լուրջ գործնական քաղաքական քայլերի համար եւ պետք է հնարավորություն տալ հեղափոխական նպատակներ հռչակած իշխանությանը հանգիստ ու հետեւականորեն անելու իր գործը: Ինչեւէ, այն, որ երկրում իրավիճակ է փոխվել, սկզբունքորեն հասկանալի է, բայց աղոտ նշմարելի, եթե համեմատում ես անելիքի շատ ավելի ծանր բեռի հետ: Այս վերլուծականի նպատակը լոկ հարցադրումներ ձեւակերպելն է, առանց որոնց պատասխանելու մեր հանրային ու տնտեսական հարաբերություններում մենք շատ առաջ գնալ դժվար թե կարողանանք:

Սպասումներ հասարակական-քաղաքական դաշտից

Վերջին խորհրդարանական ընտրություններից հետո էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հռչակեց տնտեսական հեղափոխությանը տանող 15 կետերը: Սպասելիքն այնքան մեծ էր, որ դրանց առնչությամբ առանձնապես քննարկումներ չծավալվեցին եւ այդպես էլ պարզ չդարձավ, Հայաստանում վճռական դերակատարություն ունեցող հասարակական-քաղաքական եւ տնտեսական վերնախավերը ունե՞ն արդյոք կոնսենսուս տնտեսական հեղափոխության եւ դրա իրականացման հարցում: Անցած մեկ տարում պարզվեց, որ մեր հասարակության մեջ չկա լուրջ ընկալում այս հարցում եւ չի էլ նշմարվում, թե մեր վերնախավերը ինչպե՞ս են պատկերացնում առաջնորդել իշխանական եւ ընդդիմադիր ուժերին տնտեսական բարգավաճման ճանապարհով: Կարծում եմ մի ամգամ եւս ապացուցվեց այն ճշմարտությունը, որ արտասահմաններից հուշում էին մեզ կիսաձայն: Ժողովրդավարությունը կարեւոր արժեք է, բայց ոչ ինքնանպատակ: Ժողովրդավարության հաստատումը ուղղակիորեն չի հանգեցնում տնտեսական զարգացման եւ բարգավաճման: Ժողովրդավարական բարեփոխումները կարեւոր են ավելի արդար կառավարում, ավելի արդար հասարակական-քաղաքական հարաբերություններ ունենալու, ավելի ներդաշնակ ու համերաշխ հասարակություն ունենալու համար: Այս ասպարեզում ժողովուրդը սպասում է հետագա հետեւողական քայլերի, եւ իշխանությունները ակնհայտորեն իրավունք ունեն հայտարարելու, որ գնում են այս ճանապարհով, արձանագրել են առաջին հաջողությունները եւ կարող են իրենց հաշվին գրանցել դեռ էլի նոր հաջողություններ: Իշխանություն-ընդդիմություն այսօրվա բանավեճը քաղաքական ապագայի հարցերում ընթանում է հասարակության աչքի առաջ, բավականաչափ տրամադրող ու թափանցիկ մթնոլորտում, եւ այստեղ առանձնապես մեծ հակասություններ ու անհասկացողություններ չկան:

Սակայն այն հարցում, թե ինչպիսի՞ն է լինելու ապագա Հայաստանի տնտեսական պատկերը, լուրջ բանավեճ մեզանում դեռ չի էլ սկսվել: Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը Հայաստանի տնտեսության թռիչքը կապում է երեք ուղղություններիՙ բարձր տեխնոլոգիաների, նոր սերնդի արդյունաբերության եւ զբոսաշրջության հետ: Մի քանի օր առաջ նա տնտեսագետներից փորձում էր իմանալ, թե ի՞նչ կոնկրետ առաջարկություններ կան, որոնք ուղղված են տնտեսական հարաբերությունների առողջացմանն ու տնտեսության զարգացմանը: Սակայն մի անգամ էլ պարզ դարձավ, որ հայ տնտեսագետների բազմահազարանոց բանակի ճնշող մեծամասնությունը լոկ մեկնաբաններ են եւ վերաշարադրողներ, եւ որ շատ սակավ են տնտեսագետներ, ովքեր կարող են իրենց գիտելիքով, իրենց ճշգրիտ կանխատեսումներով, իրենց հուսադրող վերլուծություններով նպաստել տնտեսական հեղափոխության առաջնահերթությունների ձեւակերպմանը: Հանուն արդարության նշենք, որ մերօրյա Հայաստանում եզակի տնտեսագետներ են իվիճակի անելու լուրջ մշակումներ հանձնարարված արդիական թեմաներով, բայց նույնիսկ նրանց ներուժը բոլորովին պահանջարկված չէ:

Սրա մասին մենք դեռ էլի կխոսենք վերլուծականի վերջում, իսկ հիմա արդիական հարցադրումներ, որոնք ծագում են տնտեսական զարգացման ուղիների մասին դատողությունների ընթացքում: Արդյոք իրեն չի՞ սպառել տարերային շուկայական հարաբերությունների վրա, լիբերալ տնտեսության հիմունքներով մի կերպ կառուցված Հայաստանի տնտեսակարգը եւ կարելի՞ է արդյոք արձանագրել նոր էական հաջողություններ տնտեսական զարգացման մեջ, ղեկավարվելով այդ տնտեսակարգի ռեժիմով: Արդյոք չի՞ սպառել իրեն հայ օլիգարխիայի պոզիտիվ դերակատարությունը մեր ազգային տնտեսության կառուցման մեջ: Արժե՞ արդյոք սպասել հայկական խոշոր կապիտալից հայրենանվեր նախաձեռնություններ Հայաստանը աղքատ երկրների շարքից դուրս բերելու եւ զարգացող երկրների շարքը մտցնելու ճանապարհին: Ինչպե՞ս բանակցել հայկական խոշոր կապիտալի հետ, որպեսզի նա տարեկան մեկ միլիարդ դոլար չփախցնի Հայաստանից դեպի արեւմտյան բանկերն ու օֆշորները: Ո՞րն է ավելի ճիշտ. Հայաստանի առաջին երկու հարյուր հարուստներին ունենալ կառավարման մարմիններում, թե՞ նրանց հեռու պահել քաղաքական կառավարումից, թողնելով նրանց լոկ տնտեսական դաշտը, որտեղ ունեցվածքի 50%-ից ավելին նրանց է պատկանում: Ի՞նչ են ակնկալում հայ խոշոր ներդրողներն իրենց քայլերն իրականացնելու դիմաց, լավ հասկանալով, որ արտասահմանյան ներդրողները քայլ են գցելու միայն իրենցից հետո, տեսնելով առաջինների մասնակցությունը: Բավարարվա՞ծ են արդյոք ներքին եւ արտաքին ներդրողները այն հռչակագիր-ուղերձներով, որոնցով Հայաստանի նոր իշխանությունը նրանց հրավիրել է համագործակցության: Ինչո՞վ են վերջանալու Հայաստանի իշխանությունների ջանքերը ետ բերելու 25 տարիների ընթացքում «ապահով» վայրեր տեղափոխված հարյուր միլիոնավոր-միլիարդավոր դոլարները եւ արդյոք սկզբունքորեն դա հնարավո՞ր է մեր երկրի իրողությունների (իրավական համակարգի, քաղաքական մթնոլորտի, հասարակական բարքերի) պայմաններում: Եվ վերջապես, ե՞րբ է ծավալվելու շահագրգիռ, կոմպետենտ, տրամադրող քննարկում հանուն ավելի արդար ու ավելի պայծառ տնտեսական հարաբերությունների:

Գիտական ու փորձագիտական դաշտի պարտականությունները

Մտածե՞լ ենք մենք արդյոք, թե մեր գիտական հանրությունը ինչո՞ւ է այսքան հեռու տնտեսության եւ քաղաքական կյանքի արդիականացման համար մղվող տեսանելի ու անտեսանելի պայքարի քառուղիներից: Ի՞նչ ազդակ պետք է ստանա օրինակ գիտությունը կառավարող պետական լիազոր մարմինը, որպեսզի մեր տնտեսական, հասարակական, միջազգային քաղաքական իրողությունն ուսումնասիրող մասնագետները տրամադրվեն աշխատելու հանուն արդիական հնչողություն ունեցող թեմաների: Ինչո՞ւ են լռում գիտության կազմակերպիչները, ինչի՞ են նրանք սպասում: Արդյոք իրեն-իրեն այդ թեմաները բնական օրինաչափությունների օրենքով կարո՞ղ են ճանապարհ հարթել ուսումնասիրվելու համար: Թե՞ պետք է ապահովել պետության կազմակերպող ու կարգավորող ներգործությունը այս ասպարեզների վրա: Ի՞նչ են ասում մեր մասնագետները եվրասիական ինտեգրման, եվրոպական ասոցացման, չինական եւ մյուս ահռելի ծրագրերում մեր ավելի կառուցողական ու ավելի շահագրգիռ մասնակցության մասին: Ժամանակը չէ՞ արդյոք, որ պետությունը խթանի ոչ միայն հետազոտություններն այս ուղղություններում կառավարության պատվերով եւ դիմի միջազգային (անդրազգային) կառույցներին ստեղծելու միջազգային հզոր ու ներգործուն հարթակներ փորձագիտական ու գիտական ներուժը կառուցողական առաջարկների վերածելու համար: Մտածե՞լ ենք արդյոք մենք այն մասին, թե յուրաքանչյուր հեղափոխություն, այդ թվումՙ տնտեսական, կարող է հաջողություն ունենալ միայն այն դեպքում, երբ ունի բավարար սոցիալական հենարան: Կուզենա՞ արդյոք այսօրվա իշխանությունը ընդլայնել իր սոցիալական հենարանը: Կուզենա՞ արդյոք այսօրվա իշխանությունը ձեռք բերել նոր դաշնակիցներ հասարակության մեջ արդեն ձեւավորված ուժերի արդեն կայացած մարդկանց շրջանում: Կարծում եմ, որ կուզենա: Բայց գտնվե՞լ է արդյոք փորձագիտական ու գիտական ներուժը բացահայտելու, այն հասարակության կարիքներին ծառայեցնելու համար: Կարծում եմ, որՙ ոչ: Չորս ամիս առաջ մենք քննարկում նախաձեռնեցինք այն հարցով, թե ժամանակը չէ՞ արդյոք, օրինակ, Եվրասիական տնտեսական միությունում ունենալու, պայմանականորեն անվանված, Եվրասիական կրթական հումանիտար միջազգային հիմնադրամ, որն ամբողջովին միտված կլիներ ԵԱՏՄ շրջանակներում երկկողմ եւ բազմակողմ գիտահետազոտական ծրագրերի իրականացմանը: Նրան մասնակցող պետությունների հատկացումների միջոցով կարելի էր պատկառելի թվով գիտական ու փորձագիտական կոլեկտիվներ ուղղորդել դեպի տնտեսական, սոցիոլոգիական, քաղաքագիտական, հումանիտար, մշակութային եւ այլ ճյուղերում համատեղ գործունեություն: Հայաստանն այս տարի նախագահում է ԵԱՏՄ-ում եւ կարող էր այս կարգի նախաձեռնություններով ամրապնդել իր իմիջը որպես կառուցողական գործընկեր:

Կառավարելով ֆինանսական հոսքերը

Յուրաքանչյուր իշխանության ամենաէական գործառույթը ֆինանսական հոսքերը կառավարելն է, դրանք իր նպատակներին ծառայեցնելը: Մենք պետք է դեռ գնահատական տանք, թե ինչպես են ձեւավորվել այդ հոսքերն առաջներում եւ ինչ նպատակների են ծառայել: Բայց այսօր պակաս կարեւոր չէ մի հաստ կարմիր գիծ քաշելը անցյալի իրողությունների տակ, նպատակ ունենալով հաստատել այնպիսի տնտեսական հարաբերություններ, որոնք, լինելով թափանցիկ, լինելով հասկանալի խաղի կանոնների դաշտում, կարող են տրամադրել ամենատարբեր մարդկանց իրենց հույսերը կապելու Հայաստանի վաղվա օրվա հետ: Ամենակարեւոր հարցերից մեկն այն է, թե ինչպիսի՞ տրամադրություն են ունենալու մոտակա տարիներին այն մարդիկ, որոնք անկեղծորեն հավատացել են, որ կարելի է ապրել, ստեղծագործել ու արարել ավելի արդար հասարակական հարաբերությունների պայմաններում:

Այս տողերը գրելիս ես շատ լավ հասկանում եմ, որ Հայաստանը շատ փոքր երկիր է գլոբալ տնտեսական հորձանուտում սեփական խաղի կանոններ ունենալու համար: Բայց ես խորապես համոզված եմ, որ մեր անկախ պետականությունը առողջ եւ կենսունակ պահելու, մեր ինքնիշխանությունը եւ հավաքական «ես»-ը ամրապնդելու եւ առաջ մղելու ճանապարհին պետք է գտնվեն լուծումներ: Մենք անընդհատ դժգոհում ենք այն բանից, որ փող չկա: Մյուս կողմից, մեր պետության ղեկավարն անընդհատ կրկնում է, որ կա փող, բայց չկան ծրագրեր: Իրողությունն այն է, որ աշխարհում հայկական կապիտալների գերակշիռ մասը չի գալիս Հայաստան: Եվ սրա պատճառները պետք է կարողանալ խոստովանել բարձրաձայն: Եթե չլուծվի Հայաստանի տնտեսության զարգացման համար լավագույն խթաններ գտնելու հարցը, ժողովրդին կարող են հետաքրքրական չլինել ժողովրդավարության եւ ավելի արդար կառավարման մյուս ուղղություններում ձեռք բերված անցումային հաջողությունները:

Վերջին միտքը, որ կուզեինք այս վերլուծականում ընդգծել այն է, որ այսօրվա իշխանությունը տեւական հաջողություն ունենալու համար պետք է ոչ միայն տակտիկական մարտեր վարի իր գաղափարական հակառակորդների հետ գաղափարների դաշտում, այլեւ իր մեջ ուժ գտնի մոբիլիզացնելու հասարակության առողջ ուժերը եւ դրանք ծառայեցնի համընդհանուր շահին, պայմանականորեն անվանելով այն «հայկական տնտեսական հեղափոխություն»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 26-04-2019

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ